ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայ դեսպանների երկարակեցության առեղծվածը և հետևանքները

Հայ դեսպանների երկարակեցության առեղծվածը և հետևանքները
26.10.2013 | 12:38

Այսօր միայն ծույլը կամ արտաքին քաղաքականության նկատմամբ բացարձակապես անտարբեր մարդը չի փնովում արտգործնախարարության աշխատանքը:

Այն, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը վերջնականապես ձևավորված չէ և 20 տարվա ընթացում ունեցել է լուրջ սայթաքումներ, անկողմնակալ դատող մարդու մեջ կասկած չի հարուցում: Սակայն քննադատությունը գնահատելի է, երբ անաչառ է, երբ նպատակը ոչ թե սխալներ որսալն է, այլ այդ կարևորագույն կառույցի` երկրի պետականության և միջազգային հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործընթացին նպաստելը:

Օգնել, այլ ոչ թե խանգարել: Տողերիս հեղինակն իրեն դասում է այդ սկզբունքի կողմնակիցների շարքը:

Հավանաբար այդ ցանկությամբ է առաջնորդվել նաև «Հետք» կայքը, որը «Օրենքի խախտումներն ԱԳՆ-ում սովորական երևույթ են» վերտառությամբ հոդվածում, անդրադարձել է արտգործնախարարության աքիլեսյան գարշապարին` կադրային քաղաքականությանը:

Հեղինակը, որն ըստ երևույթին քաջածանոթ է նախարարության ներքին խոհանոցին, հղում կատարելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածին, գրում է, որ օրենքը խախտվում է, քանի որ մի շարք դեսպաններ աշխատում և ապրում են արտասահմանում 10-18 տարի: Մինչդեռ հիշյալ օրենքը դեսպանի համար սահմանում է 4 տարվա ժամկետ, որին կարող է գումարվել ևս 3 տարի` ըստ ղեկավարության հայեցողության: Ընդամենը` 7 տարի:

Իրոք, դեսպանի` 18 տարի գործուղման մեջ լինելու պարագան կարելի է համարել օրենքի կոպիտ խախտում, եթե հաշվի չառնվի, որ հիշյալ հոդվածի՝ 2010թ. լրամշակված տարբերակում ասվում է, որը հավանաբար վրիպել է հեղինակի ուշադրությունից.«Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել»:

Վերջ: Հարցը իրավաբանական տեսանկյունից կարելի է համարել անթերի ու փակված: Օրենքի տառի խախտում այստեղ չեք գտնի: Այն կազմողները, գիտակցված, թե չգիտակցված, (կարծում եմ` գիտակցված) այնպիսի ձևակերպում են ընտրել, որը հնարավորություն է տալիս ցանկացած դեսպանի գործուղման ժամկետը երկարացնել առանց սահմանափակման:

Այստեղ առկա է հայեցողության իրավունքը կամ հայեցողության ազատությունը: Անվանեք այն, ինչպես կուզեք, դրանից հարցի էությունը չի փոխվում: Նախագահը կամ արտգործնախարարը կարող են դեսպանին ողջ կյանքում թողնել արտասահմանում, եթե դա համարում են նպատակահարմար: Հարցրեք նրանց, թե ինչու է այսինչ դեսպանը ծերանում արտասահմանում: Հավանաբար, պատասխանը (եթե պատասխանեն) ձեզ «կհամոզի», որ այդինչ դեսպանն առաջին մեծության աստղ է հայկական դիվանագիտության երկնակամարում, անգնահատելի ծառայություններ է մատուցում հայրենիքին և այլն:

Իսկ եթե փորձեք գտնել ասվածի ապացույցները, ցավոք, չեք գտնի: Այն պարզ պատճառով, որ համակարգը փակ է երկաթե վարագույրով, չկան հսկողության կամ հաշվետվության ամենապրիմիտիվ մեխանիզմներ անգամ: (Տե՛ս նաև Diplomat.am-ի «Օրենք, որի կիրառումը կնպաստի Հայաստանի դիվանագիտության զարգացմանը», 02.10.2013 հոդվածը ):

Եթե առարկեք, որ դեսպաններ և հյուպատոսներ են նշանակվում դիլետանտներ, մինչդեռ նախարարությունում կան բանիմաց և փորձառու կադրեր, եթե նշեք, որ, խախտելով օրենքը, արտասահման են գործուղվում մայրենի լեզվին չտիրապետող, Հայաստանի քաղաքացիություն չունեցող օտարերկրացիներ, դրությունը հազիվ թե շտկվի: Դրա համար շատ բան պետք է փոխվի:

Հոդվածագիրն անդրադառնում է նաև ավելի ցածր աստիճանի դիվանագետներին` իրավացիորեն նշելով, որ այս դեպքում առկա են ծառայության մասին օրենքի խախտումներ. ոմանք 3 տարվա փոխարեն դեսպանություններում պաշտոնավարում են 4-6 տարի, իսկ կան դիվանագետներ, որոնք երկար տարիներ չեն գործուղվում արտասահման:

Սա կադրային քաղաքականության ձախողում է: Non-sens. Դիվանագետն ավելի շատ պետք է լինի արտասահմանում, քան տանը: Իսկ կադրային խտրականությունը հղի է համակարգում անառողջ մթնոլորտ և լարվածություն ստեղծելու, երիտասարդ դիվանագետի մեջ թերարժեքության բարդույթ սերմանելու, վիրավորվածության զգացողություն ու ֆրուստրացիա (նպատակասլաց գործունեության արգելափակում) առաջացնելու վտանգով:

Երկար տարիներ արտասահման չտեսած դիվանագետն այլևս դիվանագետ չէ, և նրա տեղը ԱԳՆ-ում չէ: Պետք է օգնել երիտասարդին` տեղափոխվելու այլ աշխատանքի:

Եվ վերջինը: Նորից արտասահմանում երկար տարիներ դեսպանների աշխատելու մասին:

Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ դեսպանները տասնյակ տարիներ աշխատել են կոնկրետ մի երկրում:Պ. Կամբոն 22 տարի Ֆրանսիայի դեսպանն էր Անգլիայում, նրա հայրենակից Կ. Բարերը` 28 տարի Իտալիայում, Ա. Դոբրինինը 23 տարի Մոսկվան ներկայացնում էր Վաշինգտոնում: Ցուցակը կարելի է շարունակել: Նրանք բոլորն էլ եղել են բարձրակարգ դեսպաններ, փայլուն կերպով կատարել են իրենց պարտականությունները և մեծապես նպաստել են դեսպանընկալ և իրենց երկրների միջև հարաբերությունների զարգացմանը:

Այստեղ դեսպանի երկարակեցության հանգամանքն ուղիղ համեմատական է երկրին մատուցած նրա ծառայություններին: Նման դեպքերը, դժբախտաբար, բացառություններ են:

Հայտնի է, որ տարբեր պետություններ տարբեր ժամկետներ են սահմանում դեսպանի
գործուղման համար: Ամենաժլատն այս հարցում Ամերիկան է` ընդամենը մի քանի տարի: Սա մյուս ծայրահեղությունն է, որը, ըստ իս, նույնպես ճիշտ չէ: Դիվանագետն առաջին տարում ծանոթանում է երկրին, երկրորդ տարում ստեղծում է կապեր տեղական իշխանությունների հետ և դիվանագիտական կորպուսում: Աշխատանքի արդյունքները երևում են երրորդ տարում: Իսկ ամերիկյան դիվանագետն այդ ժամանակ արդեն հրաժեշտ է տալիս դեսպանընկալ երկրին և տեղափոխվում է մեկ ուրիշ երկիր:

Դրանով է հավանաբար բացատրվում, որ հենց ամերիկացիներն են զարգացնում դիվանագիտական արվեստի այն տեսությունը, որը կոչվում է «լոկալիտիս»:

Համաձայն այդ տեսության` դիվանագետը, երկար տարիներ աշխատելով օտար երկրում, աստիճանաբար կորցնում է օբյեկտիվ դատելու ունակությունը, որն իր հերթին հանգեցնում է լոյալության աստիճանաբար նվազեցման: Որքան խորը և համակողմանի է ընթանում նոր միջավայրում դիվանագետի ադապտացիան, այնքան ավելի է լոկալիտիսը ներգործում նրա վրա, կախման մեջ դնում իր գործոններից և առանձնահատկություններից:

Առաջանում է այսպես կոչված լոկալիտիսի սինդրոմ, որը բացասաբար է ազդում դիվանագետի հոգեկանի վրա, վնասում է ծառայողական պարտականությունների հաջող կատարմանը:

Այդ սինդրոմով տառապող դիվանագետը կորցնում է իր երկրի նկատմամբ անմնացորդ հավատարմության հատկանիշը:

Այդ երևույթն անվանի դիվանագետ, տեսաբան Հարոլդ Նիկոլսոնը որակում է որպես ժամանակակից դիվանագիտության հիմնական արատներից մեկը: Լոկալիտիսը վտանգավոր ախտ է: Սակայն այն անզոր է նրանց նկատմամբ, ովքեր ունեն բարձր դիմադրողականություն` կայուն բնավորություն, ուժեղ բարոյակամային հատկանիշներ, ձևավորված գաղափարական սկզբունքներ և ամենագլխավորը` անանց հայրենասիրություն: (Այդ մասին կարող եք կարդալ նաև Diplomat.am-ի «Լոկալիտիսները Երևանում» հոդվածում, 17.04.2013):

Արդյո՞ք այս ամենն ասոցացվում է այն դառն իրականության հետ, երբ որոշ հայ դեսպաններ և ավելի ցածր աստիճանի դիվանագետներ գործուղումից հայրենիք չեն վերադառնում, մնում են արտասահմանում, տուն-տեղ դնում: Դառնում են օտարերկրացի:

Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին:

Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ