Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մոսկվան արցունքներին չի հավատում

Մոսկվան արցունքներին չի հավատում
11.07.2008 | 00:00

ԱՆԿԱՅՈՒՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ
«Ռուսամոլությունն այն աստիճան էր կուրացրել մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն այնքան էր կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք կարծես զրկվել էինք ընդունակությունից՝ զատելու հայ ազգի և Հայաստանի շահերը ռուս ժողովրդի և Ռուսաստանի շահերից։ Եվ կարելի է առանց չափազանցության ասել, թե այն հախուռն կողմնորոշումը, որն ընդգրկել էր մեզ ազգովին, արդյունք էր ոչ թե ռեալ քաղաքական մտածողության կամ հաշվարկների, այլ մի անհաղթելի հասարակական փսիխոզ էր, մասսայական խենթություն։ Մենք եղել ենք ավելի ռուսասեր, քան ռուսները, կռվել ենք Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ և անվերապահությամբ, քան ինքը՝ ռուս ժողովուրդը։ Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել ենք անչափելի վնասներ։ Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ միաժամանակ կատարում ենք հայկական գործ»։
Ռուբեն Դարբինյան, հայտնի դաշնակցական գործիչ,
1918-20 թթ. Հայաստանի կառավարության անդամ

ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ռուսաստանի նոր նախագահի այցը Բաքու և ստորագրված ռազմավարական գործընկերության մասին ռուս-ադրբեջանական հռչակագիրը իրարամերժ արձագանքների արժանացան հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում։ Ինչպես միշտ, գտնվեցին սեփական գոյությունը հայ հանրության կյանքում խիստ էքսցենտրիկ միջոցներով կարևորել սիրող «քաղաքագետներ», ովքեր գավառական մտքի շողարձակմամբ հերթական անգամ փորձեցին փափուկ բարձ դնել հասարակության գլխի տակ։ Թե իբր սարսափելի ոչինչ չի պատահել, ստորագրված փաստաթուղթը ոչնչով ուղղված չէ մեր դեմ, դա զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խնդիր է, իսկ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը մնում է անսասան հիմքերի վրա։
Սակայն ոչ միայն Ռուսաստանի ղեկավարի այս քայլը, այլև տարածաշրջանում տեղի ունեցող մի շարք այլ հարակից զարգացումներ ցույց են տալիս, որ Մոսկվայի արտաքին քաղաքականության մեջ տեղի են ունենում բավական սրընթաց փոփոխություններ։ Եվ շատերս, այդ թվում՝ տողերիս հեղինակը, մի փոքր սխալվել ենք մեր կանխատեսումներում, թե Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքական կուրսի միանշանակ ժառանգորդն է, և այդ կուրսը շարունակելու է իրականացվել արդեն վարչապետ Պուտինի վերահսկողությամբ։ Ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, և մեր աչքերի առջև իր հարևանների ու ավանդական դաշնակիցների հետ հարաբերություններում կարծես ի հայտ է գալիս մի նոր Ռուսաստան։
Բաքվում անցկացված բանակցություններն առաջին հայացքից միգուցե իսկապես մտահոգիչ չեն թվում։ Ի վերջո, Ռուսաստանը և Ադրբեջանն անմիջական հարևան պետություններ են և պետք է ունենան փոխհարաբերություններ, որոնք կարող են հատուկ առնչություն չունենալ հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Այդպես կարելի էր ընկալել, եթե չլիներ ռուս-ադրբեջանական հիշյալ հռչակագրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող դրույթը, որն այնքան ոգևորված գովազդում էր Իլհամ Ալիևը։ Մինչդեռ ԽՍՀՄ փլուզմանը հետևած 17 տարիների ընթացքում ո՛չ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը, ո՛չ էլ նրա հաջորդ Վլադիմիր Պուտինը նման գրավոր փաստաթուղթ Բաքվի հետ չեն ստորագրել։ Ճիշտ է, այն ժամանակ էլ Ռուսաստանի ղեկավարները կամ արտգործնախարարները բանավոր հայտարարություններ արել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ, բայց միայն բանավոր։ Թերևս, այն ժամանակ Մոսկվայում կար ընկալում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող պետությունը պարտավոր է հավասարակշռություն պահպանել հակամարտության կողմերի միջև և, երկկողմ հարաբերությունների շահերից ելնելով, չխախտել այդ հավասարակշռությունը։ Միաժամանակ այն տարիներին Ռուսաստանի համար ողջ սրությամբ կանգնած էր չեչենական խնդիրը, որն առաջացել էր ոչ առանց Բաքվի հետևողական միջամտության։ Սակայն, այնուհանդերձ, ո՛չ Ելցինի, ո՛չ Պուտինի կառավարման տարիներին կշեռքի նժարն այսքան ակնհայտ չէր թեքվել Ադրբեջանի կողմը։ Այլ կերպ ասած` Մոսկվայում բավականաչափ արժևորվում էին հայ-ռուսական երկկողմ պայմանագիրը և Հայաստանի հետևողական մասնակցությունը ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեջ։
Հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի նոր նախագահի վերջին քայլը ոչ մի կերպ չի տեղավորվում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների վերջին մեկուկես տասնամյակի տրամաբանության մեջ։ Ռուսաստանի նախագահն իր ստորագրությունն է դրել մի փաստաթղթի տակ, ուր, Իլհամ Ալիևի մեկնաբանությամբ, սևով սպիտակի վրա գրված է, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանը համամիտ է նաև այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ըստ որում, Ալիևի կողքին նստած Ռուսաստանի նախագահի կողմից այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություն չհնչեց։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դաշնակից Հայաստանի նկատմամբ, մեղմ ասած ոչ այնքան պարկեշտ քայլի դիմած Մոսկվան, մեծ հաշվով ոչինչ չստացավ։ Ադրբեջանական կողմը չստորագրեց «Շահդենիզ» հանքավայրի գազի պաշարները ռուսական «Գազպրոմին» փաթեթով վաճառելու պայմանագիրը, ինչն ակնկալում էր ռուսական կողմը։ Ալիևը բավարարվեց հայտարարելով, թե իրենք պատրաստ են քննարկել այս համատեքստում ռուսական կառուցողական առաջարկները և համատեղ լուծումներ գտնել։ Այսինքն, Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահի ստորագրությամբ փաստաթուղթ ստացավ, որը հետագայում անկասկած օգտագործելու է իբրև ճնշման միջոց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում և դրա դիմաց Կրեմլի նոր տիրոջը տվեց ընդամենը դատարկ խոստում։ Որովհետև «Շահդենիզ» գազի հանքավայրը շահագործող արևմտյան ընկերությունները Մեդվեդև-Ալիև բանակցություններից անմիջապես հետո հայտարարեցին, որ այդ հանքավայրի պաշարները Ռոսաստանին վաճառելու ոչ մի մտադրություն չունեն, և ադրբեջանական գազն արտահանվելու է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով դեպի Եվրոպա։ Այսպիսով, Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ծրագրերը խափանելու կամ դրանք ռուսական վերահսկողության տակ վերցնելու Ռուսաստանի նոր նախագահի քաղաքականությունն Ադրբեջանի մասով առնվազն ոչ մի արդյունք չտվեց, Թուրքմենստանի և Ղազախստանի մասով էլ այդ արդյունքները խիստ կասկածելի են։ Դրա փոխարեն Ռուսաստանը բավականին ցավոտ հարված հասցրեց դաշնակից Հայաստանին։
Ըստ որում, սա Կրեմլում նոր տիրոջ հայտնվելուց հետո դաշնակիցներին հարվածի տակ դնելու առաջին դրսևորումը չէ։ Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարը ստիպված էր հերքել հենց ռուսական լրատվամիջոցներով տարածված լուրերը, թե Վրաստանը և Ռուսաստանը բոլորովին վերջերս փոխարտգործնախարարների մակարդակով գաղտնի բանակցություններ են վարել Աբխազիան միմյանց միջև բաժանելու վերաբերյալ։ Այս հանգամանքն ուղղակի ցայտնոտ էր առաջացրել աբխազական ղեկավարության շրջանում, որը, սակայն, ճարահատյալ դառը դեղահաբը կուլ տալով, ինքն էլ միացավ կայացած իրողությունը հերքելու գործընթացին։ Սակայն Հայաստանն Աբխազիա չէ, ինչն, անշուշտ, գիտակցում են նաև Մոսկվայում, ուստի բոլորովին պատահական չէր ոչ անհայտ ռուսական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի վերջին ելույթը, թե Ադրբեջանը երբեք չի կարող փոխարինել Հայաստանին Ռուսաստանի կովկասյան քաղաքականության մեջ։ Համաձայնենք, սակայն, որ սա կատարվածը հերքելու խիստ անհաջող փորձ է, եթե Կրեմլում հայտնված նոր ռազմավարները հույսը դրել են նման միամիտ հնարքների վրա։

ԿԱՐՃ ՀՂՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Հայկական շահերն ինչ-որ լոկալ կամ ոչ իրատեսական ակնկալիքների դիմաց թուրքերին վաճառելու ռուսական քաղաքականությունը, որպես կանոն, երբեք երկարատև և շարունակական չի եղել։ Բայց կարճ ժամանակահատվածում էլ այդ քաղաքականությունը տնօրինող այրերը կարողանում են անուղղելի վնասներ հասցնել հայ ժողովրդին և հայությանն առհասարակ։ Այս իմաստով ամենաբնորոշը 1920-21 թթ. Մոսկվայի քաղաքականությունն էր, երբ համաշխարհային հեղափոխությունն իսլամական Արևելք արտահանելու մոլուցքով բռնված ռուս և ոչ այնքան ռուս բոլշևիկները Հայաստանի Առաջին Հանրապետության տարածքի կեսը նվիրեցին հրատապ բոլշևիկացած Ադրբեջանին և քեմալական Թուրքիային։ Այն ժամանակ էլ ադրբեջանական նավթով, Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները վերահսկելու անիրական հեռանկարով գայթակղված Ռուսաստանը նախ ստորագրեց 1921 թ. մարտի 16-ի հայտնի պայմանագիրը, 1921 թ. հուլիսի 5-ին բոլշևիկների կովկասյան բյուրոյի անօրինական որոշմամբ Արցախը նվիրեց Ադրբեջանին և, ի վերջո, Խորհրդային Հայաստանի կառավարությանը հարկադրեց 1921 թ. հոկտեմբերի 13-ին Կարսում ստորագրված պայմանագրով վավերացնել Թուրքիային և Նախիջևանի մասով Ադրբեջանին կատարված զիջումները։
Բայց համաշխարհային հեղափոխության արտահանումն իսլամական Արևելք չհաջողվեց։ Անկարան, Մոսկվայից ստանալով այն, ինչը նախատեսել էր դեռ 1920-ի հունվարին ընդունված թուրքական ազգային ուխտի դեկլարացիայով, բավական արագ լեզու գտավ Լոնդոնի հետ՝ թքելով համաշխարհային հեղափոխության, բոլշևիկների և նրանց բոլոր գաղափարների վրա։ Նեղացած Մոսկվան ժամանակ անց որոշեց ատամ ցույց տալ, և չորս տարի հետո, 1925-ին, Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Վինոգրադովը Բարձր Դռնից պահանջեց վերականգնել 1914, այսինքն՝ 1920 թ. հունիսի Հայաստանի սահմանները՝ «սպառնալից» ակնարկելով, թե հակառակ դեպքում ԽՍՀՄ-ը դա կանի միակողմանի կարգով։ Թուրքական կառավարությունում ուշադիր լսեցին Վինոգրադովին և առանց դիվանագիտական էտիկետը խախտելու... ուղարկեցին համապատասխան ուղղությամբ։ Իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի ոչ միայն հայերիս պարագայում։

ՄԻ՛ ԽՓԵՔ ԶԱՆԳԵՐԸ, ՄԱՆԱՎԱՆԴ, ԵՐԲ ԼՍՈՂ ՉԿԱ
Վերն ասվածը բոլորովին չի նշանակում, թե Հայաստանը, նեղացած կեցվածք ընդունելով, անմիջապես իր առջև պետք է խնդիր դնի Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ վերանայման։ Առավել ևս անիմաստ և անկախ պետության դիրքերից շատ անլուրջ ու գռեհիկ կլինի տարբեր «փորձագետների», գործող և չգործող մտավորականների ելույթներով համոզել ռուսական կողմին, թե դուք հերթական անգամ սխալվում եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելով, թեպետ իրականում ամեն ինչ ավելի վատ է։ «Մոսկվան արցունքներին չի հավատում» կարգախոսն այսօր էլ ուժի մեջ է, և Կրեմլում միշտ էլ շատ պրագմատիկ վերաբերմունք են ունեցել հայերի հավատարմության նկատմամբ՝ ներքուստ համարելով այն արխայիկ դարաշրջանի մնացուկ։
Հետևապես, մնում է մեկ բան. մի անգամ էլ թարմացնելով հիշողությունը, արձանագրել, որ Հայաստանն անկախ պետություն է և այս իրողությունից ելնելով էլ պետք է կառուցի իր հարաբերությունները բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Անշուշտ, վերջին մի քանի ամիսների ներքաղաքական զարգացումների արդյունքում մեր արտաքին քաղաքականության մեջ հավասարակշռությունը խախտված է, և այն պետք է վերականգնել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ոչ շտապողական, բայց հետևողական քայլերով շարունակել խորացնել հարաբերությունները Եվրամիության կառույցների, առանձին եվրոպական երկրների հետ՝ երկկողմ մակարդակով։ Նախկին մակարդակին բերել հայ-ամերիկյան հարաբերությունները, նոր ուղղություններ գտնել Իրանի հետ փոխհարաբերությունների առումով, որովհետև ղարաբաղյան հարցում Թեհրանը եղել և մնում է առաջին հայացքից աննկատ, բայց ամենաազդեցիկ գործոններից մեկը։
Ադրբեջանն ունի նավթ ու գազ, բայց այդ պաշարները, օբյեկտիվ փորձագետների գնահատմամբ, սպառման շեմին են։ Հայաստանն ունի սփյուռք, որը ոչ միայն չի սպառվում, այլև տարեցտարի ավելի է ընդլայնվում և՛ բնական աճի, և՛ միգրացիայի հետևանքով։ Այն անհամեմատ մեծ ուժ է, եթե պետության հետ ավելի կազմակերպված աշխատի հանուն հայրենիքի բարօրության։ Տարբեր հաշվարկներով մեր մոտ 3 մլն հայրենակիցներ են բնակվում Եվրամիության երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում։ Այսինքն` այն տարածքում, որն աշխարհաքաղաքական իմաստով կոչվում է Արևմուտք։ Նրանց մեջ քիչ չեն հաջողության հասած և ազդեցիկ մարդիկ, որոնց առջև բացվում են շատ կարևոր տարբեր դռներ։ Կազմակերպված և իր շահերը պաշտպանելու ընդունակ հայությունը միայն կարող է ստիպել իր հետ հաշվի նստել բոլոր նրանց, ովքեր երբեմն մոռանում են մեր հաշվելու կարողության մասին։

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6997

Մեկնաբանություններ