ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Հայի խեղճը պիտի չլինի»

«Հայի խեղճը պիտի չլինի»
04.09.2009 | 00:00

ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ
Ռազմիկ Թամրազյան-Հարությունյանցը ճարտարագետ է, ապրում է Վիեննայում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիո միասնականության նախագահն է, արդեն վաստակավոր նախագահը, տարին գոնե երկու անգամ գալիս է Երևան, լինում նաև Արցախում։ Երևանյան օրերը նրա համար դառնում են... ժամերգության նման. աշխատում է բաց չթողնել մշակութային և ոչ մի միջոցառում։ Օրագիր չի պահում, չի սիրում գրել։ Հրաշալի հիշողություն ունի։ Պարսկաստանում ծնված Ռազմիկը, որը Գերմանիայում է ստացել բարձրագույն կրթություն, Եվրոպայի ճանապարհներին, ավելի շատ Վիեննայում, բազմաթիվ մեծերի է հանդիպել։ Իհարկե, նաև մեծն Սարոյանին։ Համարձակվում եմ պարոն Թամրազյան-Հարությունյանցից լսած, իր աչքի առաջ կատարածս գրառումներից մի երկուսը հանձնել «Իրավունքը de facto»-ի ընթերցողներին
։
ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ
29, գուցե 30, ոչ 31 տարվա պատմություն հիշեմ։ Սարոյանական պատմություն։ Անմոռաց։ Իմացանք, որ Սարոյանը Վիեննայում է։ Ավելի ուրախացանք, երբ լսեցինք` հոգնել է, պարզապես փախչում է կուսակցական` կռվի բուն դարձած ակումբների կազմակերպած հանդիպումներից։ Թե չէ` ինչպե՞ս պետք է խցկվեինք։ Ավելի ուրախացանք, երբ լսեցինք, որ Սարոյանը ցանկություն է հայտնել հանդիպելու ուսանողների, երիտասարդության հետ։ Մենք այդ օրերին շատ էինք ասում` որդիները գալիս-գնում են, իսկ մայրերը` մնում։ Սարոյանի ցանկացած ուսանողական տունը կա, ցանկալի ջահելությունը կա։ Լեզուներից չենք խեղճանում։ Մեզ թարգմանիչ պետք չէ։ Սարոյանը պահանջում է, որ հայերեն խոսենք։ Զարմացանք, երբ Աստիկը` Ասատուրը, Սարոյանի խոսքը դարձրեց հայերեն. «Վարպետն ասում է` խուլերը, խենթերը շատ կսիրեմ»։ Ապա միտքը պարզեց` խուլ լինենք ու խենթի նման լսենք։ Լսեցինք։ Հիացանք։ Ավելի հայ դարձանք։ Սարոյանը, ասես, մեզ նորից էր օծում, Աստիկի մայրը` տիկին Վարդուհին, մի հրաշալի մայր, հայուհի, մեզ ոչ միայն իր լեզվին, այլև ձեռքերին էր վարժեցրել։ Հայկական նրա ճաշատեսակները, խմորեղեննն անկրկնելի էին։ Սարոյանի համար հատուկ խմորեղեն էր պատրաստել։ Սարոյանն էնպես ախորժակով էր ուտում, որ, ասես, հաստատում էր տիկին Վարդուհու գերազանց խոհարար լինելու փաստը։ Ճաշակեց, կերավ, լմնցավ, անձեռոցիկ վերցրեց, մնացորդը փաթաթեց, ապա փաթաթեց իր թաշկինակում, ժպտաց` աս ալ վաղ առտու հոթելում կուտեմ։
Դրանից հետո մենք ավելի սիրեցինք տիկին Վարդուհուն ու նրա պատրաստած խմորեղենները։
ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ԹՈՒՂԹ
Լուր առանք. Սարոյանը ցանկանում է հանդիպել մեզ։ Դա արդեն երջանկություն է։ Հավաքվեցինք փոքրիկ մի տան մեջ` անուններով չասեմ` մի 10-12 հոգի։ Երկար էր նայում ամեն մեկիս։ Նույն հարցն էր կրկնում` արմատներդ ո՞ր եզերքից են, ի՞նչ գիտեք կորած հայրենիքի մասին, ի՞նչ մասնագիտություն եք ընտրել։ Հորդորում էր` «չխեղճանաք, խեղճը, հայի խեղճը պիտի չլինի»։ Սարոյանը շատ կսիրեր հայտնի դաշնակցական Սեդա Դանիելին։ Նրանից էլ թուղթ ու մատիտ խնդրեց։ Մատիտը` ձեռքին, թուղթը` առջևը` սկսեց հարցերի պտույտը։ Գրեց, գրեց, հուզվեց, նայեց, սրբեց խոնավ աչքերը, խրատեց` «լավ սովորեք, հայու անուն բարձր պահեք», ապա անսպասելիորեն թուղթն առավ ձեռքը, ճմրթեց, շպրտեց, մի հայացք նետեց մեզ ու դուրս թռավ։ Մոռացած Սարոյանին` մենք նետվեցինք թղթի վրա։ Այն բաժին ընկավ Սեդա Դանիելին։ Ափով հարթեց։ Գրած բառ ու տառ չկար։ Հետո հասկացանք, որ իր հարցերի պատասխանները Սարոյանը գրանցում է իր անհուն մտքի ժապավենին։
Սարոյանական թուղթը երկար տարիներ ցույց էինք տալիս` սարոյանական մի հուշ պատմելուց հետո։
ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ
Թավ ձայն, լի՜քը-լիքը ձայն, հզոր բեղեր... Պետք է` խոսքի ավելի լավ տեղերը հենց հայերեն է ասում, ապա սպասում մեր հայերենին, իր խոսքի հայերենին ու մեր հայերենին «լավ, շատ լավ» է ասում։ Ապա մեզ է նվիրում հայոց մի նոր պատմություն:
Հայերը Ֆրեզնոյում նոր ազգ էին։ Հին ազգերը զարմանում էին` էս ինչ լա՜վ ազգ եք, ո՛չ գող ունեք, ո՛չ ավազակ, ո՛չ... բոլորդ խելոք-խելոք նարնջի պլանտացիաներում եք աշխատում։ Անցան տարիներ։ Մի մեծ գանգստեր էին բռնել։ Բոլոր ազգերը զարմացան, որ հայ է։ Հիմա գող էլ ունենք, ավազակ էլ։ Մենք էլ ազգ ենք, ինչո՞ւ չունենանք։ Աշխարհն ինչ ունի, մենք էլ պիտի ունենանք։
...Սարոյա՜ն, մեծ հայ, տեսել ենք, է՜... Հազար տեղ ու հազար լեզվով ենք ասել` Սարոյանը մերն է ու աշխարհինը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3464

Մեկնաբանություններ