Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ալեքսանդր ՔԱՆԱՆԵԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի բովանդակազուրկ ճոռոմաբանությունը

Ալեքսանդր ՔԱՆԱՆԵԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի բովանդակազուրկ ճոռոմաբանությունը
10.04.2013 | 17:09

Թեպետ և արժե որոշ երևույթների մասին ավելի հանգամանորեն խոսել, առայժմ արձանագրենք հետևյալը.

ա. Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ապիկարության, ազգային անպատասխանատվության և ստվերային կամ անմեղսունակ որոշումներ ընդունելու գործելաոճով ապաշնորհաբար ոտնահարել է ՀՀ քաղաքացիների մեծամասնության` նրան անկեղծաբար ընծայած վստահության քվեն՝ թույլատրելով ՀՀ-ում քրեաօլիգարխիկ վարչակարգի վերարտադրությունը և նպաստելով երկրի ապագայի հանդեպ հանրության ստվար զանգվածի հավատի հերթական սասանմանը և, որպես հետևանք, արտագաղթի չափերի նոր ընդլայնմանը: Միաժամանակ, հետընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի խեղկատակորեն բովանդակազուրկ ճոռոմաբանությունն առնվազն հարուցում է վերջինիս քաղաքական և մարդկային ադեկվատության վերաբերյալ հիմնավոր տարակուսանք:
բ. Անձնկան թուլակամության կամ այլ ոչ թափանցիկ հանգամանքների բերմամբ ինքնակամ չստանձնելով իրեն համաժողովրդական ընտրության իրավունքով պատկանած նախագահական իշխանությունը և գործնականում ընդունելով նախորդ ապապետական վարչակարգի վերարտադրությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի ինքնաբացարկի ուժով հետայսու դադարում է լինել ՀՀ օրինավորապես ընտրված նախագահ: Միաժամանակ, Հայաստանում փաստացի իշխանություն պահպանած վարչախումբը քաղաքական և սահմանադրական իրավունքի ողջ տարողությամբ վաղուց ի վեր դադարել էր Հայաստանի ազգային անվտանգության երաշխավորն ու Հայոց պետության շահերի արտահայտիչը լինելուց: Ուստի, ՀՀ-ում իրավազոր ազգային-պետական իշխանության բացակայության պայմաններում հայ ժողովրդի և ՀՀ անունից ստորագրված կամ ստորագրվելիք որևէ փաստաթուղթ ի սկզբանե անվավեր է և Հայաստանի համար չի առաջացնում որևէ իրավաբանական հետևանք:
գ. Վերջին շրջանի քաղաքական իրադարձությունները ևս մեկ անգամ աներկբա պարզությամբ վկայում են քաղաքական առկա դաշտի աղբակույտ մնացորդների հետ ծագումնաբանական որևէ կապ չունեցող, հայեցակարգային և կազմակերպչական բոլորովին այլ սկզբունքների վրա ձևավորվելիք ազգային նոր բևեռի կայացման անայլընտրանք հրամայականի մասին: Մինչ օրս տարատեսակ ընդդիմությունների ձախողման բուն պատճառը ոչ թե 1991 թ. հաստատված և 1996 թվականից ի վեր արմատացած ապապետական վարչակարգի թվացյալ հզորությունն էր, այլ ընդդիմության (առաջնորդների)՝ պայքարի նպատակների և ռազմավարության շուրջ ունեցած խեղված պատկերացումները: Միանգամայն համոզված եմ, որ հայաստանակենտրոն պետականակերտման հայեցակարգի բացարձակ գաղափարական գերակայության և ներքին անվերապահ ժողովրդավարության հիման վրա ձևավորվող ազգային բևեռը մոտակա տարիներին կգոյացնի ըստ ամենայնի իրական ընդդիմություն, որը, տապալելով ապապետական ներկա վարչակարգի քրեապետերին, հայ հանրության լայն աջակցությամբ սահմանադրական հանրաքվեի միջոցով կհաստատի կատարելապես նոր սկզբունքների վրա հիմնված սահմանադրական իրավակարգ և խորհրդարանական հանրապետություն:

Դիտվել է՝ 3895

Մեկնաբանություններ