ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Աշխարհում ամենալավ բանը նվերն է»

«Աշխարհում ամենալավ բանը նվերն է»
26.12.2008 | 00:00

ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱՏԱԿԱԽԱՌՆ ԲԼԻՑՆԵՐ
«ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԱՄԵՆ ԲԱՆ»
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար)
-Պարոն Կարապետյան, որտե՞ղ եք դիմավորելու Նոր տարին:
-Հունվարի 1-ին` Երևանում, 2-ին` հայրական գյուղում:
-Գնալո՞ւ եք Սերժ Սարգսյանենց տուն:
-Դեռ չեմ որոշել:
-Ի՞նչ եք ուզում` Ձմեռ պապը նվեր բերի:
-Տրամադրություն:
-Չունե՞ք տրամադրություն:
-Թող էլի՛ բարձրացնի:
-Իսկ երբևէ Ձմեռ պապ եղե՞լ եք:
-Չէ՛:
-Սիրո՞ւմ եք Ձյունանուշին:
-Նայած:
-Նայած` ի՞նչ. քաղաքական Ձյունանուշի՞կ, բարոյական Ձյունանուշի՞կ, սպորտսմենուհի՞, գեղեցկուհի՞, թե՞ պարզապես` Ձյունանուշիկ:
-Ձյունանուշիկ` ընդհանրությա՜ն մեջ:
-Ձեր մաղթանքը Նոր տարվա առիթով:
-Բարձր տրամադրություն։ Դրա մեջ ամփոփված է ամեն բան։ Դա օգնում է մարդու, ազգի, ժողովրդի ճշգրիտ ինքնակենսագործմանը, ներքին ուժի արձակմանը:
-Էսօր մի տեսակ տրամադրված եք տրամադրությունից խոսելու։ Ի՞նչ կա, որ...
-Էն կա, որ տրամադրությունս է բարձր:

«ՈՒԶՈՒՄ ԵՄ ՄՆԱԼ ԵՐԵԽԱ` ՄԱՆՈՒԿ»
ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆ («Ֆլեշ» ընկերության նախագահ)
-Պարոն Բեգլարյան, հեչ գնացե՞լ եք Լապլանդիա` Ձմեռ պապի մոտ:
-Ո՛չ: Բայց Ֆինլանդիայում եղել եմ: 1989 թվականին: Ես այն ժամանակ չգիտեի, որ Ձմեռ պապն այնտեղ է լինում:
-Իսկ սիրո՞ւմ եք Ձմեռ պապին:
-Շա՜տ:
-Ձյունանուշի՞ն էլ:
-Ավելի շատ: «Ձյունանուշներն» իմ թուլությունն են:
-Ի՞նչ եք սպասում Ձմեռ պապից:
-Գիտե՞ք, ես մինչև հիմա էլ հավատում եմ, որ Ձմեռ պապ կա: ՈՒ սպասում եմ, որ ինձ նվեր բերի:
-Աստված իմ, ալամ աշխարհը Ձեզանից է նվեր սպասում, իսկ Դուք...
-Ամեն մարդ էլ, իմացած եղեք, նվերի սպասում ունի։ Աշխարհում ամենալավ բանը նվերն է, ուղղակի որոշ մարդիկ սիրում են նվեր տալ, ուրիշները` նվեր ստանալ։ Ես սիրում եմ համ տալ, համ ստանալ:
-Ի՞նչ նվեր եք ուզում Ձմեռ պապից:
-Փոքրիկ արջուկ, որ տամ թոռնիկիս:
-Գոնե մի քիչ մե՜ծ արջուկ, թե չէ Ձեր թոռնիկը չի հավատա, որ Ձմեռ պապ կա:
-Գիտե՞ք, ես մինչև յոթերորդ դասարանը հավատացել եմ, որ երեխաները ծնվում են ոչ թե բնական ճանապարհով, այլ նրանց բերում են գետերը. գիտեի` ինձ էլ են գետից բերել: Երբ առաջին անգամ անատոմիայի գիրքը բացել-տեսել եմ, նոր հասկացել եմ, թե մենք ոնց ենք ծնվում:
-Տխրեցի՞ք:
-Չէ, ուրախացա: Որովհետև մտածում էի, որ էդ գետերում գորտեր կան, չգիտես ինչ տեսակի ձկներ...
-Հուսամ` մնացած հարցերում ավելի վաղ եք հասունացել:
-Չէ, ես չեմ ուզում մեծանալ, ուզում եմ մնալ երեխա` մանուկ:
-Այո՜, մանկան շուրթերով ճշմարտությունն է խոսում:
-Համ էլ` աշխարհի ամենահիմար մտքերն ասվում են դեմքի ամենալուրջ արտահայտությամբ, ինչն ուղղակի սարսափելի է:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 3781

Մեկնաբանություններ