ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ղարաբաղի հարցն այս պահին լուծում չունի»

«Ղարաբաղի հարցն այս պահին լուծում չունի»
25.09.2009 | 00:00

«ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՆՔՆ Է ԿՈՂՄ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆՆ ՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ»
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱԺՄ)
-Պարոն Մանուկյան, Ձեր «կրումներն» ինչպիսի՞ք են հայ-թուրքական զարգացումների առնչությամբ:
-Կողմնակից եմ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Այդ կարգի քաղաքականություն ես վարել եմ դեռ մինչև «Ղարաբաղ» կոմիտե մտնելը, այնուհետև «Ղարաբաղ» կոմիտեում եմ համոզել էդ քաղաքականությունը տանել, փորձել եմ դա անել, երբ իշխանության էինք, բայց Թուրքիան ամեն ինչ կապեց Ղարաբաղի հետ, գործընթացն ընդհատվեց։ Հիմա` այս արձանագրություններում, Ղարաբաղի հարցն առանձնացված է:
-Չկան նախապայմաններ. պնդո՛ւմ եք:
-Հա, պնդում եմ, որ նախապայմաններ չկան: Գոնե փաստաթղթում նման բան չկա:
-Իսկ ի՞նչ եք կարծում` Ռուսաստանի պահվածքն ինչպիսի՞ն կլինի հետագա զարգացումների դեպքում:
-Քաղաքական տեսանկյունից թվում էր, թե արձանագրությունների ստորագրումը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետև Ռուսաստանի կշիռը, սահմանը բացելով, թուրքական վտանգը վերացնելով, Հայաստանի համար թուլանում է: Բայց, ի զարմանս ինձ (այս պահին ես չեմ ցանկանում խորանալ, թե ինչու), այնուհանդերձ, տարածաշրջանային զարգացումներն արձանագրեցին, որ Ռուսաստանն էլ է կողմ (հարցեր կան Վրաստանի և մի շարք այլ խնդիրների հետ կապված, որոնք Ռուսաստանի դիրքորոշումն առավել լոյալ են դարձնում):
-Նկատի ունեք նաև ՀՀՊ համակա՞րգը, որ ԱՄՆ-ն այլևս չի տեղակայի Արևելյան Եվրոպայում:
-Հիմա չխոսեմ այդ ամենի մասին, բայց ասեմ, որ նախկինում Ռուսաստանը միշտ էլ, այո, ցանկանում էր, որ հայերը թուրքերի հետ հարաբերություններ չհաստատեն, որպեսզի իրենցից կախման մեջ լինեն, սակայն տվյալ պահի շահերը բերել են նրան, որ Ռուսաստանն ինքն է կողմ սահմանի բացմանն ու հարաբերությունների հաստատմանը:
-Չէ, ասում են` էդպես չէ, և Ռուսաստանն անպայման կձեռնարկի իրեն հատուկ քայլեր, ինչպիսիք նման իրադրություններում ցայս ձեռնարկել է:
-Ովքե՞ր են ասում:
-Տեսաբանները, փորձագետները, գործից հասկացողները:
-Իսկ ես ասում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր անմիջապես հանդիպել են Մեդվեդևին ու Պուտինին:
-Էն ժամանակ էլ մերոնք հանդիպում էին Ելցինի ու Պուտինի հետ, բայց դա չխանգարեց, որ 98-ին լինի թավշյա հեղաշրջում, մեկ տարի հետո էլ` հոկտեմբերի 27: Իսկ ի՞նչ եք կարծում` Ղարաբաղի հարցում տեղաշարժ կլինի՞ մինչև տարվա վերջ:
-Բացառում եմ: Ղարաբաղի հարցն այս պահին լուծում չունի:

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑՈՒՑՅ ԿՏԱ` ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ Է, ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆԸ... ԴԺՎԱՐ Է ԱՍԵԼ` ԻՆՉ ԿԱՆԻ»
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՆԺԿ)
-Պարոն Կարապետյան, ըստ մեզ հասած լուրերի, Դուք, կարծես թե, Հաագայի հարց եք բարձրացրել հանդիպման ժամանակ:
-Ես ընդամենն ասել եմ, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի ճնշման պայմաններում մենք կորուստներ ենք ունենալու: Սերժ Սարգսյանն էլ ասաց` ի՞նչ անենք, գնանք կախվե՞նք: Ես ասացի` չգիտեմ ինչ անեք, բայց հիշեցնում եմ, որ նման ճանապարհով անցել է Սերբիան, իսկ Սերբիայի նախագահը Հաագայի դատարանում մահացավ:
-Ե՞վ...
-Եվ պարոն Սարգսյանը ոչինչ չասաց, իր ելույթի վերջում արձանագրեց, որ իրավունք ունի ապրելու միտքը, թե Միացյալ Նահանգները կամ որևէ մեկը կարող են և ճնշում գործադրել ինչ-որ հարցի լուծման համար:
-Կոշտ ելույթներ եղա՞ն:
-Այո՛, եղան, և Սերժ Սարգսյանը շատ նորմալ լսեց այդ ելույթները: Կոշտ էր իմ ելույթը, Տիգրան Կարապետյանինը, դաշնակցությանը, Դավիթ Հակոբյանինը...
-Այսինքն` նրանց, ովքեր համարվում են Ռուսաստանը շատ «սիրողնե՞ր» (է՜, սիրում եք` ամուսնացեք - հեղ.):
-Նման քննարկումներն ինձ համար միշտ հայկական են:
-Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
-Կարծում եմ, որ արձանագրությունները կստորագրվեն, և շատ լուրջ խնդիրներ կառաջանան:
-Ռուսաստանն ինչպե՞ս կպահի իրեն, երբ արձանագրությունները ստորագրվեն:
-Պաշտոնական Ռուսաստանը ցույց կտա` ամեն ինչ նորմալ է, ոչ պաշտոնականը... դժվար է ասել` ինչ կանի:
-Ասում են` «չի՛ անի». հարցը համաձայնեցված է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Տեսեք` նույնիսկ ՀՀՊ-ն այլևս չեն տեղակայում Եվրոպայում:
-Ես մնում եմ այն կարծիքին, որ Օբամայի վարչախումբը, ինչպես միշտ, քայլ է անում և սպասում արդյունքների: Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ը փորձ է անում բոլոր տեղերում ցավեցնել Ռուսաստանին: Հիմա, երբ ԱՄՆ-ն ու Օբամայի վարչախումբը տեսնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել, Պուտինն է փորձում վերադառնալ (որպես նախագահ), նորից խոսվում է Միութենական դաշինք ստեղծելու մասին... հասկանում են, որ` չէ, Ռուսաստանում վիճակ է փոխվում, և նույն Օբաման հասկանում է, որ Մեդվեդևի վարած քաղաքականությունն սկսում է կորցնել իր որոշակիությունը:
-Մի խոսքով, Դուք կարծում եք, որ այն, ինչ այսօր կատարվում է հայ-թուրքական «գետնին» վրա, և ինչի համար Սերժ Սարգսյանն այսօր Ձեզ և մյուսներին հավաքել էր երկխոսության, Ռուսաստանին հեչ ձեռնտու չէ, ու «բարինն» էլի խանգարելու է:
-Ես նման բան չասացի` «խանգարելու» է, ես կարծում եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, ընդ որում` շատ լուրջ շրջանակներ, ինտելեկտուալ, ռազմական-ուժային, Թուրքիայի ուժեղացմանը տարածաշրջանում երբեք դրական չեն վերաբերվի:
-Հենց նոր զրուցում էի «օսոբո պրիբլիժոննի կ իմպերատորու» մեկի հետ, և նա ասաց, թե ովքեր հանդիպել են Մեդվեդևի ու Պուտինի հետ, պնդում են, որ Ռուսաստանը համաձայն է և որևէ խոչընդոտ չի հարուցելու, որովհետև Ռուսաստանի այս պահի շահը ևս դա է պահանջում:
-Իրենք գիտեն, թե ով ում է հանդիպել, բայց ես միանշանակ Ձեզ կարող եմ ասել` Ռուսաստանում հիմնական գիծը տանող խմբերը կատեգորիկ դեմ են այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում: Ավելի կատեգորիկ բան ասեմ. գուցե Մեդվեդևն ու Պուտինը, չհավատալով իրենց հետ հանդիպածների անկեղծությանը, ի ցույց են դրել, թե իրենք կողմ են, որ հանկարծ միջազգային հանրությունը չմտածի` դեմ են: Ես անձնապես կարծում եմ, որ լուրջ մարդկանց տեսակետներ կհնչեն շուտով, որոնք չեն լինի կրեմլյան բարձրաստիճան պաշտոնյաներ, բայց որոնք կարտահայտեն հենց պաշտոնական Կրեմլի կարծիքը:
-Մի բան պարզ է` Սերժ Սարգսյանը հաստատապես ստորագրում է այդ արձանագրությունները, և, ուրեմն, ի՞նչ է լինում դրանից հետո:
-Իմ կարծիքով` դաշտում վերաձևումներ են սկսվում:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ