«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Համա՞յնք, թե՞ պետություն

Համա՞յնք, թե՞ պետություն
27.04.2023 | 10:26

Թշնամու օրեցօր սաստակցող ոտնձգությունները հայության դեմ ցույց են տալիս մեզ համար չափազանց ցավալի մի իրողություն՝ հայկական գործուն պետության բացակայությունը: Ասես ընդհանրապես պետություն գոյություն չունի՝ մարտահրավերներին դիմակայելու պատասխանատվությամբ, պատրաստակամությամբ ու կարողությամբ:
Եթե Արցախում պետությունը դեռ էլի փորձում է արդարացնել իր գոյությունն ինչ-ինչ քայլերով, թեպետ ոչ արդյունավետ, ապա Հայաստանում պետական ամբողջ վերնակառույցը վերածվել է մակաբույծ գոյացության: Հիմա հայաստանյան հանրությունն իր տարածքում առավելապես նման է համայնքի, այն էլ՝ ցաքուցրիվ ու մոլորված, առանց ընդհանուր նպատակների և համայնքային հարգված առաջնորդության:
Պետականություն կրող ազգի հեռացող տեսիլքն է միայն մեր աչքի առաջ նշմարվում:
Լավ, համարենք՝ պետություն չկա, գոնե կազմակերպված, պատվախնդիր, իր դեմ կատարվող ահաբեկումներին արձագանքող համայնք պիտի՞ լինենք, թե՞ ոչ:
Մեր քթի տակ թշնամին զավթում է մեր հողերի նոր կտորներ, գետտոյական անցակետ է դնում հայրենիքի երկու մասերը միացնող ճանապարհին, իսկ մեր կողմից համարժեք հակադարձում չկա: Մեր հայրենակիցները լավագույն դեպքում թեթևակի աղմկում են, մինչդեռ էդ դրվող անցակետը պիտի արդեն հրկիզված լիներ մեր պատվախնդիր հայրենապահների ձեռամբ: Վաղուց պիտի քշված լինեին Շուշիի տակ մեր կենսուղին փակած ազերի էկոահաբեկիչներն ու գործակալները: Նման գործերի համար մենք էնքա՜ն կոչված մարդիկ ունենք՝ ի պաշտոնե, առաքելությամբ ու պարտավորությամբ: Նրանց մեծ մասն անհասկանալիորեն անգործության ու անտարբերության է մատնված: Իսկ մի փոքր մասն ուղղակի տրվել է հռետորությանը, երբ դա ամենեւին էլ իր բուն անելիքը չէ:
ՈՒրիշ ոչ ոք մեր երկիրն ու ազգը չի պաշտպանելու, դա նախ և առաջ մեր պարտականությունն է: Մեր պարտքն ուրիշին վերագրելն ինքնասպանության պես է:
Մեր ազատությունը մեր ձեռքերում է:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2739

Մեկնաբանություններ