ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայրենասերի փքուն համբավի հասնելու նպատակով չէ, որ ձգտում ենք օգտակար լինել»

«Հայրենասերի փքուն համբավի հասնելու նպատակով չէ, որ ձգտում ենք օգտակար լինել»
26.12.2008 | 00:00

ԲԱՐԵԿԻՐԹ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ
«Շատ քիչ հայեր են միայն հստակորեն ըմբռնում, որ իրենց ունեցած շնորհքն ու կարողությունն ազգային դրամագլուխ է, որը դարերը բերել ու հանձնել են իրենց, և դա մի մղում է դեպի նոր ճիգեր և դեպի նոր ու ավելի բարձր ստեղծագործություն»։
ԼԵՎՈՆ ՇԱՆԹ

ՎիվաՍել-ՄՏՍ («Ղ.-Տելեկոմ» ՓԲԸ)-ի կամ, ինչպես ժողովուրդն է ասում, պարզապես` ՎիվաՍելի գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻ օրավուր բարգավաճող ընկերությունը և ընդլայնվող մարդասիրական հայրենանպաստ գործունեությունը համընդհանուր ուշադրության առարկա դարձան ընդամենը մի քանի տարում։ Հազիվ քառասունը բոլորած, քրիստոնյա արաբների շրջապատում արաբուհի մոր պահանջկոտ հետևողականությամբ հայեցի դաստիարակություն ստացած, Ադանայի ջարդերից հետո Բեյրութում հաստատված նախնիների ժառանգական հատկանիշներով տոգորված եռանդուն և ուշիմ գործարարն արյան կանչի եռքով 2001-ի օգոստոսից կնոջ` հայուհի Արմինեի և մեկամյա առաջնեկի` Սարինի հետ բնակություն է հաստատում Ստեփանակերտում, ապա` Երևանում։ Թողնելով բնատուր հատկանիշների շնորհիվ կարճ ժամանակում ձեռք բերած բարեկեցիկ կյանքը` Բեյրութի ամերիկյան համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ադմինիստրացիայի բաժիններում ամբարած հիմնավոր գիտելիքները սկսում է ծառայեցնել համայն հայության նորանկախ պետականության ամրապնդմանը։ Որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատաոճով բացառիկ հաջողությունների է հասնում մայր հայրենիքում ևս։ Այլևս աներկբա է բարեկիրթ, աշխատասեր ու բանիմաց այս գործարարի դավանած բիզնես-մշակույթի արդյունավետությունը համընդհանուր բարեկեցության հասնելու տեսակետից։ Ընդօրինակման արժանի և ուսանելի աշխատաոճ` մեր գործարար աշխարհի համար։ Ռալֆ Յիրիկյանի հետ մեր տարեմուտի զրույցից, վստահ ենք, օգտակար դասեր կքաղեն հայաստանցի գործարարները` ի բարօրություն համազգային լուսավոր ապագայի։ Հավատարիմ հիրիկ ծաղկի բուժիչ խորհուրդն ավետող ազգանվանը` նա իր բալասան-գործունեությամբ ամոքում է մեր հասարակական-տնտեսական օրգանիզմի խոցերը հայրենասիրական պարտքի ուրույն գիտակցությամբ։ Միացե՛ք նրան, պարոնայք գործարարներ։ Նրա օրինակով միանգամայն կարող եք վստահ լինել, որ բոլորի բարեկեցությանը նպաստելուն զուգընթաց հուսալիորեն ավելացնում եք նաև ձեր հարստությունը։ Պետության և հասարակության երախտագիտությունը անպայման կխորանա, հանրօգուտ գործունեությունը բարձր գնահատականի կարժանանա։ Հավաստիքը` Ռալֆ Յիրիկյանին շնորհված երկու տասնյակից ավելի մեդալներն ու պարգևներն են` «Մովսես Խորենացի», ՀՀ ԳԱԱ, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներ, «Ֆրիտյոֆ Նանսեն», «Անանիա Շիրակացի», «Մանթաշյանց ասպետ», «Գարեգին Նժդեհ»...
«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՄԵՆ ԻՆՉ Է»

-Անմիջական մասնակիցը լինելով Ձեր գլխավոր մեկենասությամբ կյանքի կոչված, այսօր արդեն հարյուրից ավելի տարաբնույթ միջոցառումների` ուզում եմ ամբողջացնել Հայաստանի հուշարձանների ճանաչման ծրագրի (ՀՀՃԾ) շրջանակներում Գառնո հեթանոսական տաճարի մատույցներում տեղադրված բազմալեզու տեղեկատվական վահանակների` յուրատիպ բացօթյա պատմական թանգարանի շնորհանդեսից սկիզբ առած մեր զրույցը։ Հավատ ներշնչող Ձեր ազնվաբարո մարդկային մղումներում և նկարագրում համոզվելով` կամենում եմ, որ ինքներդ պարզաբանեք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ առանձնահատուկ Ձեր գործունեության մարտավարության էությունը։ Այդպիսով կազատագրեք մեր ընթերցողին 2005 թվականի հուլիսի 1-ին հնչած առաջին կոմերցիոն զանգից հետո շատ շուտով Հայաստանի առաջատար բջջային օպերատորը դարձած ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի առատաձեռնության դրդապատճառների շուրջ ԶԼՄ-ների մտացածին կանխավարկածներում կողմնորոշվելու գլխացավանքից։
-Հայաստանի ապագայի հանդեպ հավատն այն հիմնաքարն է, որի վրա ՎիվաՍելը կառուցել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) իր սեփական հայեցակարգը։ Այն հայտնի է աշխարհում որպես «վին-վին փոլիսի»` բոլորի համար հավասարապես փոխշահավետ քաղաքականություն։ Տնտեսական զարգացման գրավականը կայուն ընկերությունների առկայությունն է, որոնց բարգավաճումը, իր հերթին, կախված է առանձին քաղաքացիների, ողջ հասարակության բարեկեցության մակարդակից։ ԿՍՊ-ի իրականացումն ապահովում է տնտեսության, շրջակա միջավայրի և հասարակության առավելագույն կատարելագործումը` նպաստելով պատասխանատու ընկերության վարկանիշի բարձրացմանը, ապրանքանիշի կայացմանը։ Հասարակությունից մեկուսացված որևէ տնտեսական գործունեություն չի կարող ծավալվել ու զարգանալ։ Մենք, իբրև կորպորատիվ քաղաքացիներ, աշխատում ենք այս տնտեսության, երկրի, հասարակության մեջ, նրա մասն ենք կազմում, առնչվում տարբեր ոլորտներում ընդգրկված ամեն տեսակի մարդկանց հետ։ Մեր եկամուտը գոյանում է քաղաքացիների մուծումների հաշվին, երբ նրանք լիցքավորում են քարտը կամ մարում հաշիվը, օգտվում ձայնային և տվյալների փոխանցման մեր ծառայությունների մեծ ընտրանուց։ Ստացված գումարները մենք օգտագործում ենք մեր ծախսերը փակելու, աշխատավարձեր վճարելու, սարքավորումներ ձեռք բերելու և հզորացնելու, ծրագրեր ու տեխնոլոգիաներ զարգացնելու համար։ Մի մասն էլ պարտավորված ենք զգում վերադարձնել հասարակ քաղաքացիներին` մշակույթի, առողջապահության, կրթական, բնապահպանական, մարզական, գիտական, սոցիալական ոլորտներում առկա որոշ խնդիրների կարգավորմանն ի նպաստ։ Մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամ հասարակ քաղաքացի է։ Նրա խնդիրներն ամենքինն են, իմը։ Եթե իմ երեխան մանկապարտեզ, դպրոց է գնում կամ որևէ մշակութային օջախ, որը ջեռուցում չունի, չէ՞ որ դա իմ խնդիրն էլ է։ Երբ փողոցով անցնելիս տեսնում եմ 12-15 տարեկան երեխայի ձեռքում ծխախոտ կամ ոգելից խմիչք, չպե՞տք է մտահոգվեմ ապագա սերնդի ճիշտ դաստիարակությամբ։ Հիվանդանոցում, որը կտուր չունի, ո՞վ կկամենա ապաքինվել։ Գյուղի ջրատարի պաշտպանողական պարսպի բացակայությունը մարդկային կորուստների պատճառ է դառնում. մի՞թե դա չպիտի անհանգստացնի հասարակության մյուս անդամներին... Կարգավորվելիք խնդիրներ շատ կան, որ մնացել են արցախյան պատերազմի, մութ ու ցուրտ տարիներից, անասելի դժվարություններից, որոնք բաժին ընկան մեր ժողովրդին։ Իբրև կորպորատիվ քաղաքացիներ, այս ամենը տեսնելով` մենք երկարում ենք մեր ձեռքը, որպեսզի մեր լուման ունենանք հասարակության կյանքում` ապագայի ճանապարհով արագ ընթանալու համար։
-Ինձ հատկապես ուրախացնում է մշակութային խոշոր միջոցառումներին Ձեր հետևողական աջակցությունը։ Առաջինից` «Վերադարձի» միջազգային երաժշտական փառատոնից սկսած. մեկ տանիքի ներքո համախմբվեցին վերջին երկու տասնամյակների ընթացքում արտերկրի տարբեր բեմերում հաստատված հայազգի երաժիշտները։ Դասական բարձրարվեստ երաժշտության հմայքի վերատարածմանը այնուհետև լծվեցին «Ազգային պատկերասրահ», «21-րդի հեռանկարներ» միջազգային փառատոները։ Մշակութային փառատոնաշարում վստահաբար հաստատվեցին «Ոսկե ծիրան» և մանկապատանեկան կինոփառատոները։ Անմասն չմնաց Շեքսպիրյան մեծ թատերաշարը...
-Փառատոները չափազանց կարևորում եմ, քանզի դրանք ճանաչելի են դարձնում մեր ժողովրդի անունն իբրև ստեղծագործող ազգ, հնարավորություն են ընձեռում բաղդատելու մեր ունեցածն ուրիշների հետ։
«ԱՅՍՏԵՂ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԶԳՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԼԻՆԵԼՍ»
-Այսօր դժվար է գտնել հասարակական կեցության որևէ ասպարեզ, որում ՎիվաՍելը ֆինանսական ներդրում արած չլինի, ընդ որում` ՀՀ ողջ տարածքում։ Հեռուստաէկրանին Ձեր համակրելի ու համեստ ներկայության պարբերականությամբ` հասարակ քաղաքացիների մեջ ամրապնդվում է հավատը բարեկիրթ գործարարության մարդասիրական, հայրենաշեն բովանդակության նկատմամբ։ Մեծահարուստների ուշադրությանը առավելապես նախընտրական քարոզարշավներում արժանացող մարդկանցից ոմանք տարակուսանքի մեջ են` արդյո՞ք Դուք էլ իշխանության բարձունքներին հասնելու ջանադրությամբ չեք առաջնորդվում, գուցե ծածուկ համակրելով որևէ կուսակցության, իշխանամետ թիմի` նրանց ջրաղացն եք պտտում։ Եվ կամ պետությունն ինքն է, ինչ-որ ներքին համաձայնությամբ, Ձեզ պարտադրում ստանձնել այս կամ այն ծանր բեռը։
-Միանշանակ` ոչ։ Պետության, կառավարության հետ մեր հարաբերությունները նույնն են, ինչ ցանկացած այլ իրավաբանական հիմնարկինը. օրենքի ներքո, հարգանքի վրա հիմնված։ Եթե մեր աշխատակազմը չի համոզվում որևէ ծրագրի հաջողության և հանրօգուտության, հրատապության մեջ, չի ձեռնարկում դրա իրականացումն ուրիշի պարտադրանքով։ Տեղական կառավարման մարմինների ներկայացրած, մեր շրջիկ գործակալների, անձամբ իմ հավաքագրած լրատվության համակարգմամբ ու ճշգրտմամբ վեր է հանվում կարգավորման ենթակա խնդրի իրատեսական բովանդակությունը։ Մանրազնին քննարկումներում ներառվում են բանիմաց մասնագետներ, հրավիրվում նաև դրսից։ Որևէ բան արած լինելու, հայրենասերի փքուն համբավի հասնելու նպատակով չէ, որ ձգտում ենք օգտակար լինել ընդհանուր բարեկեցության բարձրացմանը։ Կորպորատիվ քաղաքացին, որն օգտվում է այս հասարակությունից, ակտիվ դեր ունի տնտեսության մեջ, ուրեմն նաև պատասխանատվություն է կրում։ Կարիերիստական նկրտումներ ամենևին չունեմ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը սիրելուց զատ այլ նախասիրությունների ժամանակ չի էլ մնում ինձ։ Իմ որդեգրած ապրելաոճը, մտածողությունն արդյունք են ծնողներիցս ստացած հայեցի դաստիարակության։ Մի քանի տասնյակ տարի ապրելով արտասահմանում` որևէ մասով ինձ հայ չեմ զգացել։ Այստեղ` Հայաստանում է, որ լիովին զգում եմ իմ հայ լինելը` հավատարիմ Ադանայից Լիբանան, Արևելքի մարգարիտ կոչված Բեյրութ գաղթած նախնիներիս հայրենակարոտ արյան կանչին։ Իմ միակ ամբիցիան ընտանիքս է։ Փորձում եմ, որպես գործարար, ճիշտ գործունեություն վարել, տարածել բիզնես-մշակույթի առողջ մտածողությունը, աշխատաոճը։ Որևէ այլ բանով անձնապես հետաքրքրված էլ չեմ։ Ժամանակ էլ չի մնում, որպեսզի ճանաչեմ երեխաներիս` 9-ամյա Սարինիս և 4-ամյա Նարեկիս, խաղամ նրանց հետ, հարցերին պատասխանեմ... Վաղ առավոտից մինչ ուշ գիշեր աշխատում եմ, որպեսզի համաշխարհային միտումներից հետ չմնա մեր հիմնարկությունը, ճկուն աշխատանքային մարտավարությամբ համապատասխանի ժամանակի փոփոխությունների թելադրած պահանջներին։
«ԳՈՐԾԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՆԵՑՈՒԿ ԿԱՆԳՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»
-Ամիսներ առաջ չթաքցրի տարակուսանքս մշակութային կորսված արժեքները վերահաստատելուն Ձեր տրամադրած միջոցների անշահութաբերության առումով, զուտ ֆինանսապես։ Ակնկալածիս հակառակ` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բարգավաճումը վերընթաց է ապրում։ Մինչ 2009-ի առաջին եռամսյակի ավարտը շահագործման կհանձնվի երրորդ սերնդի` 3G ցանցը։ Բջջային ծածկույթն ընդգրկում է ՀՀ բնակելի տարածքի 99,8 տոկոսը։ 2008-ի դեկտեմբերի 1-ի տվյալներով` բաժանորդների թիվը 1,944 մլն է, շուկայի չափաբաժինը` 75 տոկոս։ Դեռ մեկ տարի առաջ ձեռք է բերվել բաժնետոմսերի 80 տոկոսը։ Այսօր աշխատակազմում 1200 մասնագետ կա, որոնց ճնշող մեծամասնությունն ազգությամբ հայ է, Հայաստանի բուհերի շրջանավարտ։ Քսանյոթ հաշմանդամ աշխատակիցների նկատմամբ հանդուրժողական հոգատար վերաբերմունք է դրսևորվում։ Միջոցներ են հատկացվում 27 բաժիններում ընդգրկվածների մասնագիտական վերապատրաստմանը։ Այս ամենին զուգահեռ ընդլայնվում են մարդասիրական-բարեգործական աշխատանքների շրջանակները։ Արդյո՞ք Ձեր միջոցները բավականացնում են նախաձեռնությունների լայնամասշտաբ իրականացմանը։
-Հայրենիքն ամեն ինչ է։ Ինչ մենք անում ենք, զարգացած բոլոր երկրներում գործարար աշխարհը միևնույն բանն է անում։ Ձգտում ենք մեր օրինակով վարակել մյուսներին։ Ոչ մի ուրիշ նպատակ չենք հետապնդում։ Մեր հիմնարկը փոքրիկ մոդելն է հասարակության։ Տարբեր են աշխատակիցները` բնավորության, կրթության, բնակության վայրի, դաստիարակության, մտածելակերպի, անձնական հետաքրքրությունների բերումով։ Բոլորին համերաշխորեն միավորելը մեծ մարտահրավեր է։ Աշխատանքի ընդունելիս ամեն ինչ չի երևում, ինչպես ամուսնության ժամանակ. մարդիկ սիրահարվում են, սիրում, ամուսնանում, երեխաներ ունենում, բայց տարիներ անց օտարանում, նույնիսկ թշնամանում են միմյանց` նկատելով հատկանիշներ, որոնք սկզբում չեն երևացել։ Մենք ձգտում ենք ընտանեկան համերաշխության` մեզ մեծ ընտանիք համարելով։ Երբ պատգամ ենք հղում մեր աշխատակիցներին, այդպես էլ դիմում ենք` հարգելի ընտանիքի անդամներ… Արտաքին աշխարհի համար հիմնարկ ենք, կորպորատիվ քաղաքացի, իսկ ներսում` ընտանիք։ Ինչ վերաբերում է միջոցներին, իհարկե, սահմանափակ է մեր բյուջեն, չնայած ՀՀ թիվ մեկ հարկատուն ենք։ 2008-ի երրորդ եռամսյակի տվյալներով` պետբյուջե կատարած ընդհանուր վճարների գումարը 23 միլիարդ դրամ է։ Այս պահին հարյուր հազարավոր դիմումներ ունենք գրանցած։ Անշուշտ, բոլորին գոհացնել չենք կարող, ուստի մյուսներին էլ ենք հրավիրում, որպեսզի միանան մեզ և իրենց հնարավորությունների չափով նպաստեն ընդհանուր բարեկեցությանը։ Ձեռք մեկնելով` մենք չենք ակնկալում նյութական կամ բարոյական փոխհատուցում, այլ, որպես գործընկեր, հասարակ քաղաքացուն ենք միանում` մեր երկիրն արագ զարգացնելու համար։ Որևէ ընկերության մեծությունը պետք է չափվի ոչ թե նրա հնարավորություններով կամ եկամուտներով, այլ հասարակական կյանքում ունեցած երկարաժամկետ դրական ազդեցությամբ։ Ընդամենը 17 տարեկան է մեր նորանկախ պետությունը և չի կարող ոտք մեկնել անկախ պետականություն կառուցելու 50, 100, 300 տարվա պատմություն ունեցող պետությունների հետ, որոնք բավականին ճանապարհ են անցել և փորձ ձեռք բերել ներկայիս մակարդակին հասնելու համար։ Ինչպես ամբողջ աշխարհում, մեզ մոտ էլ պետք է գործարար աշխարհը նեցուկ կանգնի պետության ամրապնդմանն ու զարգացմանը։
-Իմ տպավորությամբ` Ձեր բացառիկ աշխատաոճն առայժմ լայն արձագանք չի գտնում տեղացի գործարարների շրջանում։
-Հուսանք` 2009-ին ի հայտ կգան։ Ես հավատում եմ։ Առանց բարի գործերի ու դրանց բարեհաջող ավարտի հանդեպ իրական հավատի` մարդը երբեք չի կիսի իր հարստությունն ուրիշի հետ։ Ինքն էլ իրապես բարեկեցիկ լինել չի կարող։
«ՄԻԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՍ ԻՄ ԸՆՏԱՆԻՔՆ Է»
-2001-ի օգոստոսից հիմնավորապես հաստատվելով Հայաստանում` որպես բարձրակարգ կրթություն ստացած տնտեսագետ, բիզնես-ադմինիստրատոր, ով բավականաչափ աշխատանքային փորձառություն ունի, արհամարհելով Հայաստանի ուժեղ ռիսկային տնտեսական գոտում ներդրումների ձախողման վտանգը` սխրալից համառությամբ ու նանսենյան մարդասիրական ոգով Ձեր հիմնադրած ձեռնարկությունն եք հաջողությամբ զարգացնում։ Ի՞նչ հույսեր եք կապում գալիք տարվա հետ։
-Հուսանք` 2009-ը ավելի մեծ նվաճումների տարի կլինի։ Մտածենք, ծրագրավորենք ու աշխատենք միասին ձգտել հասնել ավելիին։ Եթե գործարարները կորպորատիվ պատասխանատվության ծրագրերով առնչվեն հասարակության հետ, սատարեն համընդհանուր խնդիրների կարգավորմանը, կնեղանա անջրպետը հասարակություն-տնտեսություն-պետություն հարթության մեջ, կձևավորվի առողջ մոտեցում, և հասարակության տարբեր շերտերը կմիավորվեն որպես մեկ ժողովուրդ, մեկ ազգ և միասնաբար կհասնեն ավելի հուսալի ապագայի։
-Ինչպե՞ս եք գնահատում «Բիլայն»-ի հնարավորությունները որպես մրցակից։
-Մեր ցանցերը լծորդված են միմյանց, հարգանքով ենք մրցակցում շուկայում, պայմանագրային շփումներ ենք ունենում։ Մի օր իրենք են նոր առաջարկով հանդես գալիս, մյուս օրը` մենք։ Տարբեր կարծիքներ, գաղափարներ ունենալը միանգամայն նորմալ է։ Արդյունքում աշխատաոճն է ճկունանում։
-Որպես Հայաստանի քաղաքացի, ի՞նչ գնահատական կարող եք տալ մեր քաղաքական դաշտին։
-Ես Հայաստանի քաղաքացի չեմ և իրավունք չունեմ գնահատելու ինձ անծանոթ քաղաքական դաշտը։ Որևէ կուսակցության անդամ երբևէ չեմ եղել։ Միակ քաղաքական հետաքրքրությունս իմ ընտանիքն է։ Երբ ես ու եղբայրներս 14-15 տարեկան էինք, հայրիկս մեզ խիստ խրատեց` եթե ձեզանից որևէ մեկը մասնակցի կամ համակրի որևէ կուսակցության, ձեր վերջը կգա... Մինչև հիմա չեզոք դիրքում ենք` աշխատանք, ընտանիք։ Սա՛ է մեզ համար ամենաճիշտը։ Դա անջնջելիորեն տպավորվեց մեր մեջ և հեռու պահեց ընդհանրապես քաղաքական խաղերից։ Բեյրութում ապրելով` մշտապես ականատես եմ եղել դրանց տխուր հետևանքներին։ Մինչև հիմա էլ այնտեղ խաղաղ չէ։ Վերջերս Հունաստանում պատահածը տեսա՞ք, քանի՜ հարյուր տարվա պետություն է։ Երևի թե հասարակության զարգացման ճանապարհն այլ հունով չի ընթանում։ Դրանից քիչ թե շատ ապահովագրվել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր մարդ խելացի ու խելոք լինի, սովորի ու գիտելիքներ ձեռք բերի և ողջ գիտեցածը ներդնի խաղաղ ու բարի, հուսալի ու բարեկեցիկ ապագայի կառուցման մեջ։ Նոր գաղափարներ ստեղծենք ու կիրառենք աշխատանքում, բոլոր ուղղություններով մեծացնենք արտադրությունների ծավալները։ Հոգևոր-մշակութային առողջ սնունդով աճեցնենք մատաղ սերնդին, խստապահանջ ծնողական հետևողականությամբ նպաստենք նրա հայեցի նկարագրի ձևավորմանը և անպայման կունենանք փայլուն ապագա։
Բարի Ամանո՛ր ողջ հայ ժողովրդին:
Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 5219

Մեկնաբանություններ