Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
04.09.2020 | 00:56
Տավուշի դեպքերը, Թուրքիայի չուշացած հոխորտանքները և հայ-ադրբեջանական հետագա բախումների աշխարհագրությունը բերում են մի պարզ եզրահանգման. թուրք-ադրբեջանական թշնամական երկյակին հաջողությամբ դիմակայելու և մշտապես հաղթած դուրս գալու համար պետք է զարգացնել մեր արդյունաբերությունն ու տնտեսությունն այնպես, որ կարողանանք մի քանի քայլով առաջ անցնել, մի քանի գլխով բարձր լինել թշնամիներից, որպեսզի հայ ազգը կարողանա ինքնուրույնաբար ու վստահորեն պաշտպանել պատմական հայրենիքում ապրելու ու զարգանալու իր իրավունքը: Դա հնարավոր է, եթե հայկական գիտությունը սկսի աշխատել ի նպաստ Հայաստանի, աշխատի իր ողջ կարողությամբ՝ ընդունելով այն իրողությունը, որ ռազմական հակամարտությունները գնալով ավելի ու ավելի են տեղափոխվելու ինտելեկտուալ դիմակայունությունների տիրույթ, որտեղ մենք ավելի վստահ ենք մեզ զգալու: Պահանջվում է միավորել մեր գիտական հանրության ջանքերը, որպեսզի հասնենք տեխնիկայի ու տեխնոլոգիաների անընդհատական զարգացմանը և գիտական արդյունքների արագ ներդրմանը արտադրության մեջ, որը, բնականաբար, իրական կլինի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ ու ղեկավարությամբ: Դժվար է հավատալ, որ այս ծանր իրավիճակում գիտությունների ազգային ակադեմիան մի կողմ է քաշվել ու չի մասնակցում արդյունաբերության վերականգնման, ռազմական արդյունաբերության տեմպային զարգացման գործերին, ընդունել է պասիվ դիտորդի կարգավիճակ, իր անգործությունը քողարկելու համար մատնացույց է անում աշխարհի ամենահեղինակավոր գիտական հանդեսներում տպագրված հոդվածները, որոնք Հայաստանի համար զրոյական նշանակություն ունեն: Եկել է ռեալ արդյունաբերություն և ժամանակակից ռազմական տեխնիկա ստեղծելու ժամանակը:
Հայ գիտնականները և Հայաստանի գիտությունների ակադեմիան մշտապես կարևոր դերակատարում են ունեցել ԽՍՀՄ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման գործում: Դժվար է պատկերացնել այդ ոլորտի զարգացումն առանց Բյուրականի աստղադիտարանի, Աշտարակի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիոֆիզիկական չափումների ինստիտուտի, Արտաշատի «Էլեկտրոնստանդարտի», Գրիգոր Գուրզադյանի տիեզերական աստղագիտության ինստիտուտի, ակադեմիկոս Էվրիկ Աֆրիկյանի մանրէակենսաբանության ինստիտուտի, Կիրովականի «Ավտոմատիկայի» և բազում այլ ինստիտուտների ակտիվ մասնակցության: Դժվար է պատկերացնել նաև խորհրդային հզորագույն ռազմական մեքենայի հաջողությունները առանց Աբովյանի «Պոզիստոր» և «Չափիչ», Երևանի «Էլեկտրոն», «Էրեբունի», «Բազալտ», «Ալֆա», «Ավիակոմպլեքս», «Հայէլեկտրո», Լենինականի «Օմեգա», Գորիսի «Միկրոշարժիչ», Ապարանի «Նիգ» և «Արագած», Դիլիջանի «Իմպուլս» ԳԱՄ-երի ու գործարանների: Բացառապես Մերգելյանի ինստիտուտում են ստեղծվել ԽՍՀՄ հակաօդային պաշտանությունը ղեկավարող բոլոր համակարգերը: Հիմա որտե՞ղ են այդ ԳԱՄ-երն ու գործարանները, որոնք կարող էին աշխատել սեփական ռազմարդյունաբերության համար, ստեղծել անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ թշնամուն սեփական զինատեսակներով պատժելու համար: Պատասխանը բոլորս գիտենք. դրանք թալանվել ու շարքից դուրս են բերվել մեր անկախ երկրի պատմության առաջին իսկ տարիներին՝ ԼՏՊ-ի օրոք:
Ի միջի այլոց, շատ է խոսվում թալանի մասին, բայց քչերը գիտեն այդ բառի իմաստը: Թալանը թուրքերենով նշանակում է հաջողություն. գրավված տարածքները տրամադրել են հրոսակախմբերին՝ որպես ավար, հրոսակների համար դա հաջողություն էր: Թուրքերի փոխարեն այդ թալանի գործը բարձր մակարդակով իրականացրին մեր ներքին «թուրքերը», որոնք դրա հաշվին հարստացան ու ֆինանսական հաջողությունների հասան: Ակադեմիան ոչ միայն իր տարերքի մեջ չէ, չի աշխատում, այլև խոչընդոտում է մյուս գիտնակաների աշխատանքների կատարմանն ու ներդրմանը մեր երկրում:
Խոսենք փաստերով։ Այսպիսի մի պատմություն. 2002 թվին Մոսկվայից, հատուկ առաքելությամբ ինձ մոտ եկավ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Ազատյանը, նա նաև Արա Աբրահամյանի գիտական խորհրդականն էր:
-Արա Աբրահամյանը ցանկանում է Հայաստանում արևային տեխնիկայի գործարան կառուցել, հետաքրքրված է հելիոֆիկացիայի Ձեր ծրագրով, ես եկել եմ ծանոթանալու ծրագրի հետ ու նրան մասնագիտական կարծիք ներկայացնելու:
-Խնդրեմ, շատ լավ կլինի,- պատասխանեցի ես, ու պրոֆեսոր Ազատյանի հետ անցանք Էջմիածինի և Երևանի արևային պոլիգոններով։ Նա տեսավ գործող նմուշները, որոշ չափումներ ու հաշվարկներ կատարեց հասկացավ հելիոֆիկացիայի ծրագրի կարևորությունը, մի քիչ էլ զարմացավ, որ Հայաստանի պայմաններում այդքան գործ է կատարվել, հեռանկարներն էլ շատ մեծ են, Հայաստանի արդյունաբերության ու գյուղատնտեսության համար կարևոր ուղղություն կլինի:
-Ծրագիրն ամբողջական է ու հեռանկարային, համոզված եմ, որ Արա Արշավիրովիչին այն դուր կգա, արևային տեխնիկայի գործարանը Դուք կունենաք, և կարևոր է, որ այն նախատեսել եք կազմակերպվել Սպիտակում՝ վերելակների գործարանի տարածքում, դա կնպաստի աղետի գոտու վերականգնմանը, երկրաշարժից տուժած ու գործազուրկ մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը, արտագաղթի կանխմանը:
Երկու օր անց մենք դարձյալ հանդիպեցինք Մաշտոցի պողոտայի իրենց տան մոտ. նրա հորը` քիմիկոս Վաղարշ Ազատյանին նվիրված հուշաքարն էին բացում:
-Դուք հզոր գործ եք արել, սակայն Ձեր աշխատանքները ակադեմիայում չեն գնահատում, ընդհանուր կարծիքը բացասական է:
Վիլեն Ազատյանն իր մեջ ուժ չգտավ՝ սեփական աչքով տեսածը Արա Աբրահամյանին ներկայացնելու համար, ակադեմիայի կարծիքը նրա համար ավելի կարևոր էր, հեղինակության հարց կար: Ինձ անգամ հետաքրքիր չէր պարզել, թե ակադեմիայի որ գործիչն էր նման «հեղինակավոր» կարծիք հայտնել, եթե նրանցից ոչ մեկը տեղյակ չէր մեր գործերից, Աստված իրենց հետ: Այդ պատմությունից բավական ժամանակ է անցել: Արա Աբրահամյանի արևային գործարանը չկառուցվեց ոչ Սպիտակում, ոչ էլ մեկ այլ վայրում, Սպիտակի մեխանիկական գործարանի մասնաշենքերն այլևս չկան, 2016 թվին դրանք քանդեցին ու վաճառեցին անհայտ ուղղությամբ՝ ի հաճույս Ադրբեջանի ու Թուրքիայի, որ Հայաստանը լուրջ գործարաններ չունենա:
Ադրբեջանը, ի տարբերություն «մեր խելոք» հայերի, պահպանել է իր կարևոր գործարանները, օրինակ, Արտաշատի «էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ն տեխնոլոգիական կառավարման տիրույթում գտնվող Բաքվի «Ազոնը», որը ԽՍՀՄ ռազմական տեխնիկայի համար 155 սերիայի միկրոսխեմաներ էր արտադրում, շարունակում է աշխատել այդ ուղղությամբ, միկրոսխեմաներ է արտադրում Ադրբեջանի ռազմարդյունաբերության կարիքների համար՝ շարունակելով ակտիվ համագործակցությունը Զելենոգրադի «Անգստրեմ» և «Միկրոն» խոշոր գործարանների հետ: Իսկ ավելի հզոր, ԽՍՀՄ բոլոր գործարաններին էլեկտրոնային տարատեսակ սարքեր մատակարարող «Պոզիստորը», «Էրեբունին», «Բազալտը», «Ռաստրը», «Օմեգան», «Ավիակոմպլեքսը» և այլ խոշոր հայկական գործարաններն ու արտադրական միավորումները այլևս չկան: Այս ամենի մասին շատերը գիտեն, բայց գերադասում են լռել, չտեսնելու տալ՝ հավանաբար ինչ-որ բանից վախենալով կամ զգուշանալով:
Հարգելի կոլեգաներ, հիմա արդեն վախենալ պետք չէ, մեր վախն արդեն անցել է, պետք է առաջ նայել ու մտածել երկրի մասին և հիշել, որ մեզանից բացի ուրիշ անողներ չկան ու չեն լինելու, դա, առաջին հերթին, մեր գիտնականների պատասխանատվության դաշտում է:
Իհարկե, Սպիտակի վերելակաշինական մեխանիկական գործարանի ճակատագիրն այլ կերպ կդասավորվեր, եթե Մոսկվայից եկած պրոֆեսոր Ազատյանը ի գիտություն չընդուներ հելիոֆիկացիայի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ-ի «հեղինակավոր», բայց իրականում սխալ ու անպատասխանատու կարծիքը, որը թելադրված է ներկայիս ակադեմիական ղեկավարության չհիմնավորված մեծամտությունից ու չկամությունից, կարևորը յուրայինների գործերն են, եթե նրանց մոտ ոչինչ չի ստացվում, ապա ուրիշների մոտ էլ չպետք է լինի: Եթե ակադեմիան իմ «կարծիքով» չխանգարեր, ապա Արա Աբրահամյանի հետ կսկսեինք կազմակերպել Սպիտակի հելիոտեխնիկական սարքերի գործարանը, ընդհանուր առմամբ պատկերն այսպիսին կլիներ.. Սպիտակի մեխանիկական գործարանի տարածքում աշխարհում առաջին բազային հելիոտեխնիկական գործարանը՝ 14 հազար քմ ընդհանուր արտադրական մակերեսով, 5 հազար աշխատատեղով, 300 միլիոն դոլարի արտադրական ծավալներով, որտեղ կարտադրվեին ժամանակակից արևային տեխնիկա, հակաօդային պաշտպանության ու հարձակողական զինատեսակներ՝ հայկական բանակի, Հայաստանի ու Արցախի տնտեսությունների համար և, ամենակարևորը, աշխարհով մեկ կտարածվեինք հայկական հելիոտեխնիկական գործարաններով: Մեզ այլևս պետք չէր լինի մտածել ռուսական գազի թանկացումների, էներգետիկ շրջափակումների, թուրք-ադրբեջանական ագրեսիաներին դիմակայելու մասին և այլն, և այլն: Բայց այս ամենի ֆոնին արի ու հասկացիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «դիրքորոշման» շարժառիթների ամբողջությունը։ Ի՞նչն էր պատճառը, որ Արա Աբրահամյանի նախաձեռնությունը այդքան դուր չէր եկել ակադեմիայում դիրքավորված ակադեմիկոսներին ու նրանց ակադեմիկոս նախագահին, ի՞նչը կխանգարեր, եթե մենք միասին աշխատեինք ու Հայաստանի, Արցախի և ապա համայն աշխարհի հելիոֆիկացիան սկսեինք Սպիտակից: Վիկտոր Համբարձումյանի գիտությունների ակադեմիայի դեպքում նման իրադրություն ստեղծվել չէր կարող, ես արդեն գրել եմ, թե բազմազբաղ Վիկտոր Համազասպովիչը ինչպես էր ժամանակ տրամադրում ինձ և տ.գ.թ., բազմաթիվ գյուտերի հեղինակ Ռուբեն Մարտիրոսյանին՝ գիտատեխնիկական հարցեր քննարկելու համար, մանկական հետաքրքրասիրությամբ լսում էր մեզ, նրա մոտ նաև հպարտության զգացում կար մեր երիտասարդ գիտնականների ու գիտական նոր գաղափարների նկատմամբ: Մոտ հինգ տասնամյակ շարունակ Համբարձումյանը, լինելով աշխարհահռչակ գիտնական և տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, ամեն կերպ նպաստում էր Հայաստանի գիտության զարգացմանը և երիտասարդ գիտական կադրերով համալրմանը: Եվ խնդրեմ, 1993 թվից Վիկտոր Համբարձումյանին հեռացրին ակադեմիայի գործերից ու գիտական այդ խոշոր կենտրոնի ղեկը հանձնեցին «գիտության և արտադրության խոշորագույն կազմակերպիչ, պետական գործիչ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանին, որի ղեկավարման տարիներին իրականացվում են ակադեմիայի համար նպաստավոր ռեֆորմներ, ընդունվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ԳԱԱ-ն ստանում է ՀՀ կառավարության խորհրդատուի հատուկ կարգավիճակ»: Գիտության հեղինակավոր գործչին փոխարինելով գիտության կազմակերպչով` ԼՏՊ-ն իր համար մեկ կարևոր խնդիր լուծեց. ազատվեց սկզբունքային ու հայրենասեր ընդդիմախոսից ու կոտրեց ակադեմիայի ողնաշարը: ԼՏՊ-ն գիտնականին փոխարինեց «գիտության և արտադրության խոշորագույն կազմակերպչով»: 2006 թ. այդ կազմակերպչին փոխարինեց մեկ այլ «կազմակերպիչ»՝ «գիտության և կրթության ճանաչված կազմակերպիչ, ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հայտնի է, որ Վիկտոր Համբարձումյանը կտրականապես դեմ էր ՀՀՇ-ին:
-Տղա ջան,- Ղարաբաղի համար Մոսկվայի հյուրանոցում հացադուլի նստած աշխարհահռչակ գիտնականը այսպես էր արտահայտվել նրան այցի եկած ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Նորայր Մուրադյանի ներկայությամբ,- սրանք (ՀՀՇ-ն) թշնամի են, ուզում են երկիրը քանդել:
Հիմա մենք դա գիտենք, դրանում վաղուց ենք համոզվել, մեր մեծանուն գիտնականը ամեն ինչ ճիշտ էր նկատել: ԼՏՊ-ն դրանով չէր բավարարվել, փորձել էր ամեն կերպ նվաստացնել հայերիս համար կուռք դարձած աշխարհահռչակ գիտնականին: Բյուրականում նրա տեղակալ Լյուդվիգ Բաղիյանը պատմել է. «Անկախության մութ ու ցուրտ տարիներին նա քնում էր իր բնակարանի խոհանոցում, տաքանալու համար նավթավառ էին տվել, բայց նավթը չէին տվել, նավթի հարցը թողել էին Վիկտոր Համազասպովիչի վրա, նավթ ճարելու գործը վերցրել էի ինձ վրա»: Աշխարհահռչակ գիտնականի և «գիտության ու արտադրության խոշորագույն կազմակերպչի» տարբերությունը ակադեմիան զգաց միանգամից, երբ Ֆադեյ Սարգսյանի հրամանով ակադեմիայի բոլոր թղթակից անդամները, առանց ընտրությունների և այլ «ձևական ավելորդությունների» ստացան ակադեմիկոսի կոչումներ: Սա ակադեմիայի պատմության մեջ չլսված դեպք էր, նախկինում ակադեմիկոս դառնալու համար պետք էր ունենալ ակնառու, համաշխարհային նշանակության գիտական արդյունքներ, գյուտեր ու հայտնագործություններ: Այդպիսով «գիտության կազմակերպչին» հաջողվեց իր թևի տակ առնել նորաթուխ ակադեմիկոսներին, նրանց օգնությամբ չեզոքացնել Վիկտոր Համբարձումյանի ու գիտությանը նվիրյալ ակադեմիկոսների դիմադրությունը (Գուրգեն Սահակյանի, Պարիս Հերունու, Գրիգոր Գուրզադյանի, Էվրիկ Աֆրիկյանի և այլոց), որոնք այդպես էլ չգնահատեցին ակադեմիայի նշանակովի ղեկավարությանը, որը ֆունդամենտալ ու կիրառական հետազոտությունները կազմակերպելու, հանրապետությունում կատարվող գիտական հետազոտությունները կոորդինացնելու իր կարևոր առաքելությունը ստորադասեց կոմերցիոն գործունեությանը, ինչը դարձավ ՀՀ ԳԱԱ-ի այցեքարտը: Սա համահունչ էր Ֆադեյ Սարգսյանի աշխատանքային ոճին, մենք առանձնակի ուշադրություն չդարձրինք, թե ինչպես Բաղրամյան 24-ի գիտական գրականության գրախանութը դարձավ գեղարվեստական սալոն, ակադեմիայի նախագահության դահլիճը դարձավ «ախպեր տղերքի» համար ծնունդի և հոբելյանական այլ միջոցառումների կազմակերպման վայր և այլն:
2004 թվից ակադեմիայի համակարգում (ՀՀ կառավարության որոշմամբ) հայտնվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը: Այդ համեստ անունը կրող բյուրոն դարձել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգում կոռուպցիոն գործերը սպասարկող (հավանաբար նաև կառավարող ու կարգավորող) կառույցներից մեկը: Հայաստանի դատաիրավական համակարգում տեղ գտած կոռուպցիոն գործարքները կատարվում են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջոցով, որի «հիմնական գործառույթներն են քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացում ոլորտում.... »:
Մի տրամաբանական հարց՝ ի՞նչ գործ ունի այստեղ ՀՀ ԳԱԱ-ն, ինչո՞ւ է դատաիրավական համակարգի կոռուպցիոն գործարքների համար հիմքեր տրամադրող այդ մարմինը հայտնվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, թաքնվում է նրա անվան տակ: Իմ կարծիքով` սա նման է օպերացիա «յ»-ին. որպեսզի ոչ ոք չկռահի: Իհարկե, ու՞մ մտքով կանցներ, որ Հովսեփ Օրբելու և Վիկտոր Համաբարձումյանի ստեղծած գիտությունների ակադեմիան կարող է այն աստիճանի բարոյալքվել, որ անցնի երկրի կոռուպցիոն գործերի ու գործարքների համար սուտ «փաստեր» ու «ապացույցներ» մոգոնելու անպատվաբեր գործին: Ինչ էլ լինի, քանի տասնամյակ էլ անցնի, հայ ժողովրդի կողմից մեր գիտությունների ակադեմիան ընկալվելու է որպես Վիկտոր Համբարձումյանի ակադեմիա, մաքուր ու անաղարտ, հայ ժողովրդին ու պետությանը անմնացորդ ծառայող մի սուրբ կառույց:
Բայց, ինչ արած, այդպես է դասավորվում Հայաստանի ճակատագիրը, երբ երկրի առաջ կանգնած խնդիրների, տնտեսության, արդյունաբերության, ռազմական արդյունաբերության զարգացման կարևոր գործերը ինքնահոսի մատնած, ակադեմիայի ղեկավար կազմը՝ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ընտրել է կոռուպցիոն գործարքների միջոցով փող աշխատելու ճանապարհը, և ում հետ: Այստեղ կարելի է տալ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» նախկին տնօրեն Արտաշես Ջավադյանի, ներկայիս տնօրեն Արգամ Հովսեփյանի, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի և «մեծապատիվ» այլ մուրացկանների անունները, պաշտոնյա մարդկանց, ովքեր իրենց գրպանի համար փողեր են աշխատում՝ առանց հաշիվ տալու, որ դրանով իսկ կասկածի տակ են դնում գիտական այդ կարևորագույն օջախի բուն իմաստը, դերն ու նշանակությունը: Այսպիսի անհավանական հետևությունների հանգեցի պատահաբար՝ վերլուծելով իմ ընտանիքին վերաբերող ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործի նյութերը, երբ ասպարեզում հայտնվեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2016 թվի նոյեմբերի 17-ի թիվ 15-0406 փորձագետի եզրակացությունը, դա ակնհայտ սխալ եզրակացություն էր, որը ես բողոքարկեցի՝ դիմելով տնօրեն Արտաշես Ջավադյանին, հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ոչինչ չստացվեց: Մամուլի հրապարակումներում շատ է քննարկվում սխալ փորձագիտական եզրակացությունների թեման, դրանք դրվում են դատական ակնհայտ սխալ վճիռների հիմքում՝ դառնալով օրինական ուժ ստացած «փաստեր», և «ապացույցներ»: Չանդրադառնալով մեր կոնկրետ գործի մանրամասներին, միայն ընդգծեմ` ակնհայտ սխալ փորձագիտական եզրակացությունների հիմնական գաղափարը. խոշոր չափի (մինչև 1000 դոլարի սահմաններում) կամ առանձնապես խոշոր չափի (1000-ից 10 հազար և ավելի դոլարի սահմաններում) կաշառքի դիմաց այդ բյուրոն կարող է ՀՀ ԳԱԱ-ին ենթակա հիմնարկի անունից տալ փորձագիտական սխալ եզրակացություններ, որոնց հեղինակների համար սահմանված պատիժը հինգ տարի է (ՀՀ քր. օր-ի Հոդված 338), բայց փորձագետները գնում են դրան, որովհետև մեջը և փող կա, և պլաններ կատարելու խնդիր:
Եթե մի պահ վերանանք կոնկրետ դեպքերի նկարագրումից, ՊՈԱԿ-ի սխալ եզրակացությունները հանգեցնում են հետևյալին` մածունը սև է: Դատարաններում իզուր մի փորձեք ապացուցել հակառակը, այն է` մածունը սպիտակ է։ Մտեք կաշառակեր դատավորների դրության մեջ, նկատի ունեցեք, որ նրանք չափազանց մեծ ռիսկի են դիմում՝ հիմնվելով ակնհայտ սխալ փորձագիտական եզրակացությունների վրա, դա ընդամենը մի փոքրիկ ծղոտ է, որից դատավորները ստիպված են կառչել, ձեռք գցել, դատական սխալ վճիռներ կայացնելիս նրանք խեղդվողի կարգավիճակ ունեն, որովհետև մշտապես ստիպված են իրենց ակնհայտ անարդար դատավճիռները, վճիռները կամ դատական այլ ակտերը կայացնել՝ փշերի վրա նստած վիճակում: Դժվար չէ հաստատել, որպես աքսիոմատիկ ճշմարտություն, որ ակնհայտ սխալ փորձագիտական եզրակացությունների վրա հիմնված դատավճիռները, վճիռները և դատական այլ ակտերը միայն անարդար են լինելու: Իսկ սա արդեն բացահայտ կոռուպցիա է՝ ՀՀ գլխավոր դատախազի թիվ 82 հրամանով (2008 թվի նոյեմբերի 19) հաստատված կոռուպցիոն հանցագործությունների ցանկի 29-րդ կետի, հոդված 352 (ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտեր կայացնելը): Նման դեպքերում դատավորների կաշառակեր լինելու փաստերը հատուկ ապացույցների, տեսանկարահանումների կամ այլ ձևերով ֆիքսման կարիք չունեն: Հիշեցնեմ, որ ՀՀ քր. օր. հոդված 311-ի 4-3 կետով «Կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Հետաքրքիր մի դիտարկում. խորհրդային քրեական օրենսգրքերում չես գտնի դատավորի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ որևիցե հիշատակում, Ստալինի տարիներին դատավորները անկաշառ ու ազնվագույն մարդիկ էին:
Իմ մանկության ընկեր Համլետ Եդիգարյանի հայրը՝ Մկրտիչ Եդիգարյանը, Սպիտակի դատավորն էր, մի մարդ, ում ազնվության մասին մինչ օրս լեգենդներ են պատմում, հիշում են: Մեր դատավորները շատ կաշառակեր, բայց և չափազանց զգույշ են, սխալ վճիռներ կայացնելու համար նրանք պետք է հիմնվեն միայն ակադեմիայի այդ բյուրոյի սխալ եզրակացությունների վրա: Իզուր անցան ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործով դատավոր Էդուարդ Ամալյանին մի բան հասկացնելու իմ ջանքերը, որ «մածունը սպիտակ է լինում»՝ նրան ցույց տալով լիցենզավորված փորձագիտական այլ կազմակերպության ճիշտ եզրակացությունը:
Հնարավոր է` «մածունը սպիտակ է», բայց այդ եզրակացությունը բաղկացած է մեկ էջից, իսկ ԳԱԱ ՊՈԱԿ-ի եզրակացությունը ճիշտ ձևով է կազմված, 10 էջի վրա՝ իր հավելվածներով: Իհարկե, մեր դատավորներն ունակ են թացը ջոկելու չորից, անգիր գիտեն իրենց գործարքի հարմար ընդունելի «ճիշտն» ու «սխալը», հեռվից հեռու ճանաչում են նպաստավոր փորձագիտական եզրակացությունները՝ միշտ ձևով ճիշտ, բովանդակությամբ՝ սխալ, կարևորը դա չէ, կարևորը վերջնական արդյունքին հասնելն է՝ գումարային համարժեքով արտահայտված: ՊՈԱԿ-ի հարցում իմ բազմաթիվ բողոքները պսակվեցին հաջողությամբ, սխալ փորձագիտական եզրակացության հեղինակին ու նրա տնօրենին հեռացրին աշխատանքից: Հույս ունեի, որ նոր տնօրեն Արգամ Հովսեփյանը ՀՀ ԳԱԱ-ի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կսկսի կարգ ու կանոն հաստատել, Նիկոլ Փաշինյանի սիրուց դրդված կպայքարի կաշառակերությամ դեմ: Իմ հարցով դիմեցի նոր տնօրենին, ահա նրա պատասխանը. «Հարգելի պարոն Համազասպյան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 28.06.2018 թ. ստացված Ձեր գրությանն ի պատասխան հայտնվում է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում թիվ ԵԿԴ 3442/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված փորձաքննությունն իրականացվել և ավարտվել է 17.11. 2016 թ.-ին և տրվել է թիվ 15-0406Դ փորձագետի եզրակացությունը: Այսինքն դատավարական առումով դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության կատարումը դեռևս 17.11. 2016 թ.-ին արդեն իսկ եղել է ավարտված, որի պայմաններում ներկայումս դատավարական հիմքեր չկան կազմակերպության ղեկավարի կողմից դատավարության մասնակցի գրության հիման վրա անդրադառնալու ավելի քան 1,5 տարի առաջ տրված փորձագետի եզրակացության հիմնավորվածության, կատարված հետազոտությունների արդյունքների կամ այլ հարցերին: Ինչ վերաբերվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, այդ թվում նախկին տնօրենի, վերաբերյալ Ձեր սուբեկտիվ որակումներին, ապա հարկ է նշել, որ Կազմակերպության ներկայիս ղեկավարությունը պատասխանատու է իր ղեկավարման ժամանակահատվածում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող գործառույթների համար: Հարգանքով՝ տնօրեն Ա. Հովսեփյան: 16/07/2018 թ., գրություն N 05/394»: Խոսքը փորձագետի կողմից օբեկտի միտումնավոր սխալ նկարագրության մասին է, որը կատարվել է հեռակա կարգով՝ առանց օբյեկտ այցելելու՝ օգտվելով «հայցադիմումի նյութերից»: Ես երկրորդ անգամ դիմեցի նոր տնօրենին՝ բացատրելով, որ նա, ելնելով կոռուպցիայի դեմ մղվող պայքարի կարևորությունից, պետք է լրջորեն զբաղվեր իմ բարձրացրած հարցով, լրացուցիչ փորձաքննություն նշանակեր, հասկանար մեր խնդրի էությունը, կողմնորոշվեր ճշտի ու սխալի հարցում, անձամբ այցելեր փորձաքննության օբեկտ, որպեսզի հիմքեր չունենար իմ փաստերը «Ձեր սուբեկտիվ որակումներ» անվանելու, ընդուներ, որ նոր տնօրենը պատասխանատու է իր կազմակերպության կողմից թույլ տված բոլոր սխալների համար՝ անկախ նրանից, թե ում տնօրինության ժամանակ է դա կատարվել, պարտավոր է ուղղել նախկինների սխալները, ներքին հետաքննության միջոցով գտներ մեղավորներին ու համապատասխան պատիժներ սահմաներ: 18 ամիս է անցել իմ նամակից, պատասխանը չկա, թեկուզ նոր տնօրենը պարտավոր էր ողջամիտ ժամկետներում քաղաքացուն հստակ պատասխան տալ: Դատարանների որոշումներից դժգոհ մեր ընթերցողներին խորհուրդ եմ տալիս չընկճվել դատարան-փորձագիտական բյուրո սատանայություններից, դիմեք ինձ՝ ներկայացնելով դատական կոնկրետ գործով փորձագիտական եզրակացության հեղինակի, դատավորի, փաստաբանի անունները, և ես, կոմպյուտերային ծրագրի օգնությամբ, կօգնեմ գտնել արդարության հասնելու Ձեր հուսալի ճանապարհը:
Պետք է փաստել, որ մեր տնտեսական անհաջողությունների հիմնական պատճառներից մեկը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պասիվությունն է, ինչը քողարկելու համար ակադեմիայի ղեկավարությունը ստիպված է տորպեդահարել մեր երկրում ծնվող գիտական նախաձեռնությունները։ Կարծում եմ` ակադեմիայի ղեկավարության ներկայիս կազմը պետք է լուծարվի գիտնականների համահայկական համաժողովի կողմից, և նոր, ավելի գործունյա կազմ ընտրվի: ՀՀ կառավարությանը խորհրդատվական ծառայություններ մատուցող այդ կառույցը դարձել է մեր երկրի գիտական ու տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտը, դարձել է դատաիրավական համակարգում գործող կոռուպցիոն սխեմայի կցորդը, պետք է վերջ տալ այս խայտառակությանը, վերադառնալ դեպի համբարձումյանական ակադեմիա ու հայկական գիտական ողջ ներուժն ուղղել հայ ժողովրդի բարգավաճմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ Հայաստանում և սփյուռքում:
(շարունակելի)
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ