Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ.Վեր բարձրանալ «Մոնթե Մելքոնյան» գիտակցությունից

Լևոն ԴՌՆՈՅԱՆ.Վեր բարձրանալ «Մոնթե Մելքոնյան» գիտակցությունից
25.11.2013 | 12:27

Մոնթեի ծննդյան 56-ամյակն է: Նոյեմբերի 25-ին: Նշվելու է շքեղորեն: Գալա-համերգով: Մոնթեն – հայկականության խտացած բյուրեղը: Անկրկնելի քարերից մեկը – մեր ինքնության:

«…Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը», - այսպես է ասել Մոնթեն: Սա իր հավատամքն է եղել: Սրանով է կռվել ու հաղթել: Գուցե անթերի է այս հավատամքը - այն ժամի համար, երբ ասվել է: Բայց մեր սրտում ծանրություն կա: Եթե մենք Արցախը ՉԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ, ապա ինչու՞ ենք մոտենում մեր պատմության եթե ոչ ՎԵՐՋԻՆ ԷՋԻՆ, ապա համապարփակ ճգնաժամի… Այստեղ մի սխալ կա…

ԱՅՍ պետությունը Մոնթեի ծննդյան ոչ կլոր տարեթիվը նշում է այսպես շքեղորեն – Ի՜ՆՔՆ Է ռեժիսորը… Թաց տեղը պառկողը չէ: Ուրախանա՞նք Մոնթեի տարեդարձով: Ընդունե՞նք վերնախավի այդ նվերը: Բայց մեր սրտին դրած քարը ծանր է: Մոնթեի տարեդարձը չի վերցնում քարը…

Հաղթանակից 20 տարի անց… Մեր գլխավոր ղարաբաղցին պաղատագիր է գրում մի այլ երկրի ղեկավարի՝ իր կազմի մեջ վերցնել Ղարաբաղը: ԼՂՀ արտգործնախարարը, իբր վատ անգլերենի պատճառով, դավաճան միտք է սողացնում: Չ’ինտելեկտուալ-չ’պոետը անարյուն շուրթերով մրմնջում է. «Աղոթենք, որ ռուսները մեզ ընդունեն, աղոթենք ու չգրգռենք: Եթե պետք է ռուսական դպրոցներ էլ կբացենք՝ հանուն ազգը փրկելու»: Իսկ ի՞նչ կասի հասարակ ղարաբաղցին – օրինակ, եթե խնդիր ծագի՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի կազմում լինել: Հայրենասերներ, ձեզ չխաբե՜ք – միայն հանրաքվեն ձեզ կտա ճիշտ պատասխանը:

ՀԱՂԹԱՆԱԿԻՑ հետո 10 Ղարաբաղի ազգաբնակչություն թողել է Հայաստանը: 10 Արցախ ենք կորցրել: Ելքը Հայաստանից շարունակվում է: Ի՞նչն է սխալ եղել: Ինչու՞ է Հաղթանակը պարտություն դառնում: «Ղարաբաղի հարցը» - քանի՛ տեսակի պնակալեզների ու դավաճանների հանդիպման վայրը – այս հարցը օգնում է նրանց՝ արդարացնելու իրենց տևական գոյությունը:

ՀԱՅ ՈԳԻՆ, այս ծանր ժամին, մի քանի հրահանգ է հնչեցնում: Առաջինը՝ ուղղված անձնվեր Մոնթեին. վերաձևակերպիր հավատամքդ. «…Եթե կորցնենք Հայաստանը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Երկրորդ հրահանգը հնչում է Մոնթեի, ԱՍԱԼԱ-ի, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և … Եռաբլուրի համար. «Հողային հայրենիքը նոր նվաճած կտորը անհնար է պահել, եթե Երկրի ՈԳԻՆ, ՍԻՐՏԸ, ՄՇԱԿՈՒՅԹԸ հանձնել եք, մսխել եք, փչացրել եք… Վերանվաճել Հայաստանը – սերունդների համար»: Երրորդ հրահանգը՝ նոր եկող ու նոր ծնվող Մոնթեներին. ձեր հավատամքը թող լինի «Եթե չկորցնենք ՀԱՅ ԼԵԶՈՒՆ և ՄՇԱԿՈՒՅԹԸ, թիզ առ թիզ ետ կվերցնենք մեր Հայրենիքը»:

Մեր պարտքն է՝ ՄՈՆԹԵԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ վեր բարձրանալ: Ձեռքի հետ՝ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻՑ էլ վեր բարձրանալ:

Սա կլինի մեր նվերը Մոնթեի հիշատակին:

Դիտվել է՝ 2799

Մեկնաբանություններ