18.04.2013|
13:11
Սկիզբը կապույտ վերնաշապիկն էր, շատ էր փափուկ, շատ էր քոնը, ես հասկացա, որ դու ուզում ես ունենալ այդ վերնաշապիկը ու գնեցի: Չէ, ավելի ճիշտ, սկիզբը կապույտ վերնաշապիկը չէր, սկիզբը տարեմուտն էր, երբ մարդիկ պարտավորված են համարում իրենց մտերիմներին ուրախացնել: Ես երբեք պարտավորված չեմ զգացել ինձ, գնել եմ ինչ ցանկացել եմ և ում համար ցանկացել եմ: Վերջին 21 տարում առաջին անգամ ես քեզ համար ոչինչ չգնեցի: Բացի մոմից: Վագրի տարի էր ու քեզ համար մոմե վագր գնեցի: Հետո մեր տան մոտ բացեցին նոր խանութ և ամեն օր դալկադեմ մանեկենին նոր հագուստներ էին հագցնում: Ես անցնում էի նրա կողքով, բարևում էի ու ասում` շնորհավոր, շատ է սազում, կամ էլ` բոլորովին չի սազում, հանիր հագիցդ: Երբեմն թվում էր` մանեկենը ժպտում է: