Էն մեր տան հաստ, կարմիր գիրքը, որ ես երեք-չորս տարեկանում վերցնում էի ձեռս, բացում ու հայացքս տողերի վրայով լուրջ-լուրջ աջուձախ տանում, իբր, կարդում եմ, իսկ մաման ուրախացած ասում էր, որ իր տղեն պրոֆեսոր ա դառնալու կամ, ամենաքիչը, կենտկոմի քարտուղար, վայ թե, ՍՄԿԿ պատմության դասագիրքն էր: Չեմ հիշում, որ հետագայում ես մարդկանց ձեռին ուրիշ նման գիրք տեսած լինեմ։ Հաստ գրքեր շատ կային, օրինակ, Ջեկ Լոնդոնի հատորները, բայց կարմիր կազմով հաստ գիրք՝ չէ. էդ գույնն ամեն գրքի համար չէր, դա քաղաքական գույն էր: Բախտս բերել ա, որ ես էն ժամանակ կարդալ չգիտեի, թե չէ, եթե դա դառնար իմ այբբենարանը, ես պիտի իմ ողջ գիտակցական-անգիտակցական կյանքում ձեռս տնկեի դեպի առաջ ու ցուցամատով ցույց տայի, թե մարդիկ դեպի ուր պիտի գնան, որ հասնեն կոմունիզմի դարաշրջան: Բայց, չէ, նորմալ երեխա դարձա ու կոմունիզմի պայծառ դարաշրջանի մասին միայն տարիներ անց իմացա, երբ արդեն հոգով ու մարմնով պատրաստ էի արկածային գրադարանի գրքերը կարդալու։
Իսկ դարաշրջանը կարմիր կազմի հետևում թաքնված մեր գույնզգույն մանկության տարիներին «Նու պագադիի» թողարկումներով էր որոշվում, որ հայերեն նշանակում էր «Դե՛, սպասի՛ր» կամ, խոսակցականով, «Հլը, դու կա՛ց»՝ առաջին թողարկման դարաշրջան, երկրորդ թողարկման դարաշրջան և այլն։ Ամեն մի թողարկումը նոր կյանքի սկիզբ էր՝ նոր գայլանապաստակային հարաբերություններ, նոր ծիծաղ, նոր թեմաներ։ Մենք էնքան էինք սիրում էդ մուլտիկը, որ անգամ նկարել չիմացող երեխան սովորում էր գայլի մռութը նկարել՝ բոլոր գծերը, կորերը, գույները, ու էդ մռութը հայտնվում էր մեր բոլոր գրքերի ու տետրերի վրա։ Երբ հեռուստացույցով ցույց էին տալիս, բակը դատարկվում էր։ Հազար անգամ էլ նայեինք, էլի չէինք կշտանում։
Հետո՝ մեր սիրած մուլտհերոսներն ավելի պրոֆեսիոնալ, գույնզգույն տեսք ստացան մեր գրքերի ու տետրերի վրա. նրանց նկարներով տիպեր հայտնվեցին խանութներում։ Տիպը երկշերտ թուղթ էր, որի մի կողմում սոսնձապատ խամրած նկար էր, որովհետև հետևի կողմից էր։ Թուղթը թրջում էինք ու փակցնում գրքի կամ տետրի կազմին։ Հետո՝ զգույշ պոկում էինք վրայի պաշտպանող թղթի շերտը, ու հրաշք էր կատարվում. տակից դուրս էր գալիս գույնզգույն, սիրուն նկարը՝ էնքան բնական, էնքան իրական, որ թվում էր, թե ուր որ ա, շարժվելու ա։ Ի՜նչ խաղալիք, ի՜նչ բան, մենք՝ մեր ձեռով, զարդարում էինք գրքի կամ տետրի կազմը, դա սեփական գունավոր տպարան ունենալու նման մի բան էր։ Էն տարիներին մեր առօրյան լցված չէր գունավոր, փայլփլուն բաներով, տոնից տոն էինք տեսնում, ու սա իսկական տոնի մի պատառիկ էր դառնում։
Հետո՝ գունավոր, փայլփլուն բաները կամաց-կամաց շատացան մեր կյանքում՝ գրքեր, տետրեր, ցուցափեղկեր, խանութներ, փողոցներ, հեռախոսներ, կյանքը դարձավ փայլփլուն տոնածառ, բայց էդ փայլի հետևում կորավ համը, կորավ հրաշքը․․․
Հենրիկ Պիպոյան