38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Լուկաշենկոյի խորհրդավոր այցը

Լուկաշենկոյի խորհրդավոր այցը
17.03.2009 | 00:00

Եթե հայկական ԶԼՄ-ները շատ քիչ հիմնավոր մեկնաբանություններ տվեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած անսպասելի այցի վերաբերյալ, ապա բելառուսական փորձագետները շատ մեծ հետաքրքրությամբ են մեկնաբանում այդ խորհրդավոր այցը։ Ճանաչված քաղաքական մեկնաբան Ռոման Յակովլևսկին մասնավորապես նշում է, որ Հարավային Կովկասում Հայաստանն առաջին պետությունն է, որի հետ Բելառուսը ստեղծել է լիարժեք և վստահելի դիվանագիտական հարաբերություններ` երկու երկրների մայրաքաղաքներում մշտական դեսպանատների հիմնումով։ Իսկ այսօր, պարզվում է, Մինսկը Երևանից ստանում է ռազմական տեխնիկայի վերանորոգման ձեռնտու պատվերներ։
«Ռազմատեխնիկական համագործակցությունն ինքնին կարող է բավարար հիմք լինել նախագահի այցի համար։ Բայց եթե դրան ավելացնենք Երևանի ակտիվ հարաբերությունները Թեհրանի հետ, մյուս կողմից էլ Բելառուսի հարաբերությունները նույն Իրանի հետ, ապա ստացվում է շատ համակրելի փոխգործակցություն։ Այդ եռանկյունին փոխկապակցված է ռազմատեխնիկական համագործակցությամբ և էներգետիկ անվտանգության խնդիրներով։ Որովհետև կան թեկուզև առայժմ ուտոպիական թվացող գաղափարներ` իրանական նավթը և գազը Հայաստանով, նաև Բելառուսի տարածքով Եվրոպա հասցնելու վերաբերյալ։ Համենայն դեպս, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացումն էլ այս գաղափարի օգտին է խոսում»,- նշել է բելառուս քաղաքագետը։
Վերոնշյալ տրամաբանության մեջ միանգամայն տեղավորվում է նաև Իրանի արտգործնախարարի վերջին չպլանավորված այցը Երևան, որը, հավանաբար, ոչ պատահականորեն համընկավ Բելառուսի նախագահի այցին։ Ռոման Յակովլևսկին մասնավորապես նշում է, որ ժամանակին Հայաստանին և Բելառուսին միավորում էր նաև Ռուսաստանից ունեցած վիրավորանքը, երբ Մոսկվան, չնայած երկու երկրների հետ իր դաշնակցային հարաբերություններին, գազի շուկայական գին սահմանեց նաև նրանց համար։ Չի բացառվում նաև, որ բելառուսական կողմը հայկական կողմի հետ քննարկել է Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունները։
Եթե մի քանի ամիս առաջ շատ փորձագետներ համարում էին, թե Բելառուսը Ռուսաստան-Արևմուտք հակադրության մեջ միշտ մնալու է Մոսկվայի գործընկերն ընդդեմ Արևմուտքի, ապա այժմ իրավիճակը փոխվել է։ Մինսկի և Բրյուսելի միջև երկխոսության վերսկսումը հնարավորություն է ստեղծել Բելառուսի համար նոր հորիզոններ բացելու Եվրոպայում։ Բելառուս ժամանած Եվրամիության արտաքին հարցերով գլխավոր կոմիսար Խավիեր Սոլանան ուղղակիորեն հասկացրել է Բելառուսի նախագահին, որ միասնական Եվրոպան ոչ միայն պատրաստ է վերականգնելու հարաբերությունները Մինսկի հետ, այլև տեսանելի հեռանկարում այս կամ այն կարգավիճակով ընդգրկելու նրան եվրոպական ընտանիքում։ «Արևելյան գործընկերություն» ծրագրում Բելառուսի ընդգրկումն է դարձել հիմնական պատճառը, որ Մինսկը խուսափում է ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչին այնքան ձգտում է Մոսկվան։ Օրերս Բելառուսի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մասկևիչը դարձյալ չբացառեց, որ Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցը, չնայած Մոսկվայի համառ պահանջներին, դարձյալ կհետաձգվի։ Իսկ Բելառուսի նախագահը հերքեց այդպիսի քայլի հավանականությունը` ռուսական վարկի դիմաց։ Չի բացառվում, որ այս հանգամանքները ևս քննարկման առարկա են դարձել Բելառուսի և Հայաստանի նախագահների երևանյան հանդիպման ժամանակ։
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2979

Մեկնաբանություններ