Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վիկինգների փորձը

Վիկինգների փորձը
27.07.2023 | 14:16

Զարմանալի կնիկ էր: Իր գոյության մասին միայն ինքն էր հիշեցնում: Որ օրը որ չէր հիշեցնում՝ մոռանում էի: Երեկ հանդիպեցի սրճարանում ու հիշեցի, որ արդեն երկու տարի է՝ չի հիշեցրել իր գոյության մասին: Նստած գարեջուր էր խմում, ու որքան շատ էր խմում՝ այնքան ավելի էր ծամածռում դեմքը: Ձեռքով մոտ հրավիրեց: Մոտեցա ու տեղ զբաղեցրի դիմացը.

- Ինչո՞ւ ես դեմքդ ծամածռում:

- Բա ի՞նչ անեմ: Երկու տարի է՝ ընտիր գարեջուր էի խմում, հիմա այս տեղական գարեջուրը կարծես գարեջրի տնազ լինի:

- Որտե՞ղ էիր խմում:

- Սկանդինավյան երկրներում:

- Այ քեզ բան: Ի՞նչ էիր կորցրել հյուսիսներում, այն էլ՝ երկու տարի:

- Գնացել էի նրանց կրթական համակարգը ուսումնասիրելու:

- Բայց դու առաջ պիցցա էիր չէ՞ առաքում: Ի՞նչ գործ ունես կրթական համակարգի հետ:

- Էդ պիցցան մոռացի՛ր ու էլ ուրիշ տեղ չասես: Ես հիմա կրթության փորձագետ եմ:

- Լավ, բա ինչո՞ւ էիր ընտրել հենց Սկանդինավյան երկրները:

- Որովհետև նրանց կրթական համակարգը բարբարոս վիկինգներին դարձրեց զարգացած մարդիկ, իսկ մեր համակարգը մեր խաղաղ ու անմեղ ժողովրդին դարձնում է վիկինգ:

- Ո՞նց թե՝ վիկինգ:

- Բա չես տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում: Մեր երեխաները այդ համակարգով մեծանում են, կատաղում ու սկսում են թուրքութաթար կոտորել: Մի՞թե դա սազում է հինգ հազար չորս հարյուր տարվա ազգին:

- Լավ, հլը պատմիր տեսնեմ՝ ի՞նչ ուսումնասիրեցիր:

- Երեք ամիս ուսումնասիրեցի Շվեդիայի կրթական համակարգը:

- Ինչո՞ւ հենց երեք ամիս:

- Որովհետև երրորդ ամսում պարզեցի, որ այնտեղի դպրոցներում չի դասավանդվում «Հայոց եկեղեցու պատմություն»:

- Շատ տարօրինակ է: Բա մի լավ թուքումուր չտվեցի՞ր:

- Ոչ, արձանագրեցի, որ հենց դա է նրանց հաջողության գաղտնիքը:

- Հետո՞ ինչ արեցիր:

- Հետո անցա Նորվեգիա ու հինգ ամիս ուսումնասիրեցի:

- Ինչո՞ւ հինգ ամիս:

- Այդքան պահանջվեց, որպեսզի պարզեմ, որ նրանց դպրոցներում չի դասավանդվում «Հայ գրականություն»: Ու որքան հասկացա՝ երբեք էլ չի դասավանդվել:

- Բայց դու իզուր ես այդքան հեշտ հավատում դրանց: Գուցե խաբե՞լ են:

- Ես այդքան միամիտ չեմ: Ծպտվում էի, արտաքինս փոխում ու շրջում էի դպրոցներով: Ոչ մի դպրոցում հայ գրականության ու հայ գրողի հետք չգտա:

- Բա ինչո՞ւ էիր ծպտվում:

- Որ չճանաչեն:

- Քեզ Նորվեգիայում ճանաչո՞ւմ են:

- Ի՞նչ իմանաս: Բոլոր դեպքերում զգուշությունը լավ բան է:

- Լավ, բա վե՞րջը: Ինչո՞վ ավարտվեցին ուսումնասիրություններդ:

- Դանիայում մի տարուց ավելի ուսումնասիրեցի:

- Ինչո՞ւ այդքան շատ:

- Անկեղծ ասած՝ նրանց գարեջուրը ամենաընտիրն էր: Բայց դե կարևորը գարեջուրը չէր, ես պարզում էի նրանց կրթական համակարգի հաջողության գաղտնիքը:

- Պարզեցի՞ր:

- Անպայմա՛ն: Դու մի ասա՝ Դանիայի կրթական համակարգում իսպառ բացակայում է հայոց լեզուն:

- Արձանագրեցի՞ր:

- Արձանագրեցի, վերլուծեցի ու ուղարկեցի մերոնց: Էդ ինչո՞ւ ընկար մտքերի մեջ:

- Մտածում եմ՝ ինչո՞ւ ես հասել աշխարհի ծայրը ու այդքան չարչարվել: Մի մոտիկ երկիր չկա՞ր՝ ուսումնասիրեիր:

- Ի՞նչ երկիր:

- Դե, ասենք, Աֆղանստանը: Կամ էլ հենց քթներիս տակ՝ Ադրբեջանը: Գուցե դրանք էլ նշածդ ավելորդ առարկաները չեն անցնում:

- Դու ոչինչ չես հասկանում: Մեզ ֆեոդալական երկրները չեն հետաքրքրում: Մեզ համար կարևորը Սկանդինավյան փորձն է:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 5921

Մեկնաբանություններ