Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Անհնար է տարանջատել ժամանակակիցը պատմականից

Անհնար է տարանջատել ժամանակակիցը պատմականից
16.09.2024 | 13:43

Օրերս կրկին հնչեց «Պատմական Հայաստանի» և «Իրական Հայաստանի» հայեցակարգային երկընտրանքի մասին թեզը, որը ոչ այլ ինչ է, քան արհեստական հակադրություն՝ ներմուծված հանրային գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով։ Շատերի կողմից քննադատված այս կեղծ հակադրությունը, ըստ էության, արժեզրկում և չեզոքացնում է Հայաստանի բազմաբովանդակ պատմությունն ու դրա ժամանակակից նշանակությունը:

Հատկանշական է, որ «Պատմական Հայաստան» և «Իրական Հայաստան» առանձին թեզեր գոյություն ունեն միայն արհեստականորեն ներմուծված այս բանավեճի շրջանակում։ Իրականում պատմականն ու ժամանակակիցը անհնարին են առանց միմյանց, դրանք փոխադարձաբար իրար իմաստավորում և հիմնավորում են: Այն պնդումը, թե պետք է պատմության և ներկայի միջև ընտրություն կատարել, չափազանց վտանգավոր, վնասաբեր և մանիպուլյատիվ քայլ է, որը միայն խորացնում է հանրության շրջանում գոյություն ունեցող ներքին հակասությունները և շեղում ուշադրությունը առկա խորքային ու հրատապ խնդիրներից:

Մյուս կողմից, «Պատմական Հայաստան» հայեցակարգի ներմուծումը որպես զուտ հավելյալ (պատմական) տարածքային հավակնությունների կամ «բարելավումների» պահանջ՝ դատարկաբանություն է, զուրկ է իմաստից և ռազմավարական առումով խիստ թերի է։ Ակնհայտ է, որ ցանկացած տարածքային ընդլայնում ժամանակակից աշխարհում և առկա պայմաններում երազանք է, որին, կարճաժամկետ հեռանկարում, ամենայն հավանականությամբ վիճակված է մնալ ֆանտազիայի տիրույթում՝ աշխարհաքաղաքական և միջազգային իրավական անհաղթահարելի խոչընդոտների պատճառով։ «Պատմական Հայաստանի» հայեցակարգը միայն այդ կոնտեքստով ներկայացնելը ոչ միայն ցրված պատրանք է, այլև՝ գիտակցաբար ներկայացվող տխուր հեռանկարային պատկեր, ինչը հայեցակարգի ներմուծողին եզրակացություն կատարելու հնարավորություն է ընձեռում, ըստ որի, այս հայեցակարգը, աներկբայորեն, մեզ ներքաշելու է անպտուղ հակամարտությունների և ռեսուրսների վատնման մեջ։

Ակնհայտ է, որ այսպիսի «ուղղորդման» նպատակն այն է, որ հանրությունն «ընտրի» արհեստականորեն ներմուծված պատրանքային հավակնություններին չհավատալու ուղին՝ կենտրոնանալով ազգի «իրական» զարգացման և բարգավաճման վրա (այսինքն՝ իր կենսապահանջարկի բավարարման վրա)։

Ցանկացած ժամանակակից պետության, այդ թվում՝ Հայաստանի զարգացումն ու բարօրությունը անմիջականորեն կապված է նրա պատմական ժառանգության հետ։ Անհնար է տարանջատել ժամանակակիցը պատմականից և սեփական քաղաքական կյանքը երկարաձգելու նպատակով փորձել «խմբագրել» երկրիդ արտաքին քաղաքական օրակարգերն ու փակել պատմական արդար հավակնությունների իրականացման` նույնիսկ երկարաժամկետ հեռանկարները։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 2848

Մեկնաբանություններ