Ծննդյան օրվա նախաշեմին, բայց ճիշտ և ճիշտ լրագրողական գործունեության 30-ամյակի օրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նշվեց արձակագիր, լրագրող, հրապարակախոս ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆԻ «Աշխարհի կենտրոն Հայաստանս...» գրքի շնորհանդեսը: Քաղաքական էսսեներ, «ստրիպտիզ» հարցազրույցներ, էսքիզային դիմա-նկարներ: Արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանի կարծիքով` գիրքը կարող է օրինակ ծառայել լրագրողների համար: «Բազմաժանր լրագրողը նախասիրած թեմաներ չունի, հավասարապես և՛ այստեղ է, և՛ այնտեղ,- ասում է նա:- Ընտրած ոլորտները բազմազան են` մշակույթ, տնտեսություն, քաղաքաշինություն, դատաիրավական համակարգ, օրենսդրություն, քաղաքականություն ու բարոյականություն: Եվ այս ամենի կենտրոնում մարդն է` իր ապրածով ու ստեղծածով, մի խոսքով` «կյանքն ինչպես որ է»: Ինքն էլ նկարագրածիս պես` բուռն և ակտիվ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական կյանքում»:
«Հոբելյարը կոմունիստ չէ, հանրապետական էլ չէ, «Բարգավաճ» էլ չէ, «Դաշնակ» էլ չէ, Հայ ազգային կոնգրեսից էլ չէ։ Լինելով անկուսակցական` նա մեծ վարպետությամբ, արդեն 30 տարի, քաղաքականացված մամուլի էջերից իրատես համարձակությամբ իր տագնապներն ու ուրախությունն է կիսում ընթերցողի հետ»,- ասվեց ցերեկույթի ժամանակ: «Աշխարհի կենտրոն Հայաստանս...» գիրքը կարդալուց հետո Սամվել Խալաթյանը մի դիտարկում է արել` ակամա երկմտում ես` այնուամենայնիվ, հեղինակն ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ:
Վահե Մելիքյանին «ստրիպտիզ» հարցազրույցի ձևով, կես կատակ, կես լուրջ խնդրեցին արդեն հարազատ միջավայրում խոստովանել` իսկապես, ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանամետ: «Ինձ համար անհասկանալի է ընդդիմադիր կամ իշխանամետ լինելը, մյուս կողմից էլ ես ի սկզբանե ընդդիմություն եմ, բայց ինքս իմ ներսում,- ասաց նա:- Ինձ համար խորթ է այն ամենը, ինչը նաև ձեզ համար է խորթ` զոռբայություն, ստրկամտություն։ Այդ հարցերում ընդդիմադիր եմ»:
Վաստակավոր արտիստ Ազատ Գասպարյանը նշեց, որ Վահե Մելիքյանին ճանաչել է որպես բանաստեղծ. «Դու լրագրող չես, նովելիստ ես, արձակագիր ես, էսսեիստ ես, և ափսոսում եմ, որ 30 տարի այս գործով ես զբաղվում,- ասաց նա:- Հակոբ Պարոնյան, Լեռ Կամսար, Երվանդ Օտյան… Միշտ մտածել եմ, որ դու նրանց շարունակողն ես: Յուրաքանչյուր հոդվածդ, թվում է, լրագրողական է, բայց թատրոնում աշխատելը ուրիշ մի շնորհ է տվել քեզ. կերպար ես ստեղծում, նույնիսկ կերպար չունեցողները կերպար են ստանում քո գրչով»: Եվ էլի կես կատակ, կես լուրջ Ազատ Գասպարյանը նկատեց. «Քո գրքի հերոսներն ինձ ասում էին, որ դու վաղուց գնդակահարված պիտի լինեիր կամ բռնված»:
Իսկ վաստակավոր լրագրողի պատասխանը մեկն է. «Իմ զենքն իմ գրիչն է, և ես այն օգտագործում եմ ոչ թե ընդդեմ, այլ հանուն այսինչի կամ այնինչի: Հանուն ճշմարտության և ազգային միաբանության, հանուն օրինաց և բարգավաճ երկրի կայացման»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ