«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ և ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ և ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
13.10.2009 | 00:00

Վերջին 30-40 տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում, ապահովելով բազմաթիվ չափորոշիչներ, որոնք նրան թույլ են տալիս ագրարային-արդյունաբերական երկրից վերածվել արդյունաբերական-ագրարային պետության և միաժամանակ ստեղծել տարաբնույթ նշանակության զարգացած ենթակառուցվածքներ։
Թուրքիան ստեղծել է արդյունաբերության և բանկային համակարգի զարգացման առաջատար ոլորտներ և, չնայած այն բանին, որ դեռ պահպանում է զարգացող երկրի որոշ ցուցանիշներ, միաժամանակ տիրապետում է արդյունաբերության մրցունակ ոլորտների, վերստեղծել է պաշտպանական արդյունաբերություն։ Դա թույլ տվեց լուծելու բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Միաժամանակ, 1990-ականների վերջից սկսված տնտեսական ճգնաժամը, որ տևեց մի քանի տարի, ցույց տվեց թուրքական տնտեսության խոցելիությունը և միլիոնավոր մարդկանց սոցիալական անպաշտպանվածությունը` համապատասխան հուսալի համակարգի բացակայության պատճառով։ 2000-ականների սկզբից Թուրքիային մեծ դժվարությամբ է հաջողվում հաղթահարել ճգնաժամը, որ պայմանավորված է Եվրասիայի շուկաները յուրացնելու թուրքական արդյունաբերության ակնհայտ անընդունակությամբ։ Միևնույն ժամանակ, տնտեսական խնդիրների լուծումը պայմանավորեց նոր մոտեցումների առաջացումը ծնունդ առած պրոբլեմների լուծման ուղղությամբ։ Եվ ամենագլխավորը, քիչ թե շատ որոշակիացվեց կապն արտաքին ու ներքին քաղաքական հիմնախնդիրների միջև։ Այսպես թե այնպես, թուրքական հասարակությունը սկսեց սեփական երկիրը դիտարկել որպես տարածաշրջանային տերություն, որը կարող է և պետք է ավելի ինքնուրույն տեղ զբաղեցնի միջազգային քաղաքականության մեջ։ Ամերիկյան փորձագետների գնահատմամբ, ստեղծվել է մի դրություն, երբ Թուրքիան, համաշխարհային քաղաքականության ու տնտեսության մեջ նոր ձեռքբերումների հասնելով, չի ցանկանում հաշտվել այնպիսի պետության կարգավիճակի հետ, որն անմռունչ պետք է ընթանա ամերիկյան քաղաքականության նախանշած ուղեգծով։ Սակայն, միևնույն ժամանակ, Թուրքիան չի տիրապետում քաղաքական ու տնտեսական այնպիսի ռեսուրսների, որոնք անհրաժեշտ են իրական անկախության համար և թուրքերի կողմից ձևակերպվում են հետևյալ կերպ. «Թուրքիան երկիր է, որը պտտվում է սեփական առանցքի շուրջը»։
Թուրքիայում միշտ եղել են հակաամերիկյան տրամադրություններ, սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում և, հատկապես, նախագահ Թ. Օզալի մահից հետո թուրքական հասարակության մեջ ձևավորվեցին մի քանի պահանջներ կամ վերապահումներ ԱՄՆ-ի նկատմամբ։ Առաջինն այն է, որ ԱՄՆ-ը սահմանափակում է Թուրքիայի հարաբերությունների զարգացումը Մերձավոր Արևելքի տարածաշրջանի պետությունների, իսլամական աշխարհի հետ, ինչը տեղայնացնում է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, դարձնում այն վնասաբեր ու վարկաբեկում Թուրքիային իբրև առաջատար իսլամական պետության։ ԱՄՆ-ն ուշադրություն չի դարձնում Թուրքիայի դիրքին ու հեղինակությանը` իսլամական պետություններում իր քաղաքականությունն իրականացնելիս, հատկապես հանգուցային խնդիրների կապակցությամբ։ Համարվում է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ աջակցություն ցույց չի տվել Թուրքիային Եվրասիայում, մասնավորապես Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա էքսպանսիան խթանելու համար, մինչդեռ Թուրքիան այդ տարածաշրջանները դիտում է որպես իր առաջնահերթ շահերի «գոտի» (հատկապես այդ հանգամանքն է դարձել ԱՄՆ-ի նկատմամբ զգուշավոր և նույնիսկ թշնամական վերաբերմունքի պատճառ)։
Միաժամանակ Թուրքիայում համարում են, որ ԱՄՆ-ը և նրա վերահսկողության տակ գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպություններն ակտիվ աջակցություն ցույց չտվեցին Թուրքիային 1990-ականների վերջի, 2000-ականների սկզբի տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ Որոշ ծայրահեղ գնահատականներով` ԱՄՆ-ը նույնիսկ մասնակցել է այդ ճգնաժամի առաջացմանը` նպատակ ունենալով հետագայում ապահովել վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ։ Ամերիկյան քաղաքականությունն ընդդեմ իսլամական աշխարհի Թուրքիայում գնահատվում է շատ որոշակի ու նպատակային` ուղղված իսլամական պետությունների ու ժողովուրդների իրավունքների անտեսմանը։ Թուրքիայում կարծում են, որ ԱՄՆ-ը շատ անորոշ դիրքորոշում է որդեգրել քրդերի ու քրդական հիմնախնդիրների նկատմամբ, ինչի շնորհիվ քրդական գործոնը դարձել է ամերիկյան աշխարհաքաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։ Ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրաքում բացարձակապես հաշվի չի առնում Թուրքիայի շահերը, մինչդեռ դրանք առնչվում են երկրի անվտանգության արմատական շահերին։ Եվ, վերջապես, ԱՄՆ-ի նոր նախաձեռնություններն Արևելյան Եվրոպայում ու Ասիայում ռազմավարական բազավորում իրականացնելու ուղղությամբ չեն համապատասխանում Թուրքիայի շահերին, շատ կողմերով նվազեցնում են նրա գեոռազմավարական նշանակությունը, ունեն բոլորովին նոր այլընտրանքային սխեմաներ ձևավորելու նպատակ, որը պայմանավորված չի լինի Թուրքիայում գտնվող ամերիկյան բազաների առկայությամբ։
Այս փաստարկներն ընդհանուր առմամբ չեն արտահայտում թուրքական հասարակության բոլոր շերտերի, նրա առանձին հատվածների հայացքները, սակայն, այսպես թե այնպես, Թուրքիայի սոցիալական խմբերում հիմնականում այս փաստարկներն են հնչեցվում որպես ԱՄՆ-ի նկատմամբ պահանջ։ Օրինակ, լիբերալ-տնտեսական քաղաքականության իրականացումը, որն ԱՄՀ-ի և ՀԲ-ի նախապայմաններից մեկն է, բարեփոխումների շրջանում Թուրքիայում հանգեցրեց գործազրկության աճի, կրճատվեցին հասարակության շատ շերտերի եկամուտները, և դա հասարակական գիտակցության մեջ համադրվում է ամերիկյան քաղաքականության սկզբունքների հետ, ինչը նրանք փորձում են պարտադրել ամբողջ աշխարհին։ Թուրքական ռազմական շրջանակների կարծիքով, այդ ճգնաժամը 7-10 տարով հետաձգեց իրենց զինված ուժերի արդիականացման նախաձեռնությունների իրագործումը, նոր տիպի ռազմական տեխնիկայի ձեռքբերումը։ Միջոցների պակասը համադրվում է նաև Թուրքիային ժամանակակից զինատեսակներ տրամադրելու ԱՄՆ-ի բավական զուսպ քաղաքականության հետ։
Չնայած տնտեսության մեջ շարունակվող ճգնաժամային դրսևորումներին, Թուրքիան, այնուհանդերձ, կարողացավ բավական արագ ապահովել էական տնտեսական աճ, ինչը վստահություն ներշնչեց կառավարությանն ու հասարակությանը այն առումով, որ երկիրն ընդունակ է ինքնուրույն հաղթահարելու լուրջ պրոբլեմները, թեկուզ և միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերն այդ հաջողության մեջ բավականին մեծ էր։ Միաժամանակ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցման շրջանում Թուրքիան կարողացավ ոչ միայն շատ ուղղություններով կարգավորել իր հարաբերությունները մերձավորարևելյան, բալկանյան ու եվրասիական պետությունների` Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի ու Հունաստանի հետ, այլև ձևավորել բոլորովին նոր էներգակոմունիկացիաներ, կառուցել գազամուղներ Ռուսաստանից և Իրանից։ Այդ պետությունների հետ էապես աճել են Թուրքիայի առևտրի ծավալը, ներդրումները և այլ տնտեսական ցուցանիշները։ Բնութագրական է, որ այնպիսի խոշոր նախաձեռնությունը, ինչպիսին է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որ ստեղծվեց ԱՄՆ-ի ահռելի ջանքերով, Թուրքիայում բոլորովին չի ընկալվում որպես ամերիկյան դրական քաղաքականության փաստարկ, այլ ավելի շուտ համարվում է Թուրքիայի ծառայությունը` ԱՄՆ-ի գլոբալ գեոտնտեսական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Այս և բազմաթիվ այլ գործոններ ու իրադարձություններ վստահություն ներշնչեցին Թուրքիային իր արտաքին քաղաքականության ինքնուրույնության մեծացման ու արտաքին էքսպանսիայի իրականացման առումով։
Վերջին երկու տասնամյակներում թուրքական հասարակության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, ինչն ազդել է արտաքին քաղաքական նախապատվությունների ու մոտեցումների վրա։ Ամերիկյան ու եվրոպական փորձագետները բավական երկար ժամանակ վստահաբար համարում էին, որ Թուրքիայի կրթական համակարգի ու հասարակական գիտակցության աշխարհիկացումը կամ եվրոպականացումը կհանգեցնի է՛լ ավելի խոր վերակողմնորոշման դեպի Արևմուտք, դեպ արևմտյան արժեքներ։ Սակայն ներկայումս նկատելի է, որ միջին դասակարգի աճը, կրթական համակարգի զարգացումը, ԱՄՆ-ում ու Եվրոպայում կրթություն ստացած մարդկանց թվի մեծացումը, բիզնես-էլիտայի զարգացումը, եվրոպական մշակույթի և այլ գործոնների ներդրումը հասարակական գիտակցության մեջ, այդ թվում` տեղեկատվության ոլորտում, հանգեցրել է Թուրքիայում արտաքին քաղաքական հայացքների զգալի փոփոխության և նախանշել նվազագույնը առաջնահերթությունների վերանայումը, թուրքական բազմավեկտոր քաղաքականության ձևավորումը։
Ամերիկյան և եվրոպական փորձագետներն արդեն հասկացել են, որ զարգացմանը զուգահեռ Թուրքիան ավելի ու ավելի է ձգտելու ինքնուրույնության։ Միևնույն ժամանակ դա մեծ մտահոգություններ չի առաջացրել արևմտյան հանրության մեջ, քանի որ համարվում է, որ անգամ էապես զարգացնելով իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի պետությունների հետ, Թուրքիան, միևնույն է, միշտ ձգտելու է սերտ համագործակցության Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Որովհետև միայն Արևմուտքը կարող է Թուրքիային բերել տնտեսական զարգացման ու մոդեռնացման նոր փուլ։ Թուրքիայի հրապուրվածությունը քաղաքականության արևելյան վեկտորով ԱՄՆ-ը դիտարկում է ընդամեն ինքնուրույն ընտրության հնարավորությունն ի ցույց դնելու միջոց։ Սակայն այդ ընտրությունը պայմանավորված է լինելու բացառապես պրագմատիկ նկատառումներով, այդ թվում` նավթի ու գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու, ստեղծելու այնպիսի իրավիճակ, երբ Թուրքիան կդառնա էներգառեսուրսների փոխադրման «հանգույց»։ Ամերիկյան փորձագետների կարծիքով, Թուրքիայի պատմության մեջ այս փուլն ավելի շատ կանխորոշված է գեոտնտեսական գործոններով։ Եթե սկզբնական, այսպես կոչված, վերակողմնորոշման փուլում, որը պայմանավորված էր «Արդարություն և զարգացում» նոր կուսակցության գործունեությամբ, Թուրքիայում հնարավոր էին համարվում իռացիոնալ թեզերի ի հայտ գալն ու համարժեք հայտարարությունները, ապա հետագայում զգացվեց պրագմատիկ մոտեցումների ուժեղացում։ Միևնույն ժամանակ ամերիկյան փորձագետները վստահ չեն, որ պրագմատիզմի մեծացումը քաղաքականության մեջ կհանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում հակասությունների հաղթահարմանը։ Այսինքն` դա չի նշանակելու նախկին հարաբերությունների վերականգնում։
Ամերիկյան փորձագիտական հանրությունը միանգամից չհասկացավ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույնության «անժամանակ» ձգտումը։ Որոշ ժամանակ համարվում էր, թե դա ժամանակավոր երևույթ է, պայմանավորված նոր քաղաքական էլիտայի հավակնություններով, հրապուրվածությամբ` իսլամի շրջանակներում սոցիալական գաղափարների իրագործմամբ։ ԱՄՆ-ում մեծ հույսեր էին կապում հատկապես թուրքական գեներալիտետի հետ, որը երկար ժամանակ հուսալի գործընկեր էր։ Սակայն պարզվեց, որ գեներալիտետը, եթե անգամ չի բաժանում նոր իսլամական էլիտայի գաղափարները, միևնույն ժամանակ չի թաքցնում Թուրքիան ավելի ինքնուրույն երկիր տեսնելու իր մտադրությունները։ Այսպես թե այնպես, արտաքին քաղաքականության ինքնուրույնության խնդիրը մեծ հնչեղություն ունի, զարգացող գործընթացները ցույց տվեցին, որ այդ գաղափարի շուրջ հնարավոր է համախմբել թուրքական հասարակության զգալի մասը։ Ամերիկյան փորձագետները չեն թաքցնում, որ Թուրքիայի «ինքնուրույնության» պրոբլեմը նուրբ խնդիր է, և դրա բացահայտումը ենթադրում է համապատասխան անկեղծ բանավեճ ապագայում, սակայն առայսօր փորձագիտական հանրությունը չի շտապում հրապարակայնորեն քննարկել այդ թեման։ Ամերիկյան քաղաքագետ Բյուլնեթ Ալիռեզայի (CSIS) կարծիքով, Թուրքիայի ինքնուրույնության գաղափարը ցանկացած դեպքում առաջանում է իբրև ռոմանտիկ գաղափար, թեպետ հասարակությունը պետք է ունենա արտաքին քաղաքական ինքնուրույնության շատ լուրջ պահանջարկ։ Փորձագետը համարում է, որ այդ տրամադրությունները Թուրքիայում պայմանավորված են տնտեսական ու հատկապես սոցիալական հարցերի հետ կապված օրախնդիր պահանջներով։ Թուրքիան սոցիալական ու տնտեսական քաղաքականության լուրջ փոփոխությունների կարիք ունի, ինչը ռազմավարական խնդիր է դարձել ոչ միայն իշխող կուսակցության, այլև հասարակական լայն շրջանակի համար։ Հասարակական գիտակցության մեջ արդեն ներդրված է ԱՄՆ-ի հետ հետագա ռազմավարական համագործակցությունը շարունակելու վնասակարության գաղափարը` երկրի հետագա զարգացման տեսանկյունից։ Միաժամանակ Թուրքիան ներկայումս չունի ինքնուրույնության հետ կապված խնդիրներ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շրջանակից դուրս։ Օրինակ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան գործնականում որևէ սահմանափակումների ենթակա չէ այդ շրջանակում համագործակցության տեսանկյունից։ Եվրամիության պահանջները Թուրքիայի նկատմամբ նույնպես կախվածության զգացողություն չեն ստեղծում, թեպետ ապագայում դա կարող է առաջանալ։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ունի լուրջ մտահոգություններ, որ ինքնուրույնության գաղափարը, դառնալով առաջատար Թուրքիայում, կսկսի ձեռք բերել տհաճ տոնայնություն։ Որովհետև արտաքին քաղաքական ինքնուրույնությունը սերտորեն առնչվում է Թուրքիայում իշխանության հարցին, քանի որ ԱՄՆ-ից կախվածության պայմաններում թուրքական ներկայիս «նոր» էլիտան ի վիճակի չէ իրականացնելու սեփական արտաքին քաղաքական կուրս։ «Նոր» էլիտան բախվել է ոչ միայն կառուցվածքային պրոբլեմների տնտեսության մեջ, այլև երկրում պահպանվում է աղքատության բարձր մակարդակը, հատկապես նահանգներում։ Շարունակվում է ընդհանուր տնտեսական ճգնաժամը, կա ռազմավարական ներդրումների պակաս, սոցիալ-դեմոկրատական գաղափարները բախվում են տնտեսությունն առողջացնելուն ուղղված լիբերալ մեթոդներին։ Կառավարող կուսակցության ժողովրդականության անկման հետ կապված խնդիրներ են առաջանում և, Բյուլնեթ Ալիռեզայի կարծիքով, «ինքնուրույնության» խնդիրը Թուրքիայում սկսել է ստանալ ավելի կոնկրետ բնույթ, և ներկայումս ձևավորվել են դրա դրդապատճառները։
Թուրքիայի «նոր» էլիտան մտադիր է իրականացնել սոցիալական արդիականացման քաղաքականություն` շարիաթի սկզբունքների հիման վրա, ինչն իր հերթին պահանջում է քեմալիզմի կոնցեպցիայի սրբագրում։ Այդ քաղաքականությունն անխուսափելիորեն բախվելու է թուրքական հասարակության է՛լ ավելի մեծ դիմադրությանը, և հնարավոր է` հանգեցնի քաղաքացիական հակադրության, հասարակության շատ շերտերի բողոքի դրսևորումների։ Կառավարությունը, որը պարտավորություններ ունի ներքին քաղաքականության իրագործման դաշտում, չի կարող հաջողությամբ իրագործել իր գաղափարներն ազատ ռեժիմում, և դա, միգուցե, ամենաէական դրդապատճառն է արտաքին քաղաքական ինքնուրույնության ձգտման։
ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ բավական խանդով է վերաբերվել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, նախընտրելով, որ այդ երկրին իր ցուցաբերած զանգվածային օգնությունը հանգեցնի Մերձավոր Արևելքի ու Եվրասիայի շատ պետությունների հետ հարաբերությունները զարգացնելուց նրա հրաժարմանը։ Թուրքիայի բազմաթիվ փորձերը Սիրիայի, Իրաքի, Իրանի, ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ հաճախ հանգեցնում էին թուրք-ամերիկյան հարաբերությունների սրման։ ԱՄՆ-ը շահագրգռված էր, որ Թուրքիայի հարաբերությունները հարևան պետությունների հետ լինեն կոնֆլիկտային, եթե այդ կոնֆլիկտայնությունը վերահսկելի է։ Այդպիսի վերահսկելի կոնֆլիկտ էր Կիպրոսի հիմնախնդիրը, որը թույլ տվեց ԱՄՆ-ին երկար ժամանակ ներգործել Թուրքիայի վրա։ Շատ հարմար էին նաև թուրք-սիրիական նախկինում սրված հարաբերությունները և, առհասարակ, հարաբերությունների լարվածությունը տարածաշրջանի արաբական և այլ պետությունների, հատկապես Իրանի հետ։ Թուրքիան հայտնվել էր Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում որոշակի մեկուսացման մեջ, ինչը նրան խոցելի էր դարձնում։ Թուրքիան ԱՄՆ-ն ընկալում էր իբրև բավական մեկուսացված գործընկեր պետություն, ուր կա ներքին կայունություն, բայց միաժամանակ առկա են բազմաթիվ արտաքին պրոբլեմներ, ինչպես Իսրայելի դեպքում։ Նոր խնդիրների ի հայտ գալով և նոր առաջնահերթությունների գիտակցման պարագայում Թուրքիան չէր կարող չփոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը։
Այսպես կոչված արևելյան վեկտորը բոլորովին էլ չի ենթադրում, թե Թուրքիան հրաժարվելու է Եվրամիության մեջ ընդգրկվելու ռազմավարական նպատակից։ Թուրքական արտաքին քաղաքականության այդ երկու ուղղությունները բոլորովին էլ չեն բացառում միմյանց, այլ փոխլրացնում են։ Պարադոքս է այն, որ ԱՄՆ-ը, հզոր լոբբինգ իրականացնելով Թուրքիային Եվրամիություն ընդունելու ուղղությամբ, կանգնեց Թուրքիայի ու եվրոպական հանրության մերձեցման հեռանկարի առջև, այն պայմաններում, երբ Թուրքիան տարաբաժանվում է ԱՄՆ-ից։ Վերջին տարիներին, այդ թվում` իրաքյան պատերազմի փուլում, Թուրքիան փորձեց մայրցամաքային եվրոպական երկրներին ի ցույց դնել իր լոյալ դիրքորոշումը, թեպետ մինչ այդ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան էին ահռելի ջանքեր գործադրել նրան Եվրամիություն ընդունելու ուղղությամբ։ Որովհետև Թուրքիան հասկանում է, որ ԱՄՆ-ի ջանքերն այդ դաշտում գնալով ավելի ցուցադրական են դառնում, բայց չունեն որոշիչ նշանակություն վերջնական արդյունքի տեսակետից։ Թուրքիան «խաղագումարը» դրել է Գերմանիայի, Ֆրանսիայի ու Հարավային Եվրոպայի պետությունների վրա։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի հետ «խզումը» Թուրքիայի համար դարձավ կարևոր գործիք եվրոպական պետություններին իր լոյալությունն ի ցույց դնելու համար։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1583

Մեկնաբանություններ