ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՁՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ՁՄՌԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
20.10.2009 | 00:00

Ձմռան նախաշեմին քաղաքապետարանի պատասխանատուները սովորաբար հանդես են գալիս մամուլի ասուլիսներով, հավաստիացնում, թե քաղաքը ձմռանը լիովին պատրաստ է, և անակնկալներ չեն սպասվում։ Նույն բանին, հավանաբար, ականատես կլինենք այս տարի։ Մինչ այդ ինքներս փորձեցինք տեղեկանալ քաղաքապետարանի ձեռնարկած՝ ձմռան նախապատրաստական աշխատանքներին։
Ինչպես մեզ տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2008-2009-ի ձմռան նախապատրաստական աշխատանքների իրականացման համար թաղապետարանները հատկացրել են շուրջ 640 միլիոն դրամ, իսկ 2009-2010-ի ձմռան աշխատանքների գումարի չափը դեռևս ճշտված չէ, քանի որ ներկայումս, ըստ ոլորտների, շարունակվում են Երևանի 2010-ի բյուջեի կազմման աշխատանքները։
2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևանում վերանորոգվել է 1200 տանիք, զուգահեռաբար վերանորոգվել են նաև տանիքների ջրհորդանները: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում տեղադրվել է մուտքի 300-320 դուռ: Նշենք, որ կոյուղագծերի վերանորոգման աշխատանքներն իրականացնում են համատիրությունները:
Երևանի քաղաքապետարանի կողմից այս բնագավառում իրականացվող աշխատանքներն ընթացել են նախանշված ծրագրով և կատարվել են 100 տոկոսով (տարեկան կտրվածքով արդեն իսկ կատարված աշխատանքները մոտ 85 տոկոս են):
ՀՀ կառավարությունը 2006-ին ընդունեց «Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների օգտագործմամբ ջերմամատակարարման համակարգերի վերականգնման առաջնային ծրագրերի մասին» որոշումը, համաձայն որի թույլատրվել է Ավան և Դավթաշեն համայնքներում իրականացնել էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության տեղակայանքների (կոգեներացիոն) օգտագործմամբ ջերմամատակարարման առաջնային ծրագրեր։
«Դավթաշեն էներգակենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի իրականացրած «Դավթաշեն» ներդրումային ծրագրի գումարը կազմում է 24 միլիոն 700 հազար դոլար, որի շնորհիվ կջեռուցվի 173 բնակելի և հասարակական նշանակության (դպրոցներ, մանկապարտեզներ, այլ հիմնարկներ) 18 շենք։ Ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն՝ ջերմային էներգիայի սակագինը կկազմի մոտ 11 դրամ/կՎտժ։
«ՀայՌուսկոգեներացիա» ՓԲԸ-ի իրականացրած «Ավան» ներդրումային ծրագրի գումարը կազմում է 29 միլիոն դոլար, որը կնպատակաուղղվի համայնքի 218 բազմաբնակարան շենքերի ջեռուցմանը։ Ջերմային էներգիայի սակագինն այստեղ կկազմի մոտ 19 դրամ/կՎտժ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը Երևանի վարչական շրջանների կոմունալ բաժինների և սանիտարական մաքրման ընկերությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ մինչև 2009-ի նոյեմբերի 1-ը կազմակերպել, սարքին վիճակի բերել ձմռան ամիսներին աշխատող հատուկ նշանակության (ձյուն մաքրող, հավաքող, բարձող և տեղափոխող) մեքենասարքավորումները, ինչպես նաև պահեստավորել անհրաժեշտ քանակությամբ տեխնիկական աղ և ավազ, ձեռք բերել անվադողեր, մարտկոցներ, խոզանակներ, քերիչներ և այլ պահեստամասեր՝ Երևան քաղաքում ձմռան ամիսներին հետիոտների շարժն ու տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար։
Մայրաքաղաքի երկու սանմաքրման ընկերություններում ձմռան ամիսներին անվտանգ երթևեկություն ապահովելու համար առկա են շուրջ 270 միավոր հատուկ նշանակության (ձյուն մաքրող, հավաքող, բարձող և տեղափոխող ինքնաթափ) մեքենասարքավորումներ, կատարվում է դրանց մանրամասն ուսումնասիրություն, և առաջիկայում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, նախատեսվում է ձեռք բերել առաջին անհրաժեշտության ևս 50 միավոր լրացուցիչ տեխնիկա։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի կրթօջախներին, ապա Երևանի քաղաքապետարանի ենթակայության 201 (193 հանրակրթական, 3 հատուկ, 5 արհեստագործական) կրթական հաստատություններից 165-ը ջեռուցվում են անհատական կաթսայատներով, 36-ը՝ էլեկտրական ջեռուցիչներով (մինչև 2011 թվականը բոլոր դպրոցները լոկալ ջեռուցումով ապահովելու ծրագիր է իրականացվում)։ Նախադպրոցական ուսումնական 162 հաստատություններից 56-ը ջեռուցվում են անհատական կաթսայատներով, 106-ը՝ էլեկտրական ջեռուցիչներով։ Կրթական հաստատություններում իրականացվում են ջերմամեկուսացման աշխատանքներ՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։ Զուգահեռաբար կարգի են բերվում մալուխային տնտեսությունները։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ