ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միասնական ջանքերով մենք դուրս կբերենք մեր ազգին այս ճգնաժամային վիճակից

Միասնական ջանքերով մենք դուրս կբերենք մեր ազգին այս ճգնաժամային վիճակից
05.02.2024 | 19:50

Հանգստյան օրերին համացանցում լայն տարածում է գտել գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթը, որտեղ նա, ի թիվս այլ մտքերի, պնդում է, որ «հայերը աշխարհի ամենահիվանդ ազգն են», և մասնավորապես անդրադառնալով նախկինում կայացած մեր մի զրույցին ևս՝ նշում է, որ ես էլ խիստ գերագնահատում եմ մեր ազգի կարողությունները:

Խորին ակնածանք տածելով Սրբազան հոր նկատմամբ, և որևէ կերպ չցանկանալով սա շարունակական պոլեմիկայի վերածել, ընդամենը ցանկանում եմ այս կապակցությամբ նշել հետևյալը՝

ա) այսօր աշխարհի տարբեր մասերում տարբեր ազգեր բախվում են լրջագույն մարտահրավերների, և գտնվում են խորը ճգնաժամի մեջ: Հարավային Կորեայում մի կնոջ հաշվով ծնունդները ընդամենը 0.8 երեխա են կազմում, ՈՒկրաինայում անկախացումից ի վեր բնակչության թիվը փաստացի կրկնակի նվազել է, Էկվադորում վերջերս մաֆիան լկտիաբար գրավեց բանտերը և պետական հեռուստատեսությունը, խաղաղ և բարեկեցիկ Լիտվայից արտագաղթը ավելի մեծ տոկոս է կազմում, քան փաստացի պատերազմում գտնվող Հայաստանից:

Պնդել, որ «հայերը աշխարհի ամենահիվանդ» ազգն են՝ ակնհայտ չափազանցություն է, և անտեսում է այն լրջագույն խնդիրները, որոնց այսօր բախվում է ողջ աշխարհը և շատ այլ ազգեր, և որոնք ազդում են նաև մեր ազգի վրա, թուլացնելով նրա կազմակերպվածությունը և դիմադրողականությունը, դրան մեր դեպքում գումարվում է նաև բիրտագույն արտաքին ճնշումը:

բ) Դրանով հանդերձ, մեր ազգը իսկապես գտնվում է խորը ճգնաժամի մեջ, և դա անտեսելը որևէ կերպ անհնար է: Այդ իմաստով ես համաձայն եմ Սրբազան հոր հետ, որ հիվանդությունը բուժելու համար սկզբից պետք է ընդունել նրա գոյության փաստը, և ճիշտ ախտորոշում կատարել: Միևնույն ժամանակ, ցանկացած օրգանիզմ բուժելու համար պետք է հենվել այդ օրգանիզմի առկա ուժերի և դիմադրողականության վրա, այլապես եթե հիվանդին անընդհատ միայն ասես, որ նա հիվանդ է, բայց ապաքինվելու հույս ու կոնկրետ բուժում չառաջարկես, նա, ի վերջո, անձնատուր կլինի հիվանդությանը, և կվախճանվի:

գ) Հենց այդ համատեքստի մեջ է պետք դիտարկել այն պնդումը, որ ես գերագնահատում եմ մեր ազգի կարողությունները: Արդեն երկար ժամանակ զբաղվելով հանրային գործունեությամբ, և շփվելով մեր ազգի բազմաթիվ շերտերի և անհատ ներկայացուցիչների հետ, ես տեսել եմ մեր մեջ եղած և դրականը, և բացասականը, և որևէ կերպ ոչ գերագնահատում եմ մեզ, բայց ոչ էլ թերագնահատում: Ես համոզված եմ, որ այս ճգնաժամից մենք դուրս կգանք, հենվելով մեր ունեցած լավագույն անհատների և կառույցների, պատկերավոր ասած՝ մեր ազգային օրգանիզմի առողջ հատվածի վրա, և մինչ այժմ ուժերիս սահմաններում հնարավոր ամենն արել եմ՝ այդ հատվածին մոբիլիզացնելու, ոգևորելու և գործողության մղելու համար: «Հայաքվե» նախաձեռնությունը դրա օրինակներից մեկն է, և եթե այն դեռևս չի հասել ցանկալի արդյունքի, չի նշանակում, որ մենք նրանից պետք է հրաժարվենք՝ ընդհակառակը, պետք է ավելի մեծ համառությամբ շարունակենք մեր գործը, միևնույն ժամանակ ավելի ազդու և արդյունավետ եղանակներ գտնելով այն հաջողության հասցնելու համար:

Այսքանով ցանկանում եմ ավարտել արձագանքս, ևս մեկ անգամ հարգանքներիս խորին հավաստիքը հղելով Սրբազան հորը, և հույս հայտնելով, որ միասնական ջանքերով մենք դուրս կբերենք մեր ազգին այս ճգնաժամային վիճակից ու հարատև զարգացման ուղի կբացենք նրա առաջ: Աստված օգնական բոլորիս:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ