ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱԺ նախագահը պաշտոնավարումից ի վեր երբեք «տետ ա տետ» չի հանդիպել լրագրողների հետ

ԱԺ նախագահը պաշտոնավարումից ի վեր երբեք «տետ ա տետ» չի հանդիպել լրագրողների հետ
08.09.2009 | 00:00

ԻՄԻՋԱԽԵՂԴՈՒԹՅՈՒՆ
ԱԺ-ում աժիոտաժ է: Մի ձեռքով նոր մասնաշենքն են «հանձնում», մյուսով` 27-ի զոհերի 10-ամյա տարելիցի հուշակոթողը տեղադրում, երրորդով` հարկային փաթեթի լիկբեզ անցկացնում, չորրորդ և մնացած ձեռքերով էլ լրագրողների համար նոու-հաուների շքերթը շարունակում` բարձրացնելով իրենց «իմիջը» սարերից այն կողմ, լեռներից անդին:
ԷՍ ԷԼ ՈՒ` ՊԸՐԾ

Սկսենք «դինից». պառլամենտական լրագրողների աշխատանքի նորովի ընթերցումը ևս մեկ անգամ արձանագրեց` խորհրդարանը գնալով դառնում է փակ կառույց: Չծանրանալով հանգամանքի վրա, որ ԱԺ նախագահը պաշտոնավարումից ի վեր ոչ մի ասուլիս չի հրավիրել, երբեք «տետ ա տետ» չի հանդիպել լրագրողների հետ` նստաշրջանները բացելուց առաջ, փակելուց հետո (իսկ Բաղդասարյան Արթուրը նախ` դրսում` ԱԺ մուտքաշեմին էր ասուլիսվում, հետո` «կապույտ» սենյակում, իսկ Թորոսյան Տիգրանը բավարարվում էր 334 սենյակով, ուր նախորդ տարի այս ժամանակ պարոն Աբրահամյանն ընդունեց Արարատի մարզի ողջ ակտիվին` «Բրաբիոնից» գնված ծաղկե զամբյուղով հանդերձ, որպեսզի մարզը պատիվ ունենա իր արժանավոր զավակին շնորհավորելու` այդ բարձր պաշտոնը ստանձնելու երջանիկ առիթով):
Մի խոսքով, մենք «ընչազուրկ» ենք մնում ասուլիսներում Հովհաննես Ա-ի պատասխաններից, պարզաբանումներից` նստաշրջանի ընթացքում «տեղի ունեցած-կատարվածին» առնչվող, ինչն ուղղակի խորհրդարանական բարի ավանդույթների հստակ խախտում է:
Բայց դա ամենևին էլ չի խանգարում պառլամենտատերերին` հետևողականորեն սահմանափակելու լրագրողների աշխատանքի ազատությունը` խախտելով 20 տարի շարունակ ձևավորված նույնքան բարի ավանդույթները նույնպես, որոնց շնորհիվ խորհրդարանը եղել ու մնացել էր անկախության շրջանի ամենաբաց-ամենաթափանցիկ պետական կառույցը: «Հոտնկայս» հիշենք ուշացած լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելող հրովարտակը, ինչպես նաև մոնիտոր «նկարող» օպերատորների ինկվիզիցիան (որի շնորհիվ, ի դեպ, «Շանթը» տևական ժամանակ բոյկոտում ու չէր լուսաբանում ԱԺ նիստերը):
Եկեղեցու կառուցումը դեռ չսկսած` պառլամենտարիայում, ինչպես իրազեկվեցինք վերջերս, արդեն իսկ սկսել է գործել «բազումք» կանչվածի և «սակավ» ընտրվածների ոսկե կանոնը: Գիտեք, լրագրողն իր պորտով, ժուռնալիստն իր թևով այլևս իրավունք չունի մուտք գործելու ԱԺ, եթե որևէ պատգամավոր չի ասել` կանչված ես, եկ-արի, լրագրո՜ղ:
Բայց սա ամենը չէ. նոու-հաու է սկսել կիրառվել նաև լրագրողների հավատարմագրման կարգում։ Հասկանում եք` պետք է «բարաթ» ներկայացնել առ այն, որ դուք հղի եք և միևնույն ժամանակ... տղամարդ: Ոնց որ խառնեցինք, ուզում էինք ասել` պահանջվում է թուղթ առ այն, որ դու ուղտ չես, և այդ հանգամանքի մասին պետք է իրազեկված լինի 2 հազար ընթերցող, ասել է` պետք է թերթն ունենա առնվազն 2 հազար տիրաժ, որպեսզի արժանանաս խորհրդարանի տարածք (հանաք բան չիմանաք, այնտեղ ծառերը փոշեծծիչով են մաքրվում, գորգերի խավն էլ այնքան բարձր է, որ քեզ թվում է` անվերջ «բարձր խավի» հետ ես շփվում, այնտեղ` բուֆետում, սկզբում բոնուսով ու շատ էժան էին կերակրում, իսկ հիմա` ուտելիքը հին է և շատ թանկ) մուտք գործելուն:
Թե ինչքանով է այս «պունկտը» հակաազատական ու հակալրագրողական, չարժե «խորանալ»:
Եվ ընդհանրապես, ո՞վ է որոշում` 2 հազար ընթերցողն ավելի կարևոր է, քան մեկ այլ պարբերականի հինգ և կամ` մեկ ընթերցողը, որը կարող է «պատահի» «մեծանա» ու, ասենք, դառնա պատգամավոր և կամ` ԱԺ նախագահ:
Հա, ի դեպ. լրագրողներից էլ եթե առաջ մեկ նկար էին ԱԺ-ից պահանջում հավատարմագրման «բաջի» համար, հիմա` երկու (ասին` թող շատ ըլի, ժամանակ էղավ` թուղթուգիր տինք անիլ):
Իսկ հիմա շատ լուրջ հարց. ի՞նչ իմաստ ունի տարին երկու անգամ հավատարմագրել լրագրողներին: Ասին` միշտ է այդպես եղել:
Փաստորեն այն, ինչը լավ է, չեն պահում-պահպանում, ինչն ավելորդ է, սրբությամբ հետևում են: Այսպիսով, տարին 2 (երկու) անգամ պիտի նկարվել և 4 (չորս) նկար ներկայացնել ԱԺ տարբեր «գործողությունների» համար: Երբ աշխարհը վաղուց կիրառում է ցիվիլ ձև. «պրինտերով» նկարը պատճենահանում և «տեղակայում» են բաջի վրա, ամեն անգամ` «ուշադրություն, մեկ-երկու-վեց. ծիտիկը թռավ» փորձության չենթարկելով բազմաչարչար լրագրողներին:
ՈՒստի` ծառերի փոշեծծիչից ու լրագրողների սուրճի ապարատից առաջ, պետք էր 1 (մեկ) «պրինտեր» առնել ու հարցը «ցիվիլացնել», ինչպես, ասենք, ՀՀ ԱԳՆ-ում է:
Հուսանք:
Ո՛Չ ԱՆՁՐԵՎԸ, Ո՛Չ ԱՐՁԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՔՐԵԼՈՒ 27-Ի ՀԵՏՔԵՐԸ
Հասանք ԱԺ բակ։ Այստեղ եռանդուն տեղադրում են հոկտեմբերի 27-ի զոհերի 10-ամյա տարելիցի վերհուշը խորհրդանշող հուշարձանը:
Նախ ասել էինք` լավագույն վերհուշն այն կլիներ, որ բարձրացվեր 27-ի` կազմակերպիչների մասով անջատված գործը, նոր քննություն սկսվեր, և վերջապես բացահայտվեր այն «ուչաստկովին», որն իրականացրեց պետության այդքան դաժան գլխատումը և մնաց... անհայտ:
Մի խոսքով, «խնդրո առնչությամբ» ԱԺ-ում հուշարձան տեղակայելու գործով ստեղծված համապատասխան հանձնաժողովը` ԱԺ նախագահի գլխավորությամբ (մշակույթի նախարարի, ստեղծագործական միությունների ղեկավարների մասնակցությամբ), անչափ «հետաքրքիր» որոշում է կայացրել. սև գրանիտե ծավալուն պատվանդանի վրա կդրվի Երվանդ Քոչարի` «Դավիթը հաղթում է Գողիաթին» արձանը, որը ոչ թե գնվել է, այլ Քոչարի հարազատների համաձայնությամբ դրվելու է ԱԺ այգում` ի հիշատակ 27-ի զոհերի:
Ձեզ մոտ էլ հարցեր առաջացա՞ն, թե որքանով են 27-ն ու այդ արձանի թեմատիկան իրար մոտ։ Ինչո՞ւ պատրաստի արձան, երբ նոր արձան կարելի էր պատվիրել, ի վերջո, առանց բարձրագոչ հայտարարությունների ու հանձնաժողով ստեղծելու էլ կարելի էր քանդակը բերել-տեղակայել և այդպես շարունակ: Բայց քանի որ թեման շատ նուրբ է, չարժե շատ խորանալ:
ԱԺ-ից պարզապես տեղեկացրին, որ խնդրո առնչությամբ, Քոչարի քանդակը տեղակայելու մասին խորհրդակցել են նաև տիկին Ռիմա Դեմիրճյանի, Գրետա մայրիկի, Անահիտ Բախշյանի, բոլոր զոհերի հարազատների հետ, վերջիններս տվել են իրենց համաձայնությունը:
Մնում է հավելել, որ արձանի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:
Արձանի տեղակայման համար (հիշենք, որ Քոչարի արձանը չի գնվել) ՀՀ նախագահը տրամադրել է 20 մլն դրամ, իսկ ԱԺ նախագահն իր ֆոնդից` 10 մլն դրամ:
ԲԱ ՉԷ՞
Պատգամավորների մեծ մասի «մոտ» այս նստաշրջանում «նովոսելյա» է: Թե երբ նոր մասնաշենքի բացմամբ կավետվի, որ խորհրդարանի իմիջն այս նստաշրջանում էլի մի քիչ բարձրացավ, պառլամենտում դեռ չգիտեն, բայց ասին` «մոտ օրերս» կբարձրացնեն (իմա` բացումը կանեն):
Առաջին հերթին որոշվել է հանձնաժողովներն ու նրանց փորձագետ-պատգամավորներին տեղափոխել նոր մասնաշենք, «հետո` կերևա»։ Հեշտ գործ չէ: Նոր պայմանները, իսկապես, շատ «օքեյ» են, և, ինչպես ասաց հանձնաժողովի նախագահներից մեկը, «լվացվելու տեղ կա, բան կա»:
ՈՒ քանի որ մեր խորհրդարանն «ամենաարդար ու ազնիվն» է համայն գլոբալացվող «աշխըրքում», «ժերեբյովկա» են արել, ուզել են` լավ, ստացվել է` ինչպես միշտ. կարևոր հանձնաժողովները` տնտեսական (ի դեմս անզուգական Վարդան Այվազյանի և որոշների), տեղ են գրավել «պրիստիժնի» հարկում` երրորդում, որն «ուղիղ գծով» կապվում է նիստերի դահլիճի հետ:
«Արժանի՜ է»,- կարծում ենք` կհնչի ամբոխի միջից, զի այս Վարդանը նախորդ արտահերթում` «Տղմուտի ափին» էնպես «քլնգեց» ԱՄՀ-ից էս տնտեսական ճգնաժամի պայմաններում բավականին լուրջ վարկ բերած կառավարությանը, որ օձն իր պորտով, հավքն իր թևով ի վիճակի չէր (ի դեպ, չար լեզուներն ասում են, որ պառլամենտի և ՀՀԿ-ի այդ պահվածքը, ինչպես նաև ԲՀԿ-ի` կին ատամնատեխնիկի գլխավորությամբ դեմ քվեարկելը ահավոր զայրացրել է Սերժ Սարգսյանին, որովհետև լավատեղյակները վերջինիս բացատրել են, թե ընդհանուր ինչ խաղ է տարվել այդ օրը պառլամենտում կառավարության, մի քիչ էլ Սերժ Սարգսյանի դեմ` բոլորի, այդ թվում և` բարձրաշխարհիկ ՀՀԿ-ականների օգնականությամբ. Սարգսյանը լսել է «բանագնացին», ասել` «հլը նորից ասա, հլը նորից», լսել ու` արտաբերել` հը՜ըմ):
Եվ քանի որ կրկին խորհրդարանական «կոնվեյերի» վրա է հարկային փաթեթը, ապա Այվազյան Վարդանի ուղիղ մուտքը «Սովնարկոմ», իմա` նիստերի դահլիճ` ընդդեմ կառավարության, կրկին շատ պետք է ՀՀԿ փասիանսիստներին: ՈՒստի ևս մեկ անգամ «Արժանի՜ է»,- թող հնչի ամբոխի միջից` «Տղմուտի ափին հարբած փղերի» կարիք չունեցող Վարդանանց հաշվով:
Երրորդ հարկում է նաև տերերի որոնման մեջ վերջին շրջանում խճճված, բայց վերջնականապես և հիմնավոր կողմնորոշված ոչ անհայտ Դավիթ Հարությունյանը. լավատեղյակները շշնջում են, որ նա այլևս բարձր է գնահատում «Աբրահամ ախպոր» (ըստ` Արտո Թունջբոյաջյանի) ինտելեկտը, ուղղվածությունը, գործնական հատկանիշները, աշխատելու կամքն ու կորովը:
Երրորդ հարկում էլի «որոշներ» կան, բայց նրանք իրենցից ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում։ Գոնե` մեզ համար:
Իսկ «ժերեբյովկաները» շարունակվում են, իմիջաբարձրացումն էլ` հետը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ