Սպասեցի, որ Վարդավառի հետ կապված ուրախ հուշերը իսպառ մոռացվեն, որ նոր իմ տխուր հուշը փրկեմ մոռացությունից:
ՈՒրեմն, Բաղրամյան պողոտայի մի հատվածում նստած ինձ համար բուրդ էի չփխում ու ոչ մեկի չէի նեղացնում: Մեկ էլ մի կնիկ պոլի փետով բշտեց.
- Էդ բուրդդ հավաքի ու ցվրվի ստեղից:
- Ի՞նչ է պատահել, պայծառակերպ տիկին:
- Լեզվիդ մի տուր: Ստեղ խալի լվացողների տարածքն ա: Բուրդդ բերել-փռել էս, որ ի՞նչ անես: ՈՒզում ես տարբերվե՞ս բոլորից:
- Նույն մշակույթն է, վսեմաշուք տիկին: Պարզապես կամեցա բազմազանություն մտցնել ձեր ՅՈՒՆԵՍԿՕյահաճո առաքելության մեջ:
- Ղալա՛թ արեցիր: Էդ բազմազանությունդ գիտե՞ս ուր կմտցնես: Շուտ հավաքվի, քանի չեմ իջել գլխիդ:
- Դու հո տրանսգենդեր չե՞ս, անզիջում տիկին:
- Ի՜ի՜ի՜ի՜ի՜ի՜նչ, որ տռասի վրա խալի եմ լվում, ուրեմն տռասի գենդեռ ե՞մ,- կռնչաց ու պոլի փետը սպառնալի բարձրացրեց:
Փորձեցի ձեռքիս ճիպոտով պաշտպանվել, բայց բան չստացվեց:
Աղմուկի վրա իրենց պոլի փետերով դեպի մեզ առաջացան մի քանի հարս ու աղջիկ:
Հասցրեցի հիշել, որ գլադիատորների մենամարտերում թրամարտիկը երբեք չի կարողացել դիմակայել երկար եռաժանիով զինված հակառակորդին: ՈՒստի ճիպոտս գցեցի ու փախա:
Մի տասը-քսան մետր անց շնչասպառ կանգնեցի ու հետ նայեցի:
Պոլիփետավորները եռանդով գզգզում էին բուրդս ու քամուն տալիս:
Իսկ մի հնարամիտ մորքուր հեռախոսն ամրացրել էր պոլի փետի ծայրին ու սելֆի էր անում:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ