Իմ սիրելի քաղաք...իմ ատելի քաղաք...
ճակատագիր` որպես ամոթալի խարան,
մի՛շտ ոսկեհուռ իմ թագ,
Օ՜ որքան եմ փորձել կտրել պորտալարս
և քանիցս սուզվել մոռացության ծովը,
որ էլ քեզնով չապրեմ, քեզնով չտառապեմ:
ՈՒ ապարդյուն եղան բոլոր իմ ջանքերը,
և երբ ու՜ր էլ հասավ թափառական երթս`
ինձ կոչեցին միայն Ալավերդցի Աշոտ,
և ո՛չ ազգանունով, կամ պարզապես` անվամբ.
թե պատանի-կայտառ, անմահ այն տարիքում,
երբ բազկով էի խոսում` շաբլոնները սերտած,
և թե՛ երիտասարդ` անչափ խոսուն գրչով,
սակայն անգետ` ինձնով Ոսկեդարն եմ փակում:
Եվ թե՛ չարչարասեր-հասուն այս հասակում
զուտ հա՛յ տղամարդու կարծր համառությամբ`
լեռնագնա եզան դառնաղն մնչոցով,
երբ լծել եմ ինձ հետ աշխարհաշեն գործին
կովկասների գայլին` արնախում ու դաժան,
կոզակ տափաստանի անսանձ երիվարին
և քրդական լո-լոն` դաշույնի պես սուրսայր,
զի ինձ միայն ընդկեր ազատներն են եղել`
...մեր սարերից ազատ մանկութ թռչուններով:
Թեև սիրտս, կարծես, տեղ-տեղ ճաքճքել է
զուտ ապառաժ քարի կարծրությունից շիկնած,
երբ իմ պարզ կածանը պողոտա է դարձել,
հավատամք է դարձել, որ նրանով անցնեն
ինձ ընկերներ եղած բազմազգ ազատանին`
Հորովելիս հունչով ընդմիշտ Արդարացված:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ Մանուկյան)