38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՀՈՒՍԱԼԻ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀՈՒՍԱԼԻ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅՐԵՆԻ ԵԶԵՐՔԻ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ
11.06.2010 | 00:00

Ազգային պատկերասրահի «Որմնանկարների» սրահը մարդաշատ էր։ Այստեղ «Լոռվա ձոր» հայրենակցական միության հրավերով «Թումանյանական ընդունելություն» էր։ Հայրենի եզերքից` Լոռուց, երևանաբնակ լոռեցիներ, նրանց համակիրներ, արվեստագետներ, պարզապես Լոռին սիրող մարդիկ էին հավաքվել` հաղորդակցվելու այն ծրագրերին, որոնք պետք է իրականացնի միությունը մինչև տարեվերջ։ Իսկ այդ ամենին յուրովի անդրադարձան օրվա բանախոսները։
Մասնավորապես, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը նշեց, որ իրենց առաջիկա անելիքները բխում են նախ և առաջ արդեն կայացած հայրենակցական միությունում ձևավորված ավանդույթներից։ Դրանց ավելանում են սկիզբ առնող նոր նախաձեռնությունները։ Մասնավորապես, հիմք կդրվի մի տոնի, որն առնչվում է Հաղպատավանքին և Սայաթ-Նովային։ Գաղտնիք չէ, որ Հաղպատավանքը սերտ առնչություններ ունի մեր արժանավոր զավակներից մեկի` Սայաթ-Նովայի կյանքին և գործունեությանը։ Նա այստեղ է անցկացրել ավելի քան 20 տարի։ Ընդհանրապես, Սայաթ-Նովան Լոռվա աշխարհի հետ կապված է եղել հազար թելերով։
Այս ամենը հաշվի առնելով` ս. թ. հուլիսի 11-ին` Վարդավառի օրը, սուրբ Հաղպատավանքում տեղի կունենա ժողովրդական տոնախմբություն, որի ժամանակ եկեղեցամերձ հրապարակում, որը վերջերս է անվանակոչվել Սայաթ-Նովայի անունով, կտեղադրվի մեր մեծ հայրենակցին նվիրված հուշաքար։ Այդ օրը սկիզբ կդրվի սայաթնովայական Վարդատոնի մի նոր շարունակության։
Օրվա բանախոսներից մեկն էլ` Վազգեն Խաչիկյանը, ներկայացրեց «Լոռվա ձորի» մեկ այլ ծրագիր։ Նա ասաց, որ Լոռվա գողտրիկ ձորի գեղատեսիլ վայրերից մեկում կստեղծվի «Լոռվա մեծերի պուրակ»` նվիրված Լոռվա ձորի արժանավոր զավակներին` Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին, Հովհաննես Թումանյանին, Հրանտ Մաթևոսյանին, Միկոյան եղբայրներին, Արամայիս Երզնկյանին, Սիմոն Զավարյանին, Անտոն Քոչինյանին, գուսան Զաքարյանին և այլոց։ Այստեղ կտեղադրվի աղբյուր-հուշարձան, ինչպես նաև` Լոռվա մեծերին ներկայացնող կիսանդրիներ, հուշատախտակներ, արձաններ։ Կհիմնվեն ծառուղիներ։ Այն կդառնա յուրօրինակ հանգստի գոտի զբոսաշրջիկների, Լոռվա ձոր այցելողների, Երևան-Թբիլիսի մայրուղով երթևեկողների համար։ Այս պուրակում կանցկացվեն Լոռվա մեծերին և հայրենի եզերքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ։
ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, դրվատանքի խոսքեր ուղղելով «Լոռվա ձոր» հայրենակցական միության հասցեին, ասաց, որ թեկուզ միայն Թումանյանի հիշատակը բարձր պահելուն ուղղված ամենատարբեր ծրագրերն («Թումանյանական օրեր», տարբեր միջոցառումներ Երևանում և այլ քաղաքներում) արդեն իսկ բնութագրում են հայրենակցական միության գործունեությունը։ Սրանով հանդերձ, ամեն տարի ձգտում կա ինչ-որ բան փոխելու և ավելացնելու։ Օրինակ, մեկ տարում Թումանյանի 16 գիրք հրատարակելը նշանակում է ոչ փոքր ավանդ Մեծ լոռեցու ստեղծագործությունների հանրայնացման գործում։ Իսկ այն իրողությունը, որ այս տարի նորովի` նրա ժառանգների մասնակցությամբ, կնշվի «Թումանյանական օրերը», նշանակում է մեծ հարգանքի տուրք մատուցել Թումանյանի հիշատակին։
Առաջին անգամ Դսեղում կհավաքվեն տարբեր երկրներում ապրող Թումանյանի ժառանգները։ Նրանք կգան Ռուսաստանից, Գերմանիայից, Հոլանդիայից, Վրաստանից։
Հանդիսույթի ժամանակ ներկայացվեցին այլ ծրագրեր։ Մասնավորապես, այս տարի ևս Լոռվա ձորում, այս անգամ Մոտկորում, կկազմակերպվի նկարիչների սիմպոզիում, որը նվիրված կլինի Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին։
Սիմպոզիումի արդյունքներով տարեվերջին կկազմակերպվի «Հրանտ Մաթևոսյանի աշխարհը» պայմանական խորագրով ցուցահանդես։
Սեպտեմբերին Ախթալայի վանքում կնշվի ավանդական` Մարիամ Աստվածածնի տոնը, որի ժամանակ տեղի կունենա եզակի «Մատանիների հուշարձանի» բացումը։ Այստեղ ևս տեղի կունենա ժողովրդական տոնախմբություն։
Մինչև տարեվերջ կկազմակերպվեն այլ միջոցառումներ, կնշվեն մեր ճանաչված հայրենակիցների հոբելյանները, հանդիպումներ կլինեն տարբեր բնակավայրերում, կկազմակերպվեն համերգներ, մշակութային միջոցառումներ։
Հանդիսույթին յուրովի մասնակցություն ունեցան «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամ նկարիչները և համակիրները` կազմակերպելով ինքնատիպ մի ցուցահանդես։ 24 նկարիչների ցուցակը գլխավորում էր ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը։ Ներկայացված աշխատանքները կարող էին գնել ներկաները, հասույթը փոխանցելով «Լոռվա ձորի» ապագա ծրագրերի իրականացմանը։ «Լոռվա աշխարհը գերել է ինձ,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը,- այս տարի ես ՀՀ նկարիչների միությունում ներկայացրի «Լոռվա ձորում» նկարների ցուցահանդեսը, որի համար շնորհակալ եմ հայրենակցական միությանը։ Իսկ այսօր իմ «Լալվար սարը` Օձունից» նկարով ուզում եմ իմ համեստ ներդրումն ունենալ միության ապագա ծրագրերում»։
Հանդիսույթին յուրովի մասնակցություն ունեցավ նաև ժողովրդական արտիստ, հայրենակցական միության պատվավոր անդամ Սոս Սարգսյանը, որը, հիվանդանոցում գտնվելով, ոչ միայն իր ջերմ ողջույններն էր ուղարկել ներկաներին, այլև բոլոր մասնակիցներին նվիրել նոր-նոր լույս տեսած «Կանչ» գիրքը։ Հանդիսության 300 մասնակիցները տեր դարձան այդ ուշագրավ գրքի։ «Փաստորեն, սա ընթերցողի առաջին հանդիպումն է գրքի հետ,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահության անդամ, արձակագիր Վանուշ Շերմազանյանը։- Վերջին շրջանում վարպետը այլ գրքեր էլ է լույս ընծայել։ Բայց այդ գրքերի շնորհանդեսը «Լոռվա ձորը» կկազմակերպի առաջիկայում»։
ՈՒշագրավ ցերեկույթն ավարտվեց հետաքրքիր գեղարվեստական մասով։ Իրենց կատարումներով հանդես եկան «Արամ Խաչատրյան» պետական լարային քառյակը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, ինչպես նաև ՀՀ վաստակավոր արտիստներ, երգիչ Ռուբեն Սահակյանը և դաշնակահար Անահիտ Ներսիսյանը։ Իսկ ավարտին տեղի ունեցած հյուրասիրության ժամանակ Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը բաժակ բարձրացրեց ի պատիվ Լոռվա մեծերի արժանի զավակների, հաջողություններ մաղթելով «Թումանյանական ընդունելությունից» սկիզբ առնող ծրագրերին։
Լիլիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ