Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Անհապաղ գործել է պետք, այլապես կգործի իններորդ ալիքի էֆեկտը

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Անհապաղ գործել է պետք, այլապես կգործի իններորդ ալիքի էֆեկտը
04.02.2015 | 12:46

Հայաստանն այսօր իրոք լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած: Ցավոք, տարին սկսել ենք ցնցումներով` տնտեսական-ֆինանսական պրոբլեմներ, սահմանային լուրջ բախումներ, զոհեր, Գյումրիի սպանդ, Բերձորի սադրանք, անմարդկային լկտի սպանությունների շարք… Մինչդեռ մեզ հիմա, առավել քան երբևէ, համախմբվածություն ու միասնականություն է պետք, երբ դիմացը Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն է, երբ լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանում, երբ ունենք ԼՂ հիմախնդրի կարգավորման հարց, երբ երկրագնդով մեկ աշխարհաքաղաքական լուրջ բախումներ ու վերաձևման գործընթացներ են:
Ցավոք, հաճախ քաղաքացիական ու ժողովրդավարական, քաղաքական նախաձեռնությունների անվան տակ ոմանք միայն անձնական-նյութական շահեր են առաջ տանում` փորձելով այլափոխել հասարակությանը, հաճախ նաև կեղծ արժեքներ ու պատկերացումներ ներարկել, կանգ չառնելով միջոցների ու ձևերի ընտրության, սադրաքների կիրառման գործում: Սակայն ցավն այն է, որ այդ ամենին ահավոր ջանադրաբար նպաստում են նաև որոշ անձեռնհաս ու շահամոլ պաշտոնյաներ, ու գնում է կատաղության, ատելության նոպան ամենքի ու ամեն ինչի նկատմամբ:
Չի կարելի հասարակությանը միայն վրեժի ու պատժի գաղափարներով սնել: Ամեն ինչ ժխտելու, ամեն ինչ քաղաքականացնելու, ամեն ինչում միայն վատը տեսնելու գաղափարներով հեռուն չենք գնա: Երկրում գնալով տարածվում է կատաղության, ատելության համաճարակը, սկսում են հայհոյել ամեն ինչ ու ամենքին անխտիր, քննադատության ու վատաբանելու, հայհոյանքների ու անեծքների շքահանդես է սկսում, հիթ շքերթ ու մրցակցության մոլուցք:
Անընդհատ պետք չէ տխրել, տխրել միևնույն առիթով, անընդհատ դժգոհել ու անիծել: Անընդհատ ծիծաղել միևնույն կատակի վրա դուք չեք կարող, այդ դեպքում ինչո՞ւ եք դուք անընդհատ լալիս միևնույն կամ համանման առիթով: Մարդիկ չեն կարողանում վերանալ այս կամ այն արտաքին հանգամանքներից, զերծ մնալ զգացմունքայնությունից ու խորանալ, կենտրոնանալ բուն էության ու խնդրի վրա, պատկերացնել դրանցից բխող հնարավոր բոլոր հետևանքները: Ցավոք, դրան նպաստում են նաև պետական-իշխանական որոշ կառույցների, պաշտոնյաների անմտածված, ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կամ անգործությունը: Ու գնա՜ց…
Սոցիալական, կենցաղային, աշխարհաքաղաքական, ազգային խնդիրները, պրոբլեմները, մարտահրավերներն այնքան շատ են, կքած պատմական անարդարություների բեռան տակ, որ մեզ հիմա, առավել քան երբևէ, համախմբվել է պետք: Համախմբվել ազգովի` Հայաստան, Սփյուռք, Արցախ, առաքելական, կաթոլիկ, հավատացյալ, անհավատ: Բոլորս` ես, դու, նա: Ու հատկապես պետական կառավարման տարբեր մակարդակներում ներգրավված պաշտոնյաները լուրջ հետևություններ անելու խնդիր ունեն: Սթափվելու, գործելու, խելքի գալու, պետական մոտեցումով առաջնորդվելու ժամանակն է:
Երեկ արդեն ուշ էր, այսօր անհապաղ գործել է պետք, այլապես կգործի իններորդ ալիքի էֆեկտը:

Դիտվել է՝ 2329

Մեկնաբանություններ