ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փողն ու հեղափոխականը

Փողն ու հեղափոխականը
12.12.2023 | 21:33

Ընդհանրապես փողի մասին խոսելիս մեր մտքում այն պատկերացնում ենք հաստափոր, ֆրակներով պճնված, ահռելի ցիլինդրով և փոքրիկ բեղիկներով, ձեռնափայտի վրա հենված մարդու պատկերի, սիլուետի հետ։

Դրան հակառակ, հեղափոխական ասելիս պատկերացնում ենք թոքախտավոր Ձերժինսկուն, կամ գեղեցկադեմ Չէ Գեվարարային, մարդկանց, որոնք երբեք չեն մտել կապիտալիստների հետ ստվերային պայմանավորվածությունների մեջ, երբեք փակ դռների հետևում չեն վաճառել ժողովրդի վստահությունը։

Ինչու եմ հիշել մշտական, անլուծելի հակասության մասին, որ կա խոշոր կապիտալի, մոնոպոլիստական կապիտալի և հեղափոխական զանգվածի միջև։

Որովհետև ներկա Հայաստանում ականատեսն ենք դարձել իսկապես սարսափելի մի միության, որի կազմաքանդումը դարձել է անխուսափելի։ Իշխանական լրահոսին և «Հ1» էկրանով իրադարձություններին հետևող մարդիկ նկատել են, որ համաշխարհային բանկի և արժույթի միջազգային ֆոնդի նվիրակների և ՀՀ ներկա գործադիր իշխանության միջև ցանկացած հանդիպում հիշեցնում է քավոր-սանիկային կամ համարյա սիրային շքերթ, փոխադարձ լայն ժպիտներով, հինգ րոպեանոց ձեռքսեղմումներով և ուրախ ժպիտներով։

Ընդ որում, դա հանդիպումներ են իրեն հեղափոխական կոչող, համարող անձի և կապիտալի տերերի միջև։

Ի՞նչն է այդ երկու կողմերին միավորում:

Թեման բավականին խորն է և այն ընկալելու համար անհրաժեշտ կլինի մի քանի շերտեր քննել, բարձրացնել վիճակագրական տվյալներ, բարձրացնել փոխշահավետության վրա փռված թանձր վարագույրը։ Կփորձենք և կներկայացնենք որոշ հարցերի շուրջ մեր դիրքորոշումը։

1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Ցանկացած քաղաքատնտեսական դպրոց աքսիոմատիկ կերպով հաստատում է, որ հեղափոխությունը դա հասարակության արտադրության միջոցների նկատմամբ սեփականության ձևի փոփոխությունն է, այլ կերպ ասած, հեղափոխական անձը չի կարող կատարել հեղափոխության առաջադրանք, առանց արտադրության միջոցների նկատմամբ կացութաձևի փոփոխության։ ՀՀ 2018 թվականի իշխանափոխության ֆարսը չի եղել հեղափոխություն, քանի որ երեսուն տարիների ընթացքում հանրությունից գողացված փողերով, կապիտալի վերաբաշխում իրականացնող ազգային տնտեսական կապիտալիստական խմբերը դեռևս ամբողջովին տիրապետում են արտադրության միջոցներին, իսկ դրանց արտադրանքը համախառն ներքին արդյունքի գերակշիռ մասն է կազմում։ Ակնհայտ է, որ ՔՊ իշխանությունը հեղափոխական չէ և չի էլ եղել։ Այն պարզապես ամբոխներին խաբել է հեղափոխության մասին էժանագին լոզունգներով։

2. ՍՏՐԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Ցանկացած հեղափոխական իշխանություն հրաժարվում է նախկին շահագործողների կողմից կնքված պայմանագրերից և առաջնահերթ կերպով դադարեցնում է տարատեսակ պարտքերի, վարկերի, դրանց տոկոսների սպասարկումը։ Հայկական հեղափոխական հորջորջված ՔՊ խմբակը ոչ միայն չի գնացել վերը նկարագրված ճանապարհով, այլև էլ ավելի մեծ պարտքերի մեջ է խրվել։ Բավական է հիշատակել, որ ընդամենը հինգ տարվա ընթացքում երկրի արտաքին պարտքը աճել է երկու անգամ, վեց մլրդ ԱՄՆ դոլարից հասել է տասնմեկ և կես մլրդ ԱՄՆ դոլարի մտահոգիչ շեմին։

Սարսափելի են լինելու 2024-2025 թվականները այդ իմաստով։

Առանձին տարիներին նախատեսվում է 1,6-1,9 մլրդ ԱՄՆ դոլարի չափով մայր պարտքի և տոկոսների վճարում, ինչն անկասկած ահռելի ծանր բեռ է լինելու ՀՀ պետական բյուջեի համար։

Ավելի քան վստահ ենք, որ ՀՀ-ն չի կարողանալու ապահովել պարտքի սպասարկումը և փորձելու է գնալ պարտքերի վերաձևակերպման ճանապարհով, փորձելու է հաշտության եզր գտնել ԱՄՖ և ՀԲ կոչված վաշխառուների հետ։

3. ԿԱՍԿԱԾԵԼԻ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ

Երկիրը պարտքերի տակ մտցնող քաղաքական իշխանության և համաշխարհային բանկի և արժույթի միջազգային ֆոնդի միջև ստեղծվել են յուրահատուկ գործընկերային հարաբերություններ։

Փնթի, գյուղապետերի ուղեղի արգասիք սուբվենցիաների, կամուրջների լուսավորում հիմարության վրա, շռայլ պարգևավճարների բաժանման վրա, թմրամոլ ռեպերների համերգների վրա մսխվող, փոշիացող ֆինանսները չեն մտնում արտադրություն, չեն դառնում տեխնոլոգիա, չեն դառնում նոր ավելացված արժեքի աղբյուրներ, չեն գնում կրթության ոլորտ, չեն դառնում գիտելիք, փորձ, ապագայի միտված գիտություն։

Տրամադրվող ֆինանսները չեն ստեղծում տեխնիկական, արտադրական դաշտ, որը հնարավոր կդարձներ գոնե մոտ տարիներին հրաժարվելու, կամ առավել ևս փակելու վերցրած վարկերը։

Նկարագրվածը ենթադրում է, որ ՀՀ-ն ընկել է ֆինանսական ստրկության մեջ, որից ելք չկա և ելք գտնելու բոլոր հնարավորությունները տորպեդահարվում են։ Փաստացի, համաշխարհային մոնոպոլիստական խմբերը և դրանց գործիք հանդիսացող ֆինանսական վաշխառուները անընդհատ Հայաստանը պահելու են վարկային ասեղից կախված, հօգուտ իրենց և ի վնաս տեղական արտադրական խմբերի։

Եվ այդ գործում ո՞վ է նրանց գործակատարը: Իհարկե ներկա քաղաքական իշխանությունը, որի պլանավորած տնտեսական քաղաքականության արդյունքում ՀՀ բյուջեում չեն լինելու բավարար միջոցներ անվտանգության ծախսերի համար։ Փաստացի իշխանություն և վարկատու խմբերը փակում են ՀՀ-ի ռազմական ռևանշի ընդունակությունը և հնարավորությունները։

4. ՏԵՍԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ԵԼՔ

Բավական է նշել, որ պարտքերի և տոկոսների սպասարկումից նույնիսկ երկու-երեք տարվա ժամանակաշրջանով հրաժարվելու դեպքում, Հայաստանը հնարավորություն կունենա 2024-2025 թվականների համար ունենալ մոտ երեք մլրդ ԱՄՆ դոլարից ավելի ազատ միջոցներ, որոնց օգնությամբ կարելի կլինի անվտանգության իմաստով համադրելի ծախսեր կատարել Ադրբեջանի հետ ռազմական մրցավազքում։ Ո՞վ պետք է նախաձեռնի պարտքերի և տոկոսների վճարումները հետաձգելու կամ դուրս գրելու առաջարկ պահանջը: Իհարկե ՔՊ իշխանությունը, բայց դատելով արտասահմանյան հյուրերի հետ դրանց համարյա սիրային ռեվերանսները, կարելի է ձեռք քաշել այդ գաղափարից։

5. Վերոհիշյալ չորս կետերով ներկայացված հարցերը մեզ տալիս են բավարար հիմք կատարելու գլխավոր հարցապնդումը։ Իսկ ի՞նչ ուժերի մասին էր ակնարկում ՀՀ նախկին ղեկավարը, ով հրաժարականի մտադրության հիմքում որոշակի եվրոպական, անգլոսաքսոնական հետքով, մշուշոտ ակնարկներ էր հիշատակել լրագրողների հետ ունեցած զրույցներից մեկի ընթացքում: Կարո՞ղ ենք արդյոք պնդել, որ ՀՀ իրականացված իշխանահանձնում օպերացիան ուներ տերեր, շահառուներ, որոնք Հայաստանը պարտքային ստրկության փոսը գցելու համար իշխանության բերեցին մոնոպոլիստական կապիտալի ազգային գործակատարների, մարդկանց, որոնք ոչ հեղափոխական են, ոչ ազգայնամետ, ոչ տեխնոկրատներ, ոչ մտածող, այլ ընդամենը գործակատար։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Հիշատակեմ, որ ՀՀ-ն պարտքերի թակարդ գցածները առանց առանձնակի դժվարության, միլիարդավոր դոլարների վարկեր են դուրս գրել երրորդ աշխարհի բազմաթիվ երկրներից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3688

Մեկնաբանություններ