ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԹԲԻԼԻՍԻՆ ՎԵՐԱԾՎԵԼ Է «ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՈՒՂԵԾՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՕԲՅԵԿՏԻ

ԹԲԻԼԻՍԻՆ ՎԵՐԱԾՎԵԼ Է «ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ՈՒՂԵԾՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՕԲՅԵԿՏԻ
23.10.2009 | 00:00

Եթե նախորդ դարի համաշխարհային պատերազմները մասշտաբային էին, արյունալի և բացահայտ, ապա այժմ, գլոբալ տնտեսության և բարձր տեխնոլոգիաների պայմաններում, մենք սկսել ենք ականատես դառնալ աշխարհաքաղաքական պատերազմների ավելի «փափուկ», բայց ոչ նվազ դրամատիկ տարբերակներին։ Այսպես, ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, ԱՄՆ-ի զինված ուժերի բարեփոխումների գրասենյակը մշակել է ժամանակակից պատերազմներ վարելու նոր հայեցակարգ, որն ակտիվորեն դրվում է գործողության մեջ, և դրա հեղինակները համոզված են, որ մոտ ապագայում այս մոտեցումը, եթե անգամ չփոխարինի պատերազմների ավանդական մեթոդներին, ապա էապես և անշրջելիորեն կփոխի դրանց որակական դրսևորումները։
Այս նորույթի որոշիչ հանգամանքը «ցանցային» սկզբունքի կիրառումն է։ Ըստ էության, խոսքն այնպիսի տեղեկատվական տարածության ձևավորման մասին է, ուր զարգանում են հիմնական ռազմավարական օպերացիաները, լինեն դրանք ռազմական, դիվանագիտական, տնտեսական, թե տեխնիկական բնույթի։ «Ցանց» ասվածը լայն իմաստով իր մեջ այսուհետ ներառելու է տարբեր բաղադրիչների միաժամանակյա կիրառումը, և ակնհայտ է, որ այս նոր հայեցակարգը փափուկ ձևերով այսօր փորձարկվում է հետխորհրդային տարածքում։ Այս իրողություններից ելնելով, թերևս, պետք է դիտարկել բոլոր քաղաքական սենսացիաները, սկսած Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից, վերջացրած նրանով, որ Վաշինգտոնը մտադիր է հատուկ նշանակության ստորաբաժանումներ տեղակայել կենտրոնասիական երկրներից որևէ մեկում, ամենայն հավանականությամբ, Ղրղզստանում կամ ՈՒզբեկստանում։ Տվյալ պարագայում խոսքը մինչև 200 զինծառայողներ ներառող հատուկ նշանակության գումարտակի տեղակայման մասին է։ Միաժամանակ Հարավային Կովկասի տարածաշրջանն ակնհայտորեն շարունակում է մնալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև ընթացող պայքարի առանցքում, իսկ գլոբալ պրոբլեմները, սկսած տնտեսական ճգնաժամից մինչև Իրանի միջուկային ծրագիրը, ընդամենը հեռանկարի վրա մեծ ազդեցություն չթողնող ժամանակավոր դրսևորումներ են։
Այս համատեքստում միանգամայն տեղավորվում են նաև ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների այցերը Հայաստան և հատկապես` Վրաստան։ Եթե Հայաստանի պարագայում գործընթացներն ունեն ավելի քողարկված, բայց միաժամանակ կանխատեսելի բնույթ, ապա Վրաստանի պարագայում արդեն վաղուց ակնհայտ է, որ Թբիլիսին վերածվել է «ցանցային պատերազմի» ուղեծրում ընդգրկված օբյեկտի, և այդ պատերազմում Ռուսաստանը շարունակում է անդառնալիորեն կորցնել դիրքերը։ Հերթական անգամ այդ իրողության հաստատումը դարձավ օրերս միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի այցը Թբիլիսի։ Այցի նախօրեին ռուսական փորձագետներն աշխատում էին հանդես գալ մխիթարիչ «դեղատոմսերով» և կանխատեսում էին, թե Վաշինգտոնից Թբիլիսին հերթական անգամ կստանա զուտ խորհրդանշական աջակցություն։ Անգամ կային կանխատեսումներ, թե Վրաստանին սպասվում է զոհի ճակատագիրը, ինչպես Չեխիայի կամ Լեհաստանի պարագայում, և նա կդառնա մանրադրամ ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերաբեռնաթափման» գործընթացում։ Մինչդեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալն ի սկզբանե չէր թաքցնում, որ այցի նպատակը վերջերս Մոսկվա կատարած Հիլարի Քլինթոնի այցելությանը հակակշռելն է։ (Ճիշտ այդպես վարվեց ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, երբ Բարաք Օբամայի` Մոսկվա կատարած այցից հետո իր հերթին այցելեց ՈՒկրաինա և Վրաստան)։ Եվ, այնուհանդերձ, բոլոր շահագրգիռ կողմերը կարծում էին, որ Վերշբոուի այցը պետք է պատասխան տա գլխավոր հարցին, թե ինչպես են կառուցվելու ԱՄՆ-ի հարաբերությունները հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող իր դաշնակիցների հետ։
ԵՎ այդ պատասխանը տրվեց։ Զուտ ձևական տեսանկյունից ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալի այցը միանգամայն տեղավորվում էր ամերիկա-վրացական ռազմավարական համագործակցության խարտիայի շրջանակներում և հանրությանը ներկայացվեց որպես անվտանգության հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նախաձեռնություն։ Հիշեցնենք, որ վրաց-ամերիկյան այդ փաստաթղթում ամրագրված են համագործակցության սկզբունքները Վրաստանում ժողովրդավարության ամրապնդման, պաշտպանության, անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի բնագավառներում համագործակցության և, առհասարակ, ժողովուրդների միջև շփումների ու մշակութային հարաբերությունների վերաբերյալ։ Թեկուզ և այդ փաստաթուղթը նախապատրաստել ու կյանքի է կոչել նախորդ ամերիկյան վարչակազմը, Վերշբոուի այցը ցույց տվեց, որ այն արդիական է նաև այսօր։ Ամերիկյան բարձրաստիճան չինովնիկի այցելությունն ուներ մի քանի կարևոր հանգուցային կետեր։ Ողջունելով «Վրաստանի անվտանգության ամրապնդումն ու առաջընթացն այդ ուղղությամբ»` ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նախատեսվում է «գործողությունների ծրագրի մշակում Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցելու ուղղությամբ, որը շատ կարևոր հարց է»։ Պենտագոնի ներկայացուցիչն այսպիսի հայտարարությանը զուգահեռ ընդգծեց, որ ամերիկյան վարչակազմը պատրաստ է աջակցելու Վրաստանին` նոր պաշտպանական դոկտրինի ձևավորման և, առհասարակ, պաշտպանական համակարգի բարեփոխման գործընթացում։
«Վրաստանը լուրջ խաղացող է, և նրա վրա մեծ պատասխանատվություն է դրված։ Այդ իսկ պատճառով մենք կշարունակենք օժանդակել նրան զինված ուժերի մոդեռնացման գործընթացում»,- հայտարարեց Ալեքսանդր Վերշբոուն, միաժամանակ ընդգծելով, որ այդ աջակցությունը կդրսևորվի ինչպես զորավարժությունների անցկացման, այնպես էլ անհրաժեշտ կադրերի պատրաստման ու ռազմակրթական ոլորտում համագործակցության ձևով։ Միևնույն ժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը տեղեկացրեց, թե ԱՄՆ-ը մտադիր չէ Վրաստանի տարածքում տեղակայել ռազմաբազաներ և հակահրթիռային պաշտպանության համակարգ, ինչի մասին բազմիցս խոսվել է նախկինում։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տեղակալի պնդմամբ` այդպիսի բանակցություններ Վրաստանի հետ չեն ընթանում, քանի որ հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր տեղակայման գոտիներ են դիտարկվում միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները։ Այս հայտարարությունը որոշակիորեն, անշուշտ, հաճելի է ռուսական ականջի համար, սակայն հեռանկարի առումով` ոչ առանձնապես հուսալի։ Պետք է նկատի ունենալ, որ երբ ամերիկացիներին անհրաժեշտ եղավ ամրապնդվել Բալկաններում, Բուլղարիան ու Ռումինիան «արագացված կարգով» ընդունվեցին ՆԱՏՕ, որից հետո էլ սկսվեց ամերիկյան ռազմաբազաների տեղակայման գործընթացն այդ պետությունների տարածքում։ Մինչև 2011 թվականն ԱՄՆ-ը ենթադրում է Ռումինիայում տեղակայել շուրջ 1600, իսկ Բուլղարիայում` 2500 զինծառայող ներառող ռազմական կոնտինգենտ։
Միաժամանակ Վերշբոուի այցի ընթացքում հնչեցին մի շարք հայտարարություններ, որ հազիվ թե Կրեմլի սրտով լինեն։ Առաջին հերթին Պենտագոնի ներկայացուցիչն ընդգծեց, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների «վերաբեռնաթափումը» չի կարող տեղի ունենալ Վրաստանի շահերի հաշվին, և Վաշինգտոնը մտադիր չէ Մոսկվայի հետ առևտուր սկսել այդ կապակցությամբ։ Անդրադառնալով Վրաստանում տիրող ընթացիկ վիճակին` Վերշբոուն ընդգծեց, որ Ռուսաստանն ամբողջությամբ չի կատարում 2008-ի օգոստոսի 12-ին ստորագրված հրադադարի պայմանները, և Վաշինգտոնն աշխատում է Մոսկվայի հետ այդ ուղղությամբ, «որպեսզի կոնսենսուս ձևավորվի և ապահովվի միջազգային դիտորդների մուտքը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներ»։ Այնուհետև Պենտագոնի ներկայացուցիչը վերահաստատեց ԱՄՆ-ի կառավարության աջակցությունը Վրաստանի անկախությանը և ժողովրդավարական զարգացմանը, հասկացնելով, որ Վաշինգտոնը երբևէ չի պաշտպանի միջազգային ասպարեզում Թբիլիսիի դեմ ի հայտ եկած որևէ բանաձև։ ԱՄՆ-ը ցանկալի է համարում, որ Վրաստանում իշխանության փոխանցումը տեղի ունենա խաղաղ ճանապարհով ու օրենքով սահմանված ժամկետներում, այսինքն` 2013-ին, երբ գործող նախագահ Սաակաշվիլու պաշտոնավարումը կավարտվի։ Փորձագետներն այս կապակցությամբ կանխատեսում են, որ այդ ընտրություններում հաղթողի դերակատարն արդեն նախապատրաստված է, և Վաշինգտոնն այդ դերում տեսնում է վրացական ընդդիմության առաջնորդներից Իրակլի Ալասանիային, ով, ի դեպ, հրավիրված էր ներկա գտնվելու նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությանը։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Վրաստանին առնչվող ռուս-ամերիկյան տարաձայնությունները տեղայնացվել են միայն առաջին հայացքից։ Իրականում ամերիկացիները մտադիր են երկարաժամկետ աշխատել Վրաստանի հետ, և այդ կապակցությամբ ամերիկյան նոր վարչակազմում արդեն իսկ որոշակի ծրագրեր կան։ Ի՞նչ կարող է հակադրել դրան Մոսկվան` Սաակաշվիլու նկատմամբ ունեցած անփոփոխ անհանդուրժողության պայմաններում։ Թերևս նույնը, ինչ նախկինում։ Վերշբոուի այցի գրեթե նախօրեին Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը «հանկարծ հայտնաբերեց» ինչ-որ կապեր Վրաստանի և «Ալ-Ղաիդայի» ահաբեկիչների միջև։ Իր հերթին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական դոկտրինը հնարավորություն է տալիս միջուկային զենք գործադրել կանխարգելիչ նպատակներով։ Ընդ որում, հատուկ ընդգծվեց. «Գլխավոր վտանգը լայնամասշտաբ պատերազմները չէ, այլ լոկալ պատերազմներն ու զինված հակամարտությունները»։
Թե ինչպես է այս ամենն ազդում Վրաստանում քաղաքական կլիմայի փոփոխության վրա, կարելի է դատել վրաց ընդդիմության և իշխանությունների կեցվածքից, որն անցած տարվա օգոստոսից ի վեր անփոփոխ է։ Ըստ ամենայնի, Սպիտակ տունն իր համար կանխորոշել է այն ռազմավարությունը, որն իրականացվելու է Կովկասում։ Դա տեղի կունենա դանդաղ, ժամանակի կտրվածքով «ձգված», բայց կլինի յուրաքանչյուր կոնկրետ պահի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերություններին համապատասխան։ Միանշանակ է մեկ բան` այդ քաղաքականությունը լինելու է հետևողական և անշրջելի։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ