ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Թուրքիան դարձյալ շրջվում է դեպի Արևմուտք

Թուրքիան դարձյալ շրջվում է դեպի Արևմուտք
30.11.2020 | 12:44

Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել արևմտյան ավանդական դաշնակիցների ու տարածաշրջանային ազդեցիկ պետության Սաուդյան Արաբիայի հետ: Ռուսաստանի հետ տարաձայնությունները, Ջո Բայդենի հաղթանակը ԱՄՆ նախագհական ընտրություններում և եվրոպական պատժամիջոցների սպառնալիքը ստիպում են վերանայել արտաքին քաղաքականությունը: Երկու տարի առաջ ավելի լայն գործադիր իշխանություն ստանալով՝ նախագահ Էրդողանը ռիսկային քայլեր արեց՝ նա դադարեց Արևմուտքի հետ սերտ կապերի որոնումը և մերձեցավ Ռուսաստանի հետ, որ հանգեցրեց ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ հարաբերությունների վատացանը և հարուցեց բացասական արձագանք:


Վերջին իրադարձությունները փոխեցին այդ պատկերը: Անկարայի շահերը ավելի ու ավելի են հակասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շահերին: Ռուսաստանն ու Թուրքիան մինչև հրադադարի հաստատումը տարբեր կողմերում էին Լիբիայի պատերազմում, միմյանց բախվեցին Սիրայի կոնֆլիկտում: Թուրքիան ներխուժեց ռուսական կովկասյան հետնաբակ՝ աջակցելով Ադրբեջանին 44 օրյա պատերազմում հայկական զինված ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ Էրդողանի հետ անձնական հարաբերություններից էր խոսում նույնիսկ երբ կոնֆլիկտի մեջ էին, հեռանում է Սպիտակ տնից: Եվրոպան պատրաստվում է դեկտեմբերի 10-ի ԵՄ համաժողովում պատժել Թուրքիային միակողմանի էներգետիկ հետախուզության համար Միջերկրական ծովի վիճելի ջրերում:
Պատժամիջոցները կասկածի տակ կդնեն Թուրքիայի տնտեսության վերականգնումը կորոնավիրուսի պանդեմիայի հարուցած սահմանափակումներից հետո, և դա կարող է լինել մի քանի շաբաթ անց, երբ բարձրաստիճան պաշտոնյաների նոր թիմն է ձեռնամուխ եղել վերահսկողության տակ առնելու ազգային գահավիժող տարադրամը:


Էրդողանն այսօր հաշտությունից է խոսում: «Մենք այնպիսի պրոբլեմներ չունենք որևէ երկրի կամ կազմակերպության հետ, որ չեն կարող լուծվել քաղաքականության, երկխոսության կամ բանակցությունների միջոցով»՝ ասել է նա կիրակի օրը և ԵՄ-ին կոչ արել օգնել Թուրքիային հաղթահարել այն արգելքները, որ խանգարում են միության մեջ մտնել ու կատարել մաքսային ու վիզան հանելու համաձայնագրի պահանջները: «Մենք նույն ցանկությունն ենք արտահայտում մեր դաշնակից Ամերիկայի հետ հարաբերություններում»՝ հավելել է նա: Պաշտոնական անձինք ակնարկում են, որ Թուրքիան փորձում է խուսափել ԱՄՆ-ի պատժից, չի միավորելու մեկ միասնական համակարգում ՆԱՏՕ-ի սարքավորումները և ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը, որ գնել ու արդեն փորձարկել է: Էրդողանն իր բանագնացին է ուղարկել Բրյուսել՝ լարումը լիցքաթափելու համար ԵՄ-ի հետ հարաբերություններում: Հարաբերությունների վերականգնումը, որոնց խանգարում էր Սիրիայում քրդական զինյալներին Արևմուտքի աջակցությունը, թուրքական գլխավոր բանկերից մեկին ԱՄՆ-ի մեղադրանքը պատժամիջոցները խախտելու մեջ, այնքան էլ հեշտ խնդիր չէ: Բայդենը 2019-ի դեկտեմբերին Էրդողանին անվանում էր ավտոկրատ, խոստանում էր աջակցել ներքին ընդդիմադիր ուժերին, Անկարայի ու Մոսկվայի ռազմական համագործակցությունը հարուցում էր ՆԱՏՕ-ի անդամների անհանգստությունը, որ կարող են լուրջ պայմաններ դնել Թուրքիայի հետ շփումների լիակատար վերականգնման համար: Բնական գազի հանքավայրերի որոնումներում Միջերկրականի ջրերում հորատման հետախուզական աշխատանքները հարուցել են Հունաստանի ու Կիպրոսի դժգոհությունը, Էրդողանը վիրավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իսլամի մեկնաբանության պատճառով:


Ռուսաստանի հետ զենիթահրթիռային համակարգերի գործարքից հետո Թրամփը դադարեցրեց Անկարայի մասնակցությունը F-35 կործանիչների մշակման աշխատանքներին, բայց Կոնգրեսն ավելի լուրջ պատիժ է պահանջում, քննարկվում է օրինագիծ, որ կստիպի նախագահին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ Մոսկվայի հետ ֆլիրտի համար: Թուրքիայի դիրքորոշումների փոփոխությունն արձանագրած փորձագետների կարծիքով՝ Անկարան գտնում է, որ Բայդենի ամուր հավատը բազմազգ ինստիտուտների և տրանսատլանտյան կապերի նկատմամբ կօգնի վերականգնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ և մեծացնել ռազմական ոլորտում սպասվող գործարքների կնքման հավանականությունը: Նրանք գտնում են, որ Թուրքիայի ներկայությունը Մերձավոր Արևելքում կոնֆլիկտի գոտիներում մեծացնում է ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի էքսպանսիոնիստական հնարավորությունները զսպելու հնարավորությունները: Թուրքիան ցանկանում է զարգացնել իր պաշտպանական արդյունաբերությունը, գերազանցապես տանկերի, հրթիռների ու մարտական ինքնաթիռների արտադրության հաշվին՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ:

Անկարան փորձում է հասնել Կանադայի կառավարության արգելքի վերացմանը որոշ տեխնոլոգիաների վրա, որ օգտագործվում են անօդաչուների արտադրության մեջ, ցանկանում է Ֆրանսիայի հետ համատեղ սկսել Eurosam հրթիռների արտադրությունը: Ռուսաստանը դեռ չի արդարացրել տեխնոլոգիաների փոխանցման սպասելիքները, որ օգտագործվում են С-400 ժամանակակաից համակարգերի արտադրության մեջ կամ համատեղ արտադրության կազմակերպումը: Թուրքիայի այդ պահանջները թույլ չտվեցին հասնել ամերիկյան Patriot համակարգերի վերաբերյալ համաձայնության: Էրդողանն օգտագործել է հեռախոսային խոսակցությունը Սաուդյան Արաբիայի միապետ Սալման բեն Աբդուլ Ազիզի հետ՝ արտահայտելու թագավորության հետ կապերը վերականգնելու ցանկությունը: Հարաբերությունները կոլապսի եզրին հասան 2018-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում «Վաշինգտոն պոստի» թղթակից Ջամալ Հաշոգչիի սպանությունից ու Էր Ռիադին քննադատելուց հետո:


Թուրքիան, որ մեղադրեց թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի երկու գլխավոր օգնականներին սպանության կազմակերպման մեջ, հնարավորն արեց բացահայտման համար, սակայն հիմա ժամանակն է ուշադրությունը երկկողմ հարաբերություններին կենտրոնացնելու համար: Էր Ռիադի խանութներում հարցումը թույլ է տալիս ասել, որ սաուդյան իշխանությունները, գուցե, թուլացնում են թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտը:
Սելչան Հակաօղլու, Ֆիրատ Կոզոկ, Bloomberg (ԱՄՆ)


Հ.Գ. Առաջին անգամ չէ՝ Թուրքիան մշտապես թե Արևմուտքի, թե Ռուսաստանի, թե արաբական աշխարհի հետ հարաբերությունները կառուցում է տեղատվության ու մակընթացության սկզբունքով՝ մեկի հետ հարաբերություններն օգտագործելով մյուսներին շանտաժի համար: Ակնհայտորեն հասել է Ռուսաստանի հետ տեղատվության ու Արևմուտքի հետ մակընթացության պահը: Էրդողանը, որ ճչում էր Բրյուսելի վրա, թե իմացիր ում հետ գործ ունես, չհամարձակվես Թուրքիայի պես պետությանը դաս տալ, հայտարարում էր, որ ԵՄ-ն իրեն պետք չէ ու ԵՄ-ն Թուրքիային չի ընդունում, որովհետև մուսուլմանական երկիր է, հիմա ճիչերը մոռացել է ու փորձում է վերադառնալ ԵՄ-ի գիրկը: Հարցը՝ մոռացե՞լ է սպառնալիքները Բրյուսելը, թե՞ ոչ, մոռացե՞լ են Գորշ գայլերի հարձակումները Ֆրանսիան, Ավստրիան ու Գերմանիան: Միով բանիվ՝ ամնեզիան միայն թուրքակա՞ն, թե՞ համաեվրոպական քաղաքական պանդեմիա է: Համենայն դեպս՝ այս պահին Ռուսաստանը ևս կցանկանար Թուրքայից որոշակի տարածություն պահել՝ երեք պատերազմներում բախումներից հետո, գործը, իհարկե, պատժամիջոցների չի հասնի: Գլխավոր փոփոխություններն աշխարհում կսկսվեն 2021-ի փետրվարից, մենք չկարողացանք ստատուս քվոն պահել ընդամենը կես տարով: 2021-ին չէր լինի այն, ինչ սկսվեց 2020-ի սեպտեմբերի վերջին: Իսկ հիմա մենք դադարեցրել ենք ընդհանրապես պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների գործով մեղադրանքները Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ ևս դիվանագիտության նահանջի դոսիեից է: Ափսոս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ