Ջավախքցի քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը հայտարարություն է արել Թուրքիայի հայ մտավորական Սևան Նշանյանի ազատազրկման կապակցությամբ:
«Ինչքան էլ ցավալի լինի, այսօր ամբողջ աշխարհում և, մանավանդ, մեր տարածաշրջանում քիչ չեն ազատ խոսքի իրավունքի համար բանտում հայտնվող լրագրողներն ու մտավորականները։ Սակայն Սևանի պարագայում դա ավելի ցինիկ է ու պարսավելի` նկատի ունենալով, որ թուրքական իրավական համակարգը նրան դատապարտել է երկու տարվա ազատազրկման` մեղադրելով 42 քառակուսի մետր անօրինական շինարարություն իրականացնելու մեջ։ Եվ սա այն պայմաններում, երբ նույն պետությանը` Թուրքիայի Հանրապետությանը պատկանող խոշորագույն ընկերությունները Վրաստանի հայաբնակ Ջավախքի տարածաշրջանում իրականացնում են բազմաթիվ անօրինական մեծածավալ շինարարական նախագծեր, մասնավորապես` Կարս–Ախալքալաք երկաթգիծը, ՀԷԿ–ը և այլն»,- ասված է հայտարարության մեջ:
Չախալյանի մեկնաբանմամբ, Սևան Նշանյանին իրականում ազատազրկել են լոկ այն պատճառով, որ Թուրքիայի չգրված օրենքներով հայ մտավորականին չի թույլատրվում ունենալ սեփական ազատ մտածողություն`«մանավանդ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրյակին»: Ջավախահայ քաղաքական գործիչը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին և միջազգային կառույցներին` ջանք չխնայել Սևանի նկատմամբ գործող անօրինականություններին վերջ տալու համար. «Խոսքի ազատության իրավունքը և ժողովրդավարական այլ արժեքները մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղ համակեցության մեծագույն երաշխիքներն են: Թույլ չտանք, որ անպատասխանատու ազգայնամոլ շրջանակներ խախտեն այդ նվիրական հավասարակշռությունը»,-ասված է հայտարարությունում:
Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ, լրագրող, մտավորական, մարդու իրավունքների և ժողովրդավարական ազատությունների այլախոհ գործիչ Սևան Նշանյանը 2014թ. հունվարի 2-ից ի վեր գտնվում է Թուրքիայի Իզմիր քաղաքի բանտում: Ինչպես Վ. Չախալյանն է նշում, ընթացող տարբեր դատական գործերի առկայությամբ, մտավորական գործչին սպառնում է մինչև 50 տարի ազատազրկում: