Մեզնից ամեն մեկն ունի իր տխրության ու ուրախության պատճառները՝ անձնական, կան և անանձնական պատճառներ: Ինձ միշտ թվացել է, որ 1995-ի հուլիսի 5-ին ընդունված ու արդեն 25 տարեկան դարձած ՀՀ Սահմանադրությունը, որ 10 տարին մեկ փոփոխվեց, մեր բոլորի խորթ երեխան է, որին ոչ ոք չի սիրում: Փաստացի՝ Հիմնական օրենքը ծնունդի պահից զոհաբերվեց ու մինչև հիմա զոհաբերվում է օրվա իշխանությանը: Այդ երեխան ոչ միայն խորթ է, այլև հիվանդ, օրվա իշխանությունը նրանից քամել է հնարավորինս հարմարավետ գոյատևելու ու վերարտադրվելու հնարավորությունները՝ հակասությունների կծիկ դարձնելով ու հակադրելով զարգացման տրամաբանությանը: Ընդհանրապես՝ ոչ ոք էլ օրենք չի սիրում, օրենքը իրավունքի սահմանափակում է՝ կանոնակարգման նպատակով կամ այլ նպատակներով, որ այնքան էլ ակնհայտ չեն: Բայց Սահմանադրությունը Հիմնական օրենք լինելուց զատ՝ սիմվոլ է, որ դրոշի, օրհներգի, զինանշանի հետ ամբողջացնում է ինքնիշխանությունը: Իսկ մենք սիմվոլների չենք հավատում: Փաստացի:
Սահմանադրության օրը, որ այդպես էլ քառորդ դարում տոն չդարձավ, կեսօրից հետո վարչապետից իմացանք, որ 2021-ին հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրություն: Ենթադրվում է, որ չորրորդը չի լինի կիսատ ու «լիարժեքության պակաս» չի զգացվի: Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է, որ «Սահմանադրությունը քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: Պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն»: Բայց պատրա՞ստ է վարչապետը իրական փոփոխությունների, որ սահմանափակելու են իր լիազորությունները: Կամ՝ եթե արդեն որոշված է ժամկետը՝ 2021, ինչպե՞ս է պարզվելու, որ եթե նախկինում «Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապն իրենց կամքի հետ», 2021-ին տեսնելու են այդ օրգանականը: Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է. «Նոր Սահմանադրությունը պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովրդի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի», ինչու՞ չի ասում՝ ինչպե՞ս: Չի՞ ստացվելու, որ իշխանական առանձնասենյակում գրված ևս մեկ տեքստ է ներկայացվելու, երկաթե հիմնավորմամբ, որ իշխանությունը գերլեգիտիմ է, ուրեմն գերլեգիտիմ է երկիրը երջանկացնելու իր կամքը: Ի վերջո՝ ՀՀ ոչ հպարտ, ոչ շարքային քաղաքացիները պարտավոր չեն ոչ իրավական նրբությունների մասնագետ լինել, ոչ պետական կարգի՝ իմա կառավարման կարգի, ընտրության: Կվերադառնա՞ ՀՀ-ն նախագահական կառավարման, թե՞ կմնա խորհրդարանական հանրապետություն, որտեղ չկա կայացած կուսակցական համակարգ, և դա խորհրդարանական կառավարումը վերածում է միապետության՝ ԱԺ-ում իրավականորեն ձևավորելով մեկ կուսակցության բացարձակ մեծամասնություն: Խորհրդարանական կառավարումը արդյունավետ է, երբ ընտրություններում հաղթող ուժը ստանում է 30-35 տոկոս ձայներ և մյուս ուժերի հետ կազմում կոալիցիա՝ հիմքում ունենալով փոխադարձ զսպումների ու հակակշռման մեխանիզմ: Արդար ընտրությունների պարագայում Հայաստանի համար կառավարելիության տեսակետից լավագույն մոդելը նախագահական համակարգն է, որից մենք 10 տարին մեկ մաս-մաս հրաժարվեցինք: Քառորդ դար անց կա՞ Հայաստանում այդ գիտակցությունը, թե՞ դարձյալ ասելու ենք հավուր պատշաճը, անելու ենք հակառակը: Ես չգիտեմ:
Ես չգիտեմ, թե ինչու է մշակույթը Հայաստանում ամենաանտեսվածն ու արհամարհվածը: Լավ՝ նախարարությունը վերացրինք, կցեցինք գիտությանն ու կրթությանը կասկածելի ու շինծու հիմնավորումով: Կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում կառավարությունը անդրադարձավ համարյա բոլորին՝ բացի մշակույթից: Չէ, իհարկե, փակվեցին թատրոնները, կինոթատրոնները, ցուցասրահները և… վերջ: Ինչո՞վ պիտի մշակույթի մարդը ապրի կարանտինի օրերին ու հիմա, ոչ մեկին չի հետաքրքրում: Ես երկար մտածել եմ՝ ինչու՞ են լռում մշակույթի գործիչները, ինչու՞ իրենց խոսքը չեն ասում երկրի ու ժողովրդի համար դժվար օրերին՝ հուսադրող, գոտեպնդող: Կամ՝ մեղադրող, պահանջող: ՈՐԵՎԷ ԽՈՍՔ, որ համախառն ներքին աղմուկի մեջ տարբերակվեր: Ասելիք չունե՞ն, անելիք չե՞ն տեսնում: Ինքնապահպանմա՞ն խնդիր են լուծում: Կորցրե՞լ են կապը ժամանակի ու մարդու հետ: Պատասխանները, որ լողում են մակերևույթին, ամբողջական չեն: ՈՒ դժվարությամբ, չցանկանալով, դժկամությամբ հանգեցի ընդհանական պատասխանին՝ մենք ապրում ենք ՀԱԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ: Գենային հիշողության մեջ դաջվածը չի հաջողվի ջնջել, բայց այն, ինչ այսօրը պիտի փոխանցեր վաղվան, մերժումն ու հերքումն է: Դա բնավ կապ չունի գլոբալացված աշխարհի, տեխնոլոգիական հեղափոխություններից դուրս չթռչելու և նման այլ «մեկնությունների» հետ: Մենք այսօր ՊԱՏԵՐԱԶՄ ենք հայտարարել մշակույթին ու պահանջում ենք, որ մշակույթն ապացուցի իր ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ: Դա մեծագույն հիմարությունն է, որին ընդունակ է որևէ հանրություն, եթե ինքնախեղման ու ինքնաոչնչացման ծրագիր չի ընդունել: Մենք ՊԱՏԵՐԱԶՄ ենք հայտարարել ինքներս մեզ ու ուզում ենք ՀԱՂԹԵԼ: ՈՒ՞մ: Մենք ոչնչացրել ենք տարրական, պարզունակ հարգանքը: Հարգանքը մարդու ու բառի նկատմամբ: Մենք դադարել ենք լսել միմյանց, մենք դարձել ենք ամենատես ու ամենագետ՝ լինելով չտես ու տգետ: Մենք այսօր սահմանափակում ենք դպրոցներում ու բուհերում ՀԱՅԵՐԵՆԻ իմացության իրավունքները՝ դնելով մանկուրտականության հիմքերը: Աղանդավորի մոլուցքով ժխտում ենք Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը, սահմանափակում գործունեությունը: ՈՒ՞ր ենք հասնելու այդ ճանապարհով:՝ Ես չգիտեմ:
Ես չգիտեմ, թե ինչպես կարող է ՀՀ-ում ստեղծված ու գործող քաղաքական ուժի ղեկավարը հայտարարել. «ՈՒզում եմ միանշանակ փաստել, որ ես՝ որպես ՀՀ ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ ԲՀԿ նախագահ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքացի, կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները»: Օրինակ՝ ի՞նչ է անելու Գագիկ Ծառուկյանը: Առավել ևս, երբ հակառուսական տրամադրությունների գեներացումը Հայաստանում միշտ կատարվում է Մոսկվայի նախաձեռնությամբ: Ռուսաստանը, ինչպես աշխարհի որևէ այլ երկիր, ոչ հայրդ է, ոչ մայրդ, ոչ ամուսինդ, ոչ զավակդ, որ ապրիորի ու անբացատրելի սիրես: Սիրել կամ չսիրելու հիմքում ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ է: Երբ տեսնում ես, որ տասնամյակներով հարաբերությունների ատաղձը եղել է՝ հակառակ պաշտոնական հայտարարությունների առ ռազմավարական համագործակցությունը, շարքային շահագործումը, ի՞նչ մտածես: Ի՞նչ մտածես, երբ 1921-ին Մոսկվայի համաձայնագրով երկիրդ կիսվեց ու նվիրվեց Թուրքիային, ի՞նչ մտածես, երբ Արցախն ու Նախիջևանը ընծայվեցին Ադրբեջանին, երբ 1924-1937-ին գլխատվեց մտավորականությունը, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նոր ժամանակներում «Կոլցո» գործողությամբ հողեր նվիրվեցին Ադրբեջանին, երբ «Գույք պարտքի դիմացով» պաշտպանական արդյունաբերությունը զարգացնելու հնարավորությունը խլվեց, երբ էներգակիրների ռազմավարական ոլորտը «դարձավ» ռուսական՝ սկսած ՀԷՑ-երի սեփականաշնորհումից մինչև Իրան-Հայաստան գազատար, Գազպրոմի հետ 2013-ի համաձայնագիրն էլ չասեմ: Երբ տասնամյակներով Ռուսաստանը Հայաստանը (ինչպես հետխորհրդային տարածքի այլ պետություններ), դատարկել է՝ կառուցվելու ու շենանալու համար՝ ոչ առանց Հայաստանի իշխանությունների «բարիկամեցողության»՝ ձևավորելով վարձու աշխատող-տրանսֆերտ «փոխշահավետ» համակարգը, որ փոքր երկրներում դեգրադացիայի ու ժողովրդագրական աղետի պատճառ է: Ի՞նչն է ուզում փրկել Գագիկ Ծառուկյանը:
ՌԴ դեսպանատան ոճով նրա հայտարարության իրական հեղինակն ու հասցեատերն ո՞վ է: Հակահայկական ու հակապետական ի՞նչ ուժեր են երևացել կորոնավիրուսով հիվանդ ԲՀԿ նախագահի աչքին: Գուցե ինքն իրե՞ն է ուզում փրկել: Ես չգիտեմ:
Ես չգիտեմ՝ որևէ խելամիտ մարդ Հայաստանում հավատու՞մ է սոցհարցումներին:
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը հրապարակել է տվյալներ, որ հեռախոսով հարցված քաղաքացիների 85 տոկոսը հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: Հարցումը անցկացվել է հունիսի 10-27-ը, մասնակցել է 1200 քաղաքացի: Սամվել Ֆարմանյանը հավաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ունի 11-13 % վարկանիշ, իսկ ֆոկուսը մեթոդոլոգիան է՝ հարցումների ժամանակ քաղաքացիների 60-65 %-ը հրաժարվում է հարցումից: Ես չգիտեմ՝ որտեղից գիտի Սամվել Ֆարմանյանը՝ քանի՞ տոկոսն է հրաժարվել: Սոցհարցումները հասարակության տրամադրությունների կարևորագույն ցուցիչ են, քաղաքականություն են ուղղորդում ու զարգացման ուղիներ որոշարկում, եթե պետությունը կայացած է, և իրոք արտահայտում են հարցվածների տրամադրությունները, ոչ թե հարցնողների ցանկությունները: Հայաստանում սոցհարցումները ոչ ընտրություններից առաջ, ոչ հիմա, ոչ էլ առաջիկայում իմաստ չեն ունենալու. նախ չեն արտացոլում իրականությունը, հետո՝ չեն ազդում իրականության վրա: Մենք ապրում ենք իրականության և իրականության մասին պատկերացումների միջակայքում՝ յուրովսանն մեկնաբանելով թե իրականությունը, թե իրականության պատկերացումը: Սոցհարցումը կդառնա իրական, երբ այդ երկու աշխարհները հանդիպեն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հուլիսի 3-ին՝ Էլմար Մամեդյարովի 60-ամյակի հաջորդ օրը, մտավ ԱԳՆ։ Հակակոռուպցիոն գործողության շրջանակում ձերբակալվեցին ԱԳՆ պաշտոնյաներ: Կա վարկած, որ ԱԳՆ որոշ պաշտոնյաներ գործել են պետական շահի դեմ: Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության լուրերը պարբերաբար շրջանառվում են: Մեկ տարի առաջ Իլհամ Ալիևը փոխեց իրավապահ և ուժային կառույցների ղեկավարներին, սպասվում էր նաև Մամեդյարովի պաշտոնանկությունը, նրան փրկեց Լավրովը: Ադրբեջանում պայքար է՝ Ալիևների նախիջևանյան ու Փաշաևների ապշերոնյան կլանների միջև: Չի բացառվում, որ այս անգամ զոհաբերվի նախիջևանցի Մամեդյարովը, որ պաշտոնավարում է 2004-ից՝ 16 տարի, ու չկարողացավ սուբստանտիվ բանակցությունները կյանքի կոչել, ապահովել «օկուպացված» շրջանների բանակցային վերադարձը: Քավության նոխազ դարձնելով Մամեդյարովին՝ Իլհամ Ալիևը հնարավորություն է ստանում նրա վրա բարդել Արցախյան խնդրի չլուծված մնալը ու հատկապես 2016-ի ռազմական ու դիվանագիտական ձախողումը: Նշանակու՞մ է, որ Ալիևը պատրաստվում է նոր էջ բացել բանակցություններում կամ արտաքին քաղաքականության մեջ: Հազիվ թե: Գուցե Մամեդյարովը նորից մնա ջրի երեսին: Առավել կարևոր է Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ «Արցախի իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի «բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանն» ու «տարածքային ամբողջականության վերականգնմանը»՝ Մարտակերտի, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանը՝ ամբողջությամբ՝ 1000 քառակուսի կիլոմետր տարածք: Ողջ լերուք: