ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Բոլորը փորձում են ունեցածը պահել, իսկ «Ժառանգությունը» չգիտի ինչ անել

Բոլորը փորձում են ունեցածը պահել, իսկ «Ժառանգությունը» չգիտի ինչ անել
15.03.2013 | 00:15

Գիտե՞ք` որն է ամենաանցանկալի վիճակը քաղաքականության մեջ` սովորական դառնալը: Անգամ ամենաանսովոր վիճակները արագ են սովորական դառնում, եթե ժամանակի մեջ փոփոխություններ չեն լինում: Մենք բոլորս արագ ընտելացանք Ազատության հրապարակի հացադուլանստացույցային կարգավիճակին և առավելագույնը, որ անում ենք` պարզելն է` ինչ կա-չկա այսօր:

Վերջ: Որովհետև նրանք, ովքեր հրապարակում են, արել են իրենց անելիքը ու սպասում են: Նրանք, ովքեր հրապարակում չեն, սպասում են, թե հրապարակում ներկաներն ինչ են անելու: Եվ հրապարակում ներկաները և հրապարակում բացակաները հարցազրույցներ են տալիս ու կարդում են ուրիշների հարցազրույցները: Վերջ: Որովհետև այս վիճակն արդեն դարձել է սովորական: Որովհետև որևէ կողմից ելքեր չեն առաջարկվում: Բոլորն ամեն ինչ արել-ասել-ավարտել են, ու` սպասում են: Ո՞Ւմ և ինչի՞ն:
Հավատանք Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ ասում է, որ ինքն իր անելիքն արել է, իր ասելիքն ասել է, ու հիմա արդեն իր ասելիքը պիտի Սերժ Սարգսյանն ասի կամ անի: Տրամաբանորեն ու գործնականում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես արել է իր քայլերը: Գոնե իր պատկերացումներով, հացադուլն ապացուցում է, որ տարբերակներ չկան, Րաֆֆի Հովհաննիսյանը գծել է փակ շրջանակ և մտադիր չէ այդ շրջանակը հատել:
Անցած շաբաթ քաղաքական բոլոր ուժերը և քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց չգրված պարտքը համարեցին ներկա ստանալ Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանին: Որպես կանոն` մի քանի րոպե ջերմ զրույցից հետո նրանք մի քանի բառ էլ լրագրողներին էին ասում կամ չէին ասում ու հեռանում էին` կատարած պարտքի բարձր գիտակցությամբ: Բացառությամբ Արամ Սարգսյանի:
Ընդդիմադիր ուժերը և անգամ այլընտրանք ինքնահռչակվածը հայտարարում են, որ եղել են ու մնում են ժողովրդի կողքին: Ակնհայտորեն` նրանք չգիտեն, թե որտեղ է ժողովուրդը: Որքան էլ տարօրինակ է` սա ամենամեծ հարցն է նրանց համար: Որտե՞ղ է ժողովուրդը: Կամ մարդկանց այն հատվածը, ում նրանք հակված են ժողովուրդ համարել: ՀՀԿ-ն, օրինակ, ունի իր ժողովուրդը, ԲՀԿ-ն` իր, ՀՅԴ-ն` իր, «Ժառանգությունը»` իր: Եվ բոլորը խոսում են իրենց ժողովրդի անունից: Առանց տեսնելու իրենք իրենց ու իրենց ժողովրդին, որովհետև դա էլ է սովորություն դարձել: Քաղաքականության մեջ ամենավտանգավորը սովորությանն ընտելանալն է նաև, որովհետև ընտելանալը ենթադրում է անշարժ վիճակ, իսկ կյանքը անշարժ վիճակներ չունի: ՀՀԿ-ն, իհարկե, իրավական հիմքեր ունի հղում կատարել իր ժողովրդի վրա, ինչը և անում է: Համենայն դեպս, այսօր հրապարակում չկա այնքան ժողովուրդ, որ հնարավոր լինի ասել` ՀՀԿ-ի ժողովուրդն այլևս իրենը չէ: Եվ դա միանգամայն բավարարում է ՀՀԿ-ին, որ բացի պայմանականորեն իր ժողովրդից ունի իշխանական լծակներ: ՈՒրեմն` համբերելու ու ոչինչ չձեռնարկելու հնարավորություններ ու իրավունք:
ԲՀԿ-ն հարմար տեղավորվել է խորհրդարանական դափնիների վրա: Բարեգործության ու քաղաքականության մեջ տարբերություններ չտեսնող ԲՀԿ-ն շարունակում է թիկունքում տեսնել իր ժողովրդին, որ հեռացել է իրենից` չստանալով ակնկալածը, մինչդեռ ԲՀԿ-ն սովորության համաձայն` իրեն առանցք է զգում: Առանցք` այո, բայց ինչի՞: Եթե առանցքը իշխանության ու ընդդիմության միջև անցնող (կամ չանցնող) գիծն է, այո, ԲՀԿ-ն առանցք է, որովհետև և՛ իշխանության հետ է, և՛ ընդդիմության հետ: Թվում է` ճկուն տարբերակ է, իրականում կտրում է ժողովրդից: Րաֆֆի Հովհաննիսյանի պարագան կարող էր պատճառ դառնալ, որ ԲՀԿ-ն որոշակիանար կուսակցական կողմնորոշման ու ապագայի ընտրության մեջ: Բայց ակնհայտորեն ԲՀԿ-ն մեկ խնդիր ունի` ինքնապահպանվել և չկորցնել լծակները մինչև 2017-2018 թթ., որպեսզի նորից իր պատկերացրած «առանցքը» դառնա` իշխանության բերելու իր ստվերային նախագահին:

ԲՀԿ-ն աշխարհը տեսնում է ստատիկ պատուհանից, որտեղ պատկերը չի փոխվում, որովհետև փողոցը փակ է` երթուդարձ վաղուց չկա, երթևեկը այլ խաչմերուկ է տեղափոխվել:
ՀԱԿ-ը կամ այն, ինչ մնացել է ՀԱԿ-ից, ևս ունի իր ժողովուրդը, քիչ, բայց ունի, այդ ժողովուրդը Լևոն Տեր-Պետրոսյանի անդավաճան ուղեկիցն է, որ պարզապես սիրում է կուռքեր, ընտելացել է կուռքերի անսխալականությանը և հավատում է` ինչ էլ լինի: Պատահում է: ՀԱԿ խմբակցությունը, որ դարձել է անհատների ներկայացուցչություն, թերևս ինքն էլ չգիտի` ում շահերն է ներկայացնում: ՀԱԿ կուսակցությունը հիանալի շանս ունի միանգամից ներգրավվելու նոր իրավիճակում` իբրև դերակատար, բայց դա գրեթե բացառվում է, որովհետև, ինչպես ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն էլ իրեն, սովորության համաձայն, առանցք է համարում, իսկ առանցքի շուրջ պտտվում են, ինքը` կարող է իրեն թույլ տալ անշարժություն:
ՀՅԴ-ն ունի ցանկացածը և այնքան իմաստուն է, որ ավելին չպահանջի, առավել ևս իբրև նախագահական հայտ չներկայացրած կուսակցություն, որ հրապարակավ որևէ քաղաքական ուժի չի պաշտպանել: Հավակնությունների մասով ՀՅԴ-ն իր պարտիան հանգիստ խաղարկում է և իշխանական, և ընդդիմադիր դաշտերում:
Ի՞նչ կարող է անել Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի քաղաքական դաշտում: Դաշնակիցներ որոնելն իմաստ չունի: Հայ քաղաքական ասպարեզում դաշնակցության մեկ սկզբունք է գործում. բոլորն անցնում են ուժեղի կողմը` ընթացքում «չնկատելով», որ իրենց անցումն է այս կամ այն կողմին դարձնում ուժեղ: Րաֆֆի Հովհաննիսյանը մնացել է մենակ իր հաղթանակի հետ: Երկու անգամ հանրապետությունում պտտվելուց հետո նա վերադարձավ Ազատության հրապարակ` իր մենակությանն ընդառաջ, որտեղ հույս ու հավատ ուներ գտնել ժողովրդին: Կա ժողովրդի որոշակի քանակ, որ որակ է դառնում` պարտադրելով և մյուս քաղաքական ուժերին, և հրապարակին իր հետ հաշվի նստել: Այդ որակին Րաֆֆի Հովհաննիսյանը չի հասել: Այս ընթացքով` փափուկ ուժի քաղաքականությամբ, նա առավելագույնը կարող է հասնել իր մինիմում պահանջի կատարմանը` հրապարակ կգա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը` Մեծ Բրիտանիա հայրապետական այցից հետո, համոզելու դադարեցնել հացադուլը, որ բնավ քրիստոնեավայել չէ: Գուցե նաև հրապարակ կգա Սերժ Սարգսյանը, բայց ոչ այն նպատակով, ինչ նպատակով արված է հանդիպման հրավերը: Սերժ Սարգսյանը կարող է ունենալ հույժ քրիստոնեական նպատակներ` կյանքը փրկելու նրա, ով ինքնափակվել է մի փակուղում, որտեղից միայն ժողովուրդը կարող է նրան հանել: Բայց ժողովրդին պետք է առաջնորդել, իսկ առաջնորդ չկա: Փաստորեն: Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նաև այդ դերից է ազատել: Նախագահի երդմնակալության արարողությունը «միայն իմ դիակի վրայով» հնարավոր դառնալու մասին հայտարարությունն ավելի պատասխանատու ու հեռագնա է, քան հացադուլը: Որովհետև փակում է դռները: Ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցնելուց հետո (ասենք` դստեր` Շուշիի, ծննդյան օրվա առիթով): Ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը կամ «Ժառանգությունը» Երևանի ավագանու ընտրությունների պարագայում: Ընդունեք, որ, մեղմ ասած, հասկանալի չէ, երբ նախագահ ընտրված մարդը (իր գնահատականով ու հայտարարությամբ) հավակնում է քաղաքապետի պաշտոնին: Եվ առավել քան` հասկանալի չէ, որ նախագահական ընտրությունների պատմությունը չավարտած` կուսակցությունը նոր ընտրության մեջ է խրվում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կամ առանց նրա: Նախորդ և գործող խորհրդարաններում ունեցած խմբակցության փորձով «Ժառանգությունն» արագ կարող է հաշվարկել իր նախաձեռնությունների արդյունավետությունը` մեկ, և երկու` նույնիսկ քաղաքապետի պաշտոնը ստանալով` «Ժառանգությունն» ընդամենը հնարավորություն է ստանալու ինտեգրվել իշխանական համակարգին: Ոչ ավելին:
Բնական է, որ այս ամորֆ, ինքնաբավ ու աննպատակ քաղաքական դաշտում, որտեղ բոլորը փորձում են ունեցածը պահպանել, իսկ «Ժառանգությունը» չգիտի ինչ անել, անարձագանք պիտի մնար Արամ Սարգսյանի առաջարկն ընդդիմադիր ուժերին` վայր դնել մանդատները և նոր իրավական վիճակ ստեղծել: Թվաբանական առումով` 131 պատգամավորի առկայությամբ 17 վայր դրված մանդատները խորհրդարանական ճգնաժամ չեն առաջացնի երկրում, բայց միշտ չէ, որ քաղաքականության մեջ թվաբանությունն է գլխավորը: Նախ` «Ժառանգության», ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի միասնական քայլը իսկապես նշանակելու էր ժողովրդի կողքին լինելու նրանց հավաստիացումների գործով հաստատում, նշանակելու էր, որ նրանց վաղ մանկության կամ ուշ պատանեկության երազանքը պատգամավոր լինելը չէր, երկրորդ` Ազատության հրապարակում հավաքելու էր իսկապես մարդկանց այն քանակությունը, որի հետ իշխանությունը հարկադրված էր լինելու հաշվի նստել: Պատահական չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բարձրաձայնեց այդ առաջարկը` հավելելով իր համաձայնությունը: Սակայն ՀԱԿ-ը լռեց, ՀՅԴ-ն իմաստ չտեսավ, ԲՀԿ-ն առաջարկեց իրենց համոզել, ՀՀԿ-ն չհասկացավ: Ահա և ստացվում է, որ դաշտում գործող քաղաքական ուժերը զբաղված են սեփական շահերի ինքնասպասարկմամբ, և` վերջ: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դաշտի վերջին մոհիկանն է, որ հավատում է իր առաքելությանը և հավատում է մինչև ապրիլի 9-ը հրաշքի, որ փոխելու է իրադարձությունների ընթացքը: Հավատը, իհարկե, սարեր է շարժում, բայց հրաշքները սովորաբար ունեն պրոզաիկ բացատրություններ, առավել ևս միստիկան հրապարակավ ու հրապարակում բավականին բարդ գործողություն է, որ կարող է և տեղի չունենալ: Եվ ի՞նչ: Խիստ ընդդիմադիր, Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակն ընդունող և ժողովրդի կողքին կանգնած, մանդատներից հրաժարվել չցանկացող, իմաստ չտեսնող (իսկ ի՞նչ իմաստ ունի խորհրդարանում անիմաստ գործով զբաղվելը) ընդդիմությունը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին է մենակ թողնում Ազատության հրապարակում, այլ ինքնամեկուսանում է քաղաքական այն դաշտից, որտեղ ոչ թե տարատեսակ գծակարգերն են գործում, այլ ժողովուրդը և պետության անհրաժեշտությունը: Հավելած քաղաքական այն ուժին կամ առաջնորդին, ով իրավիճակին տեր լինելու պատասխանատվություն կստանձնի` առանց հացադուլի-նստացույցի, քաղաքական, քաղաքացիական մահվան կամ սպառնալիքի: Ժամանակի հարց է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Խոր հիասթափություն է սպասվում հատկապես նրանց, ովքեր ափիբերան սպասում էին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին, ենթադրելով եռաստիճան-քառաստիճան հետևանքներ: Հետևանքները, ակնհայտորեն, սարսափելի չեն ոչ նրա, ոչ Հայաստանի համար: Եվրասիական միությունը միրաժ է անապատում, որ օազիս կդառնա Բելառուսի ու Ղազախստանի կենդանի ներկայությամբ: Ֆինանսական հարցերն էլ լուծելի են: Ղարաբաղի հարցն էլ եթե ոչ այսօր, վաղը չի լուծվելու: Մոսկվայից հետո էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել մեկնեց: Որքան էլ այդ քաղաքի անունը ոմանց ականջը քերծի, Բրյուսելը մնում է Բրյուսել: Նույնիսկ Վիլֆրեդ Մարտենսին հանդիպելու դեպքում: Նախախնամության գաղտնիքները բացահայտող փոփոխությունների չինական մեծ գիրքն ուսուցանում է. «Պայքարի իրավիճակը սպառվել է, և այլևս պետք է մտածել արդյունքների գործածման մասին: Եթե ըմբռնում ես դա և կարևորում հենց արդյունքը, ոչ թե ինքնին պայքարը, հզոր ես և ունակ նոր ու մեծ սեփական գործ սկսել` շարունակելով նախկին ավանդույթները: Նաև պետք է ըստ արժանվույն գնահատես քեզ սատարողներին` շնորհելով նրանց մեծ պարգևներ: Նման մոտեցման շնորհիվ մեծ հաջողություն կունենաս: Իսկ եթե թույլ ես և վախենում ես մեծ քայլերից կամ էլ տարվել ես պայքարով ու դուրս չես գալիս դրանից, գործելու հնարավորություն չունես, լավ է տեղումդ մնաս»: Վերհիշեցնեմ` մեջբերումը վերաբերում է չինական դասական փոփոխություններին, որոնք ձևակերպվել են 5000 տարի առաջ: Եվ` որտե՞ղ է հիմա Չինաստանը:

Դիտվել է՝ 2831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ