Փոխանակ էդ էշ սերիալները նկարեք, գոնե օրինակ վերցրեք իտալացիներից, ռուսներից, ֆրանսիացիներից ու էլ չեմ ասում` թուրքերից ու ամերիկացիներից..
Իրենց թագավորների, սուլթանների ու իշխանների հերոսական անցյալի, իրենց մշակութային ազգ լինելու մասին շքեղ սերիալներ են նկարահանում ու տարածում:
Թուրքերը նոր սերիալ են նկարել տասնյակ սեզոններից ու հարյուրավոր մասերից բաղկացած, «Իմ հայրենիքը» վերնագրով և տարածել աշխարհով մեկ:
Մարդիկ տարբեր երկրներում դիտում ու բնականաբար հավատում են, որ Աստծո այն դրախտավայրը, որը ներկայացվում է սերիալում` իսկապես թուրքերի պատմական հայրենիքն է եղել ու կա:
Նույնը անում են ամերիկացիները, որոնց անցյալը քաջ հայտնի է բոլորիս:
Հիմա, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է, եթե ոչ ուրիշներին, ապա գոնե մեր հույսն ու հավատը կորցնող ազգաբնակչությանն ու ջահելներին ցույց տալ, խրախուսել այն հերոսականը, որ ունեցել է մեր ժողովուրդը:
Բոլորս գիտենք, որ մարդիկ ամեն ինչ անում են իրենց երեխաներին ծառայությունից ազատելու համար: Ով որ հակառակն ասի` երեսպաշտություն է անում:
Գաղտնիք չէ, որ մեր պատանիները բոլորվին չեն երազում ծառայել անհասկանալի «շփման գիծ» կոչվող սահմանին, որտեղ շաբաթական մի քանի զոհեր ենք ունենում:
Իսկ ի՞նչ սերիալներ են հրամցվում մեր ազգաբնակչությանը:
Բոլորդ էլ ինձնից լավ գիտեք:
Ահավոր ճղճիմ ու ցածրարժեք. կիսագողական, բարոյական բոլոր արժեքներից զուրկ, անմակարդակ, այստեղից-այնտեղից թխած կենցաղային մելոդրամաներ, որոնցից մարդու սիրտ է խառնում:
Ճաշակի ու ասելիքի իսպառ բացակայություն:
Տարբեր ալիքներով ու նույն դերասանների կատարմամբ նույն թեմաները, որոնք դիտելիս հիասթափվում ու ամաչում ես «հայ ըլլալուդ» համար:
Մի խոսքով:
...Մերը ասել-խոսելն է, ձերը` փող շինելն ու ավանակի համառությամբ նույն բանը շարունակելը:
Սամվել ՍԵՎԱԴԱ
Հ.Գ.
Սույն տեքստը տարածելը թողնում եմ ձեր հայեցողությանը, չնայած համարում եմ անհրաժեշտ: