ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Անավարտ պատմություն

Անավարտ պատմություն
27.07.2024 | 06:54

«Հայրի՛կ, արթնացի՛ր»,- գոչեց երիտասարդ կինը, փորձելով քնից հանել իր սկեսրայրին: Տղամարդը, դժվարությամբ բացելով աչքերը, հարցրեց.

- Ինչ-որ բա՞ն է պատահել:

- Մենք պետք է շտապ հեռանանք քաղաքից, այստեղ մնալը վտանգավոր է:

Տղամարդը, որ հարակից հիվանդություններից և երկար ամիսների թերսնվածությունից հյուծվել և անկողին էր ընկել, բացականչեց.

- Ես չեմ լքի իմ տունը, եթե ինձ վիճակված է հիմա մեռնել, կմեռնեմ իմ հայրենիքում:

- Հայրիկ, ամեն ինչ ավելի լուրջ է, քան դու ես պատկերացնում, թշնամին արդեն քաղաքի մատույցներում է, մենք սահմանափակ ժամանակ ունենք քաղաքը թողնելու համար:

Երիտասարդ կինը օգնեց սկեսրայրին հագնվել և նրանք երկուսով մտան հյուրասենյակ: Երեխաները կազմ ու պատրաստ սպասում էին նրանց:

-Մայրի՛կ, կարո՞ղ եմ տիկնիկս հետս վերցնել,-բացականչեց նրա երեքամյա դուստրը:

- Իսկ ե՞ս, վերցնե՞մ այբբենարանը ինձ հետ,- հարցրեց նրա յոթամյա դուստրը:

- Այո՛, կարող եք, - պատասխանեց երիտասարդ կինը՝ հազիվ զսպելով արցունքները: -Պապի՛կ,գիտե՞ս, որ մենք մեկնելու ենք քո մեքենայով, հայրիկը դեռ չի վերադարձել դիրքերից,- ասաց կնոջ իննամյա որդին: Տղամարդը մի պահ կարկամեց, ապա ինքն իրեն հավաքելով ասաց.

- Իհարկե, մենք իմ մեքենայով կմեկնենք, ես արդեն լավ եմ զգում:

- Մայրի՛կ, չմոռանաս տան դուռը կողպել և բանալին քեզ հետ վերցնել,- բացականչեց յոթամյա դուստրը :

- Չեմ մոռանա, դստրիկս, - պատասխանեց կինը՝ փորձելով ժպտալ:

Դրսում իրարանցում էր, խառնաշփոթ, քաղաքը դարձել էր անճանաչելի։ Դա այլևս այն քաղաքը չէր, որտեղ նրանք ապրել էին իրենց ողջ կյանքը: «Մեր կյանքն էլ այլևս առաջվանը չի լինի»,- տխրությամբ մտածեց երիտասարդ կինը:

Արդեն մթնում էր, երբ նրանք ճամփա ընկան: Շուտով նրանց մեքենան հայտնվեց մեքենաների անվերջ շարանի մեջ: Ոչ ոք չէր խոսում, նույնիսկ նրա երեքամյա դուստրը, որ հարցերի անսպառ պաշար ուներ, զարմանալիորեն լռակյաց էր դարձել:

Ճանապարհն անվերջ էր թվում: Երեխաներն արդեն քնել էին, իսկ երիտասարդ կնոջ մտքերը ամուսնու հետ էին: Երկրորդ օրն էր, ինչ նրանից լուր չուներ, մյուս աշխարհազորայինների նման նա էլ էր բարձրացել դիրքերը՝ պաշտպանելու իր հայրենի հողը:

Թշնամու զորքը բազմապատիկ էր և լավ զինված: Տղաները զոհվում էին անհավասար պայքարում: Քաղաքի հիվանդանոցը լիքն էր վիրավորներով։ Դեղամիջոցների բացակայության պատճառով՝ շատերի կյանքը փրկել չէր հաջողվում:

Կինը դեռևս հույսեր էր փայփայում, որ վաղ թե ուշ ամուսինն անփորձանք կվերադառնա իր ընտանիքի գիրկը:

Կնոջ կոպերն արդեն ծանրացել էին, երբ լսեց սկեսրայրի ձայնը․ «ՈՒզում եմ մի քանի րոպեով դուրս գալ մեքենայից»: Տղամարդը մեքենան հեռացրեց ճանապարհի բանուկ հատվածից, կանգնեցրեց այն և դուրս եկավ: Կինն ապարդյուն կերպով փորձում էր աչքերը բաց պահել, բայց այլևս անզոր էր հաղթահարել քունը:

Նա կտրուկ «վեր թռավ» քնից և վախեցած նայեց շուրջը: Սկեսրայրը մեքենայում չէր: Կինը զգուշությամբ դուրս եկավ մեքենայից և հեռախոսի լույսի տակ զննեց շրջակայքը: Նրանց մեքենան կանգնած էր ճանապարհի եզրին, իսկ ճանապարհից ներքև ձորն էր:

Մեքենաների հոսքը շարունակվում էր՝ չնայած թանձր մթությանը: Կինը քայլեց մեքենաների ուղղությամբ՝ փորձելով հեռախոսի լույսի օգնությամբ ուշադրություն գրավել: Մեքենաներից մեկի վարորդը նկատեց նրան, մեքենայով մոտեցավ կնոջը: Կինը վարորդին պատմեց պատահածի մասին: Վարորդը չբացառեց տղամարդու ձորն ընկնելու հավանականությունը և խոստացավ, որ տեղ հասնելուն պես օգնություն կուղարկի փրկարարական գործողությունների համար:

Կինը ողջ գիշերն անցկացրեց դրսում՝ ամբողջ մարմնով մեքենային սեղմված: Արևի առաջին շողերի հետ ժամանեց խոստացված օգնությունը: Շուտով նրա բոլոր վախերը հաստատվեցին: Փրկարարների խումբը բարձրացրեց նրա սկեսրայրի անշարժացած մարմինը, որ գտել էին ձորի ներքևի գետի ծանծաղուտում։ Կնոջը տեղեկացրին, որ մարմինը կտեղափոխեն մոտակա քաղաքի դիահերձարան:

Կինը վերադարձավ մեքենայի մոտ: Նրա տասներկուամյա որդին արդեն արթնացել և սպասում էր նրան մեքենայի մոտ: Տղային պետք չէր բացատրել տեղի ունեցածը, նա արդեն ամեն-ինչ հասկացել էր:

- Մայրիկ, բացականչեց նա,- մի՛ անհանգստացիր, ե՛ս կվարեմ մեքենան, հայրիկն է ինձ սովորեցրել մեքենա վարելը:

«Որդիս շատ արագ մեծացավ» - նկատեց մայրը միաժամանակ և՛ ցավով, և՛ հպարտությամբ:

Նրանք շարունակեցին ճամփան: Կրտսեր երեխաների հարցին, թե որտեղ է պապիկը, մայրը պատասխանեց, որ պապիկը գիշերը վատ է զգացել և շտապ օգնության մեքենան նրան հիվանդանոց է տեղափոխել: Երեխաների հարցերից խուսափելու համար, մայրը սկսեց պատմել նրանց իրենց սիրած հեքիաթները: Երբ հերթը հասավ «Կարմիր Գլխարկը» հեքիաթին, նրա երեքամյա դուստրը հանկարծ բացականչեց.

- Թող Կարմիր գլխարկը պապիկին էլ գաթա տանի, որ շուտ լավանա:

- Կարմիր գլխարկը միայն հեքիաթում է լինում -միջամտեց յոթամյա դուստրը:

- Գայլն է՞լ է միայն հեքիաթում հանդիպում,- հարցրեց կրտսերը:

Կնոջ ավագ որդին, որ մինչ այդ լռելյայն վարում էր մեքենան, հանկարծ միջամտեց.

- Գայլերը միայն հեքիաթներում չեն լինում, բայց նրանք չափազանց շատ են, իսկ, ա՛յ, որսորդները՝ քիչ:

Մեքենայում նորից քար լռություն էր: Երիտասարդ կինը ընկավ մտքերի մեջ: Արդեն երկու օր է, ինչ ճանապարհին են: Նախկինում այդ ճանապարհը անցնում էին մոտ 2 ժամվա ընթացքում: Դեռ լավ է որ, երեխաները ուտելիք չէին պահանջում, հացի վերջին կտորները կերել էին ճանապարհ ընկնելուց առաջ:

- Մայրիկ, հապա պատուհանից դու՛րս նայիր,- ավագ որդու ձայնը կտրեց նրա մտքի թելը: Նրանց ճանապարհն անցնում էր գյուղի միջով: Ճանապարհի երկու կողմերում ուտելիքներով բեռնված սեղանիկներ էին: Սեղանիկների հետևում կանգնած գյուղացիները ձեռքով էին անում, որ կանգնեցնեն մեքենան: Տղան զգուշորեն հեռացրեց մեքենան բանուկ ճանապարհից և կանգնեցրեց այն: Կնոջ երեքամյա դուստրը քաշեց մոր փեշը և շշնջաց նրա ականջին. «Տե՛ս, ինչքան շատ հաց ունեն»: - Դստրիկս, մենք էլ շատ հաց կունենանք, խոստանում եմ: Այլևս քաղցած չես պառկի քնելու:

Գյուղացիները, իրար հերթ չտալով, իրենց ուտելիքներն էին առաջարկում երեխաներին: Կինը մի պահ նայեց շուրջը, ավագ որդին մոտակայքում չէր: «Երևի ծանոթի է հանդիպել»,- մտածեց նա: Տղան շուտով հայտնվեց: Նա մորը մի կողմ քաշեց և ասաց.

- Հայրիկի ընկերներից մեկին հանդիպեցի: Ասաց, որ մեր հեռանալուց հետո բենզալցակայանն է պայթել, հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան...

- Իսկ հայրիկից լուր չունե՞ր ,- նվաղած ձայնով հարցրեց կինը:

- Նա միայն ասաց, որ հայրիկի անունը չի գտել, ո՛չ դիրքերում զոհվածների, ո՛չ էլ պայթյունի հետևանքով զոհվածների ցուցակներում:

- ՈՒրեմն անհետ կորածների գուցակում է, որդիս...

Տղան գրկեց մոր վտիտ ուսերը, ամուր սեղմեց իր կրծքին և ասաց.

- Մայրիկ, մենք պարտավոր ենք ուժեղ լինել, մենք միասին ենք: Բնակություն կհաստատենք այս գյուղում, քանի որ այն ամենամոտն է մեր ծննդավայրին, այսպես հայրիկը ավելի հեշտ կգտնի մեզ:

- Ճիշտ ես, որդիս, մեր ճանապարհը դեռ չի ավարտվել, մենք երկար ճանապարհ ունենք անցնելու միասին...

Հեղինակ Silva Khojabaghyan

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ