ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ՆԿԱՏՈՒՄ, ՈՐ ԲԺԻՇԿՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԸ ՓՈՂ ԵՆ ՇՈՐԹՈՒՄ ԻՐԵՆԻՑ»

«ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ՆԿԱՏՈՒՄ, ՈՐ ԲԺԻՇԿՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԸ ՓՈՂ ԵՆ ՇՈՐԹՈՒՄ ԻՐԵՆԻՑ»
20.11.2009 | 00:00

Հայաստանի Վերահսկիչ պալատը մեզ քիչ էր, երեկ վերջինիս էր միացել Լեհաստանի գերագույն ՎՊ-ն, որի նախագահը, պարզվում է, ղեկավարում է նաև ողջ եվրոպական բարձրագույն վերահսկիչ մարմինների կազմակերպությունը:
Պարզ էր, որ հետաքրքիր շատ բաների ակնդիրն ու ունկնդիրը պետք է լինեինք երեկ հրավիրված համատեղ մամլո ասուլիսում: Նախ` իմացանք, որ ԱԺ ոսկեզօծ դահլիճում մեր ՎՊ-ի և լեհական «գերագույնի» միջև կնքվել է համատեղ պայմանագիր: Դե, պարզ է, նախատեսվում է փորձի փոխանակում, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, կոնֆերանսների և խորհրդակցությունների անցկացում, և, որ հետաքրքիր էր, համատեղ և զուգահեռ վերահսկողության անցկացում բնապահպանության ոլորտում:
ՈՒ մինչ Լեհաստանի ու մեր մասնագետները կկոնկրետացնեն ստուգումների ուղղությունը, լսենք, թե ինչ պատմեց Իշխան Զաքարյանը Գերմանիայի հետ համատեղ ստուգումների մասով: Եվ, ուրեմն, գերմանական Վերահսկիչ պալատը Հայաստան է բերելու մեքենա-լաբորատորիա, որն օրական անցնում է 300 կիլոմետր և մեկ սանտիմետր ճշգրտությամբ ու «շառավղով» ստուգում ճանապարհաշինության որակը` ինչքան խիճ է օգտագործվել, ինչքան` ասֆալտ... մի խոսքով` ինչ կա-չկա ասֆալտի տակ թաքնված: Գերմանացի մասնագետները Հայաստանում մնալու են մի քանի ամիս, ՎՊ-ի մեր մասնագետների հետ աշխատելուց հետո էդ մեքենա-լաբորատորիան նվիրելու են Հայաստանին ու գնան: Ասել է` Հայաստանի ՎՊ-ն հետայսու ունենալու է «լաբորատորիա», կարողանալու է «նոն-ստոպ» տարբերակով ցանկացած եղանակի ու ժամանակի ստուգել հայոց ասֆալտի որակը:
«Վա՜յ թե էդ մեքենան ասֆալտապատողները տրաքացնեն»,- կատակեց ներկա լրագրողներից մեկը:
Բայց միայն սա չէր երեկվա ասուլիսում մեր իմացած «հետաքրքիրը»: Յացեկ Եժիերսկին տեղեկացրեց, որ լեհական ՎՊ-ն, թեկուզ գերագույն է, կոռուպցիոն դեպքեր արձանագրելու դեպքում չունի կոռումպացված «կողմին» ձերբակալելու, ազատազրկելու հնարավորություն: Ի դեպ, սա միակ ընդհանրությունը չէր մեր և լեհական վերահսկիչ մարմինների միջև (ի դեպ, լեհական ՎՊ-ի նախագահը, պարոն Եժիերսկին «գունավոր» հեղափոխությունների օրրան համարվող Լեհաստանի և նրա հայտնի նախագահ Կաչինսկու ամենամերձավոր բարեկամն է, ընդ որում, Եժիերսկուն այդ պաշտոնում նշանակել է ինքը` Կաչինսկին` իրենից հետո։ Այո, պարոն Կաչինսկին ինքը ևս եղել է Լեհաստանի գերագույն ՎՊ-ի նախագահ): Տեղեկացնենք նաև, որ Ֆրանսիայի Վերահսկիչ պալատն ունի գլխավոր դատախազ, քննիչներ, իսկ Տաջիկստանի վերահսկիչ մարմինն ունի օպերատիվ-քննչական վարչություն:
Այդուհանդերձ, Լեհաստանի ՎՊ-ն մխիթարվելու բան ունի. ի տարբերություն մեզ, Լեհաստանում գոյություն ունի զուտ կոռուպցիոն հարցերով զբաղվող ծառայություն, որի աշխատանքը վերահսկում է ՎՊ-ն:
Բայց ամենակարևորը, որ իմացանք, վերաբերում էր Լեհաստանի ամենակոռումպացված ոլորտին: Պարզվեց` Լեհաստանում, որպես Արևելյան Եվրոպայի երկիր, որտեղ դեռ լիարժեք չեն վերացվել հետսովետական մասնակի «դրսևորումները», ինչպես և մեզանում, բժշկին քիչ են փող տալիս, ուսուցչին քիչ են փող տալիս, և անձրևի դեմ վերջիններս, ինչպես և մեզանում, «յափնջի են վերցնում», իմա` կաշառք:
Սակայն է՛լ ավելի հետաքրքիր էր պարոն Եժիերսկու մտքի շարունակությունը, որն առավել առնչվում էր կոռուպցիոն ռիսկերի և վերահսկողական ֆունկցիայի փիլիսոփայությանը. «Մեր վերահսկողության ծառայության մեծ ձեռքբերումներից եմ համարում այն, որ տասը տարի առաջ մեր հասարակությունը չէր նկատում, որ բժիշկն ու ոստիկանը փող են շորթում իրենից, այսօր հասարակության կարծիքն ամբողջովին փոխվել է այդ երևույթների նկատմամբ։ Այսօր ոչ ոք չի խոստովանի, որ ինքը կաշառք է տվել կամ վերցրել, որովհետև հասկանում է` դա հանցագործություն է: Ի դեպ, Լեհաստանում վերջին տարիներին տեղի են ունեցել ձերբակալություններ (ականջները կանչի լեհերի, ասում ենք, չէ՞, հեղափոխությունների «օրրանն» է պարոն Զբիգնև Բժեզինսկու հայրենիքը. թե չէ` մեզ մոտ ոչ մեկը չի պատժվել, չի ձերբակալվել ՎՊ-ի հայտնաբերած ահավոր արտառոց փաստերի, խախտումների «լույսի» ներքո- հեղ.)։ Տեղի ունեցավ նաև սկանդալային կոռուպցիայի դեպք. որոշակի մի խումբ (դեպքը կապված է ազարտային խաղերի հետ) փորձել էր խորհրդարանի անդամներին կաշառել, որպեսզի օրենքը ձևակերպվի այնպես, որ ձեռնտու լինի այդ անձանց: Բարեբախտաբար, օրենքի ընդունումը կանխվեց կոռուպցիոն մտադրությունը բացահայտվելու պատճառով»:
«Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»: Իսկ ՀՀ ՎՊ-ի նախագահը ողջ օրն ասում է` երբեմն այնպիսի տպավորություն ես ստանում Հայաստանում «արարված» օրենքներից, որ դրանք հատկապես ընդունվել են կոռուպցիոն ռիսկեր «զարգացնելու» համար: Երևի պատճառն այն է, որ մեր խորհրդարանում հայտնվում են մարդիկ` հատկապես ա՛յդ «գործն» առաջ տանելու համար:
Պարոն Եժիերսկին ասաց նաև, որ իրենց վրա ճնշումներ չկան (՞): Բայց խոսքի շարունակության մեջ երևաց, որ այնտեղ ևս կուսակցությունները փորձում են «դիվիդիներ» շահել` խախտումների մասին նամակներ են ուղարկում լեհական ՎՊ-ին։ «Մենք հետևում ենք, եթե դա քաղաքական պայքարի միջոց են ցանկանում դարձնել, և դա մեկ կուսակցության կոնյունկտուրային ցանկությունն է, մերժում ենք աշխատանքի այդ ձևը»,- հավաստիացրեց պան Եժիերսկին:
Իսկ վերջում նա ուղղակի հիացրեց լրագրողներին` տեղեկացնելով, որ եթե որևէ մեկը փորձում է իրենց ճնշել, իրենք շատ լավ կապեր ունեն լրատվամիջոցների հետ և զգուշացնում են ճնշման փորձ անողներին. «Թող ոչ ոք մեզ չզանգահարի, այլապես դա կհասնի լրատվամիջոցներին»:
Բա՜, ժողովուրդ ջան: Չնայած մեր ՎՊ-ն էլ շատ լավ հարաբերությունների մեջ է լրատվամիջոցների հետ։ Վկան` նրա բոլոր մամլո ասուլիսները:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1716

Մեկնաբանություններ