ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տեղի «ուրվականը», Լաչինի «փականը»… ՈՒղիղ հարցերին՝ ուղիղ պատասխաններ

Տեղի «ուրվականը», Լաչինի «փականը»…   ՈՒղիղ հարցերին՝ ուղիղ պատասխաններ
07.04.2023 | 19:33

Փաստ է, որ ադրբեջանցիները մեր իշխանությունների թողտվությամբ, գուցե ներքին պայմանավորվածությունների արդյունքում ներթափանցել են Սյունիքի մարզի Տեղ համայնք՝ զբաղեցնելով ՀՀ սուվերն տարածքի ավելի քան 100 քառակուսի կմ տարածք:

Փաստ է նաև այն, որ քարտեզների տարընթերցումները պարզաբանելուց հետո ո՛չ մի էական բարելավում ու դրական տեղաշարժ չի արձանագրվել, որի մասին հակառակն էին բարձրաձայնում իշխանությունները:

Թշնամին ո՛չ մի մետր հետ չի գնացել:

Ընդհակառակը՝ հենակետեր է դրել, ամրաշինական ու ինժեներական աշխատանքներն ավարտին է հասցրել՝ տեղացիների սեփականություն հանդիսացող վարելահողերում:

Հետևաբար՝ խնդիրը չլուծվեց, այլ ավելի բարդացավ:

Այն, որ թշնամին ինքնակամ այնտեղից դուրս եկողը չէ՝ ասել եմ բազմիցս:

Այն, որ իշխանությունները որդեգրել են՝ ցանկացած դեպքում խաղաղության հաստատմանն ուղղված անքննելի ու անշեղելի քաղաքական գիծ՝ բոլորս գիտենք:

Այն, որ երկրի ղեկավարը ցանկացած դեպքում ու պարագայում թշնամուն իր ինքնիշխան տարածքից վռնդելու համար բացառում է ռազմական ուժի կիրառումը՝ փաստ է:

Ընդ որում. ֆիքսենք, որ վերջինս իրականում ո՛չ կամք, ո՛չ «դուխ» և ո՛չ էլ ցանկություն ունի լուծել նման խնդիրները:

Երբեմնի դուխը, եթե այն իրոք կար՝ վաղուց սպառվել, «դուխով» կոչերն էլ անհետացել են:

Նա տկար է ու ապիկար,

Չկա իշխանություն, չկա ղեկավար...

Այսօր, նա ընդամենը լրագրողի գործառույթ իրականացնող է, ով հանրությանը տեղեկացնում է եղելությունը, անցուդարձը:

ՈՒ սա բնական է:

Լրագրողը լրատվությամբ պետք է զբաղվի:

Այլ բան նրանից ի՞նչ ակնկալես:

Լավագույն դեպքում դեղին մամուլին բնորոշ տեղեկատվություն տարածելուց զատ կարող է գավառական խորամանկությամբ հանդես գալ ու մանիպուլյացիաներով, ճշմարտանման ստերով «թոզ փչել» բոլորիս աչքերին:

Ինչևէ, սա մեր ողբերգությունն է, մեր խարանը, մեր ամոթն ու խայտառակությունը:

Իսկ թե նման պարագայում, ի՞նչ կարելի է անել ու ինչպիսի՞ վարքագիծ դրսևորել, պատասխաններից մեկը հետևյալն է.

- Ի՞նչն է խանգարում, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով լինի համատեղ առաքելություն:

Մեկը՝ ԵՄ քաղաքացիական, մյուսը՝ ՀԱՊԿ-ի ռազմական արտոնություններով դիտորդները:

Եթե Ռուսաստանը, իրոք, անկեղծ է, ու նրա ցանկությունը հետագա էսկալացիաներն ու օկուպացիաները բացառելն է, ապա ինչու՞ չի կարող ձերբազատվել խանդից ու հանդուրժել ընդամենը 100 հոգանոց ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական՝

1 400 կմ-ից ավելի սահմանագծում:

Մանավանդ որ, վերջիններիս գործառույթները շատ սիմվոլիկ են, ու իրենց ֆիզիկական ներկայությամբ բնավ չեն խանգարի հիմնական՝ ՀԱՊԿ դիտորդների առաքելությանը:

Եթե ՀԱՊԿ-ի ողջ սահմանի երկայնքով իր դիտորդների տեղակայման առաջարկը դեռ ակտուալ է, ինչը ի դեպ, իրենց կողմից արվել էր սեփական նախաձեռնությամբ, առանց Հայաստանի կողմից Կառույցին ուղղված դիմումի, ապա ի՞նչն է խանգարում ՀՀ գործող իշխանություններին ընդունել վերջիններիս առաջարկը:

Մանավանդ որ, Կառույցի կողմից պաշտոնապես կա պատրաստակամություն՝ ստանձնել նման գործառույթ:

Ավելի քան վստահ եմ, որ նման առաջարկի պարագայում, մեր կողմից ԵՄ դիտորդների համատեղ ներկայացվածության հարցը ճիշտ ու գրագետ ներկայացնելու դեպքում Ռուսաստանի հետ հնարավոր է գալ կոնսենսուսի:

Այս երկու առաքելություններից ամեն մեկը կկատարի իր գործառույթը՝ բնավ չխոչընդոտելով ու չմիջամտելով մյուսի աշխատանքներին:

Բնականաբար, պետք է հստակ ճշգրտել նրանց ֆունկցիաները՝ հնարավոր թե՛ լայնամասշտաբ պատերազմի, և թե՛ լոկալ էսկալացիաների ու սադրանքների պարագայում:

Սակայն, այս ամենը հարցերի վերջնական լուծում չի ենթադրում:

Նախ՝ նրանք մեր փոխարեն մեզ պարտադրված պատերազմում չեն կռվելու:

Դիտորդները դիտելու և զեկույցներ կազմելու համար են:

Նրանք անգամ լոկալ էսկալացիա չեն կարող կանխել:

Եվ հետո, այս առաքելությունները ժամանակավոր են:

Նրանք հավերժ չեն կարող մնալ սահմանին:

Հետևաբար, հույսը մնում է դնել սեփական բանակի վրա:

Իսկ այստեղ պատկերն այլ է:

Նման իշխանությունների օրոք, ինչպե՞ս կարելի է հույսը դնել բանակի վրա, եթե վերջիններիս նպատակը բանակի իսպառ կազմաքանդումն է:

ԱԱԾ սահմանապահներով բանակին փոխարինելը դրա հաջորդական քայլերից մեկն է:

Պատկերացնու՞մ եք, որ այլևս սահմանին զորք չլինի:

Ալիևն իր դիմաց դեռ զորք է տեսնում, որ չի հանդգնում կտրել Վայոց Ձորը՝ Ջերմուկից մինչև Նախիջևան:

ՈՒ սա հաշվի առնելով, նշենք, որ ԱԱԾ-ն,

ի տարբերություն ՀՀ Բանակի, ունի 20 անգամ պակաս անձնակազմ, սահմանափակ քանակի սպառազինություն, մարտունակ չէ և չունի այնպիսի ստորաբաժանումներ ինչպիսիք ունի բանակը:

Իսկ Տեղ համայնքում ԱԱԾ սահմանապահ տեղակայելով՝ ՀՀ իշխանությունները փաստացի հաստատեցին, որ Կոռնիձոր-Տեղ-Արավուս գյուղերից այն կողմ Ադրբեջան է:

Ավելին, եթե Լաչինի միջանցքում ադրբեջանցիներն այդպես էլ չկարողացան տեղադրել անցագրային կետ, ապա դրա փոխարեն այն կարողացան տեղադրել Տեղ համայնքում:

Ստացվում է, որ նույնիսկ, եթե բացվի ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից փակված Շուշիի խաչմերուկը, ապա Գորիս-Ստեփանակերտ ողջ ճանապարհահատվածը առաջվա պես անխոչընդոտ անցանելի չի լինի:

Հակված եմ կարծել, որ սցենարը հենց դրան է տանելու:

Ադրբեջանցիները Տեղ համայնքում վերջնական դիրքավորվելուց, նոր բնագծերը կահավորելուց հետո, այնտեղ կտեղադրեն անցակետ:

Հենց այն պատրաստ լինի, «էկոակտիվիստները» կլքեն Շուշիի մատույցները, քանի որ նրանց միսիան ավարտված կլինի ու ծառայություններն այլևս պետք չեն լինի:

Տեղ համայնքի ադրբեջանական անցակետը կապահովի Արցախի շարունակական տոտալ բլոկադան:

Փաստացի՝ Ադրբեջանը կունենա իր պահանջած անցակետը, բայց ոչ Լաչինի միջանցքում:

Իսկ դա նրան ավելի է ձեռնտու:

Մինչ Ստեփանակերտ ընկած հայկական մի շարք գյուղերը, որոնք գտնվում են Լաչինի միջանցքի տարածքում՝ ևս կտրվում են Հայաստանի հետ ունեցած ցամաքային կապից ու հայտնվում ադրբեջանցիների նշանակետի ու շրջափակման մեջ:

Արդյունքում՝ Ադրբեջանն է՛լ ավելի է ընդլայնում իր սահմանները, ավելին՝ այդ անցակետը տեղադրում է ՀՀ սուվերեն տարածքում և այն մնում է անհետևանք:

Եվ հետո՝ Լավրովի այն հայտարարությանը մեր պնդումներին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բառ անգամ չկա «Լաչինի միջանցքում» «անցակետ» լինելու մասին, ապա Ադրբեջանն այն վերահաստատում է՝ ասելով, որ այո՛, Լաչինի միջանցքում (իսկ Լաչինի միջանցք համարվում է՝ Աղավնոյից Ստեփանակերտ ընկած հատվածը) իրոք որ չկա և ոչ մի ադրբեջանական անցակետ:

Ստացվում է՝ Գորիսից Ստեփանակերտ գնալուց, մինչ ռուսական խաղաղապահների ենթակայության ու վերահսկողության տակ գտնվող «Լաչինի միջանցք» հասնելը, պետք է անցնել Տեղ համայնքում գտնվող ադրբեջանական անցակետով:

Նույնը՝ Ստեփանակերտից Գորիս գնալուց:

Մինչև ռուսներին հասնելը՝ ադրբեջանցիներն այդ անցակետում պահանջելու են հայկական մեքենաների ու բեռների պարտադիր ստուգման անցկացումը:

Սա վատագույն սցենարն է, որ կարող է լինել հատկապես Արցախի ու արցախահայության համար:

ՈՒ սա դեռ սկիզբն է:

Դեռ մի շարք մտահոգություններ ու խիստ հավանական սցենարներ չեմ բարձրաձայնում:

Ես գուժաբեր չեմ, բայց պատկերն իրոք տխուր է ու շատ վտանգավոր:

Այսքանն արդյոք գիտակցու՞մ են ՀՀ իշխանությունները՝ կարծում եմ՝ այո՛:

Ի՞նչ են ձեռնարկում՝ Աստված գիտե:

Իսկ մենք միայն մի բան գիտենք.

որ Կառավարությունը շարունակում է գործել էսկալացիայից խուսափելու տրամաբանությամբ ու «խաղաղության դարաշարջան տավտոլոգիայով»:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4059

Մեկնաբանություններ