ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայկական գործոնը Կովկասում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ

Հայկական գործոնը Կովկասում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ
05.02.2013 | 00:29

Որևէ պետության քաղաքական և տնտեսական վնաս հասցնելու համար հետևողական և համակարգային քաղաքականություն է պետք վարել: Վրաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը վերջին տարիներին, անշուշտ, համակարգային բնույթ է կրում, թեև տարբեր միջոցառումների ու քայլերի իրականացման ժամանակ նկատելի են ոչ այնքան լավ կառավարման, պատշաճ փորձի բացակայության, ինչպես նաև, հավանաբար, հնարավորությունների սահմանափակության հետևանքները, նկատի ունենալով Ռուսաստանի միջազգային պարտավորությունները:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն արտաքին քաղաքականության ասպարեզում ինստիտուցիոնալ մոտեցումներ է կիրառում, նախ և առաջ պատժամիջոցներ, Ռուսաստանն աշխատում է ամեն կոնկրետ դեպքում վարչական կամ տնտեսական միջոցներ ձեռնարկել, որոնք կարող են լինել ոչ պակաս արդյունավետ: Երևի հեռանկարում այդ հնարքներն ու մոտեցումները, որոնք Ռուսաստանը կկատարելագործի, կդառնան նրա արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը: Այդ մոտեցումները տասնամյակներ ի վեր ակտիվորեն կիրառվել են Արևմուտքի առաջատար պետությունների կողմից, սակայն որոշակի «ժողովրդավարական» կարգով, ինչը միջազգային ասպարեզում օրինակարգություն էր հաղորդում այդ մոտեցումներին: Աշխարհում Ռուսաստանի յուրօրինակ դրությունը, Ռուսաստանը մեկուսացնելու և նրան երկրորդական պետությունների շարքը դասելու ԱՄՆ-ի ու նրա գործընկերների փորձերը դժվարացնում են նման քաղաքականության վարումը, որը, ըստ էության, ուղղված է նրա արմատական շահերի պաշտպանությանը, նախ և առաջ` անվտանգության ապահովմանը: Ընդհանուր առմամբ, Վրաստանին քաղաքական և տնտեսական վնաս պատճառելու միջոցառումների մշակումը պետք է դառնա հարավային ռազմավարական ուղղությունում Ռուսաստանի ընդհանուր քաղաքականության մի մասը: Այդ միջոցառումները չեն կարող մասնավոր և մեկուսի բնույթ կրել:
Ներկայումս որևէ պետության, այդ թվում Վրաստանին, քաղաքական և տնտեսական վնաս պատճառելու եղանակների և ուղղությունների մշակումը որոշակիորեն ուշացած խնդիր է թվում, քանի որ Ռուսաստանն արդեն որոշ հնարքներ կիրառել է: Վարչական եղանակների թվին կարելի է դասել Վրաստանի քաղաքացիների համար վիզային անցակարգի սահմանումը, ինչ-որ չափով` Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին ՌԴ քաղաքացիության շնորհումը: Անուղղակի վարչական եղանակներից է Ռուսաստանում, առաջին հերթին` Մոսկվայի տարածաշրջանում, ԱՊՀ քաղաքացիների համար անձնագրային ռեժիմի ընդհանուր խստացումը: Արտաքին շուկաների շրջափակման եղանակներին կարելի է վերագրել վրացական խաղողագործական արտադրանքի` որպես Վրաստանին ներհատուկ արտահանական ապրանքի, ներմուծման սահմանափակումները: Տնտեսական ոլորտում Ռուսաստանը ձգտում է իրականացնել «հակառակ կարգի» միջոցառումներ, ներառյալ էներգետիկ, վառելիքատարանցման համակարգում, հանքարդյունաբերության ասպարեզում իր ներկայության ընդլայնումը: Քաղաքական ոլորտում Ռուսաստանը բավական ակտիվորեն օգտագործում է տարբեր խմբավորումներ, կազմակերպություններ և կուսակցություններ` ընդդիմության ակտիվացման և զորեղացման համար: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտում Ռուսաստանը որոշակի հաջողությունների հասել է իր դիրքերի ամրապնդման գործում, բայց ԱՄՆ-ի և հենց Վրաստանի քաղաքականության հետևանքով նրա հնարավորությունները խիստ սահմանափակ են: Անգամ երբ Վրաստանը արմատապես շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ, վերջինս ի վիճակի չէ իրականացնելու այդ ծրագրերն ամերիկացիների ու նրանց գործընկերների վերահսկողության պատճառով:
Վրաստանի պետականությանն ու տնտեսությանը վնաս պատճառելու հայեցակարգի մշակումը պահանջում է հասկանալ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները: Տեղի ունեցող իրադարձություններն այնքան անհեթեթ ու կցկտուր են, որ մշակողներին շեղում են անելիքների ճիշտ ըմբռնումից: Այս կապակցությամբ, խնդրի ուսումնասիրման տվյալ փուլում ավելի կարևոր է հայեցակարգային մշակումը, քան հապճեպ լուծումները, որոնք համակարգային բնույթ չեն կրում:
Եթե Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի վրացական տնտեսության զարգացմանն ավելի լայն մասնակցության մասին, ինչը ռազմավարական որոշում կլիներ, ապա գերակա ուղղությունը կլինի մասնակցությունը փոխադրումների համակարգին: Դրա համար կան լայն, բազմազան հնարավորություններ: Այս կապակցությամբ անխուսափելիորեն հարց է առաջանում այդ գործին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունների մասին (նրա դերն առայժմ բավական թույլ է արտահայտված, ինչն ամենևին չի համապատասխանում ինչպես երկրի հնարավորություններին, այնպես էլ նրա ազգային շահերին): Աբխազիայով անցնող երկաթուղու հատվածը, եթե գործարկվի հնարավորինս շուտ, նորից կդառնար տարածաշրջանի փոխադրական համակարգի կարևորագույն մասը: Մինչդեռ, հենց միայն Ռուսաստանը, էլ չենք խոսում Վրաստանի և մյուս պետությունների մասին, տարեկան միլիարդավոր ռուբլի եկամուտներ է կորցնում այդ հատվածի անգործության հետևանքով: Բացի այդ, երկաթգծի այդ հատվածի գործարկումը զգալիորեն կակտիվացներ փոխադրումները Հյուսիս-Հարավ առանցքով, քանի որ եվրասիական տարածության յուրացման հեռանկարների առնչությամբ Ռուսաստանի ընդգծված զուսպ քաղաքականությունը լայնընդգրկուն և տարածաշրջանային նախագծերի իրականացմամբ շահագրգռված երկրներին ստիպում է հայացքներն ուղղել Արևելք-Արևմուտք ուղղությանը միայն:
Վրաստանի քաղաքական և գործարար շրջանակներում, հաշվի առնելով այս ամենը, հաճախ հարց են տալիս. որքա՞ն Է ճիշտ Ռուսաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների այն մասը, որը համարում է, թե Հարավային Կովկասով անցնող տարանցման ուղիներն իրենց շահերից չեն բխում: Բայց կարծես թե իրականում ամեն ինչ մի փոքր այլ մեկնություն ունի: Ռուսական ընկերություններն այսօր իրական ու առավելագույնս նպաստավոր հնարավորություն ունեն ամենաեռանդուն մասնակցությունը ցուցաբերելու Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերին: Դրանով իսկ կարելի կլիներ ոչ միայն նշանակալի տնտեսական շահ քաղել, այլև հասնել քաղաքական նպատակների իրացման միանգամայն ընդունելի մակարդակի: Այդ հանգամանքների առկայության պարագայում ռուսական զսպվածությունն այնքան էլ հասկանալի չէ:
Այնինչ կարևոր է ընդգծել, որ տնտեսական ինտեգրումն իրականացվում է ժողովուրդների բարեկեցության բարելավման նպատակով, այդ թվում նաև նորանկախ պետությունների, որոնց համար անվտանգությունն ու կայունությունը պետք է գերակա գործոն դառնան: Ահա թե ինչու է չափազանց օրախնդիր, որ այդ գործին ակտիվորեն մասնակցեն տարածաշրջանի առավել ազդեցիկ պետությունները, որոնք ընդունակ են հուսալի և երկարաԺամկետ բնույթ հաղորդելու տարածաշրջանային և ավելի լայնընդգրկուն համագործակցությանը: Այսպիսով, հեշտ է հիմնավորել Եվրասիական միջանցքի սահմաններ Ռուսաստանի լայն մուտքի նպատակահարմարությունն ու անգամ անհրաժեշտությունը, ճիշտ այդպես էլ այդ քայլի իրականացման գործում Վրաստանի և տարածաշրջանի մյուս պետությունների շահագրգռվածությունը: Արևմտյան պետություններն ու նախագծերը այդպես էլ Վրաստանին շոշափելի եկամուտներ չբերեցին և նրան ստիպում են Ռուսաստանին մասնակցության կոչել: Միաժամանակ, փորձեր են արվում շահագրգռելու Ռուսաստանին ապաշրջափակելու Սուխումի փոխադրական ուղղությունը, իհարկե, Աբխազիայի նկատմամբ Վրաստանի վերահսկողության վերականգնման հեռանկարով: Այսպես թե այնպես, Վրաստանը պետք է ջանքեր գործադրի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, օգտագործելով մի շարք հրատապ նախագծեր:
Քաղաքագետները պատշաճ ուշադրություն չեն դարձնում մի այնպիսի կարևոր գործոնի, ինչպիսին Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի ծրագրերի որոշակի ձախողումն է, ինչը նշանակում է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի վերականգնում և Չինաստանի հարակից տարածաշրջան վստահ ներթափանցում, նախ և առաջ էներգետիկայի ոլորտում: Դա չէր կարող չանդրադառնալ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի դերի ու նշանակության վրա: ԱՄՆ-ի դիրքերի կորստից բացի, Վրաստանը բախվեց իր տարանցման գործառույթների սկզբունքային կրճատման խնդրին: Միջտարածաշրջանային նշանակության Կովկաս-կասպյան էներգապաշարների մենաշնորհին տիրանալու ԱՄՆ-ի նախագծերի ձախողումից հետո, ԱՄՆ-ի ու Արևմուտքի քաղաքական նվաճողամտությունն ընդհանուր առմամբ զգալիորեն կորցրեց առարկայնությունը, իսկ նոր նախագծերի մշակման համար ժամանակ է պետք: «Եվրասիական միջանցք» ընդհանուր լայնածավալ նախագծի շրջանակներում իրականացվող հաղորդակցական նախագծերն իրենց ռազմավարական բովանդակալիությամբ չեն կարող փոխարինել էներգամատակարարման նախագծերին: Դա զգալիորեն ազդել է Ադրբեջանի և հատկապես Վրաստանի արտաքին քաղաքականության վերաիմաստավորման վրա: Ադրբեջանը միշտ այլընտրանք ունի` ի դեմս Թուրքիայի: Վրաստանը նման կողմնորոշում չունի: Ընդհակառակը, Թուրքիան ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Վրաստանի համար, չնայած վերջինիս հանդեպ վարած կոռեկտ քաղաքականությանը: Ժամանակն է ակտիվացնելու Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը` կիրառելով աշխարհաքաղաքական այնպիսի նախագծեր, որոնցով առավելագույնս շահագրգռված է Վրաստանը:
Մյուս ուղղությունը համագործակցությունն է Իրանի հետ ինչպես աշխարհատնտեսական, այնպես էլ զուտ քաղաքական ուղղություններում: Վրաստանն Իրանի հետ բանակցություններ է վարում Վրաստանի և Իրանի միջև ազատ առևտրի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման շուրջ: Այս մասին առաջինը հաղորդել է «Թրենդ» գործակալությունը, նշելով, որ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Ճողովաձեն ասել է, թե Իրանը Վրաստանի համար վաճառահանման հետաքրքիր շուկա է: 2006-ի սեպտեմբերին Իրանում տեղի է ունեցել տնտեսական հարցերին նվիրված երկկողմ միջկառավարական հանդիպում: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև այդ հարցը: Համաձայնագիր պատրաստելու ցանկությունը մեծ է, առավել ևս, որ Վրաստանը լավ փորձ ունի այդ հարցում, քանի որ, ինչպես հայտարարել է նախարարը, Թբիլիսին նման համաձայնագրեր նախապատրաստել է Եվրամիության, ԱՊՀ-ի երկրների և Թուրքիայի հետ: Ինչպես հայտարարել է Ճողովաձեն, Իրանը լավ շուկա է վրացական արտադրանքի համար, բացառված չէ, որ Վրաստանն Իրանից ներմուծի մեքենաներ ու սարքավորումներ, Վրաստանում դրանցով ապրանքներ կթողարկվեն, որոնք այնուհետև կարտահանվեն ոչ միայն Իրան, այլև տարածաշրջանի այլ երկրներ:
Վրաստանը, բնականաբար ԱՄՆ-ի վերահսկողությամբ, ձգտում է տնտեսական ակտիվ հարաբերություններ հաստատել Իրանի հետ, քանի որ տնտեսական գործընկերության ավելի մեծ կարիք ունի: 2006-2010 թթ. Վրաստանը բավական համառորեն ձգտում էր պարզել հեռանկարում Իրանի հետ աշխատելու հնարավորությունները, և թե որքան է Իրանը շահագրգռված դրանով: Վրաստանում Իրանի դեսպանությունը ևս այդ տարիներին մեծ աշխատանք է կատարել հարցի ուսումնասիրման ուղղությամբ։ Իրանական արտադրանքի ներմուծումը Վրաստան և իր արտահանությունն Իրան ընդլայնելու հռչակված մտադրությունները միանգամայն հիմնազուրկ են: Նախ, սարքավորումների ու նյութերի մեծ մասը Վրաստանը ձեռք է բերում Եվրոպայում` այն վարկերի պայմաններով, որ նրան տրամադրում են տնտեսապես զարգացած երկրները: Հազիվ թե Վրաստանը միջոցներ ունենա ոչ էժան և ոչ այնքան որակյալ իրանական արտադրանքի ձեռքբերման համար: Երկրորդ, Վրաստանն արտադրանքի այնքան մեծ ծավալներ չունի, որ հետաքրքրի Իրանին: Առայժմ Իրանին հետաքրքրում են ցեմենտն ու մետաղի ջարդոնը: Վրաստանը խնդիր է առաջադրում ստանալու սպառման, ավելի շուտ վերաարտահանման համար նախատեսվող իրանական նավթամթերք և գազ: Սա լավ են հասկանում իրանցիները, բայց ձգտում են իրենց տնտեսական ներկայությունը հաստատել Վրաստանում, ապահովել իրենց գազի տարանցումը Եվրոպա, ինչպես նաև աշխատել ցույց տալ իրենց քաղաքական շահերը: Իրանի համար հետաքրքիր է ազդեցություն ունենալ այս երկրի վրա, որը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն ունի: Իրանցիներին հետաքրքրում է նաև վրացական նավահանգիստներով իրենց նավթաբեռների առաքման հեռանկարը: Իրանը տարանցիկ երկրներին պատկերվում է իբրև կարևոր «ռազմավարական բեռնառաքիչ»: Հաշվի առնելով այդ հեռանկարն ու Ռուսաստանի դերն Իրանի միջազգային կապերում, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը կկարողանա Իրանի միջոցով լրացուցիչ ազդեցություն գործել Վրաստանի վրա, նրան զրկելով հաղորդակցական այն այլընտրանքից, որ նա նախագծում է: «Հյուսիս-Հարավ» փոխադրական սխեմայի ձևավորման Ռուսաստանի ծրագիրը, որին մասնակցում են Իրանը, Ադրբեջանը և վերջին ժամանակներս նաև Հայաստանը, կարող է դառնալ Վրաստանի վրա ազդեցության կարևոր միջոց: Այդ սխեման կարող է շրջանցել Վրաստանը, բայց կարող է նաև լրացուցիչ եկամուտներ բերել նրան:
Ռուսաստանի քաղաքականության մի կարևոր հատված է Հայաստանի հետ համագործակցությունը, ինչը զգալիորեն ցուցադրում է Արևմուտքի հետ ռազմական համագործակցության ապարդյունությունը, որը իրական անվտանգություն չի ապահովում: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի համար սխալ կլիներ զիջումների գնալ աբխազական հարցում, քանի որ դրանով Ռուսաստանը կկորցնի իր դիրքերն ամբողջ Կովկասում: Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների զարգացումը հետևողականորեն կթուլացնի աբխազական հարցի սրությունը, և գուցե հեռանկարում հնարավոր լինի փոխզիջմամբ համաձայնության գալ: Ռուսաստանի համար աբխազական խնդրի իմաստը, ավելի շուտ, ոչ թե Վրաստանում ազդեցության պահպանումն է (ինչը միանգամայն սնանկ է և, փաստորեն, չարդարացված), այլ աբխազական առափը Ռուսաստանի ձեռքին պահելն է` սևծովյան առափի մեծ մասի կորստյան պայմաններում: Ներկայումս ԱՄՆ-ը թշնամական պետությունների (Իրան, Իրաք, Լիբիա) հանդեպ իրականացվող քաղաքականության մեջ հաջողությամբ կիրառում է միջնորդավորված գործընկերության մեթոդը, օգտագործելով երրորդ պետությունների հնարավորությունները: Այդ մոտեցումը լիովին հնարավոր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար, առավել ևս, որ իրական հնարավորություններ կան: Այս առումով, Հայաստանը պետք է և կարող է ավելի կարևոր դեր խաղալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ` որպես դաշնախմբի մասնակից: Հայկական գործոնը Կովկասում շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան կարող է թվալ: Ըստ էության, Հայաստանի օգնությամբ Ռուսաստանը ձախողեց ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ծրագրերը` միարժեք ու անարգել ներթափանցելու Հարավային Կովկաս: Հայաստանը մշտապես զգացել է ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի լուրջ ճնշումը, բայց կարողացել է, օգտագործելով քաղաքական ռեսուրսները, պահպանել հարաբերությունները Ռուսաստանի ու Արևմուտքի հետ, ինչը չհաջողվեց, օրինակ, Բելառուսին:
Այսպիսով, չնայած այնպիսի միտումների թվացյալ հիմնարար նշանակությանը, ինչպիսիք են դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ազդեցության տարածումը և Եվրամիության հետ տարածաշրջանի երկրների ինտեգրումը, Հարավային Կովկասում առաջացել է մի նոր քաղաքական իրավիճակ, որը կապված է ոչ թե արևմտյան վեկտորի հետ, այլ այն խնդիրների, որոնք առաջացել են էներգետիկ և տարանցիկ գործառույթների իրացումից բացահայտ չբավարարվածության հետևանքով: Դա առանձնապես երևում է Վրաստանի օրինակով, որը, գտնվելով Արևմուտքի հովանու ներքո, հայտնվել է տնտեսական զարգացման շատ լուրջ խնդիրների առջև: Սակայն սույն հոդվածում, թեմայի բերումով, մենք անդրադարձանք միայն էներգամատակարարման գործոնին, մինչդեռ կան այլ գործոններ, որոնք քննարկվում են այլ հոդվածներում: Այսպիսով, Ռուսաստանի առջև ծառացել է խաղային բնույթի մի բարդ խնդիր` կապված Հարավային Կովկասի առնչությամբ իր ռազմավարության զարգացման խնդրի լուծման հետ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ