ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ես հասկացա կույրի սարսափը մութ անհայտության դիմաց

Ես հասկացա կույրի սարսափը մութ անհայտության դիմաց
01.10.2024 | 06:55

Մեկուկես տարի առաջ մեր շենքում նոր վարձակալ հայտնվեց: Կույր էր, ու չնայած ընտանիքը՝ տղան, հարսը, մայրը, թոռնիկը հոգատար մարդիկ էին, անմարդամոտ էր թվում: Որոշակի ժամի, առավոտ, տղան, կամ մայրը նրան բակ էին իջեցնում, տեղավորում փոքրիկ պուրակի ցայտաղբյուրի կողքի նստարանին, իրենք վերադառնում առտնին հոգսերին: Տղամարդը, համակերպված վիճակին, գլուխը կախ, համրիչի հատիկներն էր ետ ու առաջ գցում, միշտ անտարբեր նրանց հանդեպ, ովքեր նստում էին զրուցարանի ազատ տեղերում:

Կարճ ժամանակ պահանջվեց, որպեսզի զրուցարանի մշտական անձնակազմը նրան ներքաշեր բազմաթեմա զրույցաշարերի մեջ, և պարզվեց, որ կույրը ասող, խոսող, մարդ է: Մարդիկ թարմ զրուցընկեր գտան, տղամարդը՝ կյանքոտ շրջապատ: Զգացվում էր, որ նա վերջապես ձեռք էր բերել այն, ինչ լիարժեք էր դարձրել կյանքը:

Այսօր առավոտ պատշգամբից արտասվոր պատկեր տեսա, տղամարդը միայնակ կանգնած էր զրուցարանի մեջտեղում, ուսերը ցնցվում էին, հասկացա, որ լաց է լինում: Հիմնական իրադարձությունները զարգացան ցերեկը:

Իններորդ հարկից, որտեղ բնակարան էին վարձել նրանք, արագ, արագ սկսեցին իրերն իջեցնել: Տանտերը վարձն ավելացրել էր, ի վիճակի չէին այդքանը վճարել և տեղափոխվում էրն հապճեպ ճարած մեկ այլ բնակարան: Գործը արագ կազմակերպեցին տղայի ընկերները, երեկոյան արդեն մնում էր իրենք տեղափոխվեին:

Այդքան ժամանակ տղամարդը զրուցարանում անշարժ նստած էր, լուռ, չնայած հարևանները փորձում էին նրան մխիթարել:

Ի վերջո, տղան մտավ նրա թևը, բարձրացրեց աթոռից, հարևանները գրկեցին , ողջերթի խոսքեր ասացին, և կույրը փղձկաց:

Նրանից խլում էին հանկարծահաս աշխարհը, որ նրան պարգևել էին այս շենքում... Եվ ես հասկացա կույրի սարսափը մութ անհայտության դիմաց:

Դա ընդամենը երկու ժամ առաջ էր, և նրա սարսափը, որ ես զգացի լիովի, դեռ երկար կուղեկցի ինձ...

Հայկ ՄԱԻՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ