ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադամանդի անտարբեր ցոլքը

Ադամանդի  անտարբեր  ցոլքը
31.01.2014 | 11:28

Գուրգեն

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Նորիկի հետ գնացել էինք գերեզմանոց՝ նրա մոր շիրմին խունկ ծխելու:
-Տեսնում ես, այստեղ էլ հավասարություն չկա: Ճոխ, թանկարժեք գրանիտե և մարմարյա գերեզմանների կողքին մեծ մասամբ հասարակ շիրմաքարեր են: Նույնիսկ ամենը հավասարեցնող կոմունիստներին չհաջողվեց գերեզմանոցներում հավասարություն կոչվածը պահպանել,- ասաց ընկերս, օղու բաժակը լցնելով:
-Չէ, այդպես չէ: Կոմունիստների օրոք միայն «ընդհատակյա» հարուստների շիրմաքարերն էին ճոխ, իսկ գերեզմանի համար հատկացված հողաբաժինը՝ անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից, ստանդարտ էր: Իհարկե, լինում էին նաև բացառություններ, որոնք ի վերջո պատժվում էին՝ գերեզմանոցների տնօրեններին կամ հեռացնում էին զբաղեցրած պաշտոնից, կամ դատի տալիս:
-Այս հղփացածները գերեզմանի համար հեկտարով հող են վերցնում և չգիտես ինչու ամբողջապես գրանիտապատում են: Դե, դրանց հերն էլ անիծած, արի խմենք լուսահոգի մորս կենացը,- ասաց Նորիկը, օղու բաժակը պարպելով:
-Սրանք այդ թանկարժեք կոթողները հաստատ իրենց ծնողների պատվին չեն կանգնեցնում, դրանով ցանկանում են մյուսների հանդեպ իրենց առավելությունն ընդգծել:
-Ես իրականում մի բան չեմ հասկանում. հսկայական գումարներ են ծախսում, ՈՒկրաինայից գրանիտ են բերում, Իտալիայից՝ մարմար, բրոնզաձույլ արձան են կանգնեցնում: Էս փողատերերի մտքով անգամ չի անցնում գոնե ճարտարապետ վարձեն, որ աչքի զարնող ծախսերը այս աղքատիկ երկրում անճաշակության կոթողների չվերածվեն: Թանկարժեք գրանիտով «զրահապատ» սրանց գերեզմանները տեսնելուց հետո անկախ ինձնից հիշում եմ Ջոն Քենեդու շիրմի քարե փոքրիկ սալիկը Վաշինգտոնի Առլինգտոնյան գերեզմանոցում: Կներես, շեղվեցի, լուսահոգի Պերճանուշ մայրիկի հիշատակը պայծառ լինի, ձեռքի հացը շատ ենք կերել,- ասացի, օղու բաժակը վերցնելով:
-Գիտես, նման համեստագույն գերեզմանը Քենեդուն նույնիսկ շատ էլ է,- օղի լցնելով, հաստ և արդեն ճերմակած բեղի տակ քմծիծաղ տալով ասաց Նորիկը:
-Ինչո՞ւ:
-Համեմատեցիր ինչ-որ մի Ամերիկա, նրա նախագահին՝ իր համեստ շիրմաքարով, մերոնց հետ: Ասա, խնդրեմ, Քենեդին կարո՞ղ էր երկրորդ դասարանի կրթությամբ հինգ րոպեում միանգամից երկրի մայր բուհն ավարտել, մեկ ամսում թեկնածուական թեզ պաշտպանել, երկու ամսից՝ դոկտորական: Առանձնահատուկ տաղանդի շնորհիվ մեկ տարում դառնալ միլիոնատեր, երկու տարում՝ տարածաշրջանի ամենահարուստ մարդը: Ապա կարճ ժամանակահատվածում երկիրն ազատել «պորտաբույծներից», «չաշխատող և ծույլ թափթփուկներից», որոնք բնակչության կեսից ավելին են: Իհարկե ոչ, սա է պատճառը, որ, ի տարբերություն Քենեդու, սրանց գերեզմանները ամբողջապես գրանիտապատ են, իրենք էլ՝ բրոնզաձույլ, մեջտեղում կանգնած, - ավարտեց ընկերս, դառնությամբ չորսբոլորը նայելով:
-Ավելի լավ է խմենք, քանի չենք խելագարվել, թե չէ մեկ էլ տեսար զենք առանք սարերն ընկանք։
Մինչ կընդունեինք միայն ողորմաթասին հատուկ օղու ջերմությունը, փոքրամարմին մի երիտասարդ մոտեցավ հարևան գերեզմանին և մեզ բարևելով, ողորմի տալով կանգնեց դեռևս թարմ ծաղիկներով ծածկված շիրմաթմբի մոտ:
-Համեցիր, երիտասարդ, ողորմաթաս բարձրացնենք մեր հանգուցյալների հիշատակի համար, - ասաց Նորիկը, տոպրակից հանելով օղու նոր բաժակը: Ապա հետաքրքրվեց, թե ում շիրմին է այցելել երիտասարդը:
-Հորս գերեզմանն է, մայրս տարիներ առաջ է մահացել: Հայրենիքում աշխատանք չգտա, գաղթեցի, հինգ տարուց ավելի կնոջս ու երեխաներիս հետ Ռուսաստանում եմ ապրում: Հայրս հետս չեկավ, չուզեց տան դուռը փակել ու մնաց Հայաստանում: Հիմա բավականին դժվար է ճարտարագետի աշխատավարձով Ռուսաստանում ապրել և ամեն ամիս գումար ուղարկել Երևան. հորս աղքատիկ թոշակը նույնիսկ տան կոմունալ ծախսերը չէր փակում: Մեկ շաբաթ առաջ Երևանի հարևանուհիս հեռախոսով տեղեկացրեց, որ հայրս մահացել է: Ես էլ հիմնարկից պարտքով գումար վերցրի և շտապեցի տուն՝ հորս հուղարկավորելու:
-Եկեք մեկ անգամ էլ խմենք մեր ծնողների ողջ կենացը, - ասաց ընկերս, բաժակները լցնելով:- Երիտասարդ, հասկանում եմ, որբ լինելուց վատ բան չկա, ճիշտ է, նման կորուստներն անդառնալի են բայց չափից ավելի ես մտազբաղ:
-Համաձայն եմ: Բայց այսօր եկել էի հորիցս հաշիվ պահանջելու…
-Ինչպես թե հաշիվ, - զարմացա ես։ - Երիտասարդ, մեկընդմիշտ հիշիր՝ հանգուցյալներից հաշիվ պահանջողը միայն Տեր Աստված է, այդ մենք ենք հաշվետու նրանց հիշատակի առջև և ոչ երբեք հակառակը:
Մի պահ անդուր լռություն տիրեց: Երիտասարդը բաժակը բարձրացրեց և որոշում կայացրած մարդու տոնով, դառնությամբ ասաց.
-Թաղումից հետո, հոգեհացի արարողության ժամանակ հարևանս հորս կենացին ասաց, որ նա՝ կանխազգալով մահը, նախապես նույնիսկ դագաղ էր գնել: Այդ մասին չիմանալով, հորս հուղարկավորել էինք իմ գնած դագաղով: Հոգեհացի արարողությունից անմիջապես հետո իջա նկուղ ու տեսա հարևանի նշած դագաղը: Ի՞նչ պետք է անեի դա, ոչ պահելու բան էր, ոչ վաճառելու, ոչ էլ նվեր տալու: Հանեցի բակ, որոշեցի կացնով ջարդել ու այրել: Առաջին իսկ հարվածից դագաղի գլխամասի փայտի տակից տարօրինակ զրնգոց լսվեց: Մեկ անգամ էլ հարվածեցի՝ զրնգոցը կրկնվեց: Կեռիկով տախտակը բարձրացրի և… ապշահար եղա. այն լի էր ոսկե դրամներով և ադամանդյա քարերով: Տախտակը մեխազերծ անելուց հետո ադամանդե քարերը շաղ եկան դագաղով մեկ: Ժամանակին ես մեր տանը խոսակցություններ էի լսել, թե պապերս մեծահարուստներ են եղել: Մեր սեփական տունը, այգին պապիցս մնացած ժառանգություն էին: Նրա կենդանության օրոք, ինչպես մայրս էր պատմում, մենք արժանապատիվ կյանքով ենք ապրել: Այնինչ պապիցս հետո մշտապես մի կերպ գոյատևել էինք՝ հազիվ ծայրը ծայրին հասցնելով: Ադամանդի ծանր ու գրավիչ ցոլքը հորս պարզապես զրկել էր բանականությունից, նրա մեջ սպանելով մարդուն,- խոսքը դառնորեն ավարտեց երիտասարդը, ափով սրբեց աչքերի արտասուքը և օղին պարպեց:
Արդեն մթնում էր, ես ու Նորիկը դուրս եկանք գերեզմանոցից:
Առհասարակ գերեզմանոց այցելելուց հետո մարդ հոգեպես խաղաղված, հանդարտված է լինում: Այս անգամ տարօրինակ զգացում ունեի: Խոսելու, ասելու քիչ բան կար, անհասկանալի ամոթի զգացում էի ապրում:
Ինչ գաղտնիքներ ասես, որ իրենց հետ գերեզման չեն իջեցրել հանգուցյալները, վերևում թողնելով կամ անեծք, կամ էլ բարի համբավ։

Դիտվել է՝ 166719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

դարձ կապ