Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարությունը շարունակվեց տուժող ճանաչված ոստիկաններ Խաչատուր Ավետիսյանի և Էվրիկ Լոնսկու ցուցմունքները հրապարակելով:
Այսօրվա դատական նիստին, ի դեպ, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, ներկայացել էր հենակներով, քանի որ անզգուշաբար վնասել էր ոտքը:
Խաչատուր Ավետիսյանը դատարանում նշեց, որ ինքը ամբաստանյալներից ճանաչում է Շանթ Հարությունյանին: Վերհիշելով անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում կատարվածը, նա ասաց, որ այնտեղ տեսել է պայթուցիկներ, երթի մասնակիցները բղավել են, հրել ոստիկաններին: Շանթ Հարությունյանն էլ հակադարձեց, որ ոստիկանները քաշել են իր վզից, ինքն էլ ստիպված է եղել հրել նրանց:
Ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը նկատեց, որ բազմաթիվ ոստիկաններ, մի յոթանասուն հոգի, տարբեր տեղերում են եղել, բայց լսել ու տեսել են նույն բաները: Խաչատուր Ավետիսյանն էլ ասաց, որ ինքը մոտ է կանգնած եղել, այդ պատճառով է կարողացել տեսնել ու լսել: Հետո էլ ասաց, որ, երբ երթը սկսել է, իրենք նախազգուշացրել են, որ երթը պետք է լինի անցումներով, սակայն երթի մասնակիցները չեն լսել:
Փաստաբան Արա Զաքարյանը հետաքրքրվեց, թե տեսանելի՞ էին Խաչատուր Ավետիսյանին տուժող ճանաչված մյուս ոստիկանի՝ Գեղամ Խաչատրյանի գործողությունները, ի՞նչ եղանակով է նա Շանթ Հարությունյանին հրավիրել դեպքի վայր, ինչպես է նրա ձեռքից քաշում: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հանում էր հարցերը: Ինչ վերաբերում է այդ օրվա իրադարձություններին, ապա տուժող ճանաչված ոստիկանն արձագանքեց. «Տեղյակ էի էնքանով, որ պարոն Հարությունյանը սկսում էր հեղափոխություն»:
Փաստաբան Ռուզան Հովհաննիսյանն էլ հետաքրքրվեց, թե ինչոխւ է խաղաղ երթը վերածվել քաոսի, ի՞նչ էին պարտավոր անել ոստիկանները խաղաղ երթի ժամանակ: Այդ հարցերը ևս դատավոր Մարտիրոսյանը հանեց՝ հնարավորություն չընձեռելով ոստիկանին պատասխանելու:
Իսկ ամբաստանյալ Վարդան Վարդանյանը տուժող ճանաչված ոստիկանից հետաքրքրվեց, թե իր գործողությունները համաձայնեցնո՞ւմ էր նա Վալերի Օսիպյանի հետ, Օսիպյա՞նն է հրահանգ տվել: Ոստիկանը չտվեց որոշակի պատասխան:
Մյուս ոստիկանը՝ Էվրիկ Լոնսկին, իր ցուցմունքում հիշեց, որ եղել է խառնաշփոթ, իրենք էլ փորձել են կանխել, երթի մասնակիցներին դուրս բերել փողոցից: Իսկ պայթուցիկներից, պարզվեց, որ ցավել են նրա աչքերը, ինքն էլ սկսել է հազալ:
Դատավորը հայտարարեց դատական նիստի ընդմիջում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ