Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դասական Հայաստան» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է մարդասիրական օգնության աշխատանքներ՝ Արցախում գտնվող մեր հայրենակիցների առաջին անհրաժեշտության պարենային կարիքները հոգալու նպատակով։
«Մենք անմիջական կապի մեջ ենք Արցախի շրջկենտրոնների ղեկավարների հետ և նրանց ուղղորդմամբ մեր օգնությունը կազմակերպում ենք առավելագույնս թիրախավորված։ Առաջին բեռն արդեն ուղարկել ենք Ասկերան քաղաք և նախատեսում ենք շարունակել այս ծրագիրը այնքան ժամանակ, որքան կբավարարեն մեր ռեսուրսները:
Մեր նախաձեռնությանը կարող եք միանալ` կատարելով նվիրաբերություն կամ Դասական Հայաստան/Classical Armenia էջում տեղադրված բանկային վավերապայմաններով»‚- ասված է նվագախմբի հայտարարության մեջ: Տեղեկացվում է նաև, որ պատերազմի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին նվիրաբերած բոլոր միջոցները ծառայելու են բացառապես վերոնշյալ նպատակին:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն ՍԱՐԳԻՍ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ նշում է‚ որ այսօր բոլորիս գերնպատակը մեկն է՝ հայրենիքի պաշտպանությունը ներսից և դրսից՝ ամենատարբեր միջոցներով և ոլորտներում. «Անկախ մասնագիտությունից, անկախ մեր զբաղվածության տեսակից, բոլորս ունենք մեկ գերնպատակ՝ կանգնել մեր զինվորի կողքին, կանգնել մեր աշխատանքով, մեր համակարգված գործերով՝ օգտագործելով բոլոր հնարավորություններն ու միջազգային կապերը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ աշխատակիցներն ու նվագախմբի երաժիշտներն այս օրերին լծված են ամենատարբեր միջոցներով բանակին աջակցելու գործին. մասնակցում են բոլոր աշխատանքներին, լինի մտավոր, թե ֆիզիկական, որպեսզի կարողանանք համակարգված գործելակերպով հաջողությունների հասնել տեղեկատվական պատերազմում, թիրախային գործել համացանցում, նյութապես և հոգեպես օգնել մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր մեր աջակցության կարիքն ունեն։ Պետք է անենք հնարավորն ու անհնարը՝ ամուր պահելու մեր բանակի թիկունքը։ Հաղթելու ենք»։
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ