ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փող վաստակելը մի բան է, գեղեցիկ ապրել սովորելը՝ միանգամայն այլ

Փող վաստակելը մի բան է, գեղեցիկ  ապրել սովորելը՝ միանգամայն այլ
03.04.2015 | 00:35

Որքան էլ հիացած եմ Չինաստանով, պետք է, սակայն, նկատեմ, որ չինացիների վարքագծի որոշ առանձնահատկությունները ոչ միայն դուրս են համընդունելի նորմերից ու զարմանք են առաջացնում, այլև հաճախ չեն կարող չնյարդայնացնել։ Անգամ մեծ քաղաքներում բնակիչները թե՛ փողոցներն են աղտոտում, թե՛ իրար հետ հեռվից բղավելով խոսում, նաև տրանսպորտում, թե՛ իրենց ֆիզիոլոգիական պետքերն են հոգում երբեմն հենց օրը ցերեկով փողոցում, և դա այն դեպքում, երբ մաքուր ու անվճար հասարակական զուգարաններ կան ամեն քայլափոխի։ Բա որ տեսնեք շալվարների հետևի մասը կտրված փոքրիկ տղաներին, ընդ որում, անգամ ցուրտ ձմռանը. այսպես ծնողների թե՛ հոգսն է քչանում, թե՛ էժան է նստում։ Իհարկե, նման երևույթներն աստիճանաբար պակասում են, և կարելի է համարձակորեն պնդել, որ կարգազանցները նոր-նոր են գյուղից քաղաք տեղափոխվել։ Մինչդեռ Հոնկոնգի, Թայվանի, Սինգապուրի չինացիները ոչ միայն ուրիշ են, այլև կոկիկության տիպար։ Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ նույն ժողովուրդն է։ Հետևություն դժվար չէ անել. եվրոպական ազդեցություն և խիստ օրենքներ։ Իհարկե, մայրցամաքային չինացիների, նրբորեն ասած, վարքագծի այս առանձնահատկությունները Կուլտուրական հեղափոխության ժամանակներից են նաև գալիս, երբ նրբակիրթ լինելու ցանկացած ձգտում համարվում էր բուրժուական վերապրուկ և խստորեն պատժվում էր, իսկ հասարակական պահվածքի նորմեր կրողները կա՛մ ոչնչացվում էին, կա՛մ աքսորվում։ Այնպես որ, դա զգալիորեն հասկանալի ու բնական է, բայց քիչ մխիթարական է։ Իհարկե, չինացիների, հատկապես զբոսաշրջիկների պահվածքն արտասահմանում ավելի ու ավելի է քննադատական վերաբերմունքի արժանանում նաև չինական ղեկավարության կողմից։ Այսպես, ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը քաղաքացիներին կոչ է արել «մի քիչ ավելի քաղաքակիրթ լինել արտասահմանյան ուղևորությունների ժամանակ», իսկ փոխվարչապետ Վան Յանը իշխանություններին հորդորել է «զբոսաշրջիկներին խորհուրդ տալ գիտակցաբար հետևելու վարքագծի ու բարեկրթության կանոններին, հարգելու հավատն ու ավանդույթները, հետևելու սեփական խոսքին ու վարքագծին պաշտպանելու շրջակա միջավայրը»։ Ասենք, տեղի բնակչությունն էլ, որքան Չինաստանը, բացվում է աշխարհի առջև, ավելի ու ավելի է մտահոգվում այն բանով, թե ինչպես են իրենց ընդունում այլ երկրներում, և թե իրենց պահվածքին ինչպես են նայում հյուրերը։ Հետաքրքրական է «Weibo» սոցցանցի՝ «Twitter»-ի չինական տարբերակի արձագանքը նոր հովերին։ «Ժամանակն է, որ մենք ինքներս խորամուխ լինենք,- գրում է օգտատերերից մեկը,- այդ ինչի՞ց է, որ որքան հարստանում ենք, այնքան վատանում է մեր վարքագիծը»։ Առայժմ, ճիշտ է, փորձեր արվում են «դաստիարակելու» զբոսաշրջիկներին. ՉԺՀ-ի զբոսաշրջության ազգային վարչությունը լույս է ընծայել խիստ ցուցումներ, թե զբոսաշրջիկներն ինչպես պիտի իրենց պահեն ուղևորությունների ժամանակ, և որոշել է տուգանել տուրօպերատորներին ու «սև ցուցակների» մեջ մտցնել «անդաստիարակ» զբոսաշրջիկներին։ Եվ, որ ամենահետաքրքրականն է, արդյունքները չուշացան. ինքնաթիռներում, օրինակ, աղմուկը պակասել է, հիմա չինացիները չեն վիճում ուղեկցորդուհիների հետ և այլն։
Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա դրանք, կարծես, մեծ մասամբ մի տեսակ ինքնահոսի են մատնված։ Իհարկե, չինացիներն իրենք են ձգտում «ազնվանալ», նրանք ոչ միայն արագ են սովորում, այլև շատ ուշադիր են, քննախույզ ու նաև ծայրաստիճան ինքնասեր։ Խիստ հատկանշական է նրանց ցանկությունն արագորեն շտկելու թերությունը, հատկապես, եթե դա մատնանշում են օտարերկրացիները։ Հիշում եմ, թե ինչպես աղջիկս լեփ-լեցուն մետրոյում նկատեց, որ մի քանի դեռահասներ նստած են, իսկ նրանց առջև կանգնած է ծերունի։ Նա վրդովված, չինարեն դիտողություն արեց պատանիներին։ Միայն տեսնել էր պետք, թե ինչպես դրան արձագանքեցին տղաները՝ վեր թռան տեղներից, սկսեցին ներողություն խնդրել և նստեցնել ծերունուն, ընդ որում՝ ամենահետաքրքիրը. նրանց օրինակին արագորեն հետևեցին վագոնում նստած մյուս երիտասարդները։ Համաձայնեք, նման բան հազիվ թե հաճախակի տեսնես ընտրյալության հավակնող երկրներում անգամ։ Եվ կարծում եմ, որ այդ տղաները, ոչ բոլորը, իհարկե, այդ դասը լավ կյուրացնեն։
Հասկանալի է, որ նախ, ամենաունևոր մարդիկ են ցանկացել սովորել վարքագծի եվրոպական նորմերը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակի։ Չինաստանը շատ քիչ է զիջում ԱՄՆ-ին մասնավոր խոշոր կապիտալի տերերի թվով։ Այստեղ ապրում են մոտ 190 միլիարդատեր և ավելի քան երկու միլիոն միլիոնատեր՝ ըստ «Forbes» գործարար հանդեսի և «Boston Consulting Group» խորհրդատվական ընկերության։ Ընդ որում, շատ կարևոր է նշել, որ չին միլիոնատերերի ճնշող մեծամասնությունն այն մարդիկ են, ովքեր իրենց հարստությունը սեփական ձեռքերով են ստեղծել և ոչ թե ժառանգություն ստացել։ Վերջին տասնամյակում հարստացած հենց այս մարդիկ էլ ամենից հաճախ են Արևմուտքի երկրներ մեկնում, որ նրանք ոչ միայն բանակցություններ են վարում, այլև արժեքավոր իրեր, թանկարժեք անշարժ գույք և նույնիսկ ամբողջ կղզիներ են ձեռք բերում։ Եվ հենց նրանք էլ ամենից հաճախ հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ «իսկական արիստոկրատների» վարվելակերպի պակաս են զգում։ Նրանք լավ գիտեն՝ ինչպես փող սարքել, սովորաբար հիանալի գլուխ են հանում՝ ինչպես աշխատել տնտեսական նոր պայմաններում, բայց այնքան էլ լավ իրազեկված չեն, թե ինչպես պահեն իրենց, օրինակ, պաշտոնական ընդունելության ժամանակ։ Իհարկե, բայց երկրի հաստատման և աշխարհում նրա դերի բարձրացման պայմաններում միջին մակարդակի շատ պաշտոնյաներ և պաշտոնական անձինք հաճախ և հաճույքով մեկնում են արտասահման, բաց նրանք էլ, գործարարների նման, ավելի ու ավելի են գիտակցում վարվելաձևի գիտելիքներ ստանալու անհրաժեշտությունը։ Այս կարգի անձանց հետևից սկսել են «աճապարել» նաև պաշտոնական անձինք, տարբեր պաշտոնյաների, պարզապես հարուստ մարդկանց կանայք, որոնք իրենց ամուսիններին ուղեկցում են արտասահմանյան այցերի ժամանակ։ Կանայք, իհարկե, անմասն են համագործակցության հարցերի քննարկումներին, բայց փոխարենն ակտիվորեն մասնակցում են «մշակութային դիվանագիտությանը»։ Հենց Չինաստանում էլ ՉԺՀ պետական գործիչների կանայք օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների հետ հաճախ են շփվում տարբեր կարգի պաշտոնական միջոցառումների ժամանակ և, համապատասխանաբար, պետք է լավ իրազեկ լինեն վարվելաձևի հարցերին։ Ընդ որում, եթե տիկնայք ձգտում են սովորել, թե ինչպես պետք է վարել տոնական ընթրիքը, թե որ կերակրատեսակի հետ ինչ գինի պետք է մատուցել, թե ինչպես շփում հաստատել հյուրերի միջև, ապա չամուսնացած աղջիկների համար առանձնապես կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է հագնվել այս կամ այն աշխարհիկ միջոցառման ժամանակ։ Բացի այդ, վերջին ժամանակներս Չինաստանում մեծ պահանջարկ են վայելում մանկական ծրագրերը, որտեղ շեշտը դրվում է սոցիալական շփման, հաղորդակցության, հարցազրույցների ու երկխոսությունների մասնակցության հմտությունների զարգացման վրա։ Իսկ այն երիտասարդների, դեռահասների և անգամ երեխաների համար, որոնք ծրագրում են ուսման մեկնել Եվրոպա կամ ԱՄՆ (ընդ որում, ոչ միայն հարուստ ընտանիքների, այլև բավական հաճախ շարքային ընտանիքների երեխաները, որոնք արևմտյան բուհերում և դպրոցներում սովորելու են մեկնում պետական ծրագրերով), վարվելակարգի նորմերին ծանոթ լինելը պակաս կարևոր չէ, քան մաթեմատիկայի իմացությունը։
Մի խոսքով, չինացի միլիոնատերերն սկսել են կամաց-կամաց հասկանալ, որ փող վաստակելը մի բան է, իսկ ահա գեղեցիկ ապրել սովորելը՝ միանգամայն այլ, և դա ջանք է պահանջում, որոշակի ուժերի ներդրում, մի շարք հմտություններ։ Այսպիսով, Չինաստանի քաղաքացիներին վարվելակարգի կանոնների ուսուցման պահանջարկը շատ օրախնդիր հարց է։ Եվ եթե կա պահանջարկ, ապա վաղ թե ուշ առաջարկն էլ է ի հայտ գալիս, և Չինաստանում վերջին տարիներին նկատելի երևույթ է դարձել արևմտաեվրոպական լավ վարվելակարգի ուսուցման տարբեր դպրոցների բացումը։
Ժամանակի նոր պահանջներին և ձեռնարկատիրության նոր ուղղությանը առաջիններից մեկն արձագանքեց միջազգային վարվելակարգի և արարողակարգի բնագավառի դիպլոմակիր մասնագետ Սառա-Ջեյն Հոն, ով, վերադառնալով պատմական հայրենիք՝ Չինաստան, որոշեց զբաղվել լուսավորչական աշխատանքով և իր հարուստ հայրենակիցներին սովորեցնել լավ նիստուկացի և վարվելակարգի կանոնները։ Եռանդուն աղջիկը Պեկինում բացեց երկրում առաջին «Սառայի ինստիտուտը»՝ եվրոպական հաստատությունների արդի վարկած, ուր ընդունվում են չինացի նորահարուստները։ Դպրոցը գտնվում է Պեկինի մոդայիկ Սանլիտունի շրջանում։ Այնտեղ այլևայլ գիտելիքներից բացի, սովորեցնում են երեխա դաստիարակել, սեղանի շուրջ ճիշտ պահելու կանոնները և բարձրակարգ բրենդների անունների ճիշտ արտասանությունը։ ՈՒսման վարձն սկսվում է 20 հազար յուանից (մոտ 3260 դոլար)՝ սեղանի շուրջ վարքագծի կանոնների ուսուցման երկօրյա դասընթացի համար, մինչև 100 հազար յուան (մոտ 16,3 հազար դոլար)՝ բարձրաշխարհիկ ընդունելությունների վարման 12-օրյա դասընթացների համար։ Իհարկե, սա էժան հաճույքներից չէ, բայց պետք է նկատել, որ Չինաստանում վարվելաձևի դասեր առնելը ժամանակի կորուստ և քամուն տված փող չի համարվում։ Չինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ շուտով նման ինստիտուտներ կբացվեն նաև Շանհայում և մյուս խոշոր քաղաքներում։
Սառա-Ջեյնի դպրոցը ոչ միայն լայնորեն ճանաչված է Չինաստանում, այլև վայելում է արդեն արտասահմանյան մամուլի մեծ համակրանքը։ Եվ բնական է, որ Արևմուտքում թե՛ նախաձեռնությունն աննկատ չի մնացել, թե՛, ի դեպ, չինական պահանջարկը։ Այսպես, «Lett Group» ընկերության տնօրեն Սինիթիա Լեթն առաջարկում է գործարար վարվելաձևի և միջմշակութային հաղորդակցության պարապմունքներ այն պաշտոնատար անձանց համար, ովքեր արտասահման են մեկնում, ինչպես նաև օտարերկրյա այն պատվիրակությունների համար, որոնք մտադիր են այցելել Վաշինգտոն։ Չինական իշխանությունների և կորպորացիաների ղեկավարների կողմից այդ ծառայությունների հանդեպ ցուցաբերվող պահանջարկի շնորհիվ «Lett Group» ընկերության գործերն անշեղորեն լավանում են։ Նման «կիրթ նիստուկացի դպրոցների» ծառայություններից կանոնավորապես օգտվում են նաև Արդյունաբերության և առևտրի համաչինական ֆեդերացիան, ՉԺՀ առևտրի նախարարությունը, այլ կառույցներ։ ՉԺՀ-ում համոզված են, որ երկիրը կարող է դառնալ ոչ միայն էժան աշխատուժի, այլև ներդրողների ու բարձրակարգ ձեռներեցների մատակարար։ Չինական ապրանքանիշերն էլ կարիք ունեն դուրս գալու արտասահմանյան շուկաներ, և, իհարկե, այդ ճանապարհին առաջին քայլը դառնում է միջազգային շփումների հաստատումը։ ՈՒրեմն, լավ նիստուկացի պահանջարկ Չինաստանում կա։
Ի դեպ, նկատեմ՝ երբ ես ութ տարի առաջ առաջին անգամ Չինաստան եկա, այն ժամանակ տնտեսական սրընթաց աճից հետո նոր-նոր էր կյանքի բարելավում նկատվում։ Երկրի բնակչությունը նախ սկսել էր լավ սնվել, հետո տներ, մեքենաներ գնել, ճանապարհորդել, նորաձև և լավ հագնվել։
Իսկ հիմա հերթը լավ նիստուկացինն է։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 18118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ