Չեմ հավակնում մտքի տիտան լինել, ինչպես օրվա մունետիկներն են, ունեմ բարձրագույն կրթությամբ, բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, պետական 2-րդ դասի խորհրդական եմ, գրքերի հեղինակ, թերթերում, ամսագրերում, խորհրդարանում ու նախարարություններում տասնամյակների աշխատանքում կուտակել եմ մարդկային հարաբերությունների ու մասնագիտական հմտությունների իմացություն ու փորձ: Համեստաբար կարծում էի՝ պիտի հասկանամ ի՞նչ է կատարվում աշխարհում ու Հայաստանում: Աշխարհի անցուդարձն իր օրինաչափություններով ու անակնկալներով ընկալում եմ, նույնիսկ կարողանում եմ կանխատեսել զարգացումները, Հայաստանում չեմ հասկանում.
1. Հպարտությունը մեղք է, մարդը պիտի արժանապատիվ լինի: Հիմա, երբ իշխանությունը հայտարարում է, որ ՍԴ-ի ճգնաժամը հաղթահարվեց, չեմ հասկանում վարչապետի հրճվանքը ու բուռն մանկական արձագանքները իրադարձությունների իր գծագրած անկատար ընթացքին: Չեմ հասկանում՝ ուրբաթից բոլորս երջանիկ ու առո՞ղջ ենք այլևս: Չեմ հասկանում՝ ՍԴ-ում ճգնաժամն ավարտվե՞ց, թե՞ նոր է սկսվում, երբ օրակարգում տասնյակ հրատապ հարցեր կան, քվորում չկա: Չեմ հասկանում՝ ինչու՞ ՀՀ բոլոր սահմանադրությունների վրա կախվեց ու մնաց ոչ լեգիտիմության ստվերը, ՍԴ-ն, որ տասնամյակներ անխափան գործում էր իշխանությունների թելադրանքով ու չէր վայելում շարքային ընտրողի ոչ հավատը, ոչ վստահությունը, հետայսու՝ նորից իշխանությունների շրջագիծ մտնելով, ստանալու՞ է միջին վիճակագրական հայի հավատն ու վստահությունը, իմա՝ լեգիտի՞մ է լինելու, թե՞ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն, ամրապնդելով իր դիրքերը՝ ձեռնամուխ է լինելու ՍԴ-ի վերակազմավորման: ՈՒ դա՞ է դատավորների անկախության սկզբունքի մեր ըմբռնումը: Ընդհանրապես՝ մեր ինչի՞ն է պետք ՍԴ-ն, եթե ԱԺ-ն քաղաքական մեծամասնությամբ կարող է օրենք գրել, ընդունել, ստորագրել, հրապարակել, ուժի մեջ մտցնել: Հարկատուների հաշվին կառավարման համակարգի ավելորդ օղա՞կ ենք պահում, թե՞ Բարձր դատարան, որի լինել-չլինելը վերաբերում է մարդկանց նեղ խմբակի: Չեմ հասկանում ոմանց բուռն հրճվանքը, որ ՍԴ կազմը փոխվեց, և հավասարապես չեմ հասկանում ոմանց բուռն հրճվանքը, որ ՍԴ կազմի փոփոխության ձևն ու արագությունը չեն հասկանում Վենետիկի հանձնաժողովը, Եվրահանձնաժողովը, գուցե նաև այլ կառույցներ ու այլք: Մինչդեռ թվում է՝ բոլորս հայ ենք, ու Հայաստանն է մեր հայրենիքը: Չեմ հասկանում, որ ՍԴ պաշտոնանկված անդամները գնում են արձակուրդ կամ ակտեր են պահանջում ու չեն ստորագրում արձանագրություններ: Դա ոչ թե արդարության որոնումների շրջագծում է, այլ անիմաստ դիմադրության, նույնիսկ եթե ՄԻԵԴ-ը 2020-ին գործը ընդունի ու նրանց օգտին վճիռ կայացնի, վճիռը կվերաբերի իրավունքի խախտմանը, ոչ աշխատանքի վերականգնմանը: ՈՒ ոչ մի կերպ չեմ հասկանում, որ բոլորն իրենց փաստարկները կառուցում են ժողովրդի անունից, իսկ ժողովուրդը, մեղմ ասած, անհաղորդ է իշխանության համար պայքարում հաղթածների ու հաղթվածների տվայտանքներին: Չեմ հասկանում ԲՀԿ-ի թվաբանությունը, հիմա 26,4-ը հավասար է 26,4-ի՞, թե՞ 26-ի, թե՞ 27-ի: Ընդհանրապես ինչի՞ համար է դիմումը ՍԴ-ին, երբ իրենց իմացած ՍԴ-ն չկա, նորն էլ իրենք ՍԴ չեն համարում: Նաև չեմ հասկանում՝ ե՞ս եմ բութ, թե՞ իրականությունն է անհասկանալի: Օրինակ՝ Վրաստանի ՍԴ նախագահ է ընտրվել Մերաբ Տուրավան, որին ընդդիմությունը բնորոշում է Բիձինա Իվանիշվիլու ֆորպոստ։ Աշնանը խորհրդարանի ընտրություններում ՍԴ-ն կարող է առանցքային դեր ունենալ ընտրական վեճերի հանգուցալուծման գործում, բայց Վրաստանի ՍԴ նախագահի փոփոխությունը Վենետիկ, Բրյուսել ու Մոսկվա չհասավ, ո՞վ կասի՝ ինչու՞:
2. Չեմ հասկանում՝ ինչու՞ են փաստաբանները դարձել քաղաքական գործիչներ ու քաղաքական հայտարարություններ են անում, քաղաքական գործիչները՝ փաստաբաններ՝ պաշտպանում ու մեղադրում են իրար: Չեմ հասկանում՝ հուլիսի 7-ին ՍԴ-ն քննարկելու՞ է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ վերցրած դիմումը, որովհետև նաև ինքն էր ՄԻԵԴ դիմել, թե՞ ոչ: Եվ հիմա ու՞մ հավատալ՝ քաղաքական գործիչ փաստաբանի՞ն, թե՞ փաստաբանող քաղաքական գործչին: Չեմ հասկանում, երբ հայտարարում են, թե քաղաքական դաշտի բյուրեղացում է կատարվում:
Բյուրեղը մաքրության վերին աստիճանին հասած երևույթ է, որտե՞ղ է մաքրությունը, երբ քաղաքական դաշտում բոլորն իրար անվանարկում, բոլորը բոլորի դեմ են պայքարում: Չեմ հասկանում՝ ի վերջո ՔՊ-ն ի՞նչ քաղաքական ուժ է, ո՞ր ուղղության ու ի՞նչ գաղափարների է դավանում, որ իր իշխանության ընդամենը 2 տարում որևէ ուժի հետ ընդհանրություն չունի և ընդամենը ոմանց հանդուրժում է, մյուսներին՝ պատերով տալիս, իսկ վարչապետի շուրթերով հայտարարում՝ գոյության իրավունք ունեն, թե չունեն: Բացարձապես չեմ հասկանում՝ հետայսու Հայաստանում արժի՞ ընտրություններ անել, թե՞ ՔՊ ոչ պաշտոնական նախագահը կորոշի՝ ով կլինի ԱԺ-ում, ով կգնա կառավարություն, ով՝ գրողի ծոցը: Եվ՝ միանգամայն անկեղծ ու բացարձակապես անաչառ: Չեմ հասկանում, որ Հայաստանում միանգամից սկսվել են չգիտեմ քանի դատավարություններ, ու ոչ մեկը չի ավարտվում: Չեմ հասկանում, որ ստեղծվել է մարդկանց մի տեսակ, որ բոլորին ամեն ինչում մեղավոր է համարում ու պահանջում անմեղությունն ապացուցել, մինչդեռ պիտի հակառակը լիներ՝ ըստ անմեղության կանխավարկածի: Չեմ հասկանում, երբ գրվում են օրենքներ կոնկրետ մարդկանց դեմ, բայց այդ օրենքներից տուժում են հազարավոր այլ, խնդրին առնչություն չունեցող մարդիկ: Եվ դա համարվում է քաղաքականապես ճիշտ, տնտեսապես անհրաժեշտ: Բարոյապես էլ երևի աստվածային:
3. Չեմ հասկանում Արսեն Թորոսյանին, երբ հայտարարում է՝ «Հպարտանում եմ, որ ունենք նման լավ ցուցանիշ»: Ծաղրու՞մ է, թե՞ լուրջ է ասում, որ արձանագրելով՝ «վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է, բայց 1 միլիոն բնակչի հաշվով ունենք մահացության ցածր ցուցանիշ»: Այսինքն՝ ամեն օր 10-15 մահը նախարարի համար ցածր ցուցանի՞շ է, 100-150 պիտի լիներ, որ Արսեն Թորոսյանը ՉՀՊԱՐՏԱՆԱՐ: ՈՒ չհոխորտար՝ «Բոլոր արձանագրված դեպքերից մահացության թվով մենք 1,7-1,8 տոկոսին ենք ձգտում։ Աշխարհում այդ ցուցանիշը 6 -10 տոկոս է։ 1 միլիոն բնակչի հաշվով մահերի թվով մենք հավասար ենք Գերմանիային»։ Գիտի՞ «սուրբ» Արսենը, որ Գերմանիայի բնակչության թիվը 2018-ին 81408372 էր, իմա՝ 81 միլիոն, շա՞տ նման է 81 միլիոնը 3 միլիոնին: Առավել ևս՝ Գերմանիան Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրներից է ու ԲՆԱՎ չունի ժողովրդագրական խնդիր: Ոչ թե չեմ հասկանում, այլ չեմ հավատում «սուրբ» Արսենին, երբ հայտարարում է. «Անկախ նրանից, որ նոր դեպքեր են արձանագրվում և վարակը տարածվում է, մենք հասցնում ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն մատուցել»։ Պետք չէ ստել, հասցնեիք՝ ասիմպտոմներին տուն չէիք ուղարկի ու ձեր ձեռքով չէիք բազմապատկի հիվանդների թիվը, հասցնեիք՝ ավելի շատ կթեստավորեիք, թեստավորում եք այնքան, որ կարողանաք հիվանդանոցում պահել, ոչ թե վարակի տարածումը կանխել, ու դրանով հպարտանալը… չասեմ՝ ինչի նշան է: Առավել ևս, որ հարյուրավորները իրենք են հոգում դեղերի ու բուժման ծախսը, ոչ թե պետությունը, որ միլիոններ է ստանում ու միլիարդներ ծախսում՝ հայտնի չէ՝ ինչի վրա: Արժանապատիվ նախարարը վաղուց հրաժարական էր տվել. սա այն դեպքն է, որ ինքս ինձ չեմ հավատում ու գիտեմ՝ ինչու: Բայց նաև չեմ հասկանում, երբ ԱԳ նախարարը փողոցում անցորդներին դիմակ է բաժանում, կորոնավիրուսի դե՞մ է պայքարում, թե՞ ՀՀ վարչապետի նոր արտաքին քաղաքականությունն է իրականացնում:
4. Վարչապետին ընդհանրապես չեմ հասկանում: Երբ խորհրդակցություն է հրավիրում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ, և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում է տնտեսության վիճակը, մակրոտնտեսական ցուցանիշները, պարզվում է՝ ապրիլի համեմատ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճ է արձանագրվել: Այդ ֆոկուսը չեմ հասկանում: Չեմ հասկանում՝ ինչու՞ կառավարությունը չունի իրավիճակի ըմբռնման գիտակցություն, ինչու՞ է շարունակում գործել, ասես՝ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ ոչ կորոնավիրուս կա, ոչ «լոկդաուն» է եղել, ոչ էլ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման կարիք կա: Փաստացի՝ ՀՀ կառավարությունը անում է, ինչ արել է. «Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ»: Եվ նոր միայն՝ «Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը»: Մինչև հիմա ու՞ր էիք, որ հիմա եք առաջարկում «ԱԺ հանձնաժողովների պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները և առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար»: Եվ՝ ոչ մի խոսք ներդրումների մասին, ոչ մի խոսք Նիկոլ Փաշինյանի ու կառավարության գզրոցներում փոշոտվող ծրագրերի մասին, որ միլիարդների ներդրումներ են բերելու, եթե վարչապետը հասկանա, որ միայն ՔՊ-ի ներուժով երկիր չես պահի, կամ կպահես այսպես՝ հպարտ նախարարների մեռնող պացիենտներով: Հա, մեկ էլ չեմ հասկանում՝ հիմա Հայաստանում մարդը բարձրագույն արժե՞ք է, թե՞ «տուգանքի ապրանք»:
5. Չհասկանալով՝ չեմ հասկանում՝ ինչու՞ են Հայաստանում բանավիճում, թե ով պետք է զվարճացնի Իլհամ Ալիևին: Հիմա դա՞ է ամենակարևորը, թե՞ դա միջոց է միմյանց հրապարակային մեղադրելու: Փաստացի՝ ամենաանպատիվ գործն է, որ կարող են անել ՀՀ նախկին ու ներկա ղեկավարները, առավել ևս, երբ բոլորը գիտեն՝ ով ով է: Իսկ ընդհանրապես՝ Նիկոլ Փաշինյանի հնարած բանաձևը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանում, Արցախում ու Ադրբեջանում, կամ իրավիճակին անծանոթ դիլետանտի գյուտ է, կամ իրենց սպառած մադրիդյան սկզբունքների վերաձևակերպում: Առավել ևս անհեթեթ են Ադրբեջանի ժողովրդին ուղղված կոչերը, երբ «կիրթ» Իլհամի զինվորները 4 տարի առաջ հայի գլուխ էին կտրում, իսկ Իլհամը «Էրիվանը» «վերադարձնել» է երազում: Ոչ էլ ԱԳՆ-ին եմ հասկանում, երբ խոսնակը հայտարարում է. «Հակամարտության շահարկմամբ ժողովուրդների հանդեպ թշնամանքի խրախուսման մեջ իր լեգիտիմությունը փնտրող Ալիև գերդաստանը պետք է ընդունի, որ ադրբեջանական ժողովուրդը արժանի է ժողովրդավարության»: Մենք ծնվել-ապրում ենք, որ Ադրբեջանի հարցերը լուծե՞նք, մեր հարցերը՝ ով ուզում է՝ լուծի՞:
6. Չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանին, երբ հայտարարում է. «Մենք ինչ-որ սխալ արել ենք, երևի կազմակերպչական, կառավարման մակարդակի սխալներ էլ ենք արել, և մենք գնում ենք այդ սխալներն ուղղելու ճանապարհով, բայց ամեն մեկս պետք է մեր սխալն ուղղենք՝ հանուն մեր պետության, ժողովրդի»: Սխալը «երևի»-ով չի լինում, մինչև չհասկանաս՝ որտե՞ղ ու ի՞նչ սխալ ես արել, չես գնա «ուղղելու ճանապարհով»: ՈՒ հերիք է կորոնավիրուսի տարածման մեղքը մարդկանց վրա դնելը, «ռեպրեսիվ մեթոդներով» սպառնալը: Ամեն մեթոդ իր իմաստն ու ժամանակն ունի, ապրիորի կարանտինը և ապրիորի ռեպրեսիան նույն դաշտի մոլախոտ են:
7. Չեմ հասկանում նաև՝ արժի՞ հասկանալ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Կորոնավիրուսն էլ կյանքի ժամանակ է, ցավոք՝ նաև մահվան պատմություն: Մարդիկ ծնվում ու մեռնում են մենակ, կյանքը մենակությունը ժխտելու միակ ժամանակն է, մի վատնեք հիմարութան վրա: Ողջ լերուք: