ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել դաժան սպանության վերաբերյալ

Փոխոստիկանապետը մանրամասներ է ներկայացրել դաժան սպանության վերաբերյալ
13.01.2015 | 11:43

Ընտանիքի վեց անդամների սպանության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ է փոխանցել Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Սերյոժա Ավետիսյանի ընտանիքի վեց անդամների սպանության մասին։ Այս սահմռկեցուցիչ ողբերգության մեջ կասկածվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, որը գիշերը ժամը 4-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ավտոմատով լքել է զորամասը, ըստ նախնական վարկածի, մուտք գործել Ավետիսյանների տուն: Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը, ինչպես նաև ԱԿ-74 ինքնաձիգը, 5,45 միլիմետր տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով։
Սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողը Գյումրի էր տեղափոխվել մեկ ամիս առաջ։ Գյումրիում և Երևանում հատուկ գործողություններ են իրականացվում նրան հայտնաբերելու ուղղությամբ: Գյումրի են ժամանել ոստիկանական հատուկ ջոկատայիններ, ստեղծվել է օպերատիվ խումբ, որը ղեկավարում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Երեկոյան փոխոստիկանապետը դեպքի մասին մանրամասներ ներկայացրեց. «Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է տանտիրոջ՝ Սերյոժա Կարապետի Ավետիսյանի, նրա տիկնոջ՝ Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանի, որդու՝ Արմեն Սերյոժայի Ավետիսյանի, դստեր՝ Աիդա Սերյոժայի Ավետիսյանի, հարսի՝ Արաքսյա Անդրանիկի Պողոսյանի և թոռան Հասմիկ Արմենի Ավետիսյանի դիակները հրազենային վնասվածքի հետքերով։ Մյուս թոռանը՝ Սերյոժային, տեղափոխել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, վիճակը շատ ծանր է, նրա կյանքի համար պայքարում են բժիշկները»,- ասաց Պողոսյանը։
«Ակտիվ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ ենք կատարում հանցագործության մեջ կասկածվող քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։ Նշեմ, որ խուճապի մատնվել պետք չէ։ Իհարկե, արտառոց դեպք է և շատ ցավալի, սակայն կոչ եմ անում խուճապի չմատնվել, որովհետև ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը։ Կարծում եմ, որ զգեստափոխվել է և դիմել փախուստի արդեն զգեստափոխված վիճակում։ Դեպքի վայրից հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, մեկ ինքնաձիգ, ինքնաձիգի վրա սվին-դանակ և մեկ փամփշտակալ՝ լիցքավորված շուրջ 30 փամփուշտներով և ևս մեկ փամփշտակալ, որի մեջ մնացել էր մեկ փամփուշտ։ Դեռևս լուրջ ծավալի աշխատանք կա դեպքի վայրում։ Երևանից ժամանել են փորձագետներ, այս պահին էլ դեպքի վայրի զննություն է ընթանում»,- տեղեկացրեց փոխոստիկանապետը։
Ավետիսյանների հարևանները կրակոցներ չեն լսել, սպանվածներին հայտնաբերել է տան տիկնոջ՝ Հասմիկի քույրը: Ողբերգության դրդապատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, հարևանները նշում են, որ Ավետիսյանները խաղաղ ընտանիք էին և երբևէ որևէ միջադեպով աչքի չեն ընկել:
Գյումրիում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Վալերի Պերմյակովին տեսել են քաղաքի տարբեր թաղամասերում։ Բացի հայ իրավապահներից, Գյումրիում շրջում են ռուս զինծառայողներ, ովքեր փնտրում են փախուստի դիմած իրենց ծառայակցին։

Տեսանյութ

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության մասին (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ