ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
11.10.2012 | 17:16

Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում (հոկտեմբերի 10-14-ին) կանցկացվում է գրքի միջազգային 64-րդ տոնավաճառը, որին մասնակցում են աշխարհի 100 երկրի շուրջ 7000 ցուցադրող կազմակերպություն: Եվրոպական խոշորագույն ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը՝ մեր երկիրը ներկայացնող հիմնական և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տաղավարներով:

Տոնավաճառի այցելուների գնահատմանը կներկայացվի վերջին տարիներին Հայաստանում և առհասարակ հայերի մասին հրատարակված գրականությունը: Տեղի կունենա առանձին միջոցառում «Ժամանակակից գրականությունը Հայաստանում և հայերի մասին» խորագրով որում, ի թիվս այլ գրքերի, կներկայացվի հայ-գերմանական համագործակցության արդյունքը` «Արդի հայ պոեզիա» (գերմաներեն) և «Վերջապես անցան սառը օրերը» (հայերեն-գերմաներեն) ժողովածուները, «Արդի հայ պոեզիա» (ֆրանսերեն) և «Արդի հայ արձակ» (անգլերեն) ժողովածուները, ինչպես նաև Արցախի պատմությունն ու մշակութային համապատկերը ներկայացնող նոր հրատարակությունները, այդ թվում` Վահե Գաբրիելյանի «Արցախ. Ղարաբաղի ժողովուրդն ու հողը» անգլերեն պատկերագիրքը և «Արցախ. հայ արվեստի ու ավանդույթների պարտեզ» երկլեզու (ֆրանսերեն, անգլերեն) գիրքը:
«Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք. իրականացվող միջոցառումներ և հրատարակվող գրքեր» միջոցառման ընթացքում կներկայացվեն «Գրական տապան» հայաստանյան գրական փառատոնն ու «City Books» նախագիծը:
Տաղավարում բացառիկ նորույթ կլինի «Տես քեզ հայերեն» նախագծի ներկայացումը: Այն ուղղված է հայերեն այբուբենի հանրայնացմանը և հայերեն տարբեր տառատեսակների օգտագործմամբ պատկերում է հայ և այլազգի հայտնի մարդկանց դեմքերը: Այդ պատկերներով ձևավորված կլինի նաև ամբողջ տաղավարը: Նախագծի հեղինակ Առնո Կուռը հենց հայկական տաղավարում կպատրաստի այցելուների դիմանկարները հայերեն տառերով:
Ցուցահանդեսի մասնակից հայ հրատարակիչները կունենան իրենց առանձին բաժինները հայկական տաղավարում: Հայաստանյան պատվիրակության կազմում, բացի հրատարակիչներից, ընդգրկված են նաև գրական գործակալներ, երիտասարդ գրողներ Հասմիկ Սիմոնյանը և Հովհաննես Թեքգյոզյանը:
Նշենք, որ այսուհետև ՀՀ մշակույթի նախարարության միջնորդությամբ ցուցահանդեսի տնօրենությունն անվճար տաղավար է հատկացնելու գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը կրող բոլոր քաղաքներին, որի պատվին առաջինն արժանացել է Երևանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ