«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՌՈՒԶՎԵԼՏ. ԲԱՐԻ ԺՊԻՏՈՎ ԱՅԴ ՄԱՐԴԸ

ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՌՈՒԶՎԵԼՏ. ԲԱՐԻ ԺՊԻՏՈՎ ԱՅԴ ՄԱՐԴԸ
14.05.2010 | 00:00

20-րդ դարի երկրորդ տասնամյակում Նյու Յորքում ձևավորվեց անթագակիր արքաների մի նեղ խումբ, ոչ ավելի, քան հարյուր մարդ, որոնք էլ հենց կանխորոշում էին Միացյալ Նահանգների տնտեսական և քաղաքական կյանքը։ Այդ արտոնյալ խմբի անդամները կապված էին ոչ միայն գործնական, այլև բարեկամական և ազգակցական կապերով։ Նրանք սերտորեն միահյուսված էին նաև անգլիական ու գերմանական վերնախավի հետ։ «Մանհեթենյան շրջան» անվանումը ստացած, հիմնականում հրեական բանկիրներից բաղկացած այդ խումբն ինքնամփոփ վիճակում էր հայտնվել նաև այն պատճառով, որ մնացած Ամերիկան խիստ թշնամաբար էր տրամադրված նրանց նկատմամբ։ Ընդ որում, չէր սիրում նրանց ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև կառավարող շրջանների ճնշող մեծամասնությունը։ Մի ամբողջ շարք ամերիկյան նախագահներ իրենց ցասումն ու զայրույթն են արտահայտել այդ ֆինանսաարդյունաբերական մագնատների տիրապետության դեմ։ Ըստ էության, «Մանհեթենյան շրջանի» մագնատներն իշխում էին իրենց թշնամի երկրում։ Երկիրը մշտապես փորձում էր հակահարձակման անցնել։ Ամենազգալի հարվածը, որ նրանց հաջողվեց հասցնել օլիգարխներին, 1910-20-ական թվականներին ընդունված մի շարք հակատրեստային օրենքներն էին, որոնք բռնի կերպով տրոհում էին մագնատների «կայսրությունները»։ Դրան ի պատասխան մանհեթենյան խումբն արհեստականորեն սադրեց 1929-33 թթ. ծանրագույն տնտեսական ճգնաժամը` Մեծ դեպրեսիան։ ՈՒ հենց այդ ժամանակ` 1933-ի մարտի 4-ին, ԱՄՆ-ում իշխանության եկավ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, որն անմիջապես հռչակեց «նոր կուրս» վարելու իր քաղաքականությունը։
ԽՍՀՄ-ում վերաբերմունքն այս քաղաքական գործչի նկատմամբ ընդգծված դրական էր։ Ընդունված էր համարել, որ նա, ի տարբերություն Չերչիլի, ֆաշիզմի դեմ մղվող մահացու գոտեմարտում եղել է ավելի հավատարիմ ու զիջող դաշնակից։ Սակայն այս հոդվածների շարքում մեզ հետաքրքրում է նրա պահվածքը ոչ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի, այլ ճգնաժամի ժամանակ։ Ֆրանկլին Ռուզվելտն Ամերիկան դուրս բերեց ճգնաժամից։ Պատմության դասագրքերում հենց այդպես էլ գրված է` ամերիկյան տնտեսության առողջացումն ամբողջությամբ կապված է Սպիտակ տանը նրա հայտնվելու հետ։ Սակայն ստորև շարադրանքից, կարծում եմ, պարզ կդառնա, որ նա ԱՄՆ-ի համար չափազանց դառը հաբ էր։ Իսկ իշխանության նրան բերեցին նույն այն խոհարարները, որոնք էլ եփել էին սարսափելի այդ «դեպրեսիան»։ Սակայն անգամ այդ հանգույցը քանդելը նրա առջև դրված գլխավոր խնդիրը չէր։ Նրան հանձնարարված էր իրականացնել առանցքային մի նպատակ` ոչնչացնել ոսկե սանդղակը (թղթադրամների ապահովվածությունը ոսկով)։
Հենց դրանում էր Մեծ դեպրեսիայի հիմնական նպատակը։ Անհրաժեշտ էր պոկել դոլարը մինչ այդ հավերժական արժեք համարվող ոսկուց։ Դոլարն ինքը պետք է դառնար գլխավոր համաշխարհային արժեքը, փաստորեն, գրավելով ոսկու տեղը։ 1929-ի ապրիլին Դաշնային պահուստի համակարգի «կնքահայր» Պոլ Վարբուրգը գաղտնի շրջաբերական ուղարկեց իր բարեկամներին, որով նախազգուշացնում էր նրանց գալիք ֆոնդային և տնտեսական ճգնաժամերի մասին։ Այնպես որ, ոչ մի զարմանալի բան չկար այն բանում, որ ՄՇ-ի բոլոր անդամները` Մորգանը, Ռոկֆելլերը, Ժոզեֆ Քենեդին, Կունը և Լյոբը, Մելոնը, Բարուխը և ուրիշներ, նախքան բորսայի փլուզումը, հասցրին ավարտել արժեթղթերի հետ կապված բոլոր գործարքներն ու իրենց կարողությունները ներդրեցին կանխիկ դրամի և առավելապես ոսկու մեջ։
Այն, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում 1933-ին, անգամ ամենածայրահեղորեն տրամադրված բոլշևիկներին անհավանական կթվար։ Ողջ երկիրն «աշխատանքային բանակ» դարձնելու Տրոցկու փայփայած հույսերն անգամ նրանք ժամանակին համարեցին չափից դուրս համարձակ, և դրանք այդպես էլ մնացին սոսկ որպես գաղափար։ Իսկ, այ, Ֆրանկլին Ռուզվելտը, առանց աչք թարթելու, իրականացրեց այն։ Սակայն եկեք չխախտենք դեպքերի զարգացման հաջորդականությունը և ամեն ինչ շարադրենք հերթականությամբ։
Դեռ չէր հասցրել ԱՄՆ-ի նոր նախագահն ընտելանալ իր աշխատասենյակին, երբ հայտարարեց, այսպես կոչված, «բանկային արձակուրդների» մասին։ Երկրի ֆինանսական բոլոր հաստատություններն ստիպողաբար մեկ շաբաթով փակվեցին։ Դա արվեց ամենևին էլ ոչ նրա համար, որ «հանգստացնեին ավանդատուներին», այլ նրա, որ ոչ մի մասնավոր ավանդատու ի վիճակի չլիներ հետ վերցնելու իր խնայողությունները, քանի որ «բանկային արձակուրդների» հետ միաժամանակ հայտարարվեց ոսկե ստանդարտի վերացման մասին։ Վայրկյան իսկ չուշացավ թիվ 6102 նախագահական հրամանագիրը, որտեղ ասվում էր. «Սույն հրամանի համաձայն բոլոր անձինք մինչև 1933-ի մայիս ամիսը պարտավոր են իրենց մոտ եղած բոլոր ոսկեդրամները, ոսկու ձուլակտորները և ոսկե սերտիֆիկատները հանձնել Դաշնային պահուստի բանկին, նրա մասնաճյուղերին կամ գործակալություններին, որոնք Դաշնային պահուստի համակարգի ներկայացուցիչներ են։ Բոլոր նրանք, ովքեր կխախտեն նախագահի այս հրամանը, կենթարկվեն տուգանքի ոչ ավելի, քան 10000 դոլարի չափով կամ, եթե նրանք ֆիզիկական անձինք են, կարող են ենթարկվել կալանքի ոչ ավելի, քան տասը տարով, կամ երկու պատիժներն էլ միաժամանակ»։
Բնակչությունը պարտավոր էր մեկ ամսվա ընթացքում իր ունեցած ողջ ոսկին հանձնել ԴՊՀ-ին։ Հավաքածուներում տեղ գտած ոսկեդրամներից զատ, մնացած ողջ ոսկին մասնավոր սեփականության ձևով տնօրինելը համարվում էր օրենքից դուրս։ «Երկրի ռեսուրսների համախմբումն անհրաժեշտ պայման է Ամերիկան Դեպրեսիայից դուրս բերելու համար». ճառերով Ռուզվելտն աշխատում էր քողարկել իր այն քայլը, հանուն ինչի էլ հենց նրան բազմեցրել էին նախագահական աթոռին` հավաքել ժողովրդի մոտ եղած ոսկին։ Մի փոքր մանրամասնենք այդ համընդհանուր «սեփականազրկման», այսպես ասած, տեխնիկական կողմը։ Հանձնվող ոսկու 1 ունցիայի դիմաց (1 ունցիան 31,10348 գրամ է) վճարելով 20,66 դոլար, Ռուզվելտն ակնթարթորեն բարձրացրեց դրա գինը մինչև 35 դոլար, հայտարարելով ազգային արժույթի արժեզրկման մասին։ Այդ գինը, ի դեպ, պահպանվեց շատ երկար, մինչև 1973-ի մարտ, երբ ԱՄՆ-ին համակեց դեֆոլտը։
Ինչպես միշտ, մագնատներն այս իրավիճակում էլ ոչ միայն չոր դուրս եկան ջրից, այլև կարողացան իրենց համար ուղղակի առասպելական եկամուտներ ապահովել։ Ինչպես արդեն ասել ենք, համընդհանուր աղետից առաջ նրանք իրենց ողջ կարողությունը վերածեցին ոսկու, որն էլ ճիշտ ժամանակին տեղափոխեցին Եվրոպա։ Բոլոր այս փոփոխություններից հետո նրանք դուրս հանեցին եվրոպական բանկերի պահուստարաններից իրենց ոսկին, հետ բերեցին այն ԱՄՆ և ամերիկյան գանձարանի հաշվին երեք տարվա ընթացքում իրենց ունեցվածքն ավելացրին ևս 80 տոկոսով, եկամուտ, որ այն ժամանակներում ոչ ոք չէր էլ կարող երազել։
«Հակաճգնաժամային» միջոցառումներ իրականացնելու պատրվակով Ռուզվելտն անցկացրեց մի շարք արմատական վերափոխումներ, որոնք դեմոկրատական անվանել կարող է, թերևս, միայն թուլամիտը։ Իրենց կյանքում գրչից ավելի ծանր ոչինչ չբարձրացրած գործազուրկ գրասենյակային աշխատողների ձեռքը տվեցին քլունգն ու բահը և ուղարկեցին ավտոմայրուղիներ ու հասարակական շինություններ կառուցելու։ Չե՞ս կարող կամ չե՞ս ուզում փոս փորել կամ քարհանքերում քար ջարդել, զրկվում ես գործազուրկի նպաստից։ ՈՒրիշ ոչ մի ելք չունենալով` ամերիկացիներն ստիպված էին աշխատել գործնականում մի փոր հացի համար։ Նախագահ դառնալուց ընդամենը մի քանի օր անց Ռուզվելտը հայտարարեց «Ռեսուրսների պահպանության քաղաքացիական կորպուսի» ստեղծման մասին։ Այդ բավական գեղեցիկ հնչող վերնագրի տակ, սակայն, թաքնված էր ամենևին էլ ոչ համարժեք մի իրողություն, որը շատ նման էր «աշխատանքային բանակներ» հասկացությանը։ Միլիոնավոր գործազուրկներ, ահել ու ջահել, իրենց կամքին հակառակ, ուղարկվում էին երկրի ամենահեռավոր շրջաններ` «ռեսուրսների պահպանության» համար։ Աշխատանքն առավել քան ծանր էր, իսկ օրավարձն ընդամենը... 1 դոլար։ 1934-ի հունվարին այդ, առանց չափազանցության, ստրկական պայմաններում աշխատում էր ավելի քան 5 մլն մարդ։
Ոչ ոք չի վիճում. Ռուզվելտի իրականացրած քայլերը վճռական էին ու արագ, բայց արագություն դրանց հաղորդել էր այն պարզ փաստի գիտակցումը, որ հարցականի տակ է դրված պետության բուն գոյությունը։ Ի վերջո, ԴՊՀ-ն տնօրինող բանկիրների նպատակն ամենևին էլ ամերիկյան արդյունաբերությունն ու պետականությունն արմատախիլ անելը չէր, այլ սոսկ թուլացումը` դրանք իրենց կամքին ենթարկելու համար։ Թուլացումը կայացել էր, այն էլ չափից ավելի, հիմա պետք էր արագ իրենց ենթարկել այդ ամենն ու էլ ավելի արագ վերականգնել պետության հզորությունը։
Անչափ կարևոր է գիտակցել, որ Ռուզվելտի իրականացրած վերափոխումները կատարվում էին ոչ թե օվկիանոսի մյուս ափին գտնվող տերության անդրկուլիսյան տիրակալների կամքին հակառակ, այլ հենց նրանց իսկ ուղղակի հանձնարարությամբ ու օրհնությամբ։
«Ոսկե ստանդարտն» արդեն վերացած էր, սկզբում միայն ԱՄՆ-ում, իսկ այնուհետև` ամենուր։ Միջազգային հրեա բանկիրների հանձնարարությունը փայլուն կերպով իրականացվել էր։ Այժմ արդեն ամերիկացիները կարող էին կուտակել միայն թղթադրամներ և ո՛չ ոսկեդրամներ կամ ոսկյա ձուլակտորներ։ Եվ այլևս ոչ ոք չէր կարող նույն այդ թղթադրամները փոխել ոսկով։ Իսկ ո՞րն է փող կուտակելու ամենահարմար ձևը։ Դե, իհարկե, հաշիվ բացել բանկում ու թղթադրամներն ի պահ տալ բանկիրներին։ Այնպես որ, ԴՊՀ-ի թողարկած դոլարները շատ արագ հետ էին վերադառնում իրենց, և դրանց շրջապտույտը դառնում էր անվերջանալի։ Իսկ ոսկի՞ն։ Այդ թանկարժեք մետաղը սովորաբար պահում են բանկային հասարակ մետաղե արկղիկներում, և բանկիրներն այն շրջանառության մեջ դնել չեն կարող։ Ահա թե որն էր սկզբունքային տարբերությունը։
Հենց որ ամերիկյան իշխանությունները բռնագրավեցին ժողովրդի ձեռքին եղած ողջ ոսկին, ճգնաժամն արագորեն անցյալի հուշ դարձավ, իսկ 1933-ն էլ հռչակվեց ինչպես Մեծ դեպրեսիայի պաշտոնական ավարտի, այնպես էլ ոսկու Մեծ բռնագրավման տարի։ Զուտ տեսականորեն մինչև 1973-ի մարտ ամիսն այլ պետություններ ևս կարող էին իրենց գանձարանում եղած դոլարները փոխել ոսկով, բայց միայն ԱՄՆ-ի պետական գանձարանում։ Սա ևս շատ հետաքրքիր պահ է։ ԴՊՀ-ի, այսինքն` մասնավոր ընկերության կողմից թողարկվող թղթադրամները պետք է ոսկով ապահովեր ամերիկյան պետությունը։ Սա ևս ցույց է տալիս, թե որքան միանձնյա էր վերահսկում ԴՊՀ-ն Միացյալ Նահանգների ողջ պետական համակարգը։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5921

Մեկնաբանություններ