Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Նրանք ամեն ինչ պայմանավորվել էին, բայց ոչինչ հանձնված չէ՞ր

Նրանք ամեն ինչ պայմանավորվել էին, բայց ոչինչ հանձնված չէ՞ր
15.04.2022 | 07:26

Վարչապետը բաց տեքստով ներկայացրեց իր անելիքները Արցախի ու ՀՀ-ի մասով՝ Ադրբեջանի ճնշումների, թե Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների հանգույն։ Կրկին՝ նախկինների լիակատար մասնակցությամբ և նրանց կողմից ամեն ինչ արդեն վերջնականորեն իրականացված։

Ինչպե՞ս պետք է հասկանալ. նրանք ամեն ինչ պայմանավորվել էին, բայց ոչինչ հանձնված չէ՞ր։ Նրանք ամեն ինչ հանձնել էին, բայց ոչինչ հանձնված չէ՞ր։ Այն ամենը, ինչ կատարվել է իր իշխանության օրոք։ Եթե նա փաստացի գտնվում էր նախկինների թողած բեռան տակ, ապա ոչ միայն մեղավոր է, որ չի կարողացել մեկ այլ, նպաստավոր լուծում գտնել և իրականացնել, այլև առնվազն մեղավոր է, որ, տեսնելով իրավիճակի անելանելիությունը, գերադասել է դառնալ վատագույն ելքի հեղինակ՝ պատճառել մարդկային ու տարածքային հսկայական կորուստներ, հարցականի տակ դնել ողջ ժողովրդի ու պետության ապագան, այլ ոչ թե հրաժարվել իր պաշտոնից։ Այժմ էլ նա բաց տեքստով ասում է, որ Արցախի անկախ կարգավիճակ լինել չի կարող, որ անգամ սահմանագծման ու սահմանազատման գործընթացները պետք է հնարավորինս արագ իրականացնել, եթե ոչ, Ադրբեջանը նորանոր սադրանքների, սրացումների ու հարձակման սպառնալիքների միջոցով կփորձի այն տապալել կամ, նվազագույն դեպքում, մեզ համար նորանոր խնդիրներ ստեղծել։ Ընդ որում՝ ոտնահարելով Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։

Պետք է հասկանալ՝ քանի դեռ ավելի շատ պահանջներ չեն դրել, ավելի մեծ տարածքներ չեն օկուպացրել, քանի դեռ Սյունիքը չեն ուզել, քանի դեռ Երևանի մասին չեն հիշել, ստորագրենք բոլոր թղթերը, հոգիներս ազատենք։ Վարչապետը դա համարում է իր առաքելությու՞նը։ Արդյո՞ք նա իրեն հարց չի տալիս՝ իսկ ի՞նչ երաշխիք (և ո՞վ է լինելու դրա երաշխավորը), որ Ադրբեջանը նույն թեթևությամբ ոտքի տակ չի տա այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածը, որովհետև Սյունիքով միջանցք չենք տվել (եթե անգամ համաձայնի առանց այդ պայմանի ինչ-որ թղթի տակ ստորագրել), հետո նույն ոգով առաջանա այս կամ այն ուղղությամբ։ Իսկ իր կառավարությունն ի՞նչ է անելու այդ դեպքում։ ՈՒ՞մ է դիմելու, միջազգային հանրությա՞նը։ Հետաքրքիր է նաև, թե ում նկատի ունի «միջազգային հանրություն» ասելով, Շառլ Միշելի՞ն։ Չէ որ նույն միջազգային հանրության աչքի առաջ այդ աղետալի հայտարարությամբ ստանձնած և ոչ մի պարտավորություն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել։ Մեկ անգամ արդեն իշխանությունն այնպիսի սխալ է թույլ տվել, որը ներել հնարավոր չէ։ Այժմ նա փորձում է երկրորդ անգամ նմանատիպ գործողություն իրականացնել, ըստ էության, լրացնել այն, ինչը չհաջողվեց առաջին դեպքում։ Եթե նա փոքր-ինչ ներկայացնում է այս ժողովրդի ու պետության շահը, ապա առանց հուշումի պետք է հասկանա, որ լավագույն ելքը, եթե դիմակայելու կարողություն ու միտք չունի, հրաժարականն է։ Չպետք է կարծել, թե ժողովուրդը նրան նման ճակատագրական խնդիրները ձախողելու երկրորդ իրավունք է վերապահել։ Ընտրություններում նրան ձայն տվել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը մեր-երրորդից էլ քիչ մասը։ Այսինքն, ընտրողների ճնշող մեծամասնությունը նրան կողմ չի քվեարկել։ Նման կարևորության խնդիրների վերաբերյալ վճիռ կայացնելու համար նա պետք է ունենա ընտրողների առնվազն մեծամասնության (եթե ոչ՝ որակյալ մեծամասնության) ձայնը։

Ժողովուրդը նրան այդպիսի խնդիրները միակամ լուծելու լիազորությամբ չի օժտել։ Պահանջը մեկը կարող է լինել․ քանի որ իշխանությունների դիրքորոշման վերաբերյալ գաղտնի բան գրեթե չի մնացել, իշխանությունները պարտավոր են ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը դնել համաժողովրդական քվեարկության։ Եթե համաժողովրդական քվեարկության արդյունքում նա կստանա այդ իրավունքը՝ Աստված ժողովրդի հետ։ Եթե ոչ՝ նա պարտավոր է անմիջապես հրաժարական տալ։

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 8575

Մեկնաբանություններ