Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Այդ օրը սպանվեց և վիրավորվեց նաև մեր հասարակությունը»

«Այդ օրը սպանվեց և վիրավորվեց նաև մեր հասարակությունը»
20.01.2009 | 00:00

«ՀՐԱՆՏ ԴԻՆՔՆ ԱԶԴՈՒ ԳՈՐԾՈՆ ԷՐ, ՈՐԻՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՅՍՕՐ ԶՐԿՎԱԾ Է»
Հունվարի 19-ին լրացավ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության երկրորդ տարին։ Թուրքիայում ու Հայաստանում ոգեկոչվեց լրագրողի հիշատակը, անցկացվեցին մի շարք միջոցառումներ։ «Այդ օրը սպանվեց և վիրավորվեց նաև մեր հասարակությունը, և մենք երբեք չենք մոռանա այդ ցավը։ ...Դինքը մեր եղբայրն էր, ով պաշտպանում էր մարդկային եղբայրությունը և պայքարում էր այդ նպատակի համար։ Նրա ցավը մեր ցավն է հիմա»,- այսպես են այսօր արտահայտվում թուրք արվեստագետները։
Ինչպես մեզ հեռախոսով փոխանցեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, երեկ Ստամբուլում մի շարք միջոցառումներ են անցկացվել։ «Դրանցից գլխավորը «Ակոս» թերթի խմբագրության շենքի առջև կայացած զանգվածային միջոցառումն էր։ Հրանտ Դինքի ընկերները, համախոհները համախմբվեցին, ևս մեկ անգամ իրենց խոնարհումը բերեցին նրա հիշատակի առջև և իրենց զորակցությունը հայտնեցին Հրանտի կենդանության օրոք ձեռնարկված պայքարին»։
Ըստ Ա. Գոչունյանի` Հրանտ Դինքը թուրքական հասարակությունում մի եզակի անձնավորություն էր, քանի որ, լինելով Թուրքիայի քաղաքացի (հայկական արմատներով), երկու ժողովուրդների մեջ էլ մեծ ճանաչում ու հարգանք էր վայելում։ «Հայ-թուրքական հարաբերությունների ամենակնճռոտ հարցերի շուրջ իր ուրույն տեսակետներն արտահայտող, այլընտրանքային մոտեցումներ դրսևորող անձնավորություն էր Հրանտը։ Ե՛վ Թուրքիայի ղեկավարությունը, և՛ զանգվածային լրատվամիջոցների մեկնաբաններն ընդունում են, որ Հրանտ Դինքի բացակայությունը լրջորեն անդրադառնում է այդ խնդիրներն ըմբռնելու, ընկալելու վրա։ Հ. Դինքը մի լուրջ, ազդու գործոն էր, որից Թուրքիան այսօր զրկված է»,- նշում է «Ժամանակ» թերթի խմբագիրը։
Արա Գոչունյանն անդրադառնում է նաև դատաքննությանը, որը երկու տարվա ընթացքում ցանկալի արդյունք չի տվել։ Դինքի կողմնակիցները պնդում են, որ սպանության մեղսակից են նաև իրավապահ մարմինները, որոնք նախապես տեղյակ են եղել ծրագրվող սպանությանը։
Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցները փոխանցում են, որ «Էրգենեքոնի» հետաքննության կասկածյալներից շատերն ակտիվորեն մասնակցել են Դինքի սպանության նախապատրաստմանը։ Եվ քանի դեռ խոր արմատներ ունեցող այդ հանցախմբի պարագլուխներն ազատության մեջ են, Դինքի սպանության իրական հրահրողները չեն բացահայտվի, ասվում է հաղորդագրության մեջ։ Իսկ Ա. Գոչունյանի փոխանցմամբ, «Էրգենեքոնի» անդամների ձերբակալությունները հայ համայնքի վրա հատուկ ազդեցություն չեն ունեցել։ Ինչպես Թուրքիայի ամբողջ հասարակությունը, այնպես էլ հայկական համայնքը հետաքրքրությամբ հետևում է այդ իրադարձություններին, և բոլորի մաղթանքն այն է, որ Թուրքիայում ամրագրվեն իրավական պետության արմատները։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4703

Մեկնաբանություններ