ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԻԱՆԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԻԱՆԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ԹԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ
12.10.2010 | 00:00

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հիացրեց: Անցած ուրբաթ կայացած խաղում մեր տղաները, ցուցադրելով գերազանց ֆուտբոլ, քարը քարին չթողեցին Սլովակիայի ուժեղ հավաքականի հետ խաղում: Վերջիններս այս պահին ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում աշխարհի 16-րդ հավաքականն են, իսկ մերոնք` 105-րդը: Ֆուտբոլային աշխարհում շատերին է զարմացրել մեր հավաքականի հաղթանակը, սակայն, ըստ մեզ, այն օրինաչափ է:
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ գլխավորությամբ Հայաստանի ընտրանին սկսել է ցուցադրել հարձակողական գեղեցիկ ֆուտբոլ, ինչը նախկինում չկար: Մեր թիմն սկսել է գոլեր խփել: Նախկինում մենք ամիսներով գոլի կարոտ էինք, իսկ եթե մերոնք նույնիսկ հասնում էին հաջողության, ապա այդ գոլերը լինում էին հիմնականում ստանդարտ դիրքերի` տուգանայինների, անկյունայինների խաղարկություններից հետո: Իսկ միայն վերջին երկու խաղերում մեր թիմը հինգ գոլ է խփել: Այսօր մեր ֆուտբոլիստների գործողություններում նկատվում է հստակ ձեռագիր: Դաշտի կենտրոնում թիմի խաղը հմտորեն ղեկավարում է «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը: Լավ է գործում «բրազիլահայ» Մարկոսը: Վերջապես մեր հավաքականն ունեցավ գոլ խփող ռմբարկու. դանիական «Ռանդերսում» խաղացող Յուրա Մովսիսյանը մշտապես միտված է մրցակցի դարպասին, իր ակտիվությամբ լարվածության մեջ է պահում պաշտպաններին, հնարավորության դեպքում էլ գրավում է դարպասը: Փոքր-ինչ անվստահ է գործում մեր հավաքականի պաշտպանական գիծը, որի անտեղի սխալների պատճառով հաճախ լարված վիճակներ են ստեղծվում դարպասի մոտ, երբեմն էլ գնդակը հայտնվում է մեր դարպասում:
Անդրադառնանք խաղին: Մեր տղաները շատ ակտիվ սկսեցին խաղը` փորձելով անակնկալի բերել սլովակների պաշտպաններին: Հարձակման սուր ծայրում անընդհատ հայտնվում էր Յուրա Մովսիսյանը, որն էլ, ի վերջո, բացեց հաշիվը: 23-րդ րոպեին, խորքից ստանալով Մարկոսի գերազանց փոխանցումը, նա մեն-մենակ հայտնվեց դարպասապահ Մուխայի դեմ և նրա ոտքերի արանքով գնդակն ուղարկեց դարպասը: Բաց թողած գոլից հետո սլովակները փորձեցին շտկել իրավիճակը, սկսեցին գրոհել, և 37-րդ րոպեին, օգտվելով մեր պաշտպանների անվստահ խաղից, Վլադիմիր Վայս-կրտսերը հավասարեցրեց հաշիվը:
Նախկինում, երբ մեր թիմը մեկ գոլ էր ընդունում սեփական դարպասը, ֆուտբոլիստներն ընկճվում էին, այլևս չէին կարողանում վերականգնել խաղային որակները և, որպես կանոն, զիջում մրցակցին: Զգացվում է, որ այսօր հաղթահարված են նաև հոգեբանական խնդիրները: Ընդմիջումից հետո մեր թիմը կրկին տիրեց նախաձեռնությանը, և 50-րդ րոպեին, Պաչաջյանին փոխարինած Էդգար Մանուչարյանն աջ եզրից ճեղքեց պաշտպանությունն ու ուժգին հարված կատարեց դարպասին: Մուխան դժվարությամբ հետ մղեց գնդակը, որը, դիպչելով պաշտպանի ոտքին, հայտնվեց Գևորգ Ղազարյանի մոտ: Մեր հարձակվողը մոտ մեկ մետրից չվրիպեց: Սլովակների մարզիչ Վլադիմիր Վայսը փորձեց ակտիվացնել իր թիմի խաղը` կատարելով միանգամից երկու փոփոխություն, սակայն դա արդյունք չտվեց: Ավելին, խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ մեր թիմը հասավ նոր հաջողության. տուգանային հրապարակի ձախ թևում Գևորգ Ղազարյանը հանգիստ շրջանցեց սլովակ պաշտպաններին և գնդակը սկուտեղի վրա մատուցեց Հենրիկ Մխիթարյանին: Վերջինս տուգանային հրապարակի գծի վրայից անվրեպ հարվածով խոցեց դարպասը: 3-1. գեղեցիկ հաղթանակ, որը հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ հույսեր է ներշնչում:
Խաղից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշեց. «Իհարկե, արդյունքն ամենակարևորն է, բայց ես ուրախ եմ, որ թիմը լավ խաղ ցուցադրեց: Մեր խաղացողների ինքնանվիրումը բարձր մակարդակի վրա էր: Կարող եմ վստահ ասել, որ մենք թիմ ունենք, թիմ, որը յուրաքանչյուր մրցակցի հետ խաղում կձգտի հաղթանակի: Խաղացողները գերազանցեցին սպասելիքները և արժանի էին հաղթանակի: Մենք ուրախություն պարգևեցինք մեր երկրին, և սա է մեր հաջողության գլխավոր արդյունքը»:
Ահա թե խաղից հետո ինչ է ասել սլովակների գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը. «Շնորհավորում եմ տանտերերին արժանի հաղթանակի, լավ խաղի համար: Նրանք մեզ գերազանցեցին արագությամբ և խաղի որակով: Մեր խաղացողներից յոթ-ութը շատ միջակ խաղ ցուցադրեցին և ոչնչով աչքի չընկան: Այս պարտությունից մենք ողբերգություն չենք սարքում, խմբից դուրս գալու հնարավորությունները դեռ չենք կորցրել»:
Մեր խմբի մյուս խաղերում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց իռլանդացիներին, իսկ Մակեդոնիան, նույնպես դրսում, 2-0 հաշվով առավելության հասավ Անդորրայի ընտրանու նկատմամբ: Այժմ խմբում եռիշխանություն է. 6-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի, Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները: Հայաստանի և Մակեդոնիայի ընտրանիներն ունեն 4-ական միավոր, Անդորրան միավոր չի վաստակել:
Այսօր ժամը 20-ին «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին կմրցի հետնապահ Անդորրայի հետ: Մեր թիմից միայն հաղթանակ ենք ակնկալում: Իհարկե, Անդորրային թերագնահատել չի կարելի, սակայն նման թիմի հետ խաղում, հաղթանակից բացի, այլ ելքը բացարձակ ձախողում կլինի: Ահա թե երեկ կայացած ասուլիսում այդ կապակցությամբ ինչ է ասել Վարդան Մինասյանը. «Միջազգային խաղերում երբեք չի կարելի թերագնահատել մրցակցին: Կոնկրետ Անդորրայի հետ խաղում պետք է ավելի կենտրոնացած խաղալ, քան Սլովակիայի դեմ: Անդորրան կազմակերպված է գործում, և նրանց խաղային իրավիճակից գոլ խփելն ավելի բարդ է: Բոլորը խոսում են սլովակների հանդեպ տարած հաղթանակի մասին: Ես խաղացողներին ասել եմ, որ կնախընտրեի վատ խաղով հաղթանակ: Եթե արագ գոլ խփենք, ապա ճնշումը կթուլանա»:
Հավելենք, որ եթե այսօր մեր ընտրանին գոլ խփի, ապա դա կլինի մեր հավաքականի 100-րդ գոլը 16 տարվա ընթացքում:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 17060

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ