Խմբագրությունն արձակուրդում էր, երբ հրապարակվեցին «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի նոր չափորոշիչները, որոնք հեղինակել էին ԱԺ երկու անհայտ պատգամավորներ ու մի ավելի անհայտ պատմաբան: Մեծ աղմուկ բարձրացավ: Ակադեմիական շրջանակներն իսկույն գտան թուրքերի ու Սորոսի հետքը, իսկ ես ստիպված եղա ֆեյսբուքյան իմ էջում ամեն օր փաստեր հրապարակել ցեղասպան թուրքերի գազանությունների մասին:
Պարզ էր մեկ բան՝ թուրքերի հետ հաշտեցման մեռելածին գաղափարի ջատագովների, դոստլուկ քարոզողների հեռագնա նպատակն ուղղակիորեն առնչվում էր Արցախի և Ադրբեջանի հետ: Այն ուղեգծի հետ, որ ավելի վաղ հռչակել էր հայտնի տիկինը՝ փամփուշտները ձուլենք-զարդեր պատրաստենք, Արցախում միասին չայ խմենք ու մուղամ լսենք:
Այդ ամենն ինձ հիշեցնում էր 1918 թ. Բաքուն: Մարտ ամսին լարված իրավիճակ էր տիրում: Մի կողմից բոլշևիկները, մյուս կողմից մուսավաթականները սպառնում էին քաղաքը վերածել մարդկային սպանդանոցի: Այդ հակամարտության հանդեպ չեզոք դիրք էր գրավել Հայոց ազգային խորհուրդը: Ձգտելով կանխել արյունահեղությունը, որոշվեց հայից, ռուսից ու թաթարից ¥ադրբեջանցի հասկացություն դեռևս գոյություն չուներ¤ բաղկացած մի պատգամավորություն կազմել, որը կշրջեր քաղաքով ու հաշտեցման կոչեր հնչեցնելով կթուլացներ լարվածությունը: Ազգային խորհուրդը գործուղեց 43-ամյա բժիշկ ԼԵՎՈՆ ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ: Ո՞վ էր այս մարդը:
Ծնվել էր Ղարաբաղի Կուսապատ գյուղում, ավարտել էր Շուշվա ռեալական գիմնազիան, ապա ուսումնառությունը շարունակել արտասահմանում: Սոցիալական գիտություններ էր ուսանել Լայպցիգի ու Թյուբինգենի համալսարաններում, բժշկագիտություն՝ Բեռլինի ու Ցյուրիխի համալսարաններում: Վերադառնալով՝ 1903-ից ապրուստը վաստակում էր բժշկությամբ ու Եվրոպայում կրթություն ստացած բոլոր հայ երիտասարդների նման՝ զբաղվում հասարակական-քաղաքական գործունեությամբ: 1918 թ. նա Բաքվի սոցիալիստ-հեղափոխականների ¥էսէռներ¤ պարագլուխներից էր: Մարտի 24-ին Աթաբեկյանը, ռուս Դենեժկինը և թաթար Աղաևը հայտնվում են Բաքվի թաթարական թաղամասում: Հայ գործիչը սպիտակ դրոշը ձեռքին սկսում է հաշտարար ելույթ ունենալ: Ի պատասխան հնչում են կրակոցներ, և խաղաղության բանագնացն անշնչացած ընկնում է…
Լ. Աթաբեկյանը Ղարաբաղի բարբառով բանաստեղծություններ էր գրում: Դրանցից ամենահայտնին ստորև ներկայացվող «Լաց մի ինիլ» վերնագրով, արևելյան ոճով խոհափիլիսոփայական ստեղծագործությունն է, որի երկու տողը դարձրել եմ վերնագիր:
Այո, այսօր տերը ես եմ` հաղթանակած հայը, ու չեմ ուզում, որ վաղը թշնամին տեր դառնա: Եվ ոչ ոք ինձ չի կարող համոզել, թե այսօրվա ադրբեջանցին տարբերվում է 1918-ի թաթարից, ով կրակել ու կրակելու է ցանկացած հայ բանագնացի վրա:
Եվ ԱԺ ոչ մի պատգամավոր ինձ չի կարող համոզել, թե այսօրվա թուրքը տարբերվում է 1915-ի ցեղասպանից, նրանից, ով 105 տարի ժխտում է իր մեղքը:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
ԼԱՑ ՄԻ ԻՆԻԼ
Շենին կլխին հանգիստարան,
Քու հար ընդեղ թաղած ա,
Ըսօր-էքուց քեզ մհար էլ
Կասեն՝ «Ընդեղ թաղած ա»,
Վերջը էս ա,
Լաց մի ինիլ:
Սարին սեռին մին կյարմուր թոխպ
Յավաշ, յավաշ սըվացավ.
Մարթի բախտը ըսօր կյարմուր
Էքուց տեսար սըվացավ:
Բախտը թոխպ ա,
Լաց մի ինիլ:
Ըսօր` ջահիլ, էքուց` պառավ...
Էս հինչ յաման տընազ ա.
Էս աշխարհքը լուս ցիրեկավ
Պեց ըշկերավ արազ ա:
Լոխ արազ ա,
Լաց մի ինիլ:
Ջահիլ հարթնը սըրփած թոր ա,
Հու վեր սաղ ա ընդրանն ա.
Թա կաս, ըսօր տերը տու վըս,
Էքուծ տերը դուշմանն ա:
Սերը սոտ ա,
Լաց մի ինիլ:
Հընգեր տղան - մին ծաղիկ ա,
Այազ ըրավ - չուրացավ.
Ըսօր խաթրիտ արուն կանե,
Էքուց, տեսար, մոռացավ:
Ճարըտ տու վըս,
Լաց մի ինիլ:
Լափու տվող կետին ճըրան,
Քար չի կար վեր չըմաշի,
Սերտը քար չի, ըրտուսունքան
Ըսօր-էքուց կը մաշի:
Դարդոտ ախպեր
Լաց մի ինիլ:
Ըրիքնակը երգինքավը
ՈՒրան հետի շոռ ա տամ,
Թա ապրողին, թա մեռնողին
ՈՒրան լուսան փայ ա տամ:
Մին հաշիվ ա,
Լաց մի ինիլ:
Կանանչ խութին հանգիստարան,
Քու մար ընդեղ թաղած ա,
Ըսօր-էքուց քեզ մհար էլ
Կասեն՝ «Ընդեղ թաղած ա»,
Ազիզ ախպեր,
Լաց մի ինիլ:
Ռոստով, 1911 թ.