ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշխարհի խոշորագույն մասնագետը

Աշխարհի խոշորագույն մասնագետը
14.03.2014 | 12:02

Հաճելի արտաքինով ու ազնվազարմ կեցվածքով այս անձնավորությունն առավել երիտասարդ տեսք ունի, քան վկայում են նրա փաստաթղթերը, թեև ծնվել է 90 տարի առաջ՝ 1923-ին՝ Կիպրոսում:
ՄԻՀՐԱՆ ԱՂԲԱԲՅԱՆԸ ճարտարագիտական սեյսմոլոգիայի (երկրաշարժագիտության) և սեյսմակայուն շինարարության բնագավառում աշխարհի խոշորագույն մասնագետներից մեկն է: ԱՄՆ-ում նա ղեկավարել է Կալիֆոռնիայի սեյսմակայունության գիտահետազոտական ինստիտուտը, այնուհետև վարել է հարավկալիֆոռնիական համալսարանի փոխնախագահի պաշտոնը:
Սպիտակի ազգավեր երկրաշարժը նրան պարտադրեց անհապաղ այցելել Հայաստան և մասնագիտական աջակցություն ցուցաբերել հայրենի մասնագետներին: Աշխարհի խոշորագույն գործընկերների հետ նա համակողմանիորեն վերլուծեց և ներկայացրեց աղետի հետևանքների վերացման առավել ընդունելի միջոցները մեր պայմաններում:
Այդ ամենի մասին մեր և սփյուռքահայ հանրությանը մանրամասն ներկայացվեց միայն 20 տարի անց, ամերիկահայ «Նոր կեանք» շաբաթաթերթի (2008 թ. դեկտեմբերի 7)՝ «Ինչ երկրաշարժ էր 1988 թ. դեկտեմբերի 7-ին» նրա հետ ունեցած հարցազրույցում, որն արտատպվեց բազմաթիվ այլ թերթերում:
Միհրան Աղբաբյանի պարբերական այցերն ավարտվեցին 1991 թ., երբ նրա և մի խումբ նվիրյալ ու արհեստավարժ անձանց (ՀՀ ԿԳՆ միջազգային վարչության պետ, պրոֆ. Ծովակ Ավագյան, Երևանի ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր պրոֆ. Յուրի Սարգսյան և ամերիկահայ երիտասարդ գիտնական Արմեն Տեր-Կյուրեղյան) նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), որը նա ղեկավարեց մինչև 1997-ը, այնուհետև դառնալով նրա պատվավոր նախագահը: Հայրենասիրական ակնառու գործունեության համար նա պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով և հայ եկեղեցու «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանով: 1988 թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, իսկ 1994-ին՝ Երևանի պետհամալսարանի պատվավոր դոկտոր:
Աղբաբյանների գերդաստանում հայրենասիրական գործունեությամբ աչքի են ընկնում նաև մյուս անդամները: Միհրանի կրտսեր եղբայրը՝ Հրանտը, որը բազմակողմանիորեն զարգացած անձնավորություն է, 1965 թ., երբ համայն հայությունը հայրենիքում և սփյուռքահայ բոլոր գաղթօջախներում պատրաստվում էր նշելու Հայոց ցեղասպանության հիսնամյակը, նրա նախագծով կառուցվեց եղեռնին նվիրված հոյակերտ հուշարձան Լոս Անջելեսի հարակից Մոնթեբելլո քաղաքում, որտեղ ամեն տարի Ապրիլի 24-ը ցայսօր պարտադիր կարգով նշում են և՛ գաղթօջախի, և՛ տեղական ու նահանգային իշխանության մարմինները: Այնուհետև՝ համահայկական մեկ այլ իրադարձություն՝ Կոմիտասի 100-ամյակին ընդառաջ Լոս Անջելեսում նա ստեղծեց «Կոմիտաս» քառաձայն երգչախումբը, և տարիներ շարունակ ԱՄՆ-ի, Կանադայի և Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ քաղաքներում բազմիցս հանդես եկավ կոմիտասյան և հայ հոգևոր երաժշտության համերգային ծրագրով:
Եղբայրներից հետ չի մնում նաև նրանց կրտսեր քույրը՝ Լյուսի Աղբաբյան-Հաբբարտը, որն իր երաժիշտ-մանկավարժի պրոֆեսիոնալ հմտություններով օգտակար է եղել Կալիֆոռնիայի և հատկապես Լոս Անջելեսի հայկական կրթօջախներին:
Իսկ տիկին Էլիզաբեթ Աղբաբյանը ոչ միայն թևութիկունք է կանգնել Միհրանին նրա ողջ գործունեության ընթացքում, այլև գործուն մասնակցություն է բերել ամերիկահայ գաղթօջախի և հայ համայնքի մշակութային բազմազան ձեռնարկներին, ինչի համար արժանացել է բազմապիսի պարգևների:
Սիրելի Միհրան Աղբաբյանին մաղթում ենք քաջառողջություն, արևշատություն և ամենայն բարիք՝ իր զավակների, թոռների և ծոռների հետ:

Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 10227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ