ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Թուրքիան շուտով մեծ գլխացավանք կդառնա Արևմուտքի համար

Թուրքիան շուտով մեծ գլխացավանք  կդառնա Արևմուտքի համար
08.02.2013 | 01:46

Աշխարհի գաղութային կայսրությունների ստեղծումն սկսվել է աշխարհառազմավարական կետերի, ավելի ճիշտ, հենակետային բազաների կամ «փոքր հենահրապարակների» ցանցի կազմավորումից, որոնցից սկիզբ է առել առաջատար պետությունների ազդեցության ու տիրապետության տարածումը: Գաղութային կայսրությունների փլուզումից հետո, որոշ ժամանակ, այսպես ասած, «փոքր հենահրապարակները» մնում էին խոշոր պետությունների տիրապետության կամ հսկողության տակ, իրենցից ներկայացնում սոսկ նախկին կայսրությունների վերապրուկներ և շուտով որևէ աշխարհաքաղաքական նշանակություն չեն ունենա: Դրա հետ մեկտեղ, փաստորեն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան աշխարհառազմավարական շատ կետեր են պահպանել բոլոր օվկիանոսներում և աշխարհաքաղաքական շահերի կցույթներում, իսկ ԱՄՆ-ը ձեռք է բերել նոր «փոքր հենահրապարակներ», որոնք թեև քիչ նկատելի էին աշխարհի քաղաքական քարտեզի վրա, բայց միշտ հաշվի են առնվել տարբեր ռազմավարություններ մշակելիս: Օրինակ, ամերիկացիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց ենթարկեցին Խաղաղ օվկիանոսի հյուսիսային տարածքների մեծ մասը, ինչը հիմա նրանց հնարավորություն է ընձեռում շատ թե քիչ հաջողությամբ իրականացնելու Չինաստանի տնտեսական և քաղաքական նվաճողամտության զսպման քաղաքականությունը:
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ն ավելի ու ավելի է հետաքրքրվում Ֆրանսիային, ինչպես նաև Մեծ Բրիտանիային պատկանող կղզիներով ու կղզեխմբերով, քանի որ ԱՄՆ-ի ու նրա մերձավոր գործընկերների առջև ծառացած է ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիրը` որպես անվտանգության համաշխարհային համակարգի, որը պետք է ընդգրկի մի շարք նոր գործընկերներ, որոնց խնդիրն է լինելու համաշխարհային և տարածաշրջանային սպառնալիքների զսպումը:
Աշխարհում աննախադեպ ուժեղացել են Ասիայի և Լատինական Ամերիկայի մի շարք պետություններ, որոնք առաջ կարևոր դեր չէին խաղում համաշխարհային քաղաքականության մեջ: Դրանք են Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Լիբիան, Վենեսուելան, Բրազիլիան և ուրիշներ, որոնք առարկում են ԱՄՆ-ին կամ նրա հետ համաձայն չեն աշխարհում ռազմական նոր բազաների տեղակայման հարցում: Նոր բազաների ստեղծումը, որոնք պետք է փոխարինելու գան նախկին հենահրապարակներին, ավելի ու ավելի է դժվարանում, և ամերիկացիները ստիպված են բազմաթիվ լուծումներ համաձայնեցնել մի ամբողջ շարք պետությունների հետ:
Շահերի միահյուսումն աշխարհում դժվարացել է, և ԱՄՆ-ը ստիպված է ուշադրության առնել այն պետությունների շահերը, որոնք առաջ պարզապես անտեսում էր: Ավելին, մի շարք տարածաշրջաններում ԱՄՆ-ը բախվում է ինքնահռչակ դաշնախմբերի շահերին ու հակազդեցությանը, որոնք երբեմն միասնական ճակատով հանդես են գալիս արտաքին ազդեցության դեմ: Սակայն ամերիկյան աշխարհառազմավարության գլխավոր խնդիրներից մեկը դարձել է այն, որ որոշ վաղեմի ավանդական դաշնակիցներ ոչ միայն դուրս են գալիս դաշնակիցների ցանկից, այլև դառնում են ԱՄՆ-ի և Արևմտյան ընկերակցության հակառակորդներ: Նման պետությունների դասական օրինակ են Թուրքիան ու Պակիստանը, որոնք արտաքին քաղաքականության նոր ուղի են որդեգրել, և որոնք ԱՄՆ-ը դժվարությամբ է պահում իր շահերի ծիրում: Թուրքիայի հետ է կապվում Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Եվրասիայում ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ազդեցության պահպանման խնդիրը: Միաժամանակ, ԱՄՆ-ն արդեն հասցրել է համոզվել, որ Թուրքիան այլևս չի կարող դիտվել որպես դաշնակից կամ գործընկեր և, այսպես թե այնպես, շուտով մեծ գլխացավանք կդառնա Արևմուտքի համար: Միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է ժամանակին հոգ տանեն այդ տարածաշրջաններում բազավորման նոր սխեմայի ստեղծման մասին, որը բացառեր Թուրքիայի ծառայությունը: Պակիստանը, որը երկար ժամանակ դիտվում էր որպես Հարավային և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի դաշնակից, ավելի ու ավելի է վերածվում ամերիկյան ռազմավարության թիվ մեկ գլխացավանքի, ուստի ԱՄՆ-ը նախընտրեց արագորեն իր ռազմավարության մեջ ընդգրկել Հնդկաստանը` որպես տարածաշրջաններում առաջնային գործընկերոջ: Չինաստանի դերն այնքան արագ է աճում, որ ԱՄՆ-ը պատրաստ է մոռանալու իսլամական աշխարհի խնդիրները` վերջինիս նկրտումները զսպելու համար, բայց Պակիստանն արդեն ի վիճակի չէ կատարելու այդ խնդրի հետ կապված որոշ առաջադրանքներ:
ԱՄՆ-ն սկսել է ավելի ու ավելի մեծ ուշադրություն նվիրել Ռուսաստանին` որպես Չինաստանի և Ասիայում հնարավոր այլ սպառնալիքների զսպման գործընկերոջ, բայց դա դեռևս խնդրահարույց է, քանի որ անհնար է հենվել այնպիսի խոշոր տերությունների վրա, ինչպիսիք են Ռուսաստանն ու Հնդկաստանը, որոնք կձգտեն ինքնուրույն լուծումների: Այդ խնդիրների առավել հաջող լուծումը կլիներ քրդական պետության ստեղծումը, ընդ որում, ցանկալի է աշխարհառազմավարական առումով խոցելի և ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Իսրայելից կախման մեջ գտնվող, բայց դա առայժմ դեռևս լիովին լուծված հարց չէ, և հետո, անհրաժեշտ է գնահատել շատ ջանքեր և հանգամանքներ` կապված Մերձավոր Արևելքում «երկրորդ Իսրայելի» ստեղծման հետ: Իդեալական լուծում կլիներ նաև Իրանի ներգրավումն ԱՄՆ-ի ռազմավարության ու շահերի ոլորտ, ինչը վաղ թե ուշ տեղի կունենա, բայց այդ վարկածն էլ է առայժմ բավական վիճելի, իսկ խնդիրները լուծել է պետք արդեն այժմ: Օվկիանիայում ու Մերձավոր Արևելքում բազավորման փորձը ԱՄՆ-ին հանգեցնում է այն հետևությանը, որ անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային ցանց` Բալկաններից մինչև Չինաստանի սահմանների մատույցները, բայց արդեն առանց Թուրքիայի, Պակիստանի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ու Իրաքի մասնակցության: Անհրաժեշտ է ունենալ առաջավոր և այլ բազավորման ամերիկյան «փոքր հենահրապարակների» հուսալի ցանց, որոնք կտեղակայվեն որոշ չափով առանձնազատված և արտաքին լուրջ աջակցության կարոտ ոչ մեծ պետությունների տարածքում:
Ամերիկացիները «փոքր հենահրապարակների» դերում դիտարկում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալբանական Կոսովոն, Կիպրոսը, Հորդանանը, Իրաքի Քրդստանը, Բահրեյնը, Կատարը, Արաբական Էմիրությունները, Օմանը, Եմենը, Ղրղզստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ջիբութին, ինչպես նաև Լիբանանը:
Մերձավոր Արևելքում և Եվրասիայում ԱՄՆ-ի առաջնային խնդիրներից է Թուրքիայում տեղակայված բազաների, հատկապես «Ինջիռլիկի» այլընտրանքի որոնումը: Ներկայումս ԱՄՆ-ն այդ խնդիրը դեռ չի լուծել, ինչը կապված է ոչ միայն մեծ ծախսերի, այլև քաղաքական հարցերի հետ: ԱՄՆ-ի փորձագետների ու որոշ ռազմական գործիչների հրապարակումներից կարելի է այն հետևությանը հանգել, որ Պենտագոնը կնախընտրի ստեղծել համեմատաբար ոչ մեծ բազաներ, բայց ավելի բազմազան տեղակայման սխեմայով, քանի որ այնպիսի բազաների առկայությունը, ինչպիսիք են «Ինջիռլիկը» և «Սուլթանբեյը», քաղաքական հուսալիության պահանջներին չեն համապատասխանում: ԱՄՆ-ը պետք է կատարի Թուրքիայի ռազմավարական «շրջանցում», ներգրավի այնպիսի պետություններ, որոնց վրա հենվելով կկարողանա ձեռնամուխ լինել համընդհանուր անվտանգության և ազդեցության նոր խնդիրների լուծմանը, որոնք առաջ են եկել 21-րդ դարում:
Վրաստանն ու Ադրբեջանը, Սև և Կասպից ծովերում ԱՄՆ-ի ծրագրերի համար հարաբերական անվտանգության պարագայում, հաղորդակցական հրաշալի ուղղություն են դարձել Կենտրոնական Ասիայում կամ «Մեծ Կենտրոնական Ասիայում» (ներառում է նաև Հարավային Ասիան ու Չինաստանը) ԱՄՆ-ի խնդիրների լուծման համար: ԱՄՆ-ը շահագրգռված է հաղորդակցական այդ ուղղության, ինչպես և մյուս «փոքր հենահրապարակների» կայունությամբ, բայց դա չի նշանակում, թե նա մտադիր է ակտիվորեն միջամտելու տարածաշրջանում առկա քաղաքական խնդիրների լուծմանը: ԱՄՆ-ին լիովին ձեռնտու է Հարավային Կովկասում տիրող ներկա իրադրությունը, երբ Ռուսաստանը խիստ կոռեկտ է վերաբերվում Վրաստանում և նրա շուրջ տիրող իրավիճակին, ինչպես նաև համագործակցում է ԱՄՆ-ի հետ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերում: ԱՄՆ-ի և Ռուսաստանի մրցակցությունը Հարավային Կովկասում շարունակվում է, չնայած մի շարք ավելի կարևոր հարցերում նրանք համագործակցում են: Ռուսաստանը շարունակում է հուսալ, որ ներքաղաքական իրադրությունը Վրաստանում կփոխվի, և որ ավելի կսերտանան հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը ԱՄՆ-ից, Եվրոպայից և անգամ Թուրքիայից նկատելիորեն նեղացած է: ԱՄՆ-ի համար արդեն ավելի կարևոր է ոչ թե նավթի մատակարարման ոլորտը, որն սկսել է ապաքաղաքականանալ, այլ ռազմատարանցման գործառույթը: Հիմա այս հարցում գլխավոր դերը կատարում է Պակիստանը, որն ավելի ու ավելի է անկառավարելի դառնում, գտնվում է իսլամական արմատական շարժումների ազդեցության տակ, և եթե ԱՄՆ-ը կորցնի պատշաճ վերահսկողությունը Պակիստանի նկատմամբ, ապա հարավկովկասյան և ռուսական երթուղիներն այլընտրանք չեն ունենա: Հարավային Կովկասի, այսինքն` Վրաստանի և Ադրբեջանի դերը նկատելիորեն կմեծանա:
«Փոքր հենահրապարակներն» ունեն ոչ միայն ռազմատարանցման գործառույթներ, այլև նախատեսված են տարածաշրջանային խոշոր տերությունների նվաճողամտության զսպման համար: Չնայած ամերիկյան ռազմավարական խնդիրների լուծմանը, Կոսովոյի, Իրաքի և Աֆղանստանի գործողությունների իրականացմանն ունեցած մասնակցությանը, Վրաստանի և Ադրբեջանի շահերը միշտ չէ, որ համապատասխանում են ԱՄՆ-ի խնդիրներին: Հայտնի է դարձել, որ Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր չեն մասնակցելու Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին և չափազանց երկյուղում են դրանից: Դա հաստատվել է արդեն 2-3 անգամ` վերջին ինը տարում: Այլ բան է մասնակցել Իրաքի դեմ ուղղված ռազմարշավին, մեկ այլ բան է թիրախ դառնալ այնպիսի մի պետության համար, ինչպիսին Իրանն է:
Ինչպես արդեն ասացինք, ԱՄՆ-ը կառուցում է ոչ միայն Չինաստանի զսպման սխեմա, այլև Հարավային Ասիայում հարկադրված է պայմաններ ստեղծելու Պակիստանի սպառնալիքը չեզոքացնելու համար, որը երկար տարիներ ստացել է ԱՄՆ-ի աջակցությունն ու օգնությունը և շարունակում է ստանալ, ըստ էության լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը: Դաշնակից հակառակորդի այդ մոդելն աստիճանաբար կիզակետվում է ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում, ինչը հասկանալ է տալիս, որ համընդհանուր անվտանգության խնդիրներից մեկն ԱՄՆ-ի համար դառնում է Թուրքիայի զսպման կանխիչ քաղաքականության վարումը: Այս առումով «փոքր հենահրապարակների» դերն ավելի հրատապ է դառնում և պահանջում է նոր հարաբերություններ մշակել հարևան տարածաշրջանների մի շարք պետությունների հետ:
Նման պետությունների թվին է պատկանում, անշուշտ, Հայաստանը, որի դերը կարևոր է ոչ միայն «հայկական գործոնի» իրացման, այլև Հարավային Կովկասում Թուրքիայի նվաճողամտության զսպման առումով: Թուրքիան մտադիր է այս փուլում ստանալու Ռուսաստանի աջակցությունը` այդ տարածաշրջանում նոր դիրքեր ձեռք բերելու համար, բնականաբար, առավելապես ԱՄՆ-ին և Իրանին դուրս մղելու միջոցով: Ռուսաստանը մինչև որոշակի սահման կնպաստի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը, հուսալով, թե ընդունակ կլինի սահմանափակելու թուրքական նկրտումները, բայց կբախվի անշտկելի մի իրավիճակի և ողբալի դրության մեջ կհայտնվի: ԱՄՆ-ը Թուրքիայի և Ռուսաստանի շահերի շուտափույթ բախում է ակնկալում, բայց այդ բախումը կարող է հանգեցնել ոչ թե Թուրքիայի ազդեցության թուլացմանը, այլ, ընդհակառակը, տարածաշրջանում հենց Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը: Եվրասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային ոլորտներ Թուրքիայի թափանցումից հետո ԱՄՆ-ը հասկացավ, որ Թուրքիայից բխող սպառնալիքներն ավելի նշանակալի և արդեն շոշափելի են, քան Ռուսաստանի քաղաքականությունից, կորցրած դիրքերը վերադարձնելու նրա ձգտումից բխող վտանգները: Ռուսաստանն ԱՄՆ-ի շատ (բայց ամենևին ոչ բոլոր) քաղգործիչների ու փորձագետների պատկերացումներում անվերապահ հակառակորդի կարգից անցել է գործընկեր հակառակորդի կարգ, և ամերիկացիներն ավելի ու ավելի են ձգտում Ռուսաստանը ներգրավել իրենց ռազմավարական ծրագրերի մեջ իբրև շահագրգիռ պետության: Թուրքիայի առնչությամբ ամերիկացիների պատկերացումներում դաշնակցի կարգավիճակից հակառակորդ գործընկերոջ կարգավիճակի անցումն արդեն տեղի ունեցել է: ԱՄՆ-ը, անտարակույս, շահագրգռված է Թուրքիայի զսպման գործում Հայաստանի դերի մեծացմամբ, բայց համոզվել է, որ Ռուսաստանն ամենևին էլ մտադիր չէ ուժեղացնելու «հայկական գործոնը», ընդհակառակը, Հայաստանի խնդիրները և նրա կողմից հնարավոր զիջումներն օգտագործում է ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման համար:
ԱՄՆ-ը մեծ պատրաստակամությամբ կմասնակցեր Հայաստանի զինված ուժերի շինարարությանը, նրան տարածաշրջանային անվտանգության համակարգի մեջ ներգրավմանը, նրա հետ «Համագործակցության խարտիա» հիշեցնող պայմանագրի կնքմանը, ինչպիսին ստորագրվել է ԱՄՆ-ի ու Վրաստանի միջև, բայց Հայաստանի կառավարող վարչակազմը ոչ մի ազդանշան չի տալիս նման լուծմանն իր պատրաստակամության մասին: Հայաստանը հենվում է բացառապես ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ կնքած «մեծ պայմանագրի» վրա, ինչը նրան կհանգեցնի այն բանին, որ ԱՄՆ-ը վերջնականապես կկորցնի հետաքրքրությունը նրա նկատմամբ: Եթե Ռուսաստանը իրականացնի Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մտադրությունը, ապա Հայաստանը կկորցնի Ռուսաստանի դաշնակցի կարգավիճակը և կդասվի Ռուսաստանի շատ կասկածելի դաշնակից պետությունների շարքը: Դրա հետ մեկտեղ, այն պայմաններում, երբ Վրաստանի և Ադրբեջանի ռազմատարանցման գործառույթները զգալիորեն թուլացել են Ասիայում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ճշգրտումների հետևանքով, Հայաստանը, ընդհակառակը, կարող էր ձեռք բերել նոր նշանակություն և «փոքր հենահրապարակի» գործառույթներ` կապված տարածաշրջանում Թուրքիայի նոր դերի հետ:
Հայաստանի համար ԱՄՆ-ի ռազմավարության շրջանակներում «փոքր հենահրապարակի» գործառույթների ստանձնման պարագայում Իրանի հետ հարաբերությունների կարգավորման խնդիր կառաջանա: Բայց եթե Իրանը համոզվի, որ Ռուսաստանը շարունակում է անպտուղ և վտանգավոր քաղաքականությունը Հարավային Կովկասում, Սև ծովում և այլ տարածաշրջաններում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը խրախուսելու ուղղությամբ, ապա չի բացառվում, որ Իրանն ու Հայաստանը համաձայնության գան Հայաստանի` որպես Թուրքիայի նվաճողամտության զսպմամբ շահագրգռված պետության դերի մեծացման հարցի շուրջ: Կարելի էր նկատել, որ չնայած Իրանի հանդեպ Թուրքիայի սեթևեթանքին, իրանցիներն այդպես էլ թուրքերին պատշաճ պատասխան չտվեցին և անպատասխան թողեցին Թուրքիայի առաջարկություններն ինչ-որ դաշինքի մասին, դեռ մի բան էլ` Սիրիայի մասնակցությամբ: Եթե մերձեցման արդյունքում Ռուսաստանն ավելի ու ավելի հակվի դեպի թուրքամետ պետության կողմնորոշում, ապա Իրանը կաշխատի ուժեղացնել թուրքական տարածաշրջանային քաղաքականությանը հակազդելու իր դիրքերը։
Որոշ պնդումներ գուցե տարօրինակ թվան, բայց դա հետևանք է իրենց դարն ապրած կարծրատիպերի: Տարածաշրջանային խաղերի մասնակիցների հավասարակշռության ու շահերի այս դասավորությունում Հայաստանի համար առավել կարևորն այն է, որ համարյա 20 տարի ԱՄՆ-ը Թուրքիայի ու Ադրբեջանի շահագրգռության պայմաններում համապատասխան ճնշում չի գործադրել Հայաստանի վրա և նրանից անընդունելի զիջումներ չի պահանջել: Ավելին, ԱՄՆ-ը նախընտրում է Հայաստանի ղեկավարներին առավել մեծ ազատության ուղիով «առաջնորդել» իրենց գործողություններում: Դա վերաբերում է թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին: Ընդ որում, ոչ մի կերպ հնարավոր չէ արձանագրել Հայաստանի հանդեպ ամերիկացի քաղգործիչների ու փորձագետների մեծամասնության որևէ առանձնահատուկ համակրանք:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ